Պետական վերահսկողություն համացանցում․ Հայաստանը կհետևի՞ Ռուսաստանի օրինակին. կարծիքներ
Պետական վերահսկողություն համացանցում
Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որի պաշտոնավարման ժամկետը լրանում է երկու ամսից, կառավարությանն առաջարկել է պետական վերահսկողություն իրականացնել համացանցում տարածվող տեղեկատվության նկատմամբ, անհրաժեշտության դեպքում էլ՝ պարտադրել հեռացնել ինչ-որ հրապարակումներ: Դավթյանը որպես օրինակ ներկայացրել է ռուսական «Ռոսկոմնադզոր»-ի փորձը:
Գլխավոր դատախազության նախաձեռնությունը դեռ նախագծի տեսք չի ստացել: Նման որոշման ընդունման պարագայում կարգավորումը կարող է տարածվել ոչ միայն ԶԼՄ-ների, այլև, օրինակ՝ ֆեյսբուքում գրառում հրապարակող օգտատերերի վրա։
Իրավապաշտպաններին և մեդիափսրձագետներին մտահոգում է գլխավոր դատախազի առաջարկությունը: Նրանց գնահատմամբ՝ եթե ստեղծվի կառույց, որը վերահսկելու է համացանցում հրապարակվող տեղեկատվությունը, այն կարող է դառնալ խոսքի ազատությունը սահմանափակող գործիք, «ցենզուրայի նախարարություն»։
Կառավարությունը դեռևս չի մեկնաբանել դատախազության առաջարկը, մինչ այս պահը չկա նաև անդրադարձ փորձագետների հնչեցրած քննադատություններին:
Գլխավոր դատախազի առաջարկն ու հիմնավորումները, նաև փորձագետների մեկնաբանություններ
Ի՞նչ է առաջարկում գլխավոր դատախազը
Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Արթուր Դավթյանը գրություն է հասցեագրել կառավարությանը՝ առաջարկելով քննարկել
- ինտերնետ ռեսուրսներով տարածվող տեղեկատվության անվտանգությունը իրավական կարգավորման ենթարկելու,
- դրա հիման վրա ոլորտում պետական վերահսկողություն իրականացնելու հարցը:
Շեշտվում է, որ սա պետք է տեղի ունենա «կարծիքն ազատ արտահայտելու սահմանադրական իրավունքի երաշխավորմամբ»:
Դատախազությունն իրականացրել է ուսումնասիրություն պետության ոչ գույքային շահերի պաշտպանության ոլորտում: Կառույցի փոխանցմամբ՝ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ
- վերջին տարիներին կայքերով, սոցցանցերով տարածվող տեղեկատվության մեջ ահագնացել է ազգային, կրոնական, սեռական կամ այլ խտրականությունը, ՀՀ-ում շրջանառությունն արգելված նյութերի, այդ թվում՝ թմրամիջոցների գովազդը,
- Հայաստանի օրենսդրությամբ ինտերնետով տարածվող տեղեկատվության անվտանգությունը ապահովված չէ, օրենսդրական կարգավորումները բացակայում են,
- որևէ մարմնի վրա դրված չէ տեղեկատվության անվտանգության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, դրանից բխող միջոցներ ձեռնարկելու իրավասություն:
«Նման վերահսկողության բացակայության պայմաններում տեղեկատվական ռեւսուրսները շարունակում են նման բովանդակության անարգել տարածումը՝ խեղաթյուրելով և չարաշահելով խոսքի ազատության ժողովրդավարական սկզբունքը»,- ասված է հաղորդագրությունում:
Գլխավոր դատախազը որպես օրինակ ներկայացրել է ռուսական «Ռոսկոմնադզոր»-ի փորձը՝ նշելով, որ ինքնասպանությունների և թմրամիջոցների վաճառքի վերաբերյալ տեղեկատվության հայտնաբերման դեպքում կառույցին է ներկայացվում տվյալ տեղեկատվության անհապաղ հեռացման և ինտերնետ ռեսուրսների հասանելիության սահմանափակման պահանջ:
Փորձագետները, սակայն, կարծում են՝ առաջարկի նպատակը ոչ թե անչափահասների շրջանում ինքնասպանություններն ու թմրանյութերի վաճառքը կանխելն է, այլ լրատվանիջոցներն ու սոցիալական ցանցերը վերահսկելը:
Մեկնաբանություններ
Շուշան Դոյդոյան, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար
«Հղի է շատ մեծ վտանգներով»
Փորձագետներին մտահոգել է ոչ միայն նման առաջարկը, այլ մասնավորապես՝ հղումը ռուսական «Ռոսկոմնադզոր»-ի փորձին:
«Ռոսկոմնադզորն» իրականում որոշ անհրաժեշտ դեպքերում բացահայտ գրաքննություն իրականացնող մարմնի է վերածվել, և դրան հղում անելով ոչ մի լավ բանի մասին մենք չենք կարող մտածել»,- «Ազատության» հետ զրույցում նշել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը։
Դոյդոյանի խոսքով՝ այս կերպ պատրաստվում են ինտերնետում օպերատիվ միջամտություններ կատարելու համար հիմքեր ստեղծել, որ երբ անհրաժեշտություն լինի, անմիջապես միջամտեն: Նրա գնահատմամբ՝ սա հղի է շատ մեծ վտանգներով:
Փորձագետը համաձայն է՝ համացանցում տարածվող բովանդակության հետ կապված խնդիրներ շատ կան, սակայն կարծում է՝ նման նախաձեռնությունները «դատախազության անելիքը չեն».
«Լավ կլինի՝ դատախազությունը ռուսական «Ռոսկոմնադզորին» հիշեցնող գործառույթներ իր վրա չվերցնի, դա բոլորի շահերից է բխում, առաջին հերթին՝ մեր ժողովրդավարության շահերից»։
Բորիս Նավասարդյան, Երևանի մամուլի ակումբի նախագահ
«Մեդալը ստացել է, իր պարտքը կատարում է»
Նավասարդյանի գնահատմամբ՝ գլխավոր դատախազի առաջարկը խոսքի ազատության սահմանափակման փորձ է: Փորձագետն ասում է՝ նախաձեռնությունը լուրջ հիմնավորում չունի: Factor TV-ի հետ զրույցում նա պատահական չի համարել այն, որ դատախազության հայտարարությանը նախորդել էին հայ-ռուսական ամենաբարձր մակարդակի շփումներ:
«Հիմա, երբ թողնում է պաշտոնը [սեպտեմբերի 15-ին ավարտվում է նրա լիազորությունների ժամկետը], և մեդալը ստացել է, իր պարտքը կատարում է՝ չլինելով պարտավորված՝ նախաձեռնությունը հասցնել մինչև վերջ»,- ընդգծել է Բորիս Նավասարդյանը:
Ապրիլի 19-ին ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը ստորագրել էին հայտարարություն, որում կար նաև առանձին կետ երկու երկրների ներքին գործերին միջամտելու նպատակով ժամանակակից տեղեկատվական ու հաղորդակցային տեխնոլոգիաների կիրառման դեմ պայքարի անհրաժեշտության վերաբերյալ։ Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության ամրապնդման համար առանձին փաստաթուղթ էին ստորագրել նաև երկու երկրների Անվտանգության խորհրդի քարտուղարները:
Վերջերս Ռուսաստանի նախագահի հրամանով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մեդալի էր արժանացել:
Սամվել Մարտիրոսյան, մեդիա հետազոտող
«Ամեն մի չարտոնված փռշտոցի համար կայքեր կփակեն»
Մեդիա հետազոտողը դատախազության նախաձեռնությունը որակում է որպես ինտերնետում գրաքննություն իրականացնելու առաջարկ, «ցենզուրայի նախարարություն ստեղծելու» փորձ: Մարտիրոսյանի համար անհասկանալի է, թե ինչու է կառույցը հենց հիմա հայտնաբերել, որ «գոյություն ունի ինտերնետ, որտեղ կարող են, օրինակ, հայհոյել կամ թմրադեղեր վաճառել».
«Եթե գնանք Ռուսաստանի ճանապարհով, ապա սկզբից հայտարարվելու է պայքար համացանցում թմրադեղերի, ինքնասպանությունների կոչերի դեմ։ Իսկ հետո մի գեղեցիկ օր մենք հայտնաբերելու ենք, որ պետությունը զբաղվում է արգելափակումներով։ Ընդ որում՝ հիմնականում քաղաքական բնույթի»։
Media.am-ում հրապարակված հոդվածում Սամվել Մարտիրոսյանը շեշտել է, որ թմրադեղերի դեմ այս կերպ պայքարել չի ստացվի, իսկ քաղաքական այլախոհությունը հնարավոր է արգելափակել՝ «ամեն չարտոնված փռշտոցի համար կայք փակել»։
«Հողմաղացների դեմ այս պայքարի անվան տակ դուրս են գրվելու Հայաստանի համար ահռելի գումարներ։ Քանի որ, եթե որոշում ես գործը լավ անել, ապա դա ենթադրում է լուրջ ծախսեր ինտերնետային ենթակառուցվածքների մակարդակով։ Էլ չասեմ, որ ցենզորների սոված բանակ պետք է կերակրենք մեր հարկերի հաշվին»,- նշել է փորձագետը:
Պետական վերահսկողություն համացանցում