Պատվաստվե՞լ, թե՞ ոչ․ Հայաստանում հարցին դեռ քչերն են դրական պատասխանում
Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսի համավարակի երրորդ ալիքը, մահացածների թիվը հատել է 4000-ի սահմանագիծը: Զուգահեռաբար երկրի բոլոր պոլիկլինիկաներում իրականացվում են կորոնավիրուսի դեմ անվճար պատվաստումներ, սակայն դիմելիության ցուցանիշը ծայրաստիճան ցածր է՝ պատվաստվել է շուրջ 11 հազար մարդ՝ բնակչության մոտ 0.35 տոկոսը:
Հայաստանում գործընթացը մեկնարկել է շուրջ մեկ ամիս առաջ։ Պատվաստումներն իրականացվում են միայն կամավոր։
Բոլոր մանրամասները․ ի՞նչ պատվաստանյութեր են հասանելի երկրի բնակիչներին, ինչո՞ւ են մարդիկ խուսափում պատվաստվելուց, և արդյո՞ք առիթ կա անհանգստանալու համար։
- Հայաստանում չեն ուզում կորոնավիրուսի դեմ պատվաստվել։ Նախարարներն օրինակ կծառայեն
- Համաճարակները Կովկասում 100 տարի առաջ․ օճառով լվացեք բերանն ու մի համբուրեք մայրիկին
Բժիշկը գերադասում է պատվաստվել
«Մեր տեղամասային պոլիկլինիկայում մենք առաջին պատվաստվողն էինք: Բժիշկներն անգամ զարմացել էին, որ ինքներս ենք դիմել: Մեզ համար պատվաստվելու որոշումը շատ հստակ և միանշանակ էր: Իմ և ամուսնուս տարիքն արդեն ռիսկային է, բացի այդ՝ ես համաճարակի հաղթահարման այլ տարբերակ ուղղակի չեմ տեսնում», — ասում է բժիշկ Վազգանուշ Բարսեղյանը, որի 44-ամյա մասնագիտական ուղին անցել է շտապօգնության ծառայությունում:
Քառասնամյա փորձառությամբ բժիշկը խոստովանում է՝ 2020 թվականն իր կենսագրության ամենաբարդ աշխատանքային տարին էր.
«Նախ կորոնավիրուսի վարակը, որն անակնկալի բերեց ոչ միայն հասարակությանը, այլև մասնագիտական հանրույթին: Մենք ինքներս պատրաստ չէինք այդ ծավալին: Քանի որ բժիշկներն ամենառիսկային խմբում են, և վարակվածության դեպքեր շատ էին լինում, ստիպված էինք լինում փոխարինել իրար՝ պացիենտներին միայնակ չթողելու համար:
Հետո, իհարկե, պատերազմական սարսափելի շրջանն էր, որն ուղղակի բառերով նկարագրել չի լինի: Իմ շատ գործընկերներ մեկնեցին ռազմաճակատ՝ այնտեղ աշխատելու և վիրավորներին օգնելու համար, և այստեղ աշխատանքի ծավալը գրեթե քառապատկվեց»:
Չնայած ծանր տարվա ընթացքում բժշկին հաջողվել է չվարակվել, աչքի առաջ եղած մահերն ու կորոնավիրուսի ծանր հետևանքները ստիպում են ավելի զգուշավոր լինել: Այս տարի Վազգանուշ Բարսեղյանը թոշակի է անցել։
«Չնայած, որ արդեն քանի ամիս է՝ չեմ աշխատում, հիմնականում տանն ենք լինում՝ գյուղում, մաքուր օդին, այլևս ամենօրյա ռեժիմով չեմ շփվում կորոնավիրուսով վարակված անձանց հետ, բայց կարծում եմ՝ մեզանից յուրաքանչյուրը պետք է մտածի ոչ միայն իր առողջության և կյանքի մասին, այլև՝ հանրության: Պատվաստանյութից առաջացող հնարավոր բարդությունների մասին բոլորը գիտեն, բայց դրանք ոչինչ են այն ամենի համեմատ, ինչ առաջացնում է վարակը», — կարծում է բժշկուհին։
Նա ամուսնու հետ միասին պատվաստվել է AstraZeneca նյութով, հաջորդ դեղաչափը կստանան երկու ամիս անց: Պատվաստման օրն ունեցել են թուլություն և մկանային թույլ ցավեր, որոնք ամբողջությամբ անցել են արդեն հաջորդ օրը: Տիկին Վազգանուշն ասում է՝ իր բոլոր հարազատներին համոզում է հնարավորինս շուտ պատվաստվել՝ բնականոն կյանքին վերադառնալու համար:
Որ պատվաստանյութերն են հասանելի
Այժմ Հայաստանում կիրառվում է երկու տեսակի պատվաստանյութ. 18 տարեկանից բարձր բոլոր ցանկացողներին հասանելի է բրիտանա-շվեդական AstraZeneca-ն, իսկ ռուսական Sputnik V-ն դեռևս հասանելի է միայն խոցելի խմբերի 18-ից մինչև 54 տարեկան քաղաքացիներին։ Մինչ օրս Հայաստան է ներկրվել AstraZeneca՝ նախատեսված 12 հազար մարդու համար, Sputnik V՝ 21500 մարդու համար:
Օրեր առաջ էլ Հայաստանը ձեռք է բերել նաև չինական CoronaVac տեսակի պատվաստանյութ՝ նախատեսված 50 հազար մարդու համար: Թե ում հասանելի կլինի այս պատվաստանյութը, դեռ չի նշվում:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանն ասում է՝ աշխարհի ավելի քան 170 երկրներում կատարվել է 1 միլիարդից ավելի պատվաստում, կիրառված պատվաստանյութերի մեջ AstraZeneca-ն առաջին տեղում է՝ շուրջ 200 միլիոն դեղաչափ:
Ավելորդ զգուշավորութո՞ւն
«Հայաստանում պատվաստումների և հատկապես սպեցիֆիկ պատվաստանյութերի նկատմամբ չհիմնավորված վախեր կան: Դրա վառ օրինակը տարիներ առաջ արգանդի վզիկի քաղցկեղի և մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների տապալումն էր: Կարծում եմ՝ հիմնական խնդիրը տեղեկատվության պակասն է և հակաքարոզչության մեծ ալիքը», — ասում է հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը։
Նա զգուշացնում է․ Հայաստանում կորոնավիրուսի վարակի երրորդ ալիքը տարբերվում է առաջինից ոչ միայն վարակվածների թվի ավելացմամբ, այլև՝ մահացության ցուցանիշների։ Այն շուրջ 53 տոկոսով ավելի բարձր է, քան վարակի տարածման առաջին փուլում։
Ըստ առողջապահության նախարարության՝ առաջիկա մեկ տարվա ընթացքում նախատեսվում է պատվաստել 700 հազար քաղաքացու, սակայն, որպեսզի երկիրն ունենա հանրային կայուն իմունիտետ, անհրաժեշտ է, որպեսզի բնակչության առնվազն 70 տոկոսը պատվաստված լինի:
Պատվաստվածներից որևէ մեկի մոտ զգալի կողմնակի բարդություններ չեն արձանագրվել:
Նկատվել են միայն տեղային ռեակցիաներ՝ մրմուռ, կարմրություն, թուլություն, մկանային ցավեր, որոնք կարճ ժամանակահատվածում անցել են:
Պատվաստում՝ շարժական կետերում
Պատվաստումների ցուցանիշը խթանելու համար Երևանի տարբեր մարդաշատ վայրերում արդեն մեկ շաբաթ է, ինչ տեղակայվել են պատվաստման շարժական կետեր: Այստեղ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ստանալ նախնական խորհրդատվություն և առաջնային բուժզննում, ապա նաև իր համար սահմանված պատվաստանյութի ներարկումը։
«Վերջին օրերին արդեն ակտիվություն է նկատվում, անգամ հերթեր են գոյանում մեքենաների մոտ: Պատվաստում ենք ոչ միայն Հայաստանի քաղաքացիներին, այլև դիմող օտարերկրացիներին:
Պատվաստումից հետո բոլոր քաղաքացիներին տրամադրում ենք նաև այսպես կոչված «կանաչ անձնագրեր», որտեղ նշվում են քաղաքացու վերաբերյալ բոլոր մանրամասները՝ պատվաստման օրը, պատվաստանյութի անվանումը, քաղաքացու անուն-ազգանունը և այլն: Շրջիկ կայաններ գործում են նաև Վանաձորում և Գյումրիում», — ասում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանը:
Նշենք, որ կառավարության որոշմամբ՝ ՊՇՌ թեստի բացասական արդյունքը և պատվաստման «կանաչ անձնագիրը» հավասարապես կգործեն որպես երկրից դուրս գալու կամ սահմանի հատման իրավունք։
Մինչ օրս աշխարհի բնակչության 7 տոկոսն է պատվաստվել կորոնավիրուսի դեմ, սակայն կան երկրներ, օրինակ՝ Իսրայելը և ԱՄՆ-ն, որտեղ բնակչության 60 տոկոսից ավելին արդեն ստացել է պատվաստանյութի իր չափաբաժինը:
Աշխարհում պատվաստվածության ցուցանիշների նման կտրուկ տարբերությունը մի շարք պատճառներ ունի՝ հակաքարոզչությունից՝ մինչև երկրի տնտեսական կայունությունը:
Երևանի 4 տեղամասային պոլիկլինիկաներում JAMnews-ի իրականացրած հարցման համաձայն, գրանցված ռիսկային խմբի քաղաքացիներից միայն 1-2 տոկոսն է դեռ պատվաստվել: