«Պատվաստման տեմպերը խոստումնալից չեն»․ COVID-19-ը ՀՀ-ում
Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը նվազել է, պատվաստումների տեմպը՝ նույնպես։ Վերջին մեկ օրում գրանցվել է վարակման ընդամենը 7 նոր դեպք։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահվան դեպքեր չեն արձանագրվել։
Համաճարակային իրավիճակն ու պատվաստումային գործընթացը Հայաստանում։
Այս պահին Հայաստանում COVID-19-ից բուժվում է 2162 մարդ։ Համավարակի մեկնարկից մինչ օրս հիվանդությունը խլել է 8617 կյանք։
Առողջապահական գերատեսչության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսից բուժվածների թիվն ավելացել է 18-ով՝ հասնելով 410․124-ի:
Ոլորտի պատասխանատուները շարունակում են պնդել՝ համավարակի դեմ պայքարի միակ արդյունավետ միջոցը պատվաստվելն է։
Ապրիլի 3-ի դրությամբ՝ ՀՀ-ում կատարվել է ընդհանուր 2 մլն 131 հազար 421 պատվաստում։ Առաջին դեղաչափը ստացել է 1 մլն 114 հազար 714 մարդ, ամբողջությամբ պատվաստվել է 976 հազար 425 քաղաքացի, բուստեր ստացել են 37 հազար 414-ը։
Ըստ պաշտոնական տվյալների՝ մարտ ամսվա ընթացքում երկու դեղաչափ պատվաստանյութ ստացած քաղաքացիների թիվն ավելացել է 46 հազարով։
Առողջապահության նախարարությանը պատվաստումների տեմպը չի գոհացնում։
Մասնագետները կարծում են՝ պատվաստվող քաղաքացիների թվի նվազումը պայմանավորված է համաճարակային քիչ, թե շատ հանգիստ իրավիճակով, բայց նաև զգուշացնում են՝ «վարակի նոր ալիքն իրեն երկար սպասեցնել չի տա»։
«Պետք է պատրաստ լինենք նոր ալիքին, վերջին մեկ ամսվա ընթացքում պատվաստումների տեմպերը շարունակաբար ընկել են և խոստումնալից չեն: Նախարարությունում անընդհատ քննարկումներ ենք անում, որպեսզի նորից մեր ռիսկային խմբերին պատրաստենք հաջորդ ալիքների համար», — «Ազատության» հետ զրույցում նշել է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը։
Մասնագետը վստահեցնում է՝ ավելի ճիշտ է պատվաստվել համաճարակային հանգիստ ժամանակահատվածում․
«Մարդիկ, ովքեր դեռևս չեն պատվաստվել կամ խթանիչ դեղաչափ պետք է ստանան, բավականին ժամանակ կշահեն, որ իրենց օրգանիզմն արդեն պատրաստ լինի արձագանքելու վիրուսին»։
Կորոնավիրուսի հինգերորդ ալիքը Հայաստան եկավ «օմիկրոն» շտամի հետ միասին։ «Օմիկրոնի» ենթատեսակը՝ BA2 տարբերակը ևս հայտնաբերվել է երկրում։ Քանի որ այս տարբերակն ավելի արագ է տարածվում, առողջապահական ոլորտի պատասխանատուներն ապրիլի վերջին կանխատեսում են քովիդի նոր ալիք։
«Ուղղակի դեռ փոքր թվերի հետ գործ ունենք, և մի տեսակ թաքնված, գաղտնի ժամանակահատված է: Բոլոր դեպքերում ապրիլի վերջերին կունենանք արդեն տեսանելի աճ»,- ընդգծել է Գայանե Սահակյանը: