Զրոյից ցածր․ նավթի գինն այնպես է ընկել, որ մատակարարները պատրաստ են իրենք վճարել, միայն թե ապրանքը վերցնեն
Հիմնական աղբյուր՝ The Economist
Պատմության մեջ առաջին անգամ WTI ամերիկյան նավթի գինը զրոյից ցածր է։ 2020 թ–ի մայիսին նավթի մեկ բարելի դիմաց մատակարարները պատրաստ են գնորդներին վճարել գրեթե 40 դոլար։
Ապրիլի 20–ին, երբ փակվեցին մայիսի վաճառքները, Հյուսիսային Ամերիկայի շուկային մայիսին նավթն ընդհանրապես պետք չէր․ պահեստները լիքն են։
Հունիսի ֆյուչերսները (մատակարարման մասին պայմանավորվածությունները) նույնպես սրընթաց էժանանում են․ գինը հասել է մեկ բարելի դիմաց 20 դոլարի։
Տխուր կանխատեսումնեով շարունակում է ընկնել Brent ապրանքանիշի նավթի գինը, որը էտալոն է համարվում, ինչպես նաև ռուսական Urals ապրանքանիշինը։
2020 թ–ի հունվարի սկզբին Brent տեսակի նավթի մեկ բարելն արժեր շուրջ 70 դոլար։ Ապրիլի 20–ին այն արժե արդեն 25 դոլարից մի փոքր ավելին։
Պատճառը կորոնավիրուսն է
Նավթի շուկայում տեղի ունեցած աղետի հիմնական պատճառը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով աշխարհում դրա սպառման հսկայական նվազումն է և դրան ուղեկցող տնտեսական ճգնաժամը։
Մարդիկ այլևս աշխատանքի չեն գնում։ Հսկայական թվով ձեռնարկություններ՝ խոշորագույններից մինչև մանր, կանգնած են ողջ աշխարհում։ Ինքնաթիռներն այլևս չեն թռչում։
Նավթ արտադրող երկրների վերջին գործարքը, որոնք պայմանավորվել էին կրճատել նավթի արդյունահանումն օրական 10 մլն բարելով, իսկ դա համաշխարհային մատակարարումների մոտ տասը տոկոսն է, չի օգնել բարձրացնել հումքի գները։
Աշխարհում վերջանում է տեղը նավթի պահեստներում, նավթը սկսել են պահել տանկերներում ու երկաթուղային ցիստերններում։
Ինչո՞ւ է նավթի գնի անկումը հարված աշխարհի բոլոր երկրների բնակիչների համար
Նավթի գները լրջորեն ազդում են բյուջեի մուտքերի վրա, հետևաբար՝ բոլոր պետական վճարումների՝ կենսաթոշակների, բյուջետային կազմակերպությունների աշխատակիցների աշխատավարձերի վճարման վրա։
Հարվածի տակ կարող են հայտնվել բոլոր սոցիալական նախագծերը, որոնք ֆինանսավորվում են պետբյուջեի կողմից՝ դպրոցներն, առողջապահական համակարգը, քաղաքների և գյուղերի բարեկարգումը։
Եթե նավթային ճգնաժամը երկարի, դա հատկապես ծանր հարված կլինի նավթ արտադրող երկրների համար, քանի որ նրանց բյուջեն մեծ մասամբ կառուցվում է նավթի վաճառքից ստացած եկամուտների վրա։
Այդպիսի երկրների թվում են Ռուսաստանն ու Ադրբեջանը։
«Խնդիրներ կլինեն նաև Ադրբեջանի արտարժութային պահուստներում, երկիր արտարժույթի մուտքի հարցում։ Ապրիլից նկատվելու է ՀՆԱ տևական կրճատում», — ասում է տնտեսագետ Թոգրուլ Վելիևը։
Փրկության ուղիներ․ Թրամփն առաջարկում է վճարել նավթի համար, բայց չարդյունահանել այն
Փորձագետներն ակնկալում են, որ 2020 թ–ի հունիսին գները բարձրանալու են, սակայն, միևնույն է, կմնան արտակարգ ցածր մակարդակում՝ մոտ 22 դոլար մեկ բարելի դիմաց։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է նավթ գնել իրական փողով, սակայն չարդյունահանել այն, այլ ընդերքում թողնել մինչև այն պահը, երբ ֆիզիկապես նավթը կրկին պահանջարկ կունենա։
Փորձագետները, սակայն, ասում են, որ Կոնգրեսը հազիվ թե հաստատի այս առաջարկը։
Բացի այդ, նավթի արդյունահանման դադարեցումը կարող է արտադրողներին ավելի մեծ կորուստներ բերել, քան գների անկումը։ Գործողությունների վերսկսումը կարող է շատ թանկ արժենալ և անգամ անհնար լինել, քանի որ որոշ փակ ռեզերվուարներ կարող են անդառնալիորեն վնասվել։