Մարտեր Արցախում։ 2020 թ-ի հոկտեմբերի 29 ռեպորտաժները, տեսանյութերը, լուսանկարները
-
«Մարտական գործողությունները շարունակվում են բոլոր ուղղություններով, բայց պակաս ինտենսիվությամբ»․ Հայաստանի ՊՆ ներկայացուցիչ
Օրվա արդյունքների մասին ամենօրյա ճեպազրույցի ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հաղորդել է, որ առաջնագծի հարավային ուղղությամբ՝ Բերձորի (Լաչին) հատվածում մինչև Արաքս գետը հայկական ստորաբաժանումները բարելավել են իրենց դիրքերը․
«Մարտական գործողությունների ինտենսիվությունն այժմ այլ է, փոխվել է դրանց բնույթը, հակառակորդի հիմնական հարձակողական ուժերի առանցքը կոտրվել է, սակայն դիվերսիոն խմբերը, ոչ մեծ խմբերն, այնուամենայնիվ, փորձելու են ինչ-որ բան ձեռնարկել»։
Ճեպազրույցին ելույթ է ունեցել նաև ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։ Այն հարցին, թե որն է հոկտեմբերի 30-ին Հայաստանի ԱԳ նախարարի բանակցությունների օրակարգը Ժնևում, նա պատասխանել է, որ հայկական կողմի համար առաջնահերթությունը հրադադարն է և դրա պահպանման նկատմամբ վերահսկողության համապատասխան մեխանիզմների ներմուծումը։
-
«Ով վերահսկում է Շուշին, վերահսկում է Արցախը»․ Արցախի նախագահ
Հակառակորդը Շուշիից 5 կմ հեռավորության վրա է, հայտարարել է Արայիկ Հարությունյանը ժողովրդին հասցեագրված իր ուղերձում։ Նրա խոսքով՝ այժմ Ադրբեջանը մարտեր է վարում ոչ միայն ճակատի ողջ երկայնքով, այլ նաև լուրջ ռազմական ռեսուրսներ է ներդրել հենց Շուշիի ուղղությամբ։ Նախագահը մարդկանց կոչ է արել միանալ և թույլ չտալ քաղաքի գրավումը․
«Բաքուն ուզում է գրավել Շուշին՝ հայկական հաղթանակների խորհրդանիշը․․․ Մենք պետք է բեկում մտցնենք պատերազմի ընթացքի մեջ հաշված օրերում և հակառակորդին պատժենք հենց Շուշիի մատույցներում»։
-
Եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանի կառավարությանը տեղեկություններ տրամադրել ևս հինգ ռազմագերու մասին
Այս մասին հաղորդել է արդարադատության նախկին նախարար, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների ընտանիքների ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը։ Դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է տեղեկություններ ներկայացրել ռազմագերիների առողջության, գտնվելու վայրի և պահպանման պայմանների մասին մինչև նոյեմբերի 3-ը։ Գործը ՄԻԵԴ էր փոխանցվել սեպտեմբերի 27-ին։ Գերիների անուններն են՝ Սամվել Ասատրյան, Ալբերտ Միքայելյան, Էդիկ Տոնոյան, Վալերի Հայրապետյան և Արսեն Կարապետյան։ Ընտանիքի անդամները նրանց ճանաչել են ադրբեջանական մեդիառեսուրսների տարածած տեսանյութերից և դիմել ՄԻԵԴ՝ շտապ միջոցներ ձեռնարկելու նրանց կյանքի իրավունքի պաշտպանության և անմարդակային վերաբերմունքի բացառման համար։ Ըստ վերջին պաշտոնական տվյալների՝ Հայաստանում հայտնի է 17 ռազմագերիների մասին, որոնք Ադրբեջանում են գտնվում։
-
Հայկական կողմին է փոխանցվել 29 զինծառայողի մարմին, քաղաքացիական մեկ անձ է վերադարձվել․ Հայաստանի ՊՆ
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է, որ փոխանցումն իրականացվել է Ռուսաստանի Դաշնության բացառիկ միջնորդական ջանքերի շնորհիվ, ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ։
«Հայկական կողմը, հավատարիմ մնալով հումանիտար հրադադարի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններին, կրկին պատրաստակամություն է հայտնում ադրբեջանական կողմին հանձնել Արցախի տարածքում գտնվող ադրբեջանցի զինծառայողների մարմինները, մեկնարկել արցախա-ադրբեջանական ռազմաճակատի ողջ երկայնքով ռազմական գործողությունների արդյունքում միջդիրքային հատվածից աճյունների դուրսբերման, ինչպես նաև ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվության փոխանցման և հետագայում վերջիններիս փոխանակման գործընթացը», — գրում է Շուշան Ստեփանյանը։
-
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 30 զինծառայողի մարմին
Ինչպես հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն, ադրբեջանական կողմը Հայաստանին է փոխանցել 30 զինվորի և սպայի մարմին, որոնք մարտի դաշտում են մնացել։ Հայկական կողմին են փոխանցվել նաև երկու տարեց բնակիչներ, որոնք կենդանի են հայտնաբերվել Հադրութում մարտական գործողությունների ժամանակ։
Մարդկանց և զոհերի մարմինների փոխանցման գործողությունն իրականացվել է հումանիտար միջանցքով, որը կազմակերպվել է Ղազախ-Թովուզ ուղղությամբ, Ռուսաստանի պաշտպանության նախարարության աջակցությամբ։
-
Զոհված խաղաղ քաղաքացիների թիվը հասել է 90-ի․ Ադրբեջանի գլխավոր դատախազություն
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը թարմացրել է խաղաղ բնակչության շրջանում զոհերի և վիրավորների թիվը։
Գերատեսչության տվյալներով՝ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր զոհվել է 90 մարդ, 392-ը վիրավորվել է։ Վնասվել է 2406 մասնավոր տուն։
-
Ադրբեջանի քաղաքներում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը
Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը․
• ՊՆ ՌՕՈւ ռազմաօդային բազա, ուղղաթիռային ավիաէսկադրիլիա
• ԶՈՒ ԳՇ մոտոհրաձգային բրիգադի ՄՏՎ,
• ՆԶ առանձնահատուկ նշանակության բրիգադ,
• ՊՆ մարտական կառավարման կենտրոն,
• ԶՈՒ ԳՇ ռադիոտեխնիկական գումարտակ,
• ՊՆ կենտրոնական ենթակայության վառելիքաքսուքային նյութերի բազա,
• Պաշտպանական արդյունաբերության նախարարության մեքենաշինական գործարան, ավիացիոն վերանորոգման գործարան և հրետանու սպառազինության վերանորոգման գործարան:
Ադրբեջանի Բարդա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը․
• 1-ին ԲԿ շտաբ
• Վերանորոգման գումարտակ
• Կապի առանձին գումարտակ
• Զենիթահրթիռային դիվիզիոն
• Տանկային բրիգադ
• Հակատանկային դիվիզիոն։
-
Հակառակորդը հրետակածել է երկու շրջանների տարածքը․ Ադրբեջանի ՊՆ
«Հայկական զինված ուժերը հրետակոծել են Բարդայի և Գերանբոյի շրջանների տարածքը», — ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության շտապ հաղորդագրությունում։
-
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը տեղափոխվել է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների այսօր Ժնևում պլանավորված հանդիպումը տեղափոխվել է վաղը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով սեփական աղբյուրը։
-
Ադրբեջանի ՊՆ․ «Գերանբոյի և Տերտերի շրջանները հրետակոծվել են»
«Այսօր ժամը 9:25-ին մոտ հայկական զինված ուժերը հրետակոծել են Գերանբոյի և Տերտերի շրջանների տարածքները», — ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում։
-
Մարտական գործողությունները շարունակվում են․ Ադրբեջանի ՊՆ
«Հոկտեմբերի 28-ին ողջ օրվա ընթացքում և լույս 29-ի գիշերը Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տեսակի զենքերով, այդ թվում՝ հրթիռներով և հրետանիով, հրետակոծել են ադրբեջանական բանակի ստորաբաժանումների դիրքերը ճակատի տարբեր ուղղություններով և ճակատամերձ գոտու բնակավայրերը։
Մարտական գործողությունները շարունակվել են հիմնականում Խոջավենդի, Ֆիզուլիի և Գուբաթլիի ուղղություներով», — ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում։
-
Լարվածությունը ճակատում և խաղաղ բնակավայրերի թիրախավորումը շարունակվում է․ Արցախի ՊՆ
Նախարարությունից հայտնում են, որ Ստեփանակերտը, Շուշին և հարակից բնակավայրերը շարունակում են մնալ Ադրբեջանի զինված ուժերի թիրախը: Հրետակոծությունը կատարվել է «Սմերչ» ռեակտիվ համակարգով:
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, ավերվել է մեկ բնակելի տուն, հարվածից ամբողջությամբ փլվել է հարակից շինությունը։ Երկու մարդ վիրավոր է։
-
Իրավիճակը հոկտեմբերի 29-ի դրությամբ՝ հակիրճ
Արցախում մարտերի երկրորդ ամիսն է սկսվել
• Ադրբեջանի Բարդա քաղաքի վրա հայկական զինվորականների կողմից հասցված հրթիռային հարվածի հետևանքով 21 մարդ է զոհվել, ավելի քան 60 մարդ վիրավորվել է։ Ադրբեջանի գլխավոր դատախազության այս մասին հաղորդագրությունում ասված է, որ կիրառվել է միջազգային իրավունքով արգելված կասետային զինամթերք։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է հարված հասցնելու մեղադրանքը։
• Հայաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանին մեղադրել է ռազմական հանցագործություն կատարելու համար՝ Արցախում Ստեփանակերտին և Շուշիին նոր հրթիռային հարվածներ հասցնելու պատճառով, տուժել է, այդ թվում, ծննդատան շենքը։ Զոհերի մասին չի հաղորդվում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է հարված հասցնելու մեղադրանքը։
• Նոր տվյալներ՝ Ադրբեջանի խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին՝ 69 մարդ է զոհվել, 322-ը վիրավոր են։
• Եվս 13 բնակավայր է անցել ադրբեջանական բանակի վերահսկողության տակ, հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
• «Հայաստանի քաղաքականության էությունն այն է, որ ուրիշ երկրները լուծեն իր խնդիրը։ Ես նրանց ասում եմ․ «Ճանաչեք Ղարաբաղն, այլ ոչ թե այլ երկրներին խնդրեք անել դա»», — ասել է Ադրբեջանի նախագահը ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանը։
-
Մարտեր Արցախում։ 2020 թ․հոկտեմբերի 28-ի նորություններ, ռեպորտաժներ, տեսանյութեր-լուսանկարներ։