Կյանքը Հայաստան-Ադրբեջան սահմանին՝ խորհրդային տարիներից մինչ օրս
Միջադեպ մոտիկ անցյալից
Ես դպրոցական էի, և իմ ուսուցիչները ինձ սովորեցրել էին, որ Խորհրդային Միության մեջ սահմաններ չկան: Իրավամբ, Խորհրդային Միության ներսում սահման ասվածը հարաբերական էր: Հայաստանի և Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հետ վարչական սահմաններ գոյություն ունեին, բայց այդ սահմաններն անցնելիս՝ կարիք չունեիր անձնագիր ցույց տալ: Ոչ էլ հսկիչ-անցագրային կետ կար: Վրացական կամ ադրբեջանական տառերը և գրությունները կարդալով միայն կհասկանայիր, որ Խորհրդային Հայաստանում չես:
Ադրբեջանցիներին ես հիշում եմ շատ փոքր տարիքից: Պապիս ադրբեջանցի ծանոթներն էին գալիս մեր տուն: Հայրս ևս ուներ ադրբեջանցի ծանոթներ: Գրեթե ամեն օր մեր հարևան Քեմեռլիի ադրբեջանցիները, հիմնականում` կանայք, իրենց ավանակներին մրգեր ու բանջարեղեն բարձած, մեր գյուղով անցնելով, հասնում էին Նոյեմբերյան քաղաքի շուկա, որտեղ վաճառում էին իրենց բերքը: Հետդարձի ժամանակ նրանք իրենց ավանակներին կապում էին մեր գյուղի զբոսայգու երկաթյա ցանկապատին, մտնում խանութ և գնումներ կատարում: Հիմնականում շաքար էին գնում, մեծ կտորներով սպիտակ շաքար:
1984-ի ուշ աշունն էր: Կրեմլից մեր գյուղ էին եկել մարդիկ, ովքեր մեր և հարևան ադրբեջանական գյուղի միջև սահմանն էին ճշտում: Մեր գյուղը` Դովեղը, գտնվում է Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռանկյունում, սահմանակից է ադրբեջանական Քեմեռլի գյուղին: Դովեղը և Քեմեռլին ունեն 13 կիլոմետր երկարությամբ ընդհանուր սահման:
1984-ի հոկտեմբերին մեր և ադրբեջանցիների հարաբերությունները չափազանց լարվեցին: Դովեղի անտառների աղբյուրներից ադրբեջանցիները ջրատար էին կառուցել դեպի Քեմեռլի, ինչը լարվածություն էր առաջ բերել: Հայաստանի առաջնորդ Կարեն Դեմիրճյանը Մոսկվայում հանդիպել էր Ադրբեջանի առաջնորդ Քյամրան Բաղիրովի հետ և պայմանավորվել, որ ջրատարի հարցը տեղում ուսումնասիրվի: Հայկական կողմից պատասխանատու էր նշանակվել վարչապետի տեղակալ Վլադիմիր Մովսիսյանը, ադրբեջանական կողմից՝ նրա ադրբեջանցի գործընկերը:
Նրանք ժամանեցին դեպքի վայր, որպեսզի տեղում կարգավորեն խնդիրը: Երկու գյուղերի միջև ընկած անտառների և աղբյուրների պատկանելիության վեճի պատճառով գրանցվեցին բախումներ, որոնց արդյունքում մի քանի մարդ, այդ թվում՝ Մովսիսյանը, վնասվածքներով տեղափոխվեցին հիվանդանոց: Խորհրդային մամուլը որևէ բառ չգրեց այդ բախումների մասին: Միջադեպի արձագանքը հասավ Մոսկվա:
Խորհրդային Միության առաջնորդներից Եգոր Լիգաչովը Մովսիսյանին հրավիրեց Մոսկվա` մանրամասների մասին տեղեկանալու նպատակով: Հայ-ադրբեջանական բախումից հետո Հայաստան այցելեց Բաղիրովը:
Արձանագրված սահմանային միջադեպից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև կատարվեց վարչական սահմանների հստակեցում: Խորհրդային Միության ներսում բազմաթիվ անգամ փոխվել են սահմանները: Երբ 1988-ի փետրվարին Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը քվեարկեց նրա օգտին, որ ավելի քան 75 տոկոս հայ բնակչությամբ մարզը Ադրբեջանից անցնի Հայաստանին, պայմանավորված էր նաև այդ ակնկալիքով:
Ղարաբաղյան պատերազմի տարիներին
Հայ-ադրբեջանական առաջին լուրջ բախումները տեղի ունեցան 1990-ի ընթացքում, երբ հայկական ուժերը վերահսկողության տակ վերցրեցին Հայաստանի տարածքում կղզյակի վերածված մի քանի ադրբեջանական բնակավայր՝ Քյարքին (Հայաստան-Նախիջևան սահմանում), Յուխարը և Աշաղը Աքսիպարան, Բաղանիս-Այրումը (Նոյեմբերյան-Ղազախ հատվածում), Խեյրիմլին, Սոֆուլուն, Կըզըլ Հաջիլին ու Բարխուդարլին (Իջևան-Ղազախ հատվածում):
1992-ի օգոստոսին ադրբեջանական զինուժը վերահսկողության տակ առավ Հայաստանի Արծվաշեն գյուղը, որը կղզյակ էր Ադրբեջանի Գետաբեկի շրջանում: Այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ են նաև վարչականորեն Հայաստանին պատկանող տարածքներ Նոյեմբերյանի (Բարեկամավան գյուղի հողատարածքների զգալի մասը), Իջևանի (Բերքաբեր գյուղի ավելի քան 800 հեկտար հողատարածք) և Բերդի (Պառավաքար գյուղի 1400 հեկտար հողատարածք) հատվածներում:
Պառավաքար
Այսպիսով, Հայաստան-Ադրբեջան սահմանը, խորհրդային ժամանակների համեմատ, զգալիորեն ձևափոխվել է: Ավելին, այսօր ադրբեջանական ուժերը ռազմական դիրքեր ունեն, որոնք Հայաստանի տարածքում են՝ և հակառակը:
Ղարաբաղյան պատերազմի տարիներին՝ 1992-1994 թթ., թեև Հայաստան-Ադրբեջան սահմանը այլևս փոփոխություն չկրեց, սակայն արյունալի հակամարտության երկուսուկես տարիներին կողմերը միմյանց դեմ օգտագործեցին ծանր տեխնիկա և ռմբակոծեցին քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը նաև Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով գտնվող բնակավայրերում: Այդպես շարունակվում է նաև այսօր՝ 1994 թվի մայիսյան հրադադրից ի վեր՝ խլելով հարյուրավոր մարդկային կյանքեր:
Չինարի. կյանք դիպուկահարի նշանակետում
Ես անցել եմ Հայաստան-Ադրբեջան սահմանների երկայնքով, այցելել սահմանային բոլոր գյուղերը: Հայաստանը Ադրբեջանի հետ սահման ունի երկրի հյուսիս-արևելքում, որը ձգվում է շուրջ 400 կիլոմետր՝ հայ-վրաց-ադրբեջանական եռանկյունուց մինչև Սևանա լճի արևելք, ինչպես նաև՝ մի քանի հարյուր կիլոմետր երկարությամբ լեռնային սահման հարավ-արևմուտքում՝ Հայաստան-Նախիջևան հատվածում:
Մի օր գնացել էի Չինարի բնակավայր, որը սահմանակից է Ադրբեջանի Թովուզի շրջանի Ասրիկ Ջդրհան գյուղին: Չինարին հավանաբար ամենից վտանգավոր գյուղն է խաղաղ բնակչության համար, քանի որ ադրբեջանական ռազմական հենակետերը իշխում են գյուղի վրա: Չինարիի մանկապարտեզում ծանոթացա 5-ամյա Ալվինայի հետ:
Այս աղջիկը ծնվել է հոր՝ Լևոնի սպանությունից հինգ ամիս անց: Դիպուկահարի կրակոցից նրա հայրը սպանվել է 2008-ի ամռանը: Այսպես, ոչ 21-ամյա Լևոնն է տեսել դստերը, ոչ էլ Ալվինան՝ հորը: Լևոնի այրին ինձ պատմեց. «Աղջիկս չգիտի, թե ինչ է հայրը: Երբ ես տանը հայրիկիս պապա եմ կանչում, Ալվինան ասում է՝ «պապի՛կ ասա, պապա մի՛ ասա, նա մեր պապիկն է»: Չգիտի, թե ինչ է հայրը»:
Մանկապարտեզի աշխատակիցներն ու երեխաներին տուն տանելու եկած ծնողներն էլ էին վկայում, որ Չինարին հայ-ադրբեջանական սահմանի ամենավտանգավոր գյուղն է: Հակառակորդի տեսադաշտում են Չինարիի գրեթե բոլոր տները, ճանապարհները, դպրոցը, մանկապարտեզը: Վերջերս դեպի դպրոց, մանկապարտեզ և գերեզմանատուն տանող ճանապարհին Focus on Children կազմակերպության նախաձեռնությամբ կանադական 300 բարդի տնկվեց: Այդ բարդիները տարիներ անց պետք է մեծանան ու փակեն դիպուկահարի տեսադաշտը:
Մենք զրուցում էինք, երբ վազելով ու թռվռալով մեզ մոտեցան Ալվինան ու մյուս երեխաները: Ալվինան կանգնեց մոր կողքին, թաթիկներով հետ տարավ երկար մազերը և բանաստեղծություն արտասանեց: Բանաստեղծությունը խաղաղության մասին էր, որն այդպես էլ չի գալիս Չինարի, սահմանային հայկական ու ադրբեջանական մյուս գյուղեր:
Պատերազմի տարիներին և զինադադարից հետո Չինարում սպանվել է 22 խաղաղ բնակիչ:
Մարդը զրկվել է հող մշակելու հնարավորությունից
Մինչև 2014 թիվը Հայաստան-Ադրբեջան սահմանին գտնվող հողատարածքները հնարավոր էր մշակել: Ճիշտ է, մինչև 2014-ն էլ էին լինում կրակոցներ, սպանվում էին խաղաղ, աշխատասեր հայեր և ադրբեջանցիներ, ինչպես Ալվինայի հայրը, սակայն, ընդհանուր առմամբ, հնարավոր էր բերք ու բարիք ստանալ, կերակրել ընտանիքը:
Ոսկեպարի 7-րդ դարի եկեղեցին՝ ճիշտ Հայաստան-Ադրբեջան սահմանին
2014-ից իրավիճակը կտրուկ փոխվեց: Դիպուկահարների պատերազմին փոխարինեց դիվերսանտների պատերազմը: Այսօր գյուղացիները այլևս չեն մշակում սահմանային հողակտորները, քանի որ սպանվելու հավանականությունը շատ մեծ է:
2014 թվին Հայաստանի կառավարությունը ընդունեց երկու օրենք, որոնք ուղղված էին Ադրբեջանի հետ անմիջական սահմանակից շուրջ 30 բնակավայրերի բնակչության սոցիալական բարեկեցության ապահովմանը:
Ընդունված օրենքներից մեկով բնակիչները ստանում են սոցիալական աջակցություն: Մասնավորապես, նրանք միայն մասամբ են վճարում էլեկտրաէներգիայի, գազի և ոռոգման ջրի դիմաց, ինչպես նաև՝ ամբողջապես ազատվել են հողի հարկ և գույքահարկ վճարելուց: Երկրորդ օրենքով՝ սահմանամերձ գյուղերում իրականացվող տնտեսական գործունեությունը՝ արտադրության կազմակերպումը, գրեթե ամբողջովին ազատվել է հարկերից: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր հայ գործարար հնարավորություն կունենա իր բիզնեսը տեղափոխել սահմանամերձ հատված կամ այնտեղ նոր բիզնես կազմակերպել:
2014-ից, սակայն, կյանքը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով տեղակայված գյուղերում ավելի դժվարացավ: Քաղաքացիական օբյեկտների ու խաղաղ բնակչության դեմ կիրառվում են զինատեսակներ, որոնք օգտագործվել են միայն 1991-1994 թթ. պատերազմի ժամանակ:
Ապրիլյան 4-օրյա պատերազմի ընթացքում Հայաստան-Ադրբեջան սահմանը համեմատաբար խաղաղ էր: Այդ սահմանի վրա 1994-ի մայիսյան զինադադարից ի վեր սպանվել են և վիրավորվել հարյուրավոր հայ և ադրբեջանցի խաղաղ բնակիչներ, պարզ գյուղացիներ, հողի մշակներ:
«Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» կամ «Ե՛վ պատերազմ, և՛ խաղաղություն» վիճակից ամենից շատ տուժում են սահմանամերձ գյուղերի հայ և ադրբեջանցի բնակիչները: Նրանք չեն կարողանում մշակել իրենց հողը, նրանք ամեն պահի դառնում են հակառակորդի կրակոցի զոհը, նրանց կյանքը ոչ պատերազմ է, ոչ՝ խաղաղություն:
Փոքրիկ Ալվինայի, հայրերին կորցրած և չկորցրած մյուս հայ և ադրբեջանցի երեխաների համար խաղաղության ապագան ավելի աղոտ է դառնում:
Այդ երեխաները մեծանում են պատերազմի ստվերի տակ:
Լրագրող Թաթուլ Հակոբյանը Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգողն է և Սիվիլիթաս հիմնադրամի վերլուծաբանը: Նա “Կանաչ ու սև. Արցախյան օրագիր” և “Հայացք Արարատից. հայերը և թուրքերը” գրքերի հեղինակն է:
Հադվածն առաջին անգամ հրապարակվել է՝ 09.05.2016