Պատգամավորն ուրի՞շ բան է ասել. փորձագետի կարծիքը իշխող ուժի ներկայացուցչի խոսքերի վերաբերյալ
Հայաստանի վարչապետը վերջին ասուլիսում փորձեց պաշտպանել իշխող ուժի պատգամավորին, որը լրագրողների հասցեին թույլ էր տվել «վերբալ մարմնավաճառներ» արտահայտությունը: Այս կարծիքին է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Հունվարի 25-ին կազմակերպված ասուլիսի ընթացքում Մելիքյանը ներկայացրել է կոմիտեի 2021 թ.-ի տարեկան զեկույցը, ինչպես նաև անդրադարձել վարչապետի ասուլիսների ձևաչափին, Փաշինյանի՝ պատգամավորին պաշտպանելու փորձին:
Աշոտ Մելիքյանի դիտարկմամբ՝ պատգամավորի հնչեցրած խոսքերի վերաբերյալ Փաշինյանի մեկնաբանությունն ընդամենը կուսակցին պաշտպանելու փորձ էր:
«Պետք է հարց տալ ՔՊ-ականներին, թե նույնիսկ այն, ինչ նկատի ունեք, այդ մասին հենց թիվ մեկ ամբիոնի՞ց ու հենց այդ բառապաշարո՞վ էր պետք արտահայտվել: Ու հետո էլ բողոքում են, թե հասարակության մեջ հայհոյախոսություն է տեղի ունենում, անհանդուրժողականություն և այլն», — նշել է Մելիքյանը:
Կարծում է՝ իշխանությունը պետք է օրինակ ծառայի հասարակությանը, իր գնահատականները հնչեցնի քաղաքակիրթ բառապաշարով, այլապես չի ստեղծվի «հասարակական բարվոք մթնոլորտ»:
Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորի՝ լրագրողներին ուղղված խոսքերին Հայաստանի վարչապետն ասել էր, թե դրանք պետք չէ կոնտեքստից կտրել:
«Նա բոլորովին ուրիշ բան է ասել, նա անդրադարձել է բռնության քարոզին, ապօրինության քարոզին։ Եթե ես լինեի գործող լրագրող, ես այդ հայտարարությունն ինձ չէի վերագրի, եթե ես իմ մասնագիտությանը ծառայում եմ ազնիվ», — առցանց ասուլիսի ընթացքում նշել էր Նիկոլ Փաշինյանը:
Նա շեշտել էր, որ լրատվամիջոցները կառավարությունից թափանցիկություն են պահանջում, այնինչ իրենք հաշվետվողական չեն։ Սա է պատճառը, որ կառավարությունը լրատվամիջոցների ֆինանսական աղբյուրների բացահայտման մասին օրինագիծ է ընդունում:
Վարչապետի ասուլիսների առցանց անցկացումը Մելիքյանը բնորոշել է որպես տարօրինակ ձևաչափ, որը տարակուսանք է առաջացնում, այդ թվում՝ հարցերի կրճատման, խմբագրման կամ միավորման տեսանկյունից:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը տեղեկացրել է, որ առիթ է ունեցել հորդորելու, որ վերականգնվի Փաշինյանի մամուլի ասուլիսների նախկին՝ ոչ առցանց ձևաչափը:
«Հայաստանի պատմության մեջ նախադեպ չկար, որ երկրի առաջին դեմքը ասուլիս հրավիրի և բոլոր ցանկացողները մասնակցեն, ու մինչև հարցերը չսպառվեն, ասուլիսը չավարտվի, տևում էր 4-5 ժամ: Սա ճիշտ, լրագրողների ու լրատվամիջոցների նկատմամբ հարգալից մոտեցում էր», — ընդգծել է Մելիքյանը:
Ազգային ժողովի՝ հունվարի 20-ի նիստի ժամանակ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձել էր մասնավոր հեռուստաընկերությունների աշխատանքին ու ասել, որ ատելության խոսքը գերակշռող է դարձել վարչապետի ու նրա ընտանիքի անդամների հանդեպ՝ լրագրողներին անվանելով «վերբալ մարմնավաճառներ»։
«Ամենօրյա ատելության քարոզ է՝ գումարի դիմաց։ Շատերը չեն կարողացել տարբերակել և գիտակցել, որ իրենք ոչ թե վերբալ-մարմնավաճառ են, այլ լրագրող։ Թող ներեն ինձ այդ մասնագիտության իրական կրողները, բայց այդպիսիք հեռուստաեթերում ԳՇ պետին հրավիրում էին տանկերը մտցնել Երևան, որովհետև անբարոյական են․․․ Վերբալ մարմնավաճառությունը ՀՀ-ում ավելի թանկ հաճույք է, քան սովորականը», — ասել էր պատգամավորը:
Մեկ օր անց պատգամավորի որակումների վերաբերյալ համատեղ հայտարարությամբ հանդես եկան լրագրողական կազմակերպությունները:
Վերջիններս խստորեն դատապարտել են իշխող ուժի ներկայացուցչի վարքագիծն ու բառամթերքը: Կազմակերպությունները կարծիք են հայտնել, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին վիրավորելու փոխարեն իշխանավորները պետք է իրականացնեին ոլորտի բարեփոխումներ, այդ թվում՝ պատասխանատվություն սահմանեին վիրավորանքի ու ատելության տարածման համար:
Լրագրողական կազմակերպությունները հայտարարությամբ պահանջել են, որ
- Ազգային ժողովն անհապաղ քայլեր ձեռնարկի էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու, պատգամավորի վարքագիծը քննարկելու և որոշում կայացնելու համար,
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակայնորեն դիրքորոշում արտահայտի և գնահատական տա Ալեքսանյանի՝ լրագրողներին ուղղված վիրավորանքի վերաբերյալ,
- Վահագն Ալեքսանյանը ներողություն խնդրի լրագրողական համայնքից անպարկեշտ և վիրավորական արտահայտության համար և երաշխավորի, որ դա ապագայում չի կրկնվի։
Այս պահանջներն այդպես էլ անկատար մնացին, թեև դրանց միացել էր նաև ՄԻՊ Արման Թաթոյանը:
Ասուլիսի ընթացքում Մելիքյանը ներկայացրել է կոմիտեի 2021 թ.-ի տարեկան զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին:
Մելիքյանի փոխանցմամբ՝ նախորդ տարվա ընթացքում լրագրողների նկատմամբ ճնշումների 107 դեպք է գրանցվել, այդ թվում՝ սպառնալիքներ, հաշվեհարդարի կոչեր ու դատական գործեր.
«Կոմիտեն արձանագրել է ֆիզիկական բռնությունների 18 դեպք, որոնց ընթացքում տուժել է 20 լրագրող ու օպերատոր»։