Պաշտոնական Երևանն «ամենայն ուշադրությամբ» հետևում է ռուսական ռուբլու տատանումներին
ԱՄՆ կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները կարող են բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի վրա: Այս կարծիքին են Հայաստանի իշխանություններն ու ոլորտի փորձագետները:
Մասնավորապես, Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սանկցիաների հետևանքով ռուբլու տատանումներ են սկսվել: Տնտեսագետները կարծում են, որ այս գործընթացը չի կարող չանդրադառնալ Հայաստանի վրա, քանի որ ՌԴ-ն երկրի խոշորագույն գործընկերներից մեկն է:
Ազգային ժողովի փոխնախագահ, տնտեսագետ Միքայել Մելքումյանի խոսքով, Հայաստանի 600.000-ից ավել քաղաքացի աշխատում է Ռուսաստանում, և ռուբլու տատանումները, առաջին հերթին, ազդելու են հենց նրանց վրա:
«Ռուսաստանից 1.5 մլն դոլարի չափով ֆինանսական հոսքեր են գալիս, որոնք արժեզրկված են գալու: Եվ այն ընտանիքները, որոնք այստեղ ապրում են իրենց հարազատների, ամուսինների ուղարկած գումարներով՝ ավելի քիչ ապրանքներ են կարողանալու գնել նույն գումարով, քան՝ նախկինում: Մարդկանց գնողունակությունը կնվազի»,- ասել է Միքայել Մելքումյանը:
Նա կարծում է, որ ռուբլու արժեզրկման հետևանքով գուցե փոխվեն գազի, նավթի, զենքի գները և ռազմավարական նշանակության այլ ապրանքներ: Հայաստանից արտահանվող ապրանքներն էլ ռուսական շուկայում, ըստ նրա, հնարավոր է չվաճառվեն, որովհետև ռուսական շուկան կդառնա ոչ գնողունակ:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը հայտարարել է, որ Հայաստանն ամենայն ուշադրությամբ հետևում է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցներին: Նա ևս նշել է, որ ռուսական արժույթի տատանումները կարող են ազդեցություն ունենալ Հայաստանի վրա:
«Կարճաժամկետ կտրվածքով որևէ վտանգ դա չի ներկայացնում, բայց մենք հետևում ենք, ինչպես նաև կոնսուլտացիաներ ենք անում մեր ռուս գործընկերների հետ: Մեր ուշադրության կենտրոնում ենք պահելու և քնարկումներ ենք ունենում մեր արտահանողների հետ, որոնք իրենց պայմանագրային հարաբերությունները կարգավորում են հենց ռուսական ռուբլով: Անհրաժեշտության դեպքում կառավարությունն օժանդակության իր գործիքակազմով հանդես կգա»,- ընդգծել է նախարարի պաշտոնակատարը: