Պայթյուն ռուսական Մագնիտոգորսկում․ գազի արտահո՞սք, թե՞ ահաբեկչություն
Ռուսական երկու պարբերական՝ Znak.com-ն ու 74.ru-ն ,հաղորդագրություններ են հրապարակել այն մասին, որ ռուսական Մագնիտոգորսկ քաղաքում Ամանորին տեղի ունեցած իրադարձությունները՝ պայթյունը բնակելի շենքում և երթուղայինում, կարող էին ահաբեկչություն լինել։ Լրագրողներն անուղղակի ապացույցներ են ներկայացնում և իշխանություններից պահանջում են հերքել դրանք։ Սակայն պաշտոնական կառույցները միայն հաղորդում են, որ պայթուցիկ նյութերի հետքեր շենքի փլուզման վայրում հայտնաբերված չեն, սակայն հարցերի պատասխաններ չեն տալիս։
• Վլադիմիր Պուտինը՝ Վրաստանի կենսաբանական զենքի և ռուսաստանցիների անդրշիրիմյան կյանքի մասին
• Վլադիմիր Պուտինը՝ Վրաստանի կենսաբանական զենքի և ռուսաստանցիների անդրշիրիմյան կյանքի մասին
Դեկտեմբերի 31-ի վաղ առավոտյան Մագնիտոգորսկում փլուզվեց Մարքսի պողոտայի 10-հարկանի բնակելի շենքի մուտքը․ իշխանությունների տվյալներով՝ փլատակների տակ զոհվել է 39 մարդ։ Իշխանությունները կատարվածը բացատրում են կենցաղային գազի պայթյունով։
Աղետից մեկ օր անց՝ հունվարի 1-ի երեկոյան, Մագնիտոգորսկում այրվեց և պայթեց երթուղային, որի հետևանքով երեք մարդ զոհվեց։ Ականատեսները կրակոցներ էին լսել, սակայն պաշտոնապես ասվում է, որ դա գազի բալոնների պայթյունն է եղել, որոնք մեքենայի համար որպես վառելիք էին ծառայում։
Այդ նույն գիշերը Մագնիտոգորսկում առանց պատճառները նշելու տարհանեցին հարևան Լենինի փողոցի բնակելի շենքի բնակիչներին։
Znak.com-ն ու 74.ru-ն գրեթե ամիջապես գրեցին, որ բնակելի շենքի պայթյունն ահաբեկություն էր, իսկ երթուղայինի պայթյունն՝ ահաբեկչության կատարման կասկածյալների ոչնչացում։ Հարևան փողոցում տեղի ունեցած գործողության վերաբերյալ Znak.com-ը հաղորդում էր, որ ուժայիններն այնտեղ փնտրում էին ահաբեկչության իրականացման չորրորդ կասկածյալին։
Meduza պարբերականը Znak.com-ի գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Կոլեզևից ճշտել է, թե որ հարցերի պատասխաններն է նա ակնկալում ռուսական իշխանություններից։
Ահա, թե ինչ է նա պատմել։
• Պարբերականը թղթակիցների ուժեղ թիմ ունի՝ իրավապահ մարմիններում առկա աղբյուրներով։ Եվ այս անգամ այնպես էր ստացվել, որ օպերատիվ քննչական խմբում միանգամից մի քանի այդպիսի աղբյուր կար։ Ըստ էության, լրագրողները կարող էին վերստուգել տեղեկությունը՝ շփվելով տարբեր մարդկանց հետ։ Եվ այդ աղբյուրները, որոնց հանդեպ վստահության բարձր մակարդակ է առկա, խոսել են ահաբեկչության մասին։
• Շատ քննիչներ և փորձագետներ են Մագնիտոգորսկ ժամանել տարբեր քաղաքներից և շրջաններից։ Դա բնորոշ չէ կենցաղային գազի պայթյունի համար։
• Կասկածներ է հարուցում ուժայինների տեղեկատվական առումով փակ լինելը։ Սովորաբար նման աղետների ժամանակ իշխանությունները սկսում են բավականին ակտիվորեն պատմել այն մասին, թե ինչ են իրենք անում, ինչ փորձաքննություններ են անցկացնում, կատարվածի ինչ վարկածներ կան, ինչպես են դրանք աշխատում։ Սակայն այս անգամ ընդհանրապես ոչ մի տեղեկություն չկա։
• Երթուղայինի հետ կապված պատմությունում լրագրողները հիմնվել են միայն իրավապահ մարմիններում իրենց աղբյուրների տեղեկությունների վրա։ Իսկ նրանք պատմել են, որ գրանցվել է, որ այդ մեքենայում հայտնաբերվել են այն անձանց սիմ-քարտերը, որոնք կասկածվում էին ահաբեկչության համար։ Երթուղայինը փորձել են կանգնեցնել, սակայն այնտեղից կրակ են բացել։ Դրանից հետո բոլոր ներսում գտնվողերը ոչնչացվել են։
Դմիտրի Կոլեզև․ «Ես որպես լրագրող և խմբագիր պատրաստ եմ ընդունելու ցանկացած համոզիչ վարկած, որը կապացուցվի առավելագույն քանակությամբտեղեկությամբ։ Այժմ մենք ոչինչ չգիտենք։
Ո՞ր բնակարանում է գազի պայթյուն եղել։ Ո՞վ է ապրել այդ բնակարանում։ Ո՞վ է զոհվել երթուղայինում։ Ի՞նչ գործողություն է իրականացվել հունվարի լույս 2-ի գիշերը Լենինի փողոցի շենքերում։
Եթե մեզ տեղեկություն տրամադրեն, ցույց տան փաստաթղթեր, լուսանկարներ, տեսագրություններ, և դա, ասենք, անհավանական համընկնումների շարքի ընդհանուր պատկեր ստեղծի, մենք, իհարկե, կասենք․ լավ, մենք սխալվել ենք, աղբյուրները սխալվել են»։
Դմիտրի Կոլեզևն ասել է, որ նա դեռ շատ քիչ փաստարկներ ունի, որոնք հերքում են ահաբեկչության վարկածը։ Դրանցից մեկն այն է, որ ոչ մի խմբավորում իր վրա չի վերցրել կատարվածի համար պատասխանատվությունը։