Մոսկվայում առաջնության օրերին տևանսպորտի սննդի, շփման և անվտանգության մասին" />

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Ռուսաստանում. ինչպես են իրենց զգում ռուսաստանցիներն ու այլ երկրներից եկած երկրպագուները

Մոսկվայում առաջնության օրերին տևանսպորտի սննդի, շփման և անվտանգության մասին

Ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունը շարունակվում է Ռուսաստանում, այն սկսվել է 2018թ-ի հունիսի 14-ին և ավարտվելու է հուլիսի 15-ին: Այն առաջին անգամ է անցկացվում ոչ միայն Ռուսաստանում, այլև ընդհանրապես Արևելյան Եվրոպայում:

Խաղերի մասին այս օրերին մանրամասն և շատ պատմում են մասնագիտացված պարբերականները: Իսկ մենք պատմելու ենք այն մասին, թե ինչպես են աննախադեպ այս տոնի օրերին ապրում Մոսկվան և ռուսաստանցիները: Իսկ վերջում հետաքրքիր վիճակագրություն կներկայացնենք, այս անգամ՝ այն մասին, թե որ երկրում են Ռուսաստանում կայանալիք խաղերի ամենաշատ տոմսերը գնել և ովքեր են այդ մոլի երկրպագուները:

Հակիրճ՝ խորհրդանիշների մասին

 

Սա առաջնության խորհրդանիշն է: Կազմակերպչական կոմիտեի մամուլի հաղորդագրությունում ասվում է, որ պատկերի գլխավոր բաղադրիչները տիեզերքի նվաճումն է, սրբանկարչությունն ու սերը դեպի ֆուտբոլը:

 

 

 

 

Սա պաշտոնական թալիսմանն է՝ Զաբիվակա անունով գայլը: Այն նկարել է ուսանողուհի Եկատերինա Բոչարովան, որը գրաֆիկ դիզայն է սովորում ռուսական Տոմսկ քաղաքում: Թալիսմանն ընտրում էր ողջ Ռուսաստանը, թեկնածու նկարների մրցույթն առցանց էր կատարվում:

Առաջնության պաշտոնական օրհներգը «Live It Up» երգն է: Հեղինակն ու կատարողը պուերտոռիկացի Նիկի Ջեմն է, նրա հետ միասին երգում են ամերիկացի ռեփեր Ուիլ Սմիթն ու կոսովցի երգչուհի Էրա Իստրեֆին:

Հակիրճ՝ այս պահի դրությամբ առաջնության սենսացիաների մասին

Դրանք մի քանիսն են:

Չկարողացան հաղթանակ տոնել այնպիսի ֆավորիտներ, ինչպիսիք են Բրազիլիան և Արգենտինան:

Աշխարհի ներկայիս չեմպիոնը՝ Գերմանիայի հավաքականն, ընդհանրապես պարտվեց մեքսիկացիներին, որոնք, ինչպես կարծում են շատ մեկնաբաններ, հաղթանակի հասան շնորհիվ այն բանի, որ բոլորի համար անսպասելի կերպով մրցակցից ավելի լավ էին խաղում պասիվ պաշտպանվելու փոխարեն:

Նրանց լավագույն խաղացող Չիչարիտոն նույնիսկ արտասվեց խաղից հետո՝ չդիմանալով էմոցիոնալ և ֆիզիկական լարվածությանը:

Ֆուտբոլային աշխարհը կրկին ցնցեց Իսլանդիայի հավաքականը, որը ոչ-ոքի խաղաց Արգենտինայի հետ խաղում:

2016թ-ին ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանն իսլանդացիները մեկ քառորդ եզրափակիչ հասան, ինչը պատմական հաջողություն էր մի երկրի համար, որի բնակչության թիվը հավասար է Մոսկվայի մեկ թաղամասի բնակիչների միջին թվին:

Առաջին հայացքից, իսլանդացիների հաջողությունները կարող են զարմանալի թվալ, սակայն դրանք օրինաչափ են: Իսլանդիայում մոտ 300 մարզարաններ կան, որտեղ երեխաներն ու մեծերը տարին բոլոր կարող են ֆուտբոլով զբաղվել: 300 հազարից մի փոքր ավել բնակչություն ունեցող երկրի համար դա շատ է:

Առաջին փուլի ամենադիտարժան խաղը Ռուսաստան-Սաուդյան Արաբիա խաղ-բացումն էր և Պորտուգալիա-Իսպանիա խաղը:

Ռուսները հաղթեցին իրենց մրցակցին 5:0 հաշվով. դա առաջնության դեռևս ամենախոշոր հաղթանակն է:

Ընդհանուր առմամբ դրական արձագանքներ՝ առաջնության կազմակերպման մասին

Միջազգային լրատվամիջոցներն ու սոցցանցերի օգտատերերը Ռուսաստանում անցկացվող առաջնության մասին բավականին լավ են խոսում: Շատերը գրում են կազմակերպման գերազանց որակի, տեղացիների բարյացակամության և օգնելու պատրաստակամության մասին:

Բավականին տիպիկ կարելի է համարել սոցցանցերում անգլիացի ֆուտբոլային երկրպագուներից մեկի արձագանքը [թարգմանությունն անգլերենից՝ JAMnews-ի]:

«Տեղավորվել եմ Տվերում՝ Մոսկվայից 200կմ հեռավորության վրա, փոխարենն էժան է: Ուշ երեկոյան տուն էի վերադառնում և մոլորվեցի: Հանդիպեցի Ռուսաստանի հավաքականի մի խումբ երկրպագուների: Սա աշխարհի իմ 6-րդ առաջնությունն է: Ուրիշների հաշվին ես այսքան դեռ չէի հարբել»: 

Տրանսպորտը

Մոսկվան դժվար է զարմացնել խցանումներով. աշխատանքի գնալիս մեքենայում ճանապարհին անցկացրած 1,5 ժամը և նույնքանը՝ վերադառնալիս այստեղ նորմա է համարվում: Սակայն այն, ինչ կատարվում է քաղաքում առաջնության օրերին, տպավորիչ է անգամ ամենամեծ խցանումները տեսած մոսկվացիների համար:

Նույնիսկ գիշերը Շերեմետևո օդանավակայանից մինչև Մոսկվայի կենտրոն ճանապարհն այժմ տևում է ոչ պակաս, քան երկու ժամ:

Մոսկվայի տաքսու վարորդները գրեթե մեկ երրորդով թանկացրել են իրենց ծառայությունների գները: Քաղաքի լեգենդ է դարձել նրանցից մեկը, որը պերուացի երկրպագուին օդանավակայանից հյուրանոց էր հասցրել և բացատրել, որ 1200 թիվը հաշվիչի վրա ոչ թե ռուբլի է նշանակում, այլ եվրո:

Սնունդը

Մակդոնալդսում այսպիսի հերթեր Մոսկվան վերջին անգամ տեսել էր 28 տարի առաջ, երբ Պուշկինի հրապարակում բացվեց առաջին Մակդոնալդսը:

Դա բացատրվում է ոչ միայն արտասահմանցիների համար ճանաչելի լոգոյով և սննդի կայուն որակով, այլ նաև գներով:

Բանն այն է, որ Մոսկվայի ռեստորաններն ու սրճարանները ետ չեն մնում տաքսու վարորդներից: Խաբեբաների վարկանիշում առաջին տեղը դեռևս զբաղեցնում է «Լուժնիկի» մարզադաշտում գտնվող բարը: Այնտեղ երկու ճաշացանկ են կազմել՝ ռուսերեն և անգլերեն: Բովանդակությունը նույնն է, գները տարբերվում են մեկ երրորդով:

Շփումը

Ռուսաստանի մայրաքաղաքի բնակիչների մի մասը հաստատ երջանիկ է առաջնության անցկացման կապակցությամբ, դրանք երիտասարդ մոսկվացիներն են: Դատելով այն հագուստից, որ նրանք հագնում են այս օրերին՝ աշխարհի առաջնությանը նախապատրաստվելը սկսվել է վաղուց և մանրակրկիտ ձևով

Եվ նրանց ջանքերն ակնհայտորեն ապարդյուն չեն անցել: Առաջնության մեկնարկից հետո անցած մեկ շաբաթվա ընթացքում Ռուսաստանում Tinder ծանոթությունների հայտնի կայքում հարցումների քանակն ավելացել է 20 տոկոսով:

Անվտանգությունը

Ոստիկանության, հատուկջոկատայինների և կիսազինվորական համազգեստով նրանց օգնող կամավորների թիվն այնքան էլ չի զիջում ֆուտբոլային երկրպագուների թվին:

Ոստիկաններին արտասահմանցի ֆուտբոլասերները հիմնականում դիմում են այն հարցով, թե ինչպես հասնել հարկ եղած վայրը: Մոսկվան բարդ կառուցվածքով քաղաք է, բացի այդ, առաջնության ժամանակ ինտերնետ-փրովայդերները և բջջային օպերատորները ծանրաբեռնված են աշխատում, այդ պատճառով էլ նավիգացիան շատ դանդաղ է աշխատում:

Ոստիկանները բարյացակամորեն պատասխանում են, սակայն ոչ միշտ են կարողանում հաղթահարել լեզբական խոչընդոտը: JAMnews-ի թղթակիցն այսպիսի մի տեսարանի է ականատես եղել. ինքնաձիգներով զինված, երկու հովվաշներով մի խումբ ոստիկաններ շրջապատել էին մի մարդու. այնպիսի տպավորություն էր, որ ահաբեկիչ են բռնել:

Պարզվեց՝ ոչ: Նրանք պարզապես փորձում էին եվրոպացի մի երկրպագուի բացատրել, թե ինչպես հասնել այն շենք, որտեղ նա բնակարան էր վարձել:

JAMnews-ի թղթակիցը պատրաստվել էր միջամտել, բայց չէր հասցրել: Խնդիրը լուծել էր ավելի բարձր կոչումով մեկը՝ գնդապետը: Նա ժեստերով առաջարկել էր զբոսաշրջիկին նրան հասցնել իր տուն՝ մատնացույց անելով այդտեղ կայանած ոստիկանական ավտոնբուսը, որը նախատեսված էր կալանավորվածներին տեղափոխելու համար և ճաղապատ պատուհաններով էր:

Քննարկվող սկանդալները

Քննարկվող թեմաներից առաջինն այն էր, որ երգչուհի Յուլյա Չիչերինային ՖԻՖԱ-ի ներկայացուցիչներն արգելեցին ելույթ ունենալ երկրպագուների առաջ Ռոստով քաղաքում: Պատճառն այն էր, որ երկգչուհին հայտնի է Ուկրաինայի հարավ-արևելքի անջատողականների հանդեպ համակրանքով, իսկ նրա երգերը, ինչպես ասված էր ՖԻՖԱ-ի նամակում, «պատերազմի կոչեր են պարունաում»: Ի պատասխան Չիչերինան բաց նամակով արգելքի հեղինակներին «ֆուտբոլային բանդերականներ» անվանեց:

Սոցցանցերում բուռն քննարկումներ առաջացրեց նաև Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի ունեցած հանդիսավոր համերգը՝ նվիրված առաջնության բացմանը: Ավելի շատ խոսվում էր եկրու կատարողների՝ օպերային երկգիչներ Յուսիֆ Էյվազովի և Աննա Նետրեբկոյի մասին: Սակայն քննարկվում էր ոչ թե վոկալային վարպետությունը, որից դժգոհությունների չկային:

Սոցցանցերում քննարկումների թեմաներից մեկն Էյվազովի հսկայական ադամանդե մետաղազարդն էր:

Մյուս թեման այն երգացանկն էր, որն ընտրել էր Նետրեբկոն: Նա երգեց Չայկովսկու

«Այս ամենը քո մասին է» ռոմանսը և կատարման ընթացքում անընդհատ դեմքով թեքվում էր դեպի Կրեմլի պատը: Սոցցանցերի օգտատերերը միաձայն եկան այն եզրահանգման, որ ռոմանսը հասցեագրված էր նախագահ Պուտինին:

Սակայն ամենաանողոք քննադատությանն արժանացավ այն տեսանյութը, որում երգիչ Ալեքսանդր Մալինինն ու իր դուրստրը կատարում են առաջնության պաշտոնական օրհներգը:

Հետաքրքիր վիճակագրություն

Առաջնությունն անցկացվում է Ռուսաստանի 11 քաղաքի 12 մարզադաշտերում:

2018թ-ի հունիսի 7-ին ՖԻՖԱ-ն հրապարակեց տոմսերի վիճակագրությունը: Այն պահին ընդհանուր առմամբ վաճառվել էր 2 մլն 403 հազար 116 տոմս, դրանցից մոտ 872 հազարը գնել էին ռուսները:

Երկրների առաջին տասնյակը (Ռուսաստանի ց բացի)՝ ըստ գնված տոմսերի.

ԱՄՆ՝ 88, 825

Բրազիլիա՝ 72,512

Կոլումբիա՝ 65,234

Գերմանիա՝ 62,541

Մեքսիկա՝  60,302

Արգենտինա՝ 54,03

Պերու՝ 43,583

Չինաստան՝ 40,251

Ավստրալիա՝ 36,359

Անգլիա՝ 32,362

Երկրպագուների ամենաբազմամարդ տարիքային խումբը (37%) 25-34 տարեկան մարդիկ են (Ռուսաստանի կապի և զանգվածային հաղորդակցման նախարարության տվյալները):

Ռուսաստանում շարունակվում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: JAMnews-ը հետևելու է իրադարձությունների զարգացմանը:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում