Չեռնոբիլում հրդեհը մոտենում է միջուկային թափոնների պահեստին
Ուկրաինայում Չեռնոբիլի ատոմակայանի օտարման գոտում անտառային հրդեհ է բռնկվել, որն արդեն տասներորդ օրն է չենք կարողանում մարել։ Հրդեհն արդեն մոտենում է միջուկային թափոնների պահեստին։
Հրդեհը շարժվում է դեպի Պրիպյատ քաղաք, հաղորդում է «Հրոմադսկոյե» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Chornobyl Tour ընկերության տնօրեն Յարոսլավ Եմելյանենկոյի խոսքերը, որը տուրեր է կազմակերպում դեպի օտարման գոտի։
«Իրավիճակը կրիտիկական է։ Գոտին հրդեհի մեջ է։ Տեղի իշխանությունը հաշվետվություն է ներկայացնում, թե ամեն ինչ վերահսկողության տակ է, սակայն իրականում հրդեհը սրընթաց կերպով համակում է նոր տարածքներ։ Այժմ կրակը հասել է Պրիպյատին և երկու կիլոմետրի վրա է «Պոդլեսնի» ռադիոակտիվ թափոնների պահեստից, որտեղ են գտնվում ողջ Չեռնոբիլի գոտու առավել ակտիվ ռադիացիոն թափոններն», — ընդգծել է նա։
Չեռնոբիլի ատոմակայանի վթարը, որը տեղի է ունեցել 1986 թ–ի ապրիլի 26–ին, համաշխարհային պատմության մեջ ատոմային էներգետիկ օբյեկտների թվում խոշորագույն աղետներից է համարվում։ Ատոմային ռեակտորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով շրջակա միջավայր էր արտանետվել ռադիակտիվ նյութերի մեծ քանակ։
Վթարի և դրա հաղթահարման ընթացքում տասնյակ մարդիկ են զոհվել, հազարավոր «լիկվիդատորների» առողջությանն անդառնալի վնաս է հասցվել։ 30-կիլոմետրանոց «օտարման գոտուց» տարհանվել էր ողջ բնակչությունը՝ ավելի քան 100 հազար մարդ։
Այդ գոտում՝ այդ թվում Պրիպյատ քաղաքում, որտեղ բնակվում էին կայանի աշխատակիցները, մինչև հիմա արգելված է մարդկանց բնակությունը։
Միաժամանակ, Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունում պնդում են, որ հրդեհը Չեռնոբիլի գոտում չի սպառնում թափոնների պահեստներին, և խուճապի համար պատճառ չկա։
Այդ մասին գրել է ներքին գործերի փոխնախարար Անտոն Գերաշչենկոն։
Նա պնդում է, որ մշակված միջուկային վառելիքի պահեստներից մեկն ընդհանրապես լցված չէ, իսկ մյուսը գտնվում է Չեռնոբիլի ատոմակայանի տարածքում, և այնտեղ այժմ անվտանգ է, և ցանկացած հրդեհ անհնար է։
Փոխնախարարը նշել է նաև, որ ռադիացիայի մակարդակն ինչպես Չեռնոբիլի գոտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, նորմայի մեջ է։
Չեռնաբիլի ատոմակայանի օտարման գոտում հրդեհը բռնկվել է ապրիլի 4–ին 20 հեկտար տարածքում, փրկարարները հրշեջներին օգնելու համար ավիացիա են ուղարկել։ Կրակի մարմանը խանգարում էր բարձր ռադիացիոն ֆոնը։
