Ուսուցիչների ատեստավորում Հայաստանում. մանկավարժները շահեցի՞ն, թե՞ հեղինակազրկվեցին
Հայաստանում ամփոփվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման փորձնական ծրագիրը։ Այն բացասական արձագանքների լայն ալիք է բարձրացրել թե՛ մանկավարժների, թե՛ փորձագետների շրջանում:
Նրանք պնդում են, որ ատեստավորման գործընթացն իրականացվել է բազմաթիվ թերություններով, իսկ գրանցված ցածր ցուցանիշները էականորեն ազդել են ուսուցչի վարկանիշի և ընդհանրապես երկրում կրթության նկատմամբ վերաբերմունքի վրա:
Ուսուցիչները և փորձագետները պահանջում են վերանայել, փոփոխության ենթարկել ատեստավորման կարգը՝ հնարավոր ռիսկերից խուսափելու նպատակով:
Փորձ՝ հասկանալու, թե ինչ է կատարվել, որտեղ է առաջացել խնդիրն ու ինչպես կարելի է այն հաղթահարել։
- Մենթոր դպրոցներ Հայաստանում․ օգնություն հեռավոր և սահմանամերձ գյուղերին
- Ինչպես փոխել գյուղի կյանքը․ SMART-մոտեցում, որն աշխատեց Հայաստանում
- Սեփական տանիքի տակ. Հայաստանում այլևս չեն լինի մանկատան անտուն շրջանավարտներ
Ատեսատավորում հանուն բարձր աշխատավարձի։ Թվեր
Ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը մեկնարկել է այս տարի։ Հայաստանի վարչապետի խոսքով՝ գործընթացը շարունակական է և կտևի մոտ 3 տարի։
Նպատակը արդի պահանջներին համապատասխան ուսուցիչների մուտքը դպրոց ապահովելն է՝ առաջարկելով նրանց մրցակցային աշխատավարձ։
«Եթե ուսուցիչը չի մասնակցի կամավոր ատեստավորմանը, բնականաբար, կառավարության մոտ հարց կառաջանա՝ ինչո՞ւ ուսուցիչը չի օգտվել իր աշխատավարձը բարձրացնելու հնարավորությունից»,– նշում է Նիկոլ Փաշինյանը։
8 առարկաներից անցկացված ուսուցիչների կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ է ներկայացրել 1372 ուսուցիչ, կամ մանկավարժների 11 տոկոսը։
Հայտ ներկայացրածներից միայն 996-ն են մասնակցել գործընթացին։
Անցողիկ շեմը հաղթահարել է 468 ուսուցիչ, այսինքն՝ 47,2%-ը, չի կարողացել հաղթահարել կեսից ավելին՝ 528 մանկավարժ։
Նրանք, ում հաջողվել է դրական արդյունք արձանագրել, կստանան 30-50% բարձրացված աշխատավարձ՝ ըստ վաստակած միավորների։
«Ուսուցիչների միջին աշխատավարձը՝ մեկ դրույքի, կազմում է 125 հազար դրամ, այսպիսով՝ 30% հավելավճար ստացող ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 37.000 դրամով, 40%-ինը՝ 50.000-ով, 50% ստացածներինը՝ շուրջ 61.500 դրամով», — տեղեկացրել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
Կամավոր ատեստավորման բողոքարկման փուլում ստացվել է 254 դիմում, որոնց քննարկման արդյունքում՝ հավելավճար ստացող ուսուցիչների թիվն ավելացել է 13-ով, փաստացի կազմելով 481 ուսուցիչ, ինչը մասնակիցների 48.5 տոկոսն է:
Նախարարությունից հայտնում են, որ ծրագրի հաջորդ փուլերում ատեստավորված ուսուցիչները կանցնեն ևս մեկ թեստավորում՝ ավելի բարձր չափանիշներով։ Ըստ այդմ՝ նրանց աշխատավարձը կրկին կբարձրանա։
«Գաղափարը ժամանակակից էր, կազմակերպումը՝ հին»
Երևանի Ներսես Մեծի անվան հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականություն ուսուցչուհի Կարինե Վերմիշյանը մեկն է նրանցից, ով մասնակցել է կամավոր ատեստավորմանը, սակայն չի հաղթահարել ԿԳՄՍ նախարարության կողմից սահմանված նվազագույն շեմը՝ 60 և ավելի տոկոս:
«Գաղափարը ճիշտ էր, ժամանակակից էր, բայց կազմակերպված էր հին ձևով՝ թեստերի միջոցով։ Դրանք հիմնականում կրկնուսույցների համար են, որոնք ամենօրյա ռեժիմով աշխատում են թեստերի հետ և ֆինանսապես շահագրգռված են այդ թեստերը սովորել: Ես ավագ դպրոցում աշխատանքի փորձ չունեմ, իսկ հիմնական դպրոցում իմ առօրյա աշխատանքում դրանց կարիքը չի եղել: Թեստային առաջադրանքները բավական խճճված էին, ենթապահանջները՝ չափազանց շատ», — պատմում է 30 տարվա մանկավարժը:
Ուսուցչի դիտարկմամբ՝ վերջին տարիներին թեստավորման համակարգով շրջանավարտների գիտելիքների ստուգման փորձն արդեն իսկ ցույց է տվել, որ այն անարդյունավետ է: Հետևաբար, նույն մոտեցումը կիրառել գործող ուսուցիչների նկատմամբ, նրա կարծիքով, անընդունելի է․
«Դրանք ինքնանպատակ թեստեր են, որոնք ոչ մի կերպ չեն նպաստում սովորել հայոց լեզուն, գրագետ լինել, բանավոր խոսք իմանալ ու վերլուծելու կարողություն ձևավորել: Նաև դա է պատճառը, որ մենք պատշաճ բանավոր, վերլուծական խոսք չունենք: Այդ թեստերը սերտողների ուղեղն աշխատում է միայն տարբերակներից որևէ մեկին պտիչկա դնելու ուղղությամբ»:
«Թեստը պարունակում է անճշտություններ»
«Ատեստավորում նշանակում է ուսուցիչների գիտելիքների, հմտությունների, կարողությունների ստուգում: Կամավոր ատեստավորման ժամանակ, սակայն, հաշվի է առնվել միայն մեկ բաղադրիչը՝ գիտելիքը:
Սա խնդրահարույց իրավիճակ է առաջացնում, մարդիկ արդարացիորեն դժգոհում են, թե՝ ուսուցչին ատեստավորելիս ինչո՞ւ նրա հմտությունները, կարողությունները որևէ կերպ հաշվի չեն առնվում: Ի վերջո, կրթության որակը պայմանավավորված է նաև այն մեթոդներով ու մոտեցումներով, որոնք ուսուցիչը կիրառում է դասապրոցեսի ընթացքում», — ասում է կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը:
Նրա դիտարկմամբ՝ կամավոր ատեստավորման գործընթացն իրականացվել է առանց պատշաճ նախապատրաստական աշխատանքի, և հաշվի չի առնել ուսուցիչների կարծիքը, նրանք դուրս են մնացել քննարկումներից:
Ատոմ Մխիթարյանը կարծում է՝ որոշումները կայացվել են վերևներում, հետո պարտադրվել ուսուցիչներին, և այդ պարտադրանքն արժանանում է դիմադրության։ Դա ակնհայտ է թե՛ սոցիալական ցանցերում շրջանառվող քննարկումների, թե՛ հրապարակային հարցազրույցների տեսքով:
Փորձագետ Սոֆյա Հովսեփյանը ատեստավորման գործընթացի կարևորագույն խնդիրների թվում մատնանշում է երկու հանգամանք․
- միջին և ավագ դպրոցների ոսուցիչներին նույն մակարդակում են թեստավորում,
- թեստերը կազմված են թերություններով ու սխալներով:
«Թեստերում առկա են եղել բազմաթիվ սխալներ, որոնք հենց Գնահատման և թեստավորման կենտրոնի մասնագետների կողմից են արվել։ Արդյունքում ստացվել է, որ այն մասնագետը, որը կազմել է այդ թեստերը, ավելի քիչ է տիրապետում, օրինակ, քիմիային և աշխարհագրությանը, քան ուսուցիչները, որոնք աշխատում են դպրոցներում», — ասում է Սոֆյա Հովսեփյանը:
Քիմիա առարկայի թեստերի հետ կապված՝ ուսուցիչների կողմից բողոքարկման դեպքերը եղել են ամենից շատ: Թեստերի ճշտությունը ստուգելու նպատակով ուսուցիչները նույնիսկ դիմել էին ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին։
Մեթոդական խորհուրդը պատասխանել է, որ 70 հարցից 27-ը պարունակում են անճշտություններ․
«Քիմիա առարկայից ուսուցիչների կամավոր ատեստավորման թեստը պարունակում է բազում անճշտություններ և չի կարող ծառայել իր նպատակին: Առաջարկում ենք անվավեր ճանաչել քիմիա առարկայից ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքներն ու նոր ատեստավորում իրականացնել»:
Այս պատասխանն ուղարկվել է Գնահատման և թեստավորման կենտրոն և ԿԳՄՍ նախարարություն:
«Ուսուցիչներն այլ աշխատանք են փնտրում»
Փորձագետ Ատոմ Մխիթարյանն ասում է, որ թերի իրականացված գործընթացը կարող է նպաստել ուսուցիչների արտահոսքին դպրոցներից․
«Սա այն պարագայում, երբ արդեն իսկ Հայաստանի ավելի քան 100 դպրոցներում ուսուցիչների թափուր հաստիքներ կան: Փոխանակ ինչ-որ մեխանիզմ մտածենք և լրացնենք թափուր հաստիքները, խրախուսենք, որ մարդիկ գնան գյուղերի դպրոցներ, հակառակն ենք անում։ Ստիպում ենք, որ նրանք դուրս գան դպրոցից և այլ աշխատանք փնտրեն: Այս չմտածված գործողությունների արդյունքում կրթական ոլորտում առաջիկայում կարող ենք ունենալ ավելի վատ վիճակ»:
Մանկավարժներից շատերն են կարծում, որ ատեստավորման արդյունքում խարխլվեց իրենց մասնագիտական հեղինակությունը։
Արզականի միջնակարգ դպրոցի ֆրանսերենի ուսուցիչ Մանուշակ Հովհաննիսյանը դպրոցից դուրս գալու մասին մտածողներից մեկն է․
«Դատախազի աշխատավարձը [կառավարությունն] ուզում է 2 մլն-ից ավելի դարձնի, իրենք իրենց պարգևավճարներ են տալիս, իսկ ուսուցչին արժանի չե՞ն համարում: Պիտի ուսուցիչն անպայման փորձությունների միջո՞վ անցնի»:
Մանկավարժները քննադատում են նաև ԿԳՄՍ նախարարության որոշումը միայն ատեստավորումն անցած ուսուցիչների աշխատավարձերի մինչև 50 տոկոսի չափով բարձրացման մասին:
«Ես համաձայն չեմ այդ մոտեցման հետ, դա ի՞նչ խտրականություն է: Թող թեկուզ 2000 դրամով, բայց բոլոր ուսուցիչների աշխատավարձը բարձրացնեն», — ասում է Մանուշակ Հովհաննիսյանը:
«Ատեստավորման փոխարեն վերապատրաստում կազմակերպել»
«Այս խնդրի լուծումն ունի երկու ճանապարհ. կամ ուսուցիչները կազմակերպված չգնան ատեստավորման, որից հետո պետական համակարգը ստիպված կլինի վերանայել առաջարկվող մոտեցումը, կամ քննարկեն, ընդհանուր հայտարարի գան և պատշաճ որակի բերեն թեստերը, որից հետո բոլոր ուսուցիչները կհամարձակվեն դիմել ատեստավորման», — ասում է Սոֆյա Հովսեփյանը:
«Ատեստավորման փոխարեն պետք է ուսուցիչների վերապատրաստման գործընթաց կազմակերպել: Եթե մեզ համար կարևոր են ուսուցչի որակները, գիտելիքները, նորարարական մեթոդների իմացությունն ու կիրառումը, պետք է սկսել վերապատրաստումներից, ոչ թե քննություններ կազմակերպել, ժողովրդական լեզվով ասած՝ ուսուցիչներին« կտրելու» կամ գերազանցիկներ ընտրելու համար: Պետք է ուսումնասիրել աշխարհի լավագույն փորձը և ներդնել մեզ մոտ, եթե, իհարկե, մեր նպատակը կրթության որակի բարձրացումն է, ոչ թե շոու կազմակերպելը», — կարծում է Ատոմ Մխիթարյանը:
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հրապարակային խոստովանում ու միաժամանակ նաև խոստանում է.
«Քանի որ սա փորձնական ծրագիր էր, բնականաբար, առաջին անգամ անցկացման հանգամանքով պայմանավորված՝ որոշակի ճշգրտումներ կատարելու և գործընթացն առավել բարելավելու կարիք է առաջացել: Այդ պատճառով մենք բաց ենք առաջարկներ ստանալու և դրանք քննարկելու համար: Հույս ունեմ, որ հետագա տարիներին կիրականացնենք այնպիսի փոփոխություններ, որոնց արդյունքում ավելի մեծ թվով ուսուցիչներ կմասնակցեն կամավոր ատեստավորմանը»: