«Ունես հաշմանդամություն, չունես իրավունք»․ հավասարության իրական պատկերը Հայաստանում
Հաշմանդամություն ունեցողների իրավունքները
Հայաստանում ներառական հասարակություն ունենալու տեսլականը հնչում է բոլոր մակարդակներում՝ քաղհասարակությունից մինչև պետական քաղաքականություն։ Շուրջ մեկ տարի առաջ ընդունվեց նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքը, որն արգելում է հաշմանդամության հիմքով ցանկացած խտրականություն։ Իրականությունը, սակայն, բոլորովին այլ է։
Այն մասին, թե խտրականության ինչ դրսևորումների են հանդիպում հաշմանդամություն ունեցող անձինք Հայաստանում, պատմում են հենց իրենք։
- 90 վայրկյան․ Հայաստանի մանկատների սաների կյանքը չափահաս դառնալուց հետո
- Հաշմանդամություն ունեցող երեխաների մասին՝ սեփական և որդերգրված
- Նա այն երեխան չէ, ում մասին երազել են․ Հայաստանում ծնողները հրաժարվում են հաշմանդամություն ունեցող երեխաներից
«Իզուր մի տանջվեք, վարորդ գտեք ձեզ համար»
Փարթամ, խուճուճ մազերն ու մատների թարմ, կոկիկ, ճերմակ մատնահարդարումը միանգամից աչքի են զարնում։ 26-ամյա Սյուզի Գրիգորյանը օրվա մեջ հասցնում է ամեն ինչ՝ աշխատանք, ժամանց, երբեմն՝ էքստրիմ։ Նա հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ է զբաղվում, հասարակական կազմակերպության համահիմնադիր է։ Սյուզին հաշմանդամություն ունի ու դրա հետ հակասության մեջ գտնվող երազանք։
«Իրականում, երազանքս մեծ չէ․ ընդամենը ուզում եմ մեքենա վարել սովորել։ Այսօր դա, փաստորեն, Հայաստանում հնարավոր չէ։ Ես դիմել եմ գրեթե բոլոր ավտոդպրոցներին, սակայն, երբ լսում են, որ հաշմանդամություն ունեմ, միակ պատասխանը հնչում է այսպես․ «Կներեք, ձեզ համար տարբերակ չունենք»։ Իրականում, խնդիրն այն է, որ Հայաստանում հարմարեցված մեքենա չկա, որով կարող են վարել սովորել հաշմանդամություն ունեցող մարդիկ։
Իմ դեպքում հարմարեցումը պարզ է․ պետք է, որ փոխանցման համակարգը հարմարեցված լինի ոչ թե ձեռքով փոխելու համար, այլ՝ ոտնակով։ Ավտոդպրոցները, իհարկե, կարող էին իրենց մեքենաներից որևէ մեկը հարմարեցնել, բայց իմաստ չեն տեսնում, քանի որ վարորդական իրավունք ստանալու համար, միևնույն է, պետք է քննություն հանձնել մեխանիկական փոխանցման համակարգով մեքենաներով»,- բացատրում է Սյուզին։
Նա ծնվել է նախաբազկի ոսկրերից մեկի բացակայությամբ․ ձեռքերը լավ զարգացած չեն։ Սակայն դա ոչ մի կերպ չի ազդում նրա ակտիվության վրա։
Հասցրել է անգամ պարապլանով թռչել, բայց վարել դժվար թե սովորի, առնվազն՝ առաջիկա տարիներին։ Հայաստանում գործող ավելի քան 50 ավտոդպրոցներից որևէ մեկում հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված ուսումնական և քննական մեքենաներ չկան։
«Սկզբում, երբ հետաքրքրվում էի, հնարավոր տարբերակներն էի ուսումնասիրում, ավտոդպրոցներից մեկում ինձ «շատ բարի» խորհուրդ տվեցին՝ իզուր չփորձել և վարորդ գտնել, միևնույն է, ոչինչ չի ստացվելու։ Դրանից հետո մեքենա վարելու երկու անհաջող փորձ, այնուամենայնիվ, ունեցա․ ծանոթիս միջոցով մի ավտոդպրոցում գնացի երեք դասի։ Խնդիրն այն էր, որ ես նստած վիճակում չէի կարող ուղղել մեքենայի նստատեղը։ Ստիպված էի ամեն անգամ նստարանը հարմարեցնելու համար իջնել մեքենայից, ուղղել այն, նորից նստել։ Մինչդեռ սա շատ հեշտ կարող էր կարգավորվել, եթե դա ավտոմատ կառավարմամբ լիներ։
Երկրորդ փորձս արդեն մասնավոր ուսուցչի հետ էր։ Խեղճ մարդն այնքան էր լարվում տեսնելով հաշմանդամությունս, որ ես հասկանում էի՝ հետո ստիպված եմ լինելու նրան հոգեբանի մոտ տանել սթրեսը հաղթահարելու համար»,- կատակում է Սյուզին։
Նրա դեպքում լուծումը մեկն է․ գնել սեփական մեքենա, հարմարեցնել այն, սովորել և քննություն հանձնել այդ մեքենայով, սակայն դա, Սյուզին, հարցի լուծում չի համարում․
«Սեփական մեքենայով սովորելը և քննություն հանձնելը դեռ գործի կեսն է։ Օրենքը սահմանում է, որ վարորդական իրավունք ստանալու համար յուրաքանչյուր մարդ 7 տարբեր բժիշկ–մասնագետների կողմից տրված տեղեկանքներ պետք է ներկայացնի։ Այս դեպքում էլ բժիշկները շատ հաճախ առաջնորդվում են հաշմանդամության վերաբերյալ կանխակալ մոտեցումներով, բժշկական մոդելով և բացարձակապես չեն դիտարկում մարդու՝ վարելու կարողությունը»։
Այսօր աշխատանքային ծանրաբեռնվածությունը շատ է, բայց Սյուզին ասում է՝ հենց ժամանակ ունենա, անպայման զբաղվելու է այս խնդրով։
Հարցը միայն ինքը չէ, սա կարող է նախադեպ դառնալ հազարավոր այլ մարդկանց համար, որոնց իրավունքները սահմանափակվում են օրենքներով։
Մանկատուն, որտեղ ապրում են մեծերը
Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատանն ապրում է 237 մարդ, նրանցից 164-ն այլևս երեխա չեն։ Սա մասնագիտացված մանկատուն է, նախատեսված՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար։
Համլետն ու Արսենն արդեն ավելի քան 20 տարի արթնանում ու քնում են նույն ժամին, դայակների հսկողության տակ։ Ազատ ժամանակ գրեթե չունեն․ Համլետը մանկատան փոքրիկ արհեստանոցում կավագործությամբ է զբաղվում, իսկ Արսենի ձեռքի տակ սովորական փայտը հերթական կախարդական մեքենայի է վերածվում։ Այստեղ նրանց համար ստեղծվել են բոլոր պայմանները՝ սիրելի գործով զբաղվելու համար, բայց երկուսի երազանքն էլ նույնն է՝ դուրս գալ այստեղից։
«Ես իմ տունն եմ ուզում, հողամասով, որ մշակեմ, տարբեր բաներ ցանեմ ու հավաքեմ, իմ տունը»,- վստահ ասում է Համլետը։
«Ես էլ եմ տուն ուզում ու իմ ընտանիքը»,- ժպիտով ավելացնում է Արսենը։
2016 թ.–ին Խարբերդի մանկատան կանոնադրությունը փոխվեց, ինչի շնորհիվ հնարավոր եղավ երեխաներին այստեղ պահել նաև չափահասությունից հետո։ Պատճառը մեկն է․ Հայաստանում մանկատան հաշմանդամություն ունեցող երեխաները չափահաս դառնալուց հետո գնալու միայն երկու տեղ ունեն՝ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ և «Ձորակ» խնամքի կենտրոն, որոնք երկուսն էլ գերծանրաբեռնված են։ Այս տեղերից ոչ ոք դուրս չի գալիս։
Թվում էր՝ հարցի լուծում կարող է դառնալ մանկատան շրջանավարտներին բնակարանով ապահովելու մասին կառավարության որոշումը։ 2019 թվականին մանկատան 300 շրջանավարտների բնակարանի գնման վկայագիր տրամադրելու նպատակով պետական բյուջեից հատկացվել էր 1.9 մլրդ դրամ։ Մինչ օրս բնակարանի գնման վկայագիր են ձեռք բերել 210 շրջանավարտներ։ Նրանցից ոչ մեկը հաշմանդամություն չունի։
Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանն ասում է, որ իրենց մեծագույն խնդիրը չափահաս դարձող երեխաների հետագա կյանքի կազմակերպումն է․
«Մեր 12 շրջանավարտների համար դիմել ենք նախարարություն՝ բնակապահովման ծրագրի շահառու դառնալու համար, սակայն բոլորի դեպքում էլ հայտերը մերժվել են։ Բայց կարող եմ ասել, որ դիմողներից առնվազն 4–ն ունեն ինքնասպասարկման բավարար հմտությունները՝ ինքնուրույն ապրելու իրենց հնարավորությունից օգտվելու համար»։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որը մշակել է այս որոշումը, խոստովանում է՝ ստացել է դիմումներ Խարբերդի մասնագիտացված մանկատան շրջանավարտներից, որոնք, չնայած իրենց չափահասությանը, մինչ օրս այդտեղ են բնակվում։
Բայց նախարարությունը որոշել է, որ «ելնելով ինքնասպասարկման ապահովման ունակություններ չունեցող մանկատան շրջանավարտների լավագույն շահից, նրանց բնակապահովումը պետք է իրացվի ոչ թե բնակարանի գնման վկայագրի, այլ փոքր տների և որոշակի խնամքի ապահովման մեխանիզմով»։
Այսպիսով՝ պետությունը հրաժարվում է բնակարանի գնման վկայագիր տրամադրել մանկատան հաշմանդամություն ունեցող շրջանավարտներին՝ կանխորոշելով նրանց հետագա կյանքը հոգեկան առողջության կենտրոններում, ընդմիշտ, անկախ հաշմանդամության տեսակից։
Այսօր Հայաստանում կա 193 հաշմանդամություն ունեցող մանկատան շրջանավարտ։
Երբ օրենքը խախտում է հենց պետությունը
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանն ասում է, որ կառավարության այս մոտեցումը խտրական է և հակասում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքին․
«Որոշումը խտրական կերպով սահմանում է, որ բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք չունեն «ինքնասպասարկման ապահովման ունակություններ չունեցող շահառուները»։
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան արձանագրում է հաշմանդամություն ունեցող անձանց՝ որոշումների կայացման և այս նպատակով աջակցություն ստանալու իրավունքը։
Բացառիկ դեպքերում, երբ առավելագույն ջանքերի գործադրմամբ հնարավոր չէ պարզել անձի կամքը, թույլատրվում է առաջնորդվել հաշմանդամություն ունեցող անձի կամքի և նախապատվությունների լավագույն մեկնաբանմամբ, բայց ոչ չափահասի «լավագույն շահի» պետության թյուր ընկալմամբ»։
Միևնույն ժամանակ, օրենքով սահմանված պետական քաղաքականության ուղղություններերից է բնակավայր ընտրելու իրավունքի իրականացման ապահովումը։
Վերջերս Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն մտահոգություն է հայտնել Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց համար բնակարանային ապահովման հասանելիության, խտրական օրենսդրության և համայնքում ապրելու համար առկա շատ սահմանափակ աջակցության միջոցների վերաբերյալ և սպասում է կառավարության մեկնաբանությանը։
«Փաստացի, այս որոշումը հիմք է ստեղծում բնակարանի գնման վկայագրի ձեռքբերման բոլոր պահանջներին համապատասխանող հաշմանդամություն ունեցող անձանց դիմումները մերժելու կամ չհաստատելու համար՝ բացառապես իրենց հաշմանդամության պատճառով։
Այն հիմնավորումը, որ նրանք, չունենալով այս կամ այն հմտությունը, կարող են հայտնվել վտանգավոր իրավիճակներում, չի կարող արդարացնել խտրականությունը։ Հակառակը՝ դա ապացուցում է պետության՝ մարդկանց անվտանգությունն ու բարեկեցությունը ապահովելու և պաշտպանելու պարտականության համար ջանքերի անհրաժեշտությունը, անկախ կյանքի ծառայություններ ստեղծելու հրատապությունը»,- ասում է Մուշեղ Հովսեփյանը։
Որպես հնարավոր այլընտրանք, փորձագետն առաջարկում է աջակցել հաստատություններից իրենց բնակարաններ տեղափոխված անձանց՝ բնակելի տարածքի հարմարեցման, տնային խնամքի, անձնական օգնականի կամ սոցիալական օգնականի ծառայության տրամադրման միջոցով:
Մուշեղ Հովսեփյանն այս հարցը նախարարության հետ երկար քննարկելուց հետո 3 անգամ ուղղել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրա ծավալուն ասուլիսների ընթացքում։
Հարցը ոչ մի անգամ չի հնչեցվել ասուլիսների հեռուստատեսային եթերների ընթացքում և, բնականաբար, մնացել է անպատասխան։
- Աշխատանք պատերազմի մասնակիցների համար․ ինչ է արվում Հայաստանում
- Անվտանգության գոտու պահանջ Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչներից
- «Հայաստանը կարող է կրկնել Սինգապուրի հաջողությունը»․ Ռուսաստանից տեղափոխված գործարարներ
«Իրավական» խտրականություն․ երբ անհավասարությունը սահմանված է օրենքով
Սա, սակայն, հաշմանդամության հիմքով խտրականության միակ դեպքը չէ։ Օրինակ՝ մի շարք կառույցներում պաշտոններ հնարավոր չէ զբաղեցնել, եթե անձը հաշմանդամություն կամ որևէ հիվանդություն ունի։
Այսպես, անձը չի կարող դատախազ կամ դատախազության աշխատակազմի պետական ծառայող դառնալ, եթե ունի «մարմնի չափերի խանգարում» օրինակ՝ գեր է կամ գաճաճ։ Սահմանափակումների հաստատված ցանկում այս հիվանդությունները ներկայացված են որպես «արտահայտված արտաքին այլանդակություն»։
Հատուկ քննչական ծառայությունում և քննչական կոմիտեում աշխատանքի չի կարող ընդունվել, օրինակ «վերին կամ ստորին զույգ վերջույթների բացակայություն» ունեցող մարդը։
Դատավորի պաշտոնում չի կարող նշանակվել կույր կամ խուլ մարդը, ինչպես նաև նա, ով ծանր տիպի շաքարային դիաբետ կամ քաղցկեղ ունի։
Հաշմանդամություն ունեցող անձինք զրկվում են նաև երեխաներ որդեգրելու հնարավորությունից, իսկ հոգեկան առողջության խնդիր ունենալու հիմքով կարող են զրկվել նաև ծնողական իրավունքներից։
Հաշմանդամության կամ այլ հիմքով անգործունակ ճանաչված մարդիկ զրկվում են իրենց կյանքի վերաբերյալ որևէ որոշում կայացնելու գրեթե բոլոր իրավունքներից։
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանն ասում է՝ սրանք «օրենքով սահմանված խտրականության» ընդամենը մի քանի օրինակներն են.
«Սկսած Սահմանադրությունից, որով անգործունակ ճանաչված անձինք զրկված են ընտրական իրավունքներից, մինչև կառավարության որոշումներ, նախարարների հրամաններ… Հարյուրավոր իրավական փաստաթղթեր կան, որոնցում կան խտրական դրույթներ, բայց դրանցից աստիճանաբար ազատվելու համար հավասարության ընկալում ու քաղաքական կամք է պետք ունենալ, նաև աշխատանքների համակարգման կարողություն։ Երեքն էլ այսօր, ցավոք, չկան»:
Հաշմանդամություն ունեցողների իրավունքները