Սաակաշվիլին «խառնվածքով» մո՞տ է Զելենսկուն։ Վրաստանի նախկին նախագահն Ուկրաինայում բարձր պաշտոնի է նշանակվում
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հաստատել է իր ապագա նշանակումն Ուկրաինայում։
Ինչպես նշել է Սաակաշվիլին DW–ի («Գերմանական ալիք») ուկրաինական ծառայությանը տված հարցազրույցում, նա աշխատելու է որպես Ուկրաինայի նախագահին կից Բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար։
Սակայն Սաակաշվիլին չի նշել հստակ ամսաթիվը, թե երբ են իրեն այդ պաշտոնում նշանակելու։
- Մեկնաբանություն․ Սաակաշվիլիի երրորդ գալուստն Ուկրաինա
- Ուկրաինացիները կատակել են իշխանության հետ։ Ռեպորտաժ Ուկրաինայից այն մասին, թե ինչպես կատակերգու դերասանին հաջողվեց նախագահ դառնալ և ինչ սպասել նրանից
«(Ուկրաինայի նախագահ Վլադիմիր) Զելենսկին Սաակաշվիլիին ուզում է օգտագործել որպես կատալիզատոր, որպեսզի կառավարությունն ավելի արագ աշխատի, ավելի շատ կենտրոնանա բարեփոխումների վրա, ավելի արդյունավետ դառնա», — ասել է ուկրաինացի քաղաքագետ Վլադիմիր Ֆեսենկոն ուկրաինական Հրոմադսկոյե հեռուստաընկերության եթերում։
Ֆեսենկոն կարծում է, որ Սաակաշվիլին Զելենսկուն մոտ է «խառնվածքով»։ Միաժամանակ քաղաքագետը նշել է, որ շատ են վարկածներն այն մասին, թե Զելենսկու ինչին է պետք Սաակաշվիլին։ Դրանցից մեկը ներքին գործերի ազդեցիկ նախարար Արսեն Ավակովին «հավասարակշռելն» է։ Սակայն Ֆեսենկոն կարծում է, որ, եթե անգամ Զելենսկին այդպիսի շարժառիթ ունի, այն երկրորդական է։
Ավելի վաղ Սաակաշվիլիի թեկնածությունը դիտարկվում էր բարեփոխումների հարցերով փոխվարչապետի պաշտոնի համար։ Սակայն, ըստ ուկրաինական լրատվամիջոցների հաղորդագրությունների, Գերագույն Ռադայում նախնական խորհրդատվության ընթացքում այդ որոշումը խորհրդարանական մեծամասնության պատգամավորների կողմից աջակցություն չէր ստացել։

Ուկրաինայում Միխեիլ Սաակաշվիլիի բարձր պաշտոնում հնարավոր նշանակման դեմ են հանդես գալիս Վրաստանի ներկայիս իշխանությունները։ Ըստ պաշտոնական Թբիլիսիի ներկայացուցիչների հայտարարությունների՝ անընդունելի է Ուկրաինայում մի մարդու նշանակումը, որի դեմ վրացական դատարանը մի քանի մեղադրական դատավճիռ է կայացրել։
Ուկրաինայի նախորդ նախագահ Պետրո Պորոշենկոյի պաշտոնավարման ընթացքում Միխեիլ Սաակաշվիլին ուկրաինական քաղաքացիություն էր ստացել, նա սկզբից նշանակվել էր նախագահի խորհրդական, այնուհետև՝ Օդեսայի մարզպետ։ Ավելի ուշ նա հրաժարական էր տվել՝ իշխանություններին մեղադրելով կոռուպցիայի մեջ, և փորձել բողոքի ակցիաներ կազմակերպել։ Դրանից հետո Վրաստանի նախկին նախագահը զրկվել էր ուկրաինական քաղաքացիությունից և արտաքսվել երկրից։
Ուկրաինա վերադառնալ Սաակաշվիլին կարողացավ 2019 թ–ին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։ Նախագահ Զելենսկին իր հրամանով վերականգնել է նրա քաղաքացիությունը։
Ինչպես էր Սաակաշվիլին Վրաստանում իշխանության եկել, և նրա հիմնական ձեռքբերումների մասին՝ JAMnews–ի «Վեց բան Միխեիլ Սաակաշվիլիի մասին, որ ուզել եք հարցնել վրացիներից» նյութում։