Ուկրաինացիները կատակել են իշխանությունների հետ
Թե հենց ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում այս ընտրությունների ժամանակ, այնքան էլ հեշտ չէ բացատրել, այդ թվում հենց Ուկրաինայի քաղաքացիների, անգամ նրանց համար, ովքեր քվեարկել են Զելենսկու օգտին: Ապրիլի 21-ին ընտրված Ուկրաինայի նոր նախագահն իր պարտականությունները ստանձնեց մայիսի 20-ին:
Զելենսկու ֆենոմենը
Ուկրաինայում հայտնի «Ժողովրդի ծառան» հայտնի սերիալի սյուժեն գրեթե ամբողջությամբ իրականանում է կյանքում. Վլադիմիր Զելենսկին, որը սերիալում մարմնավորվում էր պատահաբար նախագահ դարձած գյուղական ուսուցչի, իրական կյանքում ընտրություններում հաղթեց Ուկրաինայի գործող նախագահին: Նա հավաքեց ձայների 73 տոկոսը, իսկ նրա մրցակից Պետրո Պորոշենկոն՝ 25 տոկոսից մի փոքր քիչ:
Ի՞նչն է այստեղ առավել մեծ դեր խաղացել. համակրանքը սերիալի վիրտուալ կերպարի նկատմա՞մբ, թե՞ հակակրանքը գործող իշխանության նկատմամբ: Հստակ պատասխանը առայժմ ոչ ոք չգիտի:
Սերիալում Զելենսկու հերոսը՝ նախագահ Գոլոբորոդկոն, պայքարում է կոռուպցիայի դեմ, խոշոր պաշտոնյաներին բանտ է նստեցնում, պայքարում է օլիգարխների դեմ և արդյունքում հաջողության է հասնում՝ անցնելով բազմաթիվ դժվարությունների միջով, այդ թվում՝ իմփիչմենթ և բանտ:
«Դուք Գոլոբորոդկոն չեք,- բանավեճի ժամանակ իր ընդդիմախոսին էր դիմել նախագահ Պորոշենկոն,- Դուք այստեղ եկել եք ո՛չ հեծանիվով, ո՛չ էլ տրոլեյբուսով»:
• Մեկնաբանություն․ Ուկրաինան մաքուր էջի՞ց է սկսում
• Ի՞նչ կարող է անել Ուկրաինայի նոր նախագահ Վլադիմիր Զելենսկին և ի՞նչ չի կարող
Եվ իսկապես, Զելենսկին շրջում է ոչ թե հեծանիվով, այլ բավականին թանկարժեք «Ռեյնջռովերով» և թիկնապահներով: Նա ոչ միայն դերասան, հեղինակ և սցենարիստ Վլադիմիր Զելենսկին է, այլև փորձառու մեդիամենեջեր, որը ղեկավարում է (համենայն դեպս նախքան ընտրությունները) միլիոնների շրջանառություն ունեցող բիզնես: Բացի «Կվարտալ 95» ստուդիայից, դրա մեջ մտնում է նաև ֆիլմերի արտադրություն և տարբեր շոուներ:
Գլխավորը, որում Զելեսկուն մեղադրում են Պորոշենոն և նրա համախոհները, օլիգարխ Իգոր Կոլոմոյսկիի հետ կապն է. քարոզարշավի ժամանակ նախագահը նրան անվանել էր «խամաճիկ»: Պորոշենկոյի երբեմնի զինակից Կոլոմոյսկին, որին նախագահն ինքը 2014թ. նշանակել էր Դնեպրոպետրովսկի նահանգապետ, Ուկրաինայում շատերի կարծիքով, իսկապես փրկել է մարզը ռուսամետ անջատողականների ազդեցությունից, ընդ որում սեփական միջոցներով ֆինանսավորել է բանակը և կամավորական գումարտակաները:
Ավելի ուշ Պորոշենկոյի և Կոլոմոյսկու ճանապարհները բաժանվեցին. վիճելով նախագահի հետ պետական նավթային ընկերության վրա վերահսկողության պատճառով՝ օլիգարխը հեռացվեց նահանգապետի պաշտոնից, իսկ հետո լքեց երկիրը: Կոլոմոյսկուն պատկանող Ուկրաինայի խոշորագույն «Պրիվատբանկը» ազգայնացվեց:
Վլադիմիր Զելենսկին Կոլոմոյսկուն անվանում է բիզնես-գործընկեր. նրա երգիծական շոուն և հեռուստասերիալը հեռարձակվել ել Կոլոմոյսկուն պատկանող 1+1 հեռուստաալիքով: Լրագրողները պարզել են, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Զելենսկուն սպասարկել է Կոլոմոյսկու նույն փաստաբանը, ինչպես նաև օլիգարխի կառույցներին պատկանող մեքենաները և թիկնապահները: Բացի այդ, պարզվել է, որ Զելեսնսկին ընտրություններից առաջ մի քանի անգամ մեկնել է Իսրայել, որտեղ ապրում է Կոլոմոյսկին, ընդ որում, նրան ուղեկցել են օլիգարխին մոտ կանգնած մարդիկ:
Ինքը՝ Զելենսկին, հերքում է Կոլոմոյսկու ազդեցությունն իր վրա, իսկ նրա շտաբի ներկայացուցիչները ոչ մի վատ բան չեն տեսել քարոզարշավի ընթացքում «նախկին գործընկերների» հետ գործակցության մեջ:
Ո՞րն է գլխավոր պատճառը
Ուկրաինայում թե՛ քաղաքական մեկնաբանների, թե՛ հետազոտողների մեծ մասը ենթադրում են, որ մարդիկ ընտրություններում հիմնականում քվեարկել են գործող քաղաքականությունից ընդհանուր հիասթափությունից դրդված և որպես գործող իշխանությունների դեմ բողոքի նշան:
«Որոշ առումով Զելենսկու բարձր ցուցանիշը նրա անձնական արժանիքը չէ: Դա քվեարկություն էր մի մարդու համար, որը ոչ մի օր քաղաքականության մեջ չի եղել»,- ասում է «Ձերկալոտիժնյա» պարբերականի գլխավոր խմբագրի տեղակալ Սերգեյ Ռախմանինը:
Նրա կարծիքով՝ հենց քաղաքական փորձի բացակայությունը, գումարած սերիալի և շոուների շնորհիվ ճանաչելիությունն են ապահվել Զելենսկուն վճռական հաղթանակ:
Բացի այդ, սեփական պարտության մեջ «ներդրում» են ունեցել հենց Պորոշենկոն և նրա շրջապատը.
«Պորոշենկոն իր շուրջը ստեղծել էր հավատարիմ, մասամբ պնակալեզների շրջապատ, որն էլ նրա համար ստեղծեց սառը լոգանքի էֆեկտ»:
Նախագահն ընտրություններից առաջ իր համար ընտրել էր փորձով իմաստնացած «ազգի հոր», հաջողակ գլխավոր հրամանատարի, ազգային գաղափարախոսության և հոգևոր արժեքների պաշտպանի կերպար: Առավել ևս, որ հենց ընտրություններից առաջ ուկրաինական ուղղափառ եկեղեցին, մեծապես նախագահի շնորհիվ, հասավ նրան, որ Կոստանդնուպոլսի պատրիարքարանն ինքնուրույնություն շնորհեց նրան:
Կարճ ասած՝ տիպիկ հետխորհրդային ղեկավարի կերպարին նմանվող մեկը: Ընտրություններից առաջ նախագահն անգամ հրապարակավ գլխավորում էր նոր հրթիռի փորձարկումները, գրեթե ինչպես Վլադիմիր Պուտինը:
Պորոշենոյի արշավի գլխավոր կարգախոսն էր «Բանակ, Լեզու, Հավատ»: Ինչը առանց լրացուցիչ բացատրությունների պետք է իր կողմը գրավեր այն ընտրողներին, որոնց համար կարևոր են ազգային արժեքները:
Սակայն դա չաշխատեց:
«Ինչ տեղի ունեցավ: Ժողովրդին ձանձրացրել էին մարդիկ, որոնք տարիներ շարունակ իրենց կեսճշմարտություն են ասել կամ ստել են: Շատերը հոգնել էին վերջին տարիների հայրենասիրական հռետորաբանությունից: Քանի դեռ մարդկանց կյանքը չէր բարելավվել, այդ կարգախոսները լեզվի, հավատի և բանակի մասին, միջազգային թատերաբեմում հաջողությունները շատ էին նյարդայնացնում»,- ասում է հայտնի լրագրող, «Գրամադսկոյե» ռադիոյի հաղորդավար Անդրեյ Կուլիկովը, որը ընտրությունների երկրորդ փուլից առաջ մարզադաշտում վարում էր թեկնածուների միջև գլխավոր բանավեճը:
Իսկապես, լեզվից և հավատից բացի երկրում խնդիրները քիչ չեն:
Հակամարտությունը Ռուսաստանի հետ, որը հիբրիդային պատերազմ է վարում Ուկրաինայի արևելքում, շարունակվում է: Եվ չնայած Մինսկի համաձայնագիրը վերջ տվեց ակտիվ մարտական գործողություններին, դիրքային մարտերը և փոխհրաձգությունները շարունակվում են, զինվորականները շարունակում են զոհվել:
Հեղափոխությունը, իսկ հետո նաև պատերազմը հանգեցրել են տնտեսական ճգնաժամի, որն ուղեկցվում է ազգային արժույթի կտրուկ արժեզրկմամբ: Այդ ընթացքում Ուկրաինան Մոլդովայից «խլեց» Եվրոպայի ամենաաղքատ երկիր լինելու արտոնությունը:
Վերջին տարիներին զգալիորեն չի փոխվել նաև կոռուպցիայի հետ կապված իրավիճակը. այն նախկինի պես ծաղկում է ապրում: Համաձայն Тransparency International-ի 2018թ. կոռուպցայի ընկալման համաթվի՝ Ուկրաինան աշխարհի երկրների շարքում գտնվում է 120-րդ տեղում՝ դառնալով Եվրոպայի ամենակոռումպացված երկրներից մեկը: Հետխորհրդային երկրներից կոռուպցիայի ավելի բարձր մակարդակ ունեն միայն Ռուսաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը և Կենտրոնական Ասիայի երկրները:
Երկրում նախկինի պես ծաղկում է ապրում օլիգարխիկ կառավարումը. հիմնական լրատվամիջոցները, տնտեսության ճյուղերը և անգամ կուսակցությունները վերահսկվում են օլիգարխների կողմից:
Պորոշենկոյի հեղինակությանը ուժեղ հարված հասցրին կոռուպցիոն սկանդալները, այդ թվում բանակի մատակարարումների հետ կապված, որոնցում ներքաշված էին մարդիկ նրա մոտ շրջապատից:
Որպես արժանիք՝ Պորոշենկոն իրեն վերագրել էր Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմի հաստատումը և ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելուն ուղղված քաղաքականությունը:
Սակայն Ուկրաինայի Ժուռնալիստների միության ղեկավար Սերգեյ Տոմիլենկոն հետաքրքիր դրվագ է պատմում վերջին ընտրական քարոզարշավի մասին. այն հեռուստաալիքները, որոնք բացահայտ ռուսամետ քաղաքականություն ունեն, երկրորդ փուլից առաջ պաշտպանում էին հենց Պորոշենկոյին, ոչ թե Զելենսկուն:
Իսկ Պորոշենկոյի կողմից վերահսկվող լրատվամիջոցները, դիմում էին քարոզչության ամենակեղտոտ մեթոդներին:
««Պրյամոյ» ազգային հեռուստաալիքը պաշտանում է նախագահ Պորոշենոյին, ֆինանսավորվում է նրա շրջապատի կողմից, մենք այն համեմատում ենք Russia Today-ի, ռուսական «Առաջին ալիքի», «Ռոսսիա 24-ի» հետ: Այն ուկրաինական հեռուստաալիք է՝ ռուսական քարոզչական չափանիշներով»,— ասում է Տոմիլենկոն:
Պորոշենկոն երկրորդ փուլից առաջ իսկական սև փիարի արշավ էր սկսել Զելենսկու դեմ: Տարածվել էին Պորոշենկոյի գովազդային վահանակներ Պորոշենկոյի և Պուտինի նկարով, որոնցում նշվում էր, որ քաղաքացիների ընտրությունը հենց այդպիսին է: Բացի այդ, փողոցներում բազմաթիվ պաստառներ քաղաքացիներին հայտնում էին, որ Զելենսկին թմրամոլ է, որ նա կխլի իրենց ներդրումները «Պրիվատբանկից», որպեսզի հանձնի Կոլոմոյսկուն և այլն:
Արդյունքում, այդ արշավը նախագահին չօգնեց:
Պորոշենկոն չի հանձնվում
Ընտրություններում պարտությունից հետո ո՛չ Պորոշենկոն, ո՛չ նրա համախոհերը չեն պատրաստվում հանձնվել. առջևում խորհրդարանական ընտրություններն են, որոնք տեղի կունենան ընթացիկ տարվա աշնանը:
Ընտրություններից հետո երկրորդ օրը Պորոշենկոյի հազարավոր համախոհներ երեկոյան հավաքվել էին նրա նստավայրի մոտ՝ շնորհակալություն հայտնելու և աջակցելու նախագահին: Նրանք երկար ժամանակ վանկարկում էին՝ «Дякуемо» — «Շնորհակալություն»:
Նախագահը դուրս եկավ կես ժամ հետո: Բազմությունը նրան վատ էր լսում և գրեթե չէր տեսնում: Բայց հստակ էր, որ դա ուրիշ Պորոշենկո է, որը տարբերվում է նախորդից. դա արդեն հասարակությունից մեկուսացած, «սառը լոգանք» ընդունած պետության ղեկավարը չէր: Դա կենդանի քաղաքական գործիչ էր՝ պատրաստ պայքարի և ժողովրդի հետ շփման:
Նա շնորհակալություն հայտնեց մարդկանց աջակցության համար և խոստացավ ապագայում նրանց հաղթանակի տանել: Մարդիկ նրան լսում էին շատ զգացմունքային՝ պարբերաբար վանկարկելով հայրենասիրական կարգախոսեր, ոմանք անգամ արտասվում էին:
Երևում էր, որ Պորոշենկոն, չնայած ընտրություններում կրած պարտությանը, արդեն կարողացել է զբաղեցնել կարևոր քաղաքական նշաձող և ստանալ արևմտամետ, ազգայնական և հայրենասիրական տրամադրություններով ընտրազանգվածի առնվազն մի մասի աջակցությունը: Ուկրաինայի արևմուտքում գտնվող Լվովի մարզը, որտեղ ագզայնական տրամադրություններն ավանդաբար ուժեղ են, միակ շրջանն էր, որտեղ Պորոշենկոն հաղթել է Զելենսկուն:
«Գլխավորը, որ արել է նախագահ Պորոշենկոն, ապահովել է Մայդանում սահմանված աշխարհաքաղաքական ընտրության պահպանումը, եվրոպական և եվրատլանտյան ուղու անշեղ կատարումը: Ուստի, չնայած բազմաթիվ խնդիրներին և վրիպումներին, նախագահի անձի և նրա մերձավոր շրջապատի հետ կապված սկանդալներին, բազմաթիվ սխալներին և չիրականացված խոստումներին՝ ես կարծում եմ, որ Պորոշենկոն անկախ Ուկրաինայի ամբողջ պատմության մեջ լավագույն նախագահներից է»,— ասում է Պորոշենկոյին պաշտպանող ոչ կառավարական կազմակերպություններից մեկի աշխատակից Պավլո Բիլակը:
Պորոշենկոյի համախոհներն ընտրություններում պարտությունից հետո անգամ ավելի են համախմվել։ Շատերն անգամ «Ֆեյսբուքում» իրենց գլխավոր նկար են դրել «25%»՝ որպես հասարակության լավագույն հատվածին պատկանելու նշան:
Չի կարելի ասել, որ Վլադիմիր Զելենսկուն աջակցել է միայն Ուկրաինայի արևելքը կամ արևմուտքը, միայն երիտասարդությունը կամ միայն ավագ սերունդը: Եվ նույնիսկ միանշանակ արևմտամետ կամ ռուսամետ ընտրողները: Նա գործնականում կարողացել է միավորել բոլոր տարիքային և սոցիալական խմբերը:
Լրագրող Սերգեյ Ռախմանինն ասում է, որ Զելենսկին բացարձակապես կոմպետենտ չէ քաղաքականության ոլորտում և նրան համեմատում է «մաքուր թղթի» հետ, որի վրա կգրեն այլ մարդիկ:
«Հասկանալի չէ՝ ինչ տեսք կունենա նրա միջուկային ընտրազանգվածը, և ինչպես նա կհարմարվի դրան: Եվ ով կլինի այն անձը կամ անձանց խումբը, որոնք ազդեցություն կունենան նրա վրա: Ուստի անգամ մոտավորապես հնարավոր չէ հաշվարկել նրա քաղաքականությունը»:
Հենց սա էլ գլխավոր մարտահրավերն է, որը ծառացած է նոր նախագահի առջև. նրա ընտրողների ակնկալիքներն այնքան տարբեր են, որ դրանք բոլորն արդարացնելը նրան հազիվ թե հաջողվի: