Ուկրաինայում պայթում են Խարկովի մերձակայքում գտնվող ռազմամթերքի պահեստները
Hromadske.ua
Խարկովի շրջանի Բալակլեայում մարտի 23-ին՝ գիշերվա ժամը երեքի կողմերը պայթյուններ են սկսվել և հրդեհ է բռնկվել ռազմամթերքի պահեստում:
Քաղաքում և մերձակա բնակավայրերում տարհանում է հայտարարված: Գլխավոր ռազմական դատախազի տվյալներով՝ հրդեհը տեղի է ունեցել դիվերսիայի արդյունքում:
Բալակլեայից և հարակից բնակավայրերից մոտ 20 հազար մարդ է տարհանվել:
Դեպքի վայրից առցանց հեռարձակում է վարում hromadske.ua-ն:
Մոտ 600 իրավապահներ կարգուկանոնն են պահպանում: Տեղում աշխատում է բնակչության տարհանման 6 կետ:
Դեպքի վայրում անջատված է գազն ու էլեկտրականությունը: Արգելված է ավտոմոբիլային, ավիացիոն և երկաթուղային տրանսպորտի երթևեկությունը:
Տեղում արտակարգ իրավիճակի չեզոքացման շտաբ է բացվել: Զոհվածների մասին տեղեկատվություն դեռևս չկա:
Ինչպես հաղորդել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակը, պայթյունի վայրի օդային տարածքը փակ է: Նրա խոսքով՝ պահեստի պայթյունները զգալի վնաս չեն հասցրել երկրի պաշտպանունակությանը:
Վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը դեպքի վայր է մեկնել: