«Ով էլ ստանձնի մոդերատորի դերը, ցավոտ զիջումներ են սպասվում»․ կարծիք
Ռուսաստանի և արևմտյան միջնորդների մասին
Պրահայում օրերս կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո Ռուսաստանը հանդես է եկել կոշտ հայտարարություններով։ Արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ «որոշ արևմտյան միջնորդների անհնար է անվանել խաղաղության միջնորդներ»։ Զախարովան տեղեկացրել է, որ Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկներ և շեշտել․ «Ռուսաստանը չի զբաղվում ինչ-որ հատուկ գովազդային գործունեությամբ, որի տակ ոչինչ չկա»։
JAMnews-ը զրուցել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ՝ փորձելով պարզել՝ ինչի՞ կարող է հանգեցնել Ռուսաստան-Արևմուտք առճակատումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում։
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և կեսգիշերն անց Պրահայում հանդիպումներ կայացան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի մասնակցությամբ։ Արդյունքում ընդունվեց հայտարարություն, որով Ադրբեջանը և Հայաստանը առաջին անգամ փոխադարձաբար ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը։ Հայաստանն իր համաձայնությունը տվեց, որպեսզի ԵՄ քաղաքացիական առաքելությունը տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, իսկ Ադրբեջանն այդ առաքելության հետ համագործակցելու է «այնքանով, որքանով որ առնչություն կունենա»։
«Խաղաղության համաձայնագրի շուրջ արևմտյան մոտեցումներն այնքան էլ հավասարակշռված չեն»
Վերջին ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Մոսկվան համալիր աջակցություն է ցուցաբերում իր դաշնակից երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորմանը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը։
«Մեր համապարփակ առաջարկները փոխանցվել են Երևանին և Բաքվին»,— հայտարարել է Զախարովան։
Նրա փոխանցմամբ՝ տվյալ թեմայի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար դեռևս սեպտեմբերին տարածաշրջանային այց է ունեցել ԱԳՆ-ի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը։
Զախարովան վստահեցրել է, որ Ռուսաստանը զբաղվում է գործնական աշխատանքով և պատմում է միայն այն մասին, ինչն արդեն հաջողվել է անել։ Նա նպատակահարմար չի համարել մեկնաբանել ընթացող բանակցությունների մանրամասները՝ «հաշվի առնելով խաղաղության պայմանագրի թեմայի բարձր զգայունությունը»։
Ի պատասխան հարցին, թե ինչպես է ՌԴ-ն վերաբերվում Բրյուսելի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարին՝ Զախարովան նշել է, որ «Ռուսաստանը դեմ է աշխարհաքաղաքական ինտրիգներին, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի վտանգավոր ձախողման»։
«Մենք միշտ պատրաստ ենք աջակցել այն ջանքերին, որոնք տանում են շոշափելի արդյունքների։ Ինչ վերաբերում է խաղաղության համաձայնագրի շուրջ արևմտյան մոտեցումներին, ապա մեր կարծիքով՝ դրանք այնքան էլ հավասարակշռված չեն։ Իսկ որոշ արևմտյան միջնորդների ընդհանրապես անհնար է անվանել խաղաղության միջնորդներ»,— հայտարարել է նա։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն ասում է՝ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ակնարկը շատ թափանցիկ էր։
«Այն ուղղված էր արևմտյան միջնորդական հարթակներին՝ թե Եվրամիությանը, թե Միացյալ Նահանգներին։ Ակնհայտ է, որ Զախարովայի հիմնական վերապահումը վերաբերում էր, այսպես կոչված, ԵՄ քաղաքացիական առաքելությանը»,- JAMnews-ի հետ զրույցում ասել է Սուրենյանցը։
Քաղաքագետի գնահատմամբ՝ Ռուսաստան-Արևմուտք առճակատման պայմաններում այլ բան հնարավոր էլ չէր սպասել։ Կարծում է՝ կոնսոլիդացված միջազգային ջանքեր չենք տեսնելու։
«Մոսկվան առաջարկում է կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերությունները, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծումն առկախել։ Արևմտյան կենտրոններն առաջարկում են հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ, համալիր լուծում՝ ներառյալ ԼՂ-ի խնդիրը։ Ըստ արևմտյան հաշվարկների՝ եթե այդ խնդիրը լուծվի, ռուս խաղաղապահների անհրաժեշտությունն այլևս չի լինի»,— պարզաբանել է Սուրենյանցը։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ միջնորդական տարբեր հարթակների միջև իսկապես կա մրցակցություն, որն էլ առաջ է բերում «անվտանգային նոր ռիսկեր»․
«Եթե միջազգային ջանքերը կոնսոլիդացված չեն, ենթադրվում է, որ տարբեր կենտրոնների ջանքեր կարող են բախվել և կորցնել իրենց արդյունավետությունը»։
Սուրենյանցի խոսքով՝ Հայաստանը փորձում է մանևրել, օգտվել տարբեր հնարավորություններից, բայց պետք է լինել շատ զգույշ, որպեսզի երկիրը չդառնա «աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների բախման կիզակետ»․
«Հայաստանը պետք է հետևողականորեն փորձի համադրել տարբեր խաղացողների շահերը և դրանք ներդաշնակեցնել մեր օրակարգի հետ»։
Ասում է՝ դժվար է կանխատեսել՝ կհաջողվի՞ անել դա, թե՞ ոչ։ Սուրենյանցը սա կապում է մի շարք հանգամանքների հետ․
- որքա՞ն պրոֆեսիոնալ կլինի Հայաստանի դիվանագիտությունը,
- որքա՞ն իրատեսական կլինի հայկական կողմի օրակարգը,
- ինչպիսի՞ դիվանագիտական միջավայր կլինի Հայաստանի շուրջ։
«Մի բան ակնհայտ է՝ ցանկացած պարագայում, միջնորդական որ հարթակն էլ որ մոդերատորությունը ստանձնի, մեզ սպասում են ոչ պոպուլյար, ոչ ստանդարտ, ցավոտ զիջումներ»,— ընդգծել է քաղաքագետը։
Սուրենյանցի գնահատմամբ՝ նման զիջումներն «առավել քան տեսանելի են» Լեռնային Ղարաբաղի հարցում, բայց ոչ միայն․
«Սահմանագծման և սահմանազատման գործընթացում էլ կարող են խնդիրներ առաջանալ։ Եթե որպես հիմք ենք ընդունում 1991 թվականի ստատուս քվոն, օրակարգ կարող է գալ անկլավների խնդիրը։ Ի վերջո, համաձայնություններ չկան նաև կոմունիկացիաների հարցում։ Հայաստանը պետք է շատ ճկուն քաղաքականություն վարի, որպեսզի կարողանա այս բոլոր ռիսկերը կառավարել»։
Ռուսաստանի և արևմտյան միջնորդների մասին