Ո՞վ կլինի Հայաստանի հաջորդ նախագահը. Իշխող ուժն ունի թեկնածու
Հայաստանի խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Խաչատուրյանի թեկնածությունը ստորագրությամբ հաստատել են Ազգային ժողովի 65 պատգամավորներ:
Նախագահի թեկնածու առաջադրելու ժամկետը լրանում է այս շաբաթվա վերջին: Ընդդիմադիր ուժերը ևս ունեն նախագահի թեկնածու առաջադրելու հնարավորություն: Դրա համար նրանց առնվազն 27 պատգամավորի ստորագրություն է պետք։
Օրենքի համաձայն՝ մինչ նոր նախագահի ընտրությունը նախագահի լիազորությունները կատարելու է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Նախագահի թեկնածուի, ընտրության կարգի մասին և ոչ միայն։
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախագահի իր թեկնածուի անունը պաշտոնապես հայտարարել է փետրվարի 2-ին:
«Ազատության» հետ զրույցում խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ 65 պատգամավորների ստորագրությամբ առաջադրելու են հենց Խաչատուրյանի թեկնածությունը:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի հնարավոր նախագահության մասին խոսակցությունները, սակայն, արդեն մի քանի օր է, ինչ շրջանառվում են մամուլում: Հունվարի 31-ին լրագրողների հետ զրույցում Խաչատուրյանը չէր հերքել, որ նախագահի թեկնածու դառնալու առաջարկ է ստացել:
Փետրվարի 1-ին էլ հաղորդվեց, որ Խաչատուրյանն Ազգային ժողովում ավելի քան 2,5 ժամանոց փակ հանդիպում է անցկացրել իշխող ուժի պատգամավորների հետ:
Նախքան նախարարի պաշտոնում նշանակվելը 62-ամյա Վահագն Խաչատուրյանը «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ էր: Վերջին 20 տարիներին նա առավել հայտնի է իր տնտեսագիտական վերլուծություններով։
Խաչատուրյանը Հայաստանի առաջին նախագահի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) նախկին անդամ է: Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ լինելով Երևանի քաղաքապետ, ԱԺ պատգամավոր, ինչպես նաև նախագահի խորհրդական:
Նախագահի թեկնածուն իրեն անկուսակցական է համարում: Ասում է՝ ինքս իմ մեջ կուսակցական գործունեությունը դադարեցրել եմ, «ուղղակի ֆորմալ առումով էնտեղ դիմում լինելու կամ չլինելու հանգամանքն է, որ հիմա ճշտվում է»։
Ավելի վաղ ԶԼՄ-ների հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հաստատել էր, որ իրենց թեկնածուն Խաչատուրյանն է՝ նշելով, որ «անցած ճանապարհով ու քաղաքական խոհեմությամբ» նա այն անձն է, որը կարող է լավագույնս կատարել այդ կարևոր առաքելությունը:
Վարչապետի և իշխող ուժի մոտեցումը
Վերջին առցանց ասուլիսի ընթացքում նախագահի թեկնածուի հարցին անդրադարձել էր նաև Հայաստանի վարչապետը: Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ թեկնածուի հարցը պետք է քննարկվի քաղաքական թիմի հետ, նախագահ ընտրողն էլ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն է, բայց և շեշտել՝ կարևոր է, որ նոր նախագահը կառավարության և խորհրդարանական մեծամասնության հետ աշխատի ներդաշնակ:
Վարչապետ Փաշինյանը հիշեցրել էր, որ ներդաշնակության սակավության պատճառով լուրջ մարտահրավերներ են եղել, օրինակ, երբ ԳՇ պետն իր հրաժարականն էր պահանջում, նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարվեց ստորագրել նրան պաշտոնանկ անելու մասին հրամանագիրը:
«Մենք պետականության կորստի եզրին էինք գտնվում այդ ժամանակ։ Եվ իհարկե, մեր պետական և ազգային անվտանգության առումով կարևոր է, որ մենք այսպիսի իրավիճակների չառերեսվենք այլևս։ Այդ քաղաքական ներդաշնակության հարցը շատ կարևոր է լուծել», — հայտարարել էր Փաշինյանը։
Մինչ ընդդիմությունը Փաշինյանի հայտարարությունը վտանգավոր էր որակում, իշխող ուժի պատգամավորները պնդում էին, թե՝ նախագահի թեկնածուները պետք է համապատասխանեն վարչապետի նկարագրած չափանիշներին:
Անդրադառնալով ներդաշնակ աշխատանքի մասին վարչապետի խոսքին՝ Վահագն Խաչատուրյանն ասել էր, որ «այդպես էլ պետք է լինի»:
Սահմանադրության 124-րդ հոդվածի համաձայն՝ նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով: Նախագահ կարող է ընտրվել 40 տարին լրացած, վերջին 6 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 6 տարում Հայաստանում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Նույն անձը Հանրապետության նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ:
Նախագահը չի կարող զբաղեցնել որևէ այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք: Իր լիազորությունների իրականացման ընթացքում նախագահը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ:
Հայաստանի հաջորդ նախագահի պաշտոնում իշխանությունն իր թիմակցին է տեսնում: Նույնիսկ Վահագն Խաչատուրյանի անվան շրջանառությունից առաջ իշխող ուժի պատգամավոր Գևորգ Պապոյանը նշել էր, թե նախագահ «կլինի այն մարդը, ում կընտրի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար ֆորմատը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը»:
Իշխող ուժի թեկնածուն, սակայն, կարևորում է նաև ընդդիմության քվեները:
«Ես կարծում եմ՝ ցանկացածի համար կարևոր է, որ հենց ընդդիմությունն էլ լինի, որովհետև ի վերջո այս պաշտոնը նաև դրա համար է՝ համերաշխության», — լրագրողների հետ զրույցում նշել էր ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը:
Ընդդիմության դիրքորոշումը դեռ պարզ չէ
Նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն նաև խորհրդարանի ընդդիմադիր ուժերը: Մինչև շաբաթա ավարտը նրանք կարող են ներկայացնել թեկնածություն, անհրաժեշտ է առնվազն 27 պատգամավորի ստորագրություն:
Ազգային ժողովի ընդդիմադիր ուժերից «Պատիվ ունեմ» խմբակցությունը բավարար թվով ձայներ չունի, իսկ «Հայաստան» խմբակցությունը կարող է ապահովել անհրաժեշտ քվեները, բայց նախագահի թեկնածու առաջադրելու հարցը դեռ չի քննարկել: Խմբակցությունները մինչ այս պահը չեն պարզաբանել՝ պատրաստվո՞ւմ են քվեարկել իշխող ուժի թեկնածուի օգտին, թե՞ ոչ:
Նոր նախագահի ընտրության համար ԱԺ կանոնակարգով 25-ից 35-օրյա ժամկետ է սահմանված, այսինքն՝ ընտրությունը կկայանա փետրվարի վերջին կամ մարտի սկզբին:
Նախագահի ընտրության առաջին փուլում անհրաժեշտ է առնվազն 81 քվե։
Իշխանական խմբակցությունն ունի 71 պատգամավոր: Երկրորդ և երրորդ փուլերում «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է նախագահ ընտրել առանց ընդդիմության ձայների՝ ապահովելով 65 կամ 54 քվե:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնից հրաժարական տալու որոշման մասին հայտարարել էր հունվարի 23-ին, հաջորդ օրն Ազգային ժողովն արդեն ստացել էր նրա հրաժարականի դիմումը։ Սահմանված յոթնօրյա ժամկետում Սարգսյանը դիմումը հետ չվերցրեց, նրա լիազորությունները դադարեցվեցին:
Օրենքի համաձայն՝ մինչ նոր նախագահի ընտրությունը նախագահի լիազորությունների կատարումը վերապահվել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին: