Ո՞վ է Սալոմե Զուրաբիշվիլին՝ Վրաստանի նոր նախագահը
Վրաստանում ավարտվել են նախագահական ընտրությունները, որոնք երկու փուլով են անցկացվել․ առաջինը՝ հոկտեմբերի 28-ին, երկրորդը՝ նոյեմբերի 28-ին։
Առաջին անգամ է, որ երկիրն առաջին փուլով չի կարողացել նախագահ ընտրել։ Եվ այդ հարցում մեծ ավանդ ունի ոչ թե Զուրաբիշվիլիի գլխավոր ընդդիմադիր մրցակից Գրիգոլ Վաշաձեն, այլ իշխանություններին պատժելու ընտրողների ցանկությունը, կարծում են փորձագետները։
Բացի այդ, մարդկանց դժգոհությունը «Վրացական երազանքից»՝ օլիգարխ Իվանիշվիլիի գլխավորությամբ, նաև անձամբ Բիձինա Իվանիշվիլիի ընտրած թեկնածուի առնչությամբ էր:
Բացի դրանից, մարդիկ, ընդհանուր առմամբ, դժգոհ են «Վրացական երազանքից»՝ օլիգարխ Իվանիշվիլիի գլխավորությամբ: Խնդիրը նաև անձամբ Բիձինա Իվանիշվիլիի կողմից ընտրված թեկնածուի մեջ էր:
• Վրաստանը նախագահ է ընտրում՝ վերջին անգամ համաժողովրդական քվեարկությամբ
Այս նախընտրական արշավն առանձնահատուկ էր՝ աննախադեպ իրավիճակ էր ստեղծվել, երբ իշխանամետ թեկնածուին դեմ էր արտահայտվում ոչ միայն ընդդիմությունն, այլև իշխանության որոշ կողմնակիցներ:
Նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլու դեմ հսկայական ֆեյսբուքյան արշավ էր ընթանում, որին մասնակցում էին ոչ միայն նրա քաղաքական ընդդիմադիրներն, այլ նաև «Վրացական երազանքի» շատ կողմնակիցներ: Մարդիկ սոցիալական կայքերում կոչ էին անում ընտրել ում ասես, միայն թե ոչ Սալոմե Զուրաբիշվիլիին:
Այժմ, երբ արդեն հայտնի են նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները, մենք որոշեցնիք թարմացնել JAMnews-ի սեպտեմբերին հրատարակած հոդվածը, որի մեջ ասվում է, թե ո՞վ է Սալոմե Զուրաբիշվիլին և ինչո՞ւ նա այդքան դուր չի գալիս շատերին:
___________________
Միջազգային միջանցքներից մինչև ընդդիմադիր բարիկադներ
Նրա քաղաքական կարիերան սկսվել է 2004թ-ին, երբ այն ժամանակվա նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրավերով Զուրաբիշվիլին դարձավ Վրաստանի արտգործնախարար:
Այն ժամանակ Սալոմե Զուրաբիշվիլիին Վրաստանում գրեթե ոչ ոք չգիտեր:
• Կարծիք. Վրաստան-ՆԱՏՕ: Տեղում դոփելու տասը տարի
• Կարծիք. ինչպիսի՞ն պետք է լինի Վրաստանի աբխազական քաղաքականությունը
Զուրաբիշվիլին ծնվել, մեծացել և իր կյանքի մեծ մասն անցկացրել է Փարիզում: 1921թ-ին Վրաստանից փախած քաղաքական էմիգրանտների թոռ լինելով՝ նա երկար տարիներ որպես դիվանագետ է աշխատել ֆրանսիական ԱԳՆ-ում:
2003թ-ին նա նշանակվել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպան, և արդեն մի քանի ամսից այն բանից հետո, երբ Վրաստանում տեղի ունեցավ «վարդերի հեղափոխությունը», երիտասարդ առաջնորդ Սաակաշվիլին 52-ամյա ֆրանսուհուն իր կառավարությունում ԱԳՆ ղեկավար նշանակեց:
Այդ ժամանակ էլ նա վրացական քաղաքացիություն ստացավ՝ պահպանելով իր ֆրանսիական անձնագիրը:
Նրան նշանակելիս Սաակաշվիլին ասաց, որ «նման դասի դիվանագետ Վրաստանում երբեք չի եղել»:
Արտգործնախարարի պաշտոնում իր գլխավոր ձեռքբերումներից մեկը Զուրաբիշվիլին համարում է ավանդը բանակցային գործընթացում և Վրաստանի տարածքից ռուսական ռազմաբազաները դուրս բերելու մասին համաձայնագրի կնքումը: Հենց նրա ստորագրությունն է դրված այն փաստաթղթում, որի համաձայն՝ ռուսական ռազմաբազաները լքեցին Վրաստանը:
Սակայն Սաակաշվիլիի և Զուրաբիշվիլիի քաղաքական ընկերությունը երկար չտևեց:
Արդեն 2005թ-ի հոկտեմբերին պաշտոնից ազատված Զուրաբիշվիլին բարձրախոսով կանգնած էր բազմահազարանոց ցույցի բեմին ու խոսում էր Սաակաշվիլիի «կլանային բռնապետության մասին»:
Նրա ընդդիմադիր քաղաքական կարիերան չի կարելի հաջողված համարել: 2005-2010թթ-ին նա ակտիվորեն դիմակայում էր Սաակաշվիլիի իշխանությանը, սակայն ընդդիմության առաջնորդ նա այդպես էլ չդարձավ:
2010թ-ին Զուրաբիշվիլին հեռացավ ոչ միայն «Վրաստանի ուղի» սեփական կուսակցության նախագահի պաշտոնից, այլ նաև քաղաքականությունից և ընդհանրապես Վրաստանից:
2012թ-ին Զուրաբիշվիլին սատարեց Իվանիշվիլիի «Վրացական երազանք» կոալիցիային ընդդեմ Սաակաշվիլիի, սակայն դրա անդամ այն ժամանակ չդարձավ:
Սա Վրաստանի նախագահ դառնալու Զուրաբիշվիլիի առաջին փորձը չէ: 2013թ-ին նա նույնպես ցանկանում էր մասնակցել նախագահական ընտրություններին, սակայն նրան մերժեցին գրանցել կրկնակի քաղաքացիության պատճառով:
Այսօր Զուրաբիշվիլին վրացական խորհրդարանի պատգամավոր է: Այդտեղ նա հայտնվել է «Վրացական երազանքի» լուրջ աջակցության շնորհիվ:
2016թ-ի խորհրդարանական ընտրություններին նա իր թեկնածությունն էր առաջադրել որպես անկախ պատգամավոր Թբիլիսիի մեծամասնական ընտրատարածքներից մեկում: Իշխող կուսակցությունը միտումնավոր այդ ընտրատարածքում իր թեկնածուին չէր առաջադրել և ողջ վարչական ռեսուրսն ուղղել էր Զուրաբիշվիլիի աջակցելուն:
Ո՞վ է սկսել օգոստոսյան պատերազմը
Վերջին ամսում Ֆեյսբուքի վրացախոս սեգմենտում հաճախ կարելի է գրառումներ հանդիպել, որոնք կոչ են անում չքվեարկել Զուրաբիշվիլիի օգտին, ինչպես նաև տեղադրում են անհատական էջերի նկարներ, որոնցում Զուրաբիշվիլիի պատկերի վրա խաչ է արած և գրված է. «Պատերազմը Ռուսաստանն է սկսել»:
Զուրաբիշվիլիի թեկնածության դեմ նման զանգվածային արշավի պատճառը 2008թ-ի օգոստոսյան պատերազմի վերաբերյալ նրա արտահայտություններն են եղել:
Նախընտրական արշավի հենց սկզբում օգոստոսյան պատերազմի մասին լրագրողի հարցին Զուրաբիշվիլին ասել էր, որ «Ռուսաստանը Վրաստանի դեմ պատերազմ էր սկսել դեռևս 100 տարի առաջ», սակայն 2008թ-ի օգոստոսին հենց «Վրաստանն է ներքաշվել ռուսական սադրանքի մեջ՝ առաջացնելով հակամարտության նոր շրջափուլ»:
«Վրաստանը ռազմական իրավիճակի այդ մասն ինքն է սկսել: Դա հայտնի է, և սա պաշտոնական վարկած է բոլորի համար, ինչը հաստատել է նաև Եվրամիությունը», — հայտարարել է նա:
Իշխող կուսակցության աջակցությունն ունեցող նախագահի թեկնածուի այս հայտարարությունը հասարակությունում փոթորիկ էր առաջացրել:
Սալոմե Զուրաբիշվիլիի այս հայտարարությունը դուր չեկավ ոչ միայն ընդդիմությանն, այլև իշխող կուսակցության ներկայացուցիչներից շատերին, ինչպես նաև հասարակության լիբերալ հատվածին:
Ավելի ուշ նա փորձեց բացատրել, որ 2008թ-ին ագրեսորի դերում Ռուսաստանն էր, սակայն Սաակաշվիլին տրվեց սադրանքին, և Ռուսաստանը դա որպես առիթ օգտագործեց Վրաստանի դեմ պատերազմ սանձազերծելու համար:
«Մենք ռմբակոծել ենք մեր բնակչությանն, ինչի իրավունքը չունի ոչ մի նախագահ: Հաջորդ օրն ինչպե՞ս մենք պետք է ասենք, որ այս երկրի ամբողջականությունն ենք ուզում: Ես այս երկրի ամբողջականությունն եմ ցանկանում և չեմ ուզում, որ որևէ նախագահ ռմբակոծի իր տարածքն ու իր քաղաքացիներին», – հայտարարել է նա՝ դրանով ավելի շատ զայրացնելով իր ընդդիմադիրներին և հասարակության ներկայացուցիչներին:
Ֆեյսբուքում գրում էին.
«Մենք կունենանք մի նախագահ, որը սեփական երկիրը մեղադրում է պատերազմ սանձազերծելու համար և կրկնում է Կրեմլի մեսիջները»:
«Նա բառացիորեն կրկնում այն, ինչ ասում են Պուտինն ու Մեդվեդևը»:
«Ինչպե՞ս է Վրաստանը պատերազմ սկսել: Մե՞նք ենք տանկերով Վորոնեժ հասել»:
«Անգամ եթե դա այդպես լիներ, մի՞թե նախագահի թեկնածուի ասածը դա պետք է լինի: Եվ ինչպե՞ս է նա այդ խոսքերից հետո միջազգային հարթակում շփվելու և պաշտպանելու մեր երկրի շահերը»:
Ավելի կտրուկ հաղորդագրույթուն էլ կա: 31-ամյա վրացի ռեժիսոր Վախո Ջաջանիձեն իր նոր «Ելք» ֆիլմը տեղադրել է Vimeo տեսահոսթինգում և ֆիլմի հղումը Ֆեյսբուքում տեղադրելիս նշել է, որ արգելում է իր ֆիլմը դիտել նրանց, ովքեր գալիք նախագահական ընտրություններին մտադիր են քվեարկել Սալոմե Զուրաբիշվիլիի օգտին:
Զուրաբիշվիլիի դեմ արշավին է միացել նաև եկեղեցին, որը հաճախ է փորձում ազդել քաղաքական գործընթացների վրա և օգտագործում է իր մեծ հեղինակությունը:
Մի քանի հոգևորական պատարագի ժամանակ կոչ է արել ծխականներին չքվեարկել Զուրաբիշվիլիի օգտին: Բայց եկեղեցու դժգոհությունն առաջացրել էր ոչ այնքան Զուրաբիշվիլիի հայտարարությունները պատերազմի մասին, այլ այն, որ նա կողմ է Վրաստանում բժշկական նպատակներով մարիխուանա աճեցնելու և արտահանելու գաղափարին:
«Եթե պատերազմի մասին Զուրաբիշվիլիի հայտարարությունները մտածված էին, ապա կարելի է ասել, որ նա Վրաստանի թշնամին է: Իսկ եթե դրանք չմտածված հայտարարություններ էին, ապա մեր ինչի՞ն է մի նախագահ, որը խոսելուց առաջ չի մտածում», – հարցնում է Թբիլիսիի պետհամալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Լադո Պապավան:
Արդարադատության խորհրդի անդամ իրավաբան Անա Դոլիձեն կարծում է, որ Զուրաբիշվիլիի նախագահության դեպքում պատերազմի մասին նրա հայտարարությունները վատ հետևանքներ են ունենալու Վրաստանի համար միջազգային հարթակում.
«Մենք ավելի քան տասը տարի աշխատում ենք Հաագայի և Ստրասբուրգի միջազգային դատարաններում, որպեսզի պաշտպանենք վրացական բնակչության շահերը, որը ռուսական ագրեսիայի զոհ է դարձել: Զուրաբիշվիլի հայտարարությունները հսկայական հարված են մեր ազգային շահերին: Եթե նա այդ ամենը կրկնի որպես նախագահ, ապա դա ընդհանրապես խարակիրի է: Չի կարելի է թույլ տալ, որ նա նախագահ դառնա»:
Ինչո՞ւ են Զուրաբիշվիլիին ընտրել որպես թեկնածու
Սալոմե Զուրաբիշվիլին ընտրացուցակում որպես անկախ թեկնածու է, սակայն և ընդդիմությունը, և քաղաքական վերլուծաբանները կարծում են, որ նրա անկախությունը զուտ խորհրդանշական է:
Նրա քաղաքական ֆիգուրում առաջին բանը, որ աչքի է ընկնում, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հանդեպ նրա բացահայտ ատելությունն է:
Իսկ դա Բիձինա Իվանիշվիլիի համար երկրորդական արժանիք չէ, որն արդեն վեց տարի է՝ միանձնյա է որոշում, թե Վրաստանում ով լինի վարչապետ, իսկ ով՝ նախագահ:
Սկզբում իշխող կուսակցության ներսում լիակատար համաձայնություն չկար Զուրաբիշվիլիի թեկնածությանը սատարելու կապակցությամբ: Սակայն նախկին վարչապետ Իվանիշվիլիի որոշմամբ հենց իշխող կուսակցությունն ի վերջո հայտարարեց նրան աջակցելու մասին:
Զուրաբիշվիլին նրա անձնական ընտրությունն է:
«Զուրաբիշվիլիին որպես անկախ թեկնածու ներկայացնելը «Վրացական երազանքի» կողմից տրագիկոմեդիայի ժանրի քայլ է: Մենք տարիներ շարունակ հետևում ենք Զուրաբիշվիլիին. չնայած նրան, որ նա իշխող կուսակցության անդամ չէ, նա դրա ամենամոլի և ագրեսիվ ակտիվիստներից է: Մարդիկ էլ են դա տեսնում», — ասում է վերլուծաբան Գիա Խուխաշվիլին:
Ըստ նրա՝ իշխող կուսակցության համար կարևոր է, որ հաղթողն «Ազգային շարժման» (Սաակաշվիլիի կուսակցությունը) թեկնածուն չլինի:
Կարդացեք նաև. Վրաստանում շուտով նախագահական ընտրություններ են, ովքե՞ր են ընդդիմության թեկնածուները:
««Վրացական երազանքի» խորքերում չկար մի թեկնածու, որը կարող էր անվերապահորեն հաղթել «Ազգային շարժման» թեկնածուին, այդ պատճառով էլ «Երազանքը» ստիպված է աջակցել Զուրաբիշվիլիին », — կարծում է Խուխաշվիլին:
Բացի այդ, ինչպես նշում են փորձագետները, վստահությամբ կարելի է ասել, որ Զուրաբիշվիլին չի լինի այն նախագահը, որը ներում կշնորհի Սահակաշվիլիին և թույլ կտա նրան հայրենիք վերադառնալ, ինչը նույնպես պակաս կարևոր չէ Իվանիշվիլիի համար:
Քաղաքագետ Խաթունա Լագազիձեն կարծում է, որ Զուրաբիշվիլիին ընտրել են այն պաճառով, որ նրան այնքան էլ չեն սիրում ընդդիմադիր քաղաքական հատվածում:
«Չնայած նրան, որ նախագահը նոմինալ ֆիգուր է, նա, այնուամենայնիվ, իսկական ժողովրդական առաջնորդ դառնալու շանս կունենա, որը կկարողանա կոնսոլիդացնել ընդդիմությանն ու 2020թ-ի խորհրդարանական ընտրություններին դիմակայել իշխանությանը: Արդյո՞ք «Վրացական երազանքին» նման սցենար է պետք: Իհարկե, ոչ: Հենց այդ պատճառով է Իվանիշվիլին նախագահի դերում ընտրել ծայրահեղ առճակատվող ֆիգուր, որը կյանքում չի կարող դառնալ ժողովրդական առաջնորդ, առավելևս, միավորել ընդդիմությանը», — կարծում է Լագազիձեն:
«Փարիզի բարձրությունից»
Չնայած իր դեմ սկսված լուրջ արշավին Զուրաբիշվիլին, այնուամենայնիվ, նախագահական ընտրարշավի ֆավորիտն է, որին, ըստ ԿԸՀ ցուցակի, մասնակցում է 46 թեկնածու, որոնց մեծ մասն անհայտ անձինք են:
Զուրաբիշվիլին հաճախ է սիրում խոսել իր էմիգրանտական արմատներից և հայտնի նախահայրերից: Նա իր ծագումը նախընտրական արշավի գլխավոր մեսիջներից մեկն է դարձրել:
Նա վատ է խոսում վրացերեն: Երբեմն նրան անգամ հասկանալն է դժվար:
Հանդիպումներից մեկի ժամանակ նա դիմել էր էմիգրանտներին.
«Վերադարձե՛ք: Եվ մի՛ ամաչեք ձեր վրացերենից: Ես ահա իմ վրացերենով շուտով նախագահ եմ դառնալու»:
Խոսելով վառ զարդերով և էլեգանտ զգեստներով 66-ամյա կնոջ մասին, վրացի փորձագետներից և լրագրողներից շատերն, իրենց հերթին, նշում են, որ նա ժողովրդական առաջնորդ չէ, այլ, ավելի շուտ, «քաղաքական գործիչ, որը մարդկանց վերևից ներքև է նայում»:
Հարցազրույցներից մեկում լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ է նա իրենց հետ խոսում «վերևից ներքև, Փարիզի բարձրությունից», նա պատասխանել էր.
«Երևի որովհետև, այո, նախագահը պետք է ժողովրդի հետ լինի, սակայն նա, այնուամենայնիվ, ժողովրդից բարձր է»: