Ո՞վ է պատրաստ զենք վաճառել Հայաստանին․ կարծիքներ Երևանից
Զենք մատակարարել Հայաստանին
«Հայաստանն ունի ֆինանսական միջոցներ անհրաժեշտ պաշտպանական զենք-զինամթերք ձեռք բերելու համար։ Կան երկրներ, որոնք պատրաստ են մատակարարել, բայց այդ երկրներից զենք գնելը անվտանգային նոր սպառնալիքներ է առաջացնում»։ Օրեր առաջ խորհրդարանի ամբիոնից նման հայտարարություններ է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի երևանյան այցից հետո թեման առավել ակտիվ է քննարկվում փորձագիտական շրջանակներում։ Ոմանք պնդում են՝ պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից և ռազմական օգնություն ստանալ Միացյալ Նահանգներից, ոմանք էլ կարծում են՝ խնդիրը ոչ թե ՀԱՊԿ-ն է, այլ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան։ Հետևաբար, եթե Հայաստանը նույնիսկ դուրս գա Ռուսաստանի հովանու ներքո գործող ռազմական դաշինքից, ԱՄՆ-ից չի ստանա սպասված զենք-զինամթերքը։
Փաշինյանի ելույթի մանրամասները, նաև իրավիճակի մեկնաբանություն հայ վերլուծաբանների կողմից
Երբ զենք գնելն առաջացնում է անվտանգային սպառնալիքներ
Ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Զինված ուժերում բարեփոխումներ են ընթանում, երկրի անվտանգությունն ապահովելու համար «պետք է հնարավորինս արագ և արդյունավետ բարեփոխել բանակը»։
Պատգամավորները հարցեր են հնչեցրել պաշտպանական զենք-զինամթերքի ձեռքբերման և առկա խնդիրների մասին։ Կառավարության ղեկավարն ասել է, որ զենք-զինամթերքի ձեռքբերման համար Հայաստանն ունի որոշակի ֆինանսական միջոցներ, թեև ռեսուրսներն անսահմանափակ չեն։ Սակայն կան մի շարք այլ խնդիրներ՝ քաղաքական, տեխնիկական և տրանսպորտային։
«Ոչ բոլոր երկրներն են պատրաստ զենք վաճառել Հայաստանին։ Կան երկրներ, որոնք պատրաստ են, բայց կան երկրներ, որոնք պատրաստ չեն այն փաստին, որ Հայաստանն այդ երկրներից զենք գնի։ Եվ այդ պատրաստ լինել-չլինելն իր հետևից բերում է հետևանքներ, այդ թվում՝ անվտանգային»,— հայտարարել է Փաշինյանը։
Վարչապետը շեշտել է՝ սովորաբար զենք գնում են անվտանգային սպառնալիքները կառավարելու համար, բայց «լինում են իրավիճակներ, երբ զենք գնելը կապված է անվտանգային նոր սպառնալիքներ ստեղծելու հետ»։
Ըստ նրա՝ երբեմն խնդիրները տեխնիկական բնույթի են, օրինակ՝ երկիրը պատրաստ է զենք վաճառել Հայաստանին, բայց ունի պայմանագրային պարտավորություններ առաջիկա մի քանի տարիների համար, ըստ այդմ՝ չունի անհրաժեշտ քանակի զենք։ Փաշինյանի խոսքով՝ բարդ է լուծել նաև գնված զենքի փոխադրման հարցը․ Հայաստանը ելք չունի դեպի ծով, ուստի դժվարանում է ներկրումը։
Վստահեցրել է՝ կառավարությունն ամենօրյա ռեժիմով է աշխատում այս խնդիրների հաղթահարման ուղղությամբ։
Փաշինյանի ելույթից հետո բանակի կարիքների թեմային անդրադարձել է նաև Ազգային ժողովի խոսնակը։ Հանրային հեռուստաընկերության եթերում Ալեն Սիմոնյանն ասել է, որ միակ կարիքը զենքն է։
«Զենքն անընդհատ համալրման կարիք ունի: Մնացած բոլոր կարիքները հոգալու մասով կառավարությունն ամեն ինչ անում է և որևիցե գումարային խնդիր չունի»,- նշել է նա։
Խորհրդարանի խոսնակն ընդգծել է, որ չեն բավարարվում «մեկ ուղղությունից լուծումներ տալով»՝ նկատի ունենալով այն, որ զենքը մեկ երկրից չի ներկրվում։
Մեկնաբանություններ
Այս հայտարարությունների արդյունքում հայկական մեդիան հարց ուղղեց ռազմաման փորձագետներին և քաղաքագետներին, թե որ երկրներից կարող է զենք ներկրել Հայաստանը։
Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը կարծում է՝ ՆԱՏՕ-ի ճամբարում գտնվող երկրները ձեռնպահ կմնան նման գործարքից․
«Իսկ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, Սերբիան, ու ինչ-որ առումով Հունաստանը, կարող են արդիական զենք մատակարարել»։
Համբարձումյանի դիտարկմամբ՝ զենք ձեռք բերելու հարցում ֆինանսականից հետո ամենաբարդ խնդիրը քաղաքականն է։ Ասում է՝ Հայաստանին զենք կարող են վաճառել այն երկրները, որոնք չեն վախենում Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները փչացնելուց։
Ինչ վերաբերում է երկրի ռազմավարական դաշնակից Ռուսաստանին, ըստ փորձագետի, 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո Մոսկվան որոշեց վերազինել իր բանակը, արդիական զենքեր արտադրեց, 80-ականների զինամթերքն էլ արտահանեց այլ երկրներ, այդ թվում՝ Հայաստան։ Ներկա պահին իրավիճակն այլ է՝ պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով։
«Ռուսական ռազմական արդյունաբերությունը կանգնած է, քանի որ ռուսական արդիական զենքի բաղադրիչների մեծ մասը արևմտյան ծագում ունի և պատժամիջոցների պատճառով դրանք Մոսկվայի համար անհասանելի են։ Իսկ եղած հին զենքն արդեն չի բավարարում նրա կարիքները»,— նշել է Համբարձումյանը։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով՝ Հայաստանի համար այլ շուկաներ մտնելու խնդիրներ է ստեղծում ՀԱՊԿ անդամ լինելը, բայց կան նաև այլ՝ քաղաքական ու լոգիստիկ խնդիրներ։
«Անմիջականորեն Հայաստանին չառնչվող քաղաքական խնդիրներ էլ կան, օրինակ՝ ռուս-վրացական հարաբերությունը ևս Հայաստանի համար առաջացնում է բարդություն և լոգիստիկ խնդիրներ»,— նշել է Բադալյանը։
Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանն էլ ասել է, որ իրատեսական չի համարում Նահանգների կողմից ռազմական աջակցության տրամադրումը Հայաստանին։
«Պետք է իլյուզիաներ չունենանք, որ կստանանք ուղիղ ռազմական աջակցություն կամ զենք Արևմուտքից»,- նշել է նա։
Կիրակոսյանի դիտարկմամբ՝ Ռուսաստանն արդեն ցույց է տվել, որ վստահելի գործընկեր չէ Հայաստանի համար, ուստի ՌԴ-ից անկախանալ է պետք, բայց ոչ միանգամից․
«Ի տարբերություն Վրաստանի, որ ՆԱՏՕ-ի անդամակցության է ձգտում, Հայաստանը պետք է ավելի պրակտիկ ու իրատես լինի ու պահպանի բալանս Ռուսաստանի և Արևմուտքի միջև՝ երկուսից էլ որոշակի օգուտներ ստանալով։ Դա բխում է Հայաստանի ազգային շահերից»։
Զենք մատակարարել Հայաստանին