Շվեյցարական բանկը դատի է տվել Իվանիշվիլիին, որը Վրաստանի ստվերային ղեկավարն է համարվում
Շվեյցարական Credit Suisse-ը Բիձինա Իվանիշվիլիին՝ Վրաստանի նախկին վարչապետին, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադրին և նախկին առաջնորդին, մեղադրել է գաղտնի փաստաթղթի հրապարակման համար և դատի է տվել նրան։
Բիձինա Իվանիշվիլիին շատերը Վրաստանում և դրա սահմաններից դուրս համարում են երկրի ազդեցիկ «ստվերային» ղեկավար, չնայած նրան, որ այս պահի դրությամբ նա որևէ պաշտոն չի զբաղեցնում։
Ինչպես գրում է Bloomberg-ը, խնդիրն այն է, որ Իվանիշվիլին և նրա խորհրդականը հրապարակել են շվեյցարական բանկային կարգավորչի 2017 թ-ի հաշվետվությունը, որում տեղեկություններ կան խարդախության համար մեղադրվող նախկին բանկիր Պատրիս Լեսկադրոնի մասին։ Credit Suisse-ն իրավունք է ունեցել պահպանել փաստաթղթի գաղտնիությունը դատարանի որոշման հիման վրա։
Լեսկադրոնի խարդախ սխեմայի զոհ են դարձել մի շարք ներդրողներ, այդ թվում՝ Բիձինա Իվանիշվիլին։ Փաստաթուղթը հրապարակվել է csvictors.com կայքում։ Հինգշաբթի Լոնդոնում կայացել են կողմերի լսումները, որոնց ժամանակ որոշվել է հեռացնել փաստաթուղթն այդ կայքից՝ մինչև դատական լսումների մեկնարկը։
Bloomberg-ի տվյալներով՝ այդ կայքի հետևում Metigen փիար-ընկերությունն է կանգնած։ Metigen-ի գլխավոր տնօրեն Չառլի Ուիգանը «վրդովեցուցիչ» է անվանել այն, որ «Credit Suisse բանկն ինքն է հանցագործության զոհ, սակայն միակն է, ով խոչընդոտում է փաստաթղթի օգտագործմանը»։
Պատրիս Լեսկադրոնի գործը, որն ինքնասպան է եղել 2020 թ-ին, հանրությանը հայտնի է դարձել 2015 թ-ին։ Լրատվամիջոոցների հաղորդմամբ՝ բանկիրը խոստովանել է ստորագրությունների կեղծումը, առևտրային գործարքներն ու ժամանակ ձգելու փորձերը՝ 2008 թ-ի ֆինանսական կորուստները փոխհատուցելու համար։ Credit Suisse-ը պնդում էր, որ բանկիրը միայնակ է գործել։
Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին վրացական քաղաքականությունում է հայտնվել 2011 թ-ին՝ «Վրացական երազանք» քաղաքական ընդդիմադիր կոալիցիան ձևավորելով, որն այն ժամանակ միավորում էր ողջ ընդդիմությունն ու դեմ էր հանդես գալիս նախագահ Սաակաշվիլիին և նրա կառավարությանը։

Իվանիշվիլիի կոալիցիան հաղթեց 2012 թ-ի խորհրդարանական ընտրություններում և վերջ տվեց «Միասնական ազգային շարժման» իննամյա կառավարմանը։ 2012 թ-ի նոյեմբերին Իվանիշվիլին դարձավ երկրի վարչապետ։
Նախագահական ընտրություններում նրա կուսակցության հաղթանակից 13 ամիս անց Իվանիշվիլին հայտարարեց, որ կատարել է իր աշխատանքն ու ինքնակամ հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից։
Այնուհետև Իվանիշվիլին հայտարարեց, որ անցնում է քաղաքացիական հատված։ Նրա հրաժարականից հետո երկրում չորս վարչապետ է փոխվել։
2018 թ-ի ապրիլին, նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ Իվանիշվիլին հանրային քաղաքականություն վերադարձավ և դարձավ «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» իշխող թիմի նախագահը։
2021 թ-ի փետրվարի 11-ին խորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո, որոնք բոյկոտեց ընդդիմությունը, Իվանիշվիլին երկրորդ անգամ հեռացավ քաղաքականությունից, այս անգամ, նրա խոսքով, վերջնականապես։
Քաղաքականությունից հեռանալու հիմնական պատճառն, ըստ նրա, այն է, որ «նրա գրեթե բոլոր հայտարարված նպատակներն իրականացվել են»։
Իվանիշվիլին ամենահարուստ վրացին է։ Forbes-ը նրա կարողությունը գնահատում է 4,8 մլրդ դոլար։