Ուկրաինան, Հայաստանը/Ադրբեջանը, Իրանը՝ 2023 թ․-ի վտանգավոր հակամարտությունների շարքում
Նոր պատերազմ Հայաստանի և Ադրբեջանի միջև 2023 թ
Նախորդ տարին շատ անհանգստացնող էր, մանավանդ որ այն դարձավ հերթական մտահոգիչ տարին։ Համավարակը ցնցել է աշխարհի մեծ մասը։ Զայրացած ամբոխը ներխուժել է ԱՄՆ կոնգրեսի նստավայր։ Եվրոպայում մեծ պատերազմ է մոլեգնում, դրա «ճարտարապետը» միջուկային էսկալացիայի կոչ է անում։ Եվ մի քանի աղքատ երկրներ կանգնած են պարտքային ճգնաժամի, սովի և եղանակային ծայրահեղ պայմանների առաջ:
Ի՞նչ է սպասվում 2023 թվականին: Արդյո՞ք մեծ տերությունները կգնա՞ն պատերազմի և գուցե նույնիսկ կխախտե՞ն միջուկային՝ գրեթե 80-ամյա տաբուն: Հաշվի առնելով նախորդ տարիների փորձը՝ չափից դուրս ինքնավստահ կլիներ ասելը, թե ինչ-որ բան կարող է անհնարին լինել։
10 հակամարտություններ, որոնք կարող են շարունակվել կամ սրվել 2023 թվականին՝ ըստ Crisis Group-ի
- Ուկրաինա,
- Հայաստան և Ադրբեջան,
- Իրան,
- Եմեն,
- Եթովպիա,
- Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն և Մեծ լճեր,
- Սախել,
- Հայիթի,
- Պակիստան,
- Թայվան։
Կանդրադառնանք առաջին երեքին, մնացածի մասին կարող եք կարդալ Crisis Group-ի կայքում։
- «Ադրբեջանի դեմ պատժամիջոցների սցենարը չի քննարկվում»․ Թոմաս դը Վաալ
- ԵՄ-ն 3 անգամ քիչ է ծախսել Ուկրաինային օգնելու, քան ռուսական նավթի և գազի վրա
- Հնարավո՞ր է համաշխարհային պատերազմ սկսվի․ «Խուսափելու հույս կա»
Ուկրաինա
Մինչ այժմ Ուկրաինան դիմակայում էր ռուսական հարձակմանը ուկրաինացիների խիզախության և Արևմուտքի աջակցության շնորհիվ։ Բայց գրեթե մեկ տարվա պայքարից հետո ավարտը չի նշմարվում։
Երբ Կրեմլը փետրվարին լայնածավալ ներխուժում սկսեց, նա, ըստ երևույթին, հույս ուներ արագ ջախջախել Ուկրաինայի կառավարությանն ու ավելի հնազանդ ռեժիմ հաստատել: Նա սխալ էր հաշվարկել։ Ուկրաինայի դիմադրությունը նույնքան կատաղի էր, որքան ապաշնորհ էր ռուսական պլանավորումը:
Գարնանը Կիևից հետ մղված Մոսկվան իր ուժերը կենտրոնացրեց արևելքում և հարավում: Այնուհետև ամառվա վերջին այնտեղ շարժվեցին նաև ուկրաինական զորքերը, որոնք այժմ զինված են ավելի հզոր, արևմտյան զենքերով։
Այնուամենայնիվ, Մոսկվան բարձրացրել է խաղադրույքները: Հավանաբար մոբիլիզացվել է ևս 300 հազար մարդ, թեև թվերը հավաստի չեն։ Առնվազն նույնքան ռուսներ լքել են երկիրը, իսկ անձնակազմի և տեխնիկայի պակասը առաջվա նման հետապնդում է բանակին:
Կրեմլը նաև հայտարարեց Ուկրաինայի որոշ մասերի, այդ թվում՝ իր վերահսկողության տակ չգտնվող տարածքների բռնակցման մասին։ Սկսվել է ուկրաինական ենթակառուցվածքների վրա օդային հարվածների պատժիչ արշավը։ Էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով շատ թաղամասեր դարձել են ապրելու համար ոչ պիտանի:
Վերջին մեկ տարվա ընթացքում յուրաքանչյուր երրորդ ուկրաինացի տեղահանվել է։
Առայժմ քիչ բան է վկայում այն մասին, որ Կիևը կամ Մոսկվան կնահանջեն։ Ռուսաստանում քարոզչությունն ու ճնշումը զսպում են ընդդիմությանը։ Կողմերից ոչ մեկը խաղաղ բանակցությունների իրական ցանկություն չի ցուցաբերում:
Հասկանալի է, որ ուկրաինացիները չեն ցանկանում հրաժարվել այն հողերից, որոնք հետ են վերցրել։ Իսկ Մոսկվան, չնայած պնդում է, թե բաց է դիվանագիտության համար, այնուամենայնիվ Կիևից կապիտուլյացիա է պահանջում՝ արհամարհելով Ուկրաինայի կառավարությանը՝ որպես «նացիստների, որոնք վերահսկվում են այլասերված Արևմուտքի կողմից»:
Փակուղային իրավիճակ է, կարելի է միայն ենթադրել, թե որքան այն կտևի։ Երկու կողմերն էլ փորձում են առաջ շարժվել՝ թեկուզ մի թիզ։ Բելառուսի կողմից կենտրոնական Ուկրաինայի վրա նոր հարձակումը, թեև այդ մասին շատ է խոսվում, քիչ հավանական է թվում՝ հաշվի առնելով հաջողելու ցածր շանսերը:
Մոսկվան հույս ունի, որ ձմռան ցուրտն ու գազի բարձր գները, որոնք առաջացել են Արևմուտքի կողմից ռուսական ածխաջրածինների բոյկոտի հետևանքով, եվրոպացիներին հետ կպահեն Ուկրաինային աջակցելուց։ Բայց Արևմուտքի միասնության մեջ դեռ քիչ ճաքեր կան։ Եվրոպական մայրաքաղաքներում, ընդհակառակը, շատերը կարծում են, որ ուկրաինական պարտությունը կուրախացնի Մոսկվային և վտանգի տակ կդնի նաև իրենց:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը Վաշինգտոն 2022 թվականի վերջին վերահաստատեց երկկուսակցական աջակցությունն այնտեղ՝ չնայած Հանրապետական կուսակցության աջ թևի դժգոհությանը:
Ինչ վերաբերում է իսկապես աղետալի սցենարին՝ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև պոտենցիալ միջուկային էսկալացիային, և՛ Մոսկվան, և՛ արևմտյան մայրաքաղաքները գործադրել են բոլոր ջանքերը՝ ուղիղ առճակատումներից խուսափելու համար:
Օրինակ՝ Արևմուտքը մերժեց ոչ թռիչքային գոտիներ ստեղծելու գաղափարը և ձեռնպահ մնաց ժամանակակից զենք մատակարարելուց։ Իսկ Ռուսաստանը խուսափեց ՆԱՏՕ-ի տարածքին հարվածներ հասցնելուց։ Հազիվ թե միջուկային հարվածը ռազմական օգուտ բերի, բայց այն կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի ուղղակի միջամտության, ինչից Մոսկվան հույս ունի խուսափել:
Այնուամենայնիվ, հնարավոր չէ բացառել նման հնարավորությունը, հատկապես, եթե Պուտինը զգում է, որ իր իշխանությունը թուլանում է: Պատերազմը ստեղծեց միջուկային առճակատման ամենաբարձր ռիսկը վերջին 60 տարվա ընթացքում:
Անշուշտ, արևմտյան առաջնորդները պետք է դուռը բաց պահեն կարգավորման համար՝ Կրեմլին բացատրելով օգուտները, հատկապես պատժամիջոցների մեղմացման առումով, որոնք կհետևեն համաձայնագրին, ըստ որի՝ Ուկրաինան կարող է ապրել:
Ներկա պահին, սակայն, նրանք կարծում են, որ չնայած պատերազմի բոլոր սարսափներին, նույնիսկ միջուկային էսկալացիայի որոշակի ռիսկով Ուկրաինային աջակցելն ավելի լավ է, քան թույլ տալ, որ Ռուսաստանը հաղթի դաժան ռազմական արշավի և միջուկային սպառնալիքի միջոցով:
- Հայաստան-Ադրբեջան նոր սահմանի երկայնքով։ Իրավիճակը՝ մարդկային պատմություններով
- «Խնդիրը կարող է ավելի խորանալ»․ հայ քաղաքագետը՝ Լաչինի միջանցքի մասին
- Ի՞նչ է բերել Զելենսկին Վաշինգտոնից, և ինչպե՞ս է կազմակերպվել գաղտնի ուղևորությունը
- «Խնդիրը կարող է ավելի խորանալ»․ հայ քաղաքագետը՝ Լաչինի միջանցքի մասին
Հայաստան և Ադրբեջան
Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին պատերազմից երկու տարի անց Հայաստանն ու Ադրբեջանը կարծես թե շարժվում են դեպի նոր առճակատում։
Եթե նոր պատերազմ լինի, այն կլինի ավելի կարճատև, բայց ոչ պակաս դրամատիկ, քան 2020 թվականի 44-օրյա պատերազմը։
Այդ ժամանակից ի վեր հավասարակշռությունն էլ ավելի է խախտվել հօգուտ Ադրբեջանի։ Հայկական բանակը չի համալրել իր զորքերը և սպառազինությունը, քանի որ Ռուսաստանը՝ ավանդական զենք վաճառողը, պաշարների պակաս ունի: Ադրբեջանը, ընդհակառակը, թափ է հավաքում։ Նրա բանակը մի քանի անգամ գերազանցում է Հայաստանի բանակին, շատ ավելի հագեցած է և վայելում է Թուրքիայի աջակցությունը։
Բաքվին ոգևորել է նաև ադրբեջանական գազի նկատմամբ եվրոպական պահանջարկի աճը։
2020 թվականի հրադադարի շրջանակներում ռուս խաղաղապահները տեղակայվել են Լեռնային Ղարաբաղի այն շրջաններում, որտեղ բնակվում են էթնիկ հայեր։ Ռուսաստանը նաև ուժեղացրել է իր սահմանապահ ծառայությունն ու զինվորական անձնակազմը հայ-ադրբեջանական սահմանի այն հատվածներում, որոնք պատերազմից հետո վերածվել են վեճերի ու կոնֆլիկտների նոր գծերի:
Գաղափարն այն էր, որ այդ զորակազմը, որքան էլ փոքր լինի, կզսպի միջադեպերը, քանի որ Բաքուն չի ցանկանա կոնֆլիկտի մեջ մտնել Մոսկվայի հետ:
Բայց, այնուամենայնիվ, ռուսական ուժերը չդադարեցրին մի քանի բռնկում 2022 թվականին: Ադրբեջանական զորքերը մարտ և օգոստոս ամիսներին իրենց վերահսկողության տակ վերցրին Լեռնային Ղարաբաղի նոր տարածքներ, այդ թվում՝ ռազմավարական լեռնային դիրքեր։ Սեպտեմբերին ադրբեջանական ուժերը մտան բուն Հայաստանի ներսում գտնվող տարածք, այն հատվածում, որի երկայնքով սահմանը սահմանազատված չէր։
Յուրաքանչյուր նոր բախում ավելի ու ավելի արյունալի էր։
Մոսկվան պատմականորեն ձգտել է ղեկավարել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ջանքերը:
Սակայն Ուկրաինայի պատերազմը ստվերել է խաղաղ բանակցությունները։ Ենթադրվում էր, որ 2020 թվականի հրադադարը կբացի առևտուրը տարածաշրջանում, այդ թվում՝ վերականգնելով Հայաստանի տարածքով ուղիղ ճանապարհը Ադրբեջանից դեպի Նախիջևան՝ Իրանի հետ սահմանին:
Առևտրի բարելավումը ճանապարհ կհարթեր նաև Լեռնային Ղարաբաղի ապագայի բարդ հարցում փոխզիջման համար:
2020 թվականի պատերազմից հետո Երևանը հրաժարվեց Լեռնային Ղարաբաղին հատուկ կարգավիճակ տրամադրելու իր տասնամյակների պահանջից։ Բայց նա դեռ խոսում է այնտեղ ապրող հայերի հատուկ իրավունքների և անվտանգության երաշխիքների մասին։ Բաքուն պնդում է, որ տեղի հայերը կարող են օգտվել նույն իրավունքներից, ինչ Ադրբեջանի մյուս քաղաքացիները։
2021 թվականի վերջին Մոսկվան չառարկեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդությունն իր վրա վերցնի Եվրամիությունը։ Այդ ժամանակ կային ենթադրություններ, որ Եվրոպայի ներգրավվածությունը կամրապնդի խաղաղապահ ջանքերը Ռուսաստանի, որը չէր հասել առանձնապես մեծ հաջողությունների:
Սակայն Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր Մոսկվան ԵՄ դիվանագիտությունը դիտարկում է որպես Ռուսաստանի ազդեցությունը զսպելու ավելի լայն ջանքերի մաս:
Արդյունքում շրջանառվում է համաձայնագրի երկու նախագիծ։
Մեկը պատրաստել է Ռուսաստանը։ Մյուսը մշակել են իրենք՝ Հայաստանն ու Ադրբեջանը՝ Արևմուտքի աջակցությամբ, բայց այնտեղ շատ հատվածներում կողմերի առաջարկածի հակառակ տեքստերն են։
Յուրաքանչյուր նախագիծ վերաբերում է առևտրին և հայ-ադրբեջանական սահմանի կայունացմանը։ Իսկ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի ճակատագիրը թողնվել է առանձին և դեռևս չմեկնարկած գործընթացի։
Արևմուտքի աջակցությամբ երկրների ներգրավվածությունը, հավանաբար, ավելի խոստումնալից է, մասամբ այն պատճառով, որ այն գալիս է հենց գործընթացի մասնակիցներից: Բայց ամեն դեպքում կողմերը հեռու են միմյանցից։
Բաքուն իր ձեռքում ունի բոլոր խաղաքարտերը։ Բայց Ադրբեջանն առևտրի գործարքից և միջազգային հարաբերությունների զարգացումից ավելի շատ կշահի, քան պատերազմից:
Վտանգն այն է, որ մոտ ապագայում բանակցությունները ոչ մի տեղ չեն տանի։ Եվ բռնության հերթական բռնկումը կդադարեցնի բոլոր գործընթացները՝ նրանք, որոնք ղեկավարում է Մոսկվան, և նրանք, որոնց աջակցում է Արևմուտքը։
Եվ այդ ժամանակ Ադրբեջանն ուժով կվերցնի այն ամենն, ինչ կարող է։
- Ինչի՞ հասավ Իրանը Ադրբեջանի հետ լարվածություն սանձազերծելու արդյունքում
- «Պետք է ամեն ինչ սկսել զրոյից»․ հայ տնտեսագետը՝ իրանական շուկա մուտք գործելու մասին
- «Եթե Հայաստանի վրա ճնշում գործադրեն, Իրանը կմիջամտի». կարծիք
- «Պատերազմի սպառնալիքն ակնհայտ է»․ ադրբեջանցի փորձագետի սենսացիոն հարցազրույցը
Իրան
Ռեժիմի դեմ զանգվածային բողոքի ցույցերը, Իրանի անողոք ռեպրեսիաները և զենքի մատակարարումները Ռուսաստան Իսլամական Հանրապետությունը դարձրին ավելի մեկուսացված, քան այն երբևէ եղել էր վերջին տասնամյակների ընթացքում: Միևնույն ժամանակ ճգնաժամ է հասունանում նրա միջուկային ծրագրի պատճառով։
Բողոքի ցույցերը, որոնք ցնցում են երկիրը, ամենաերկար և վճռական սպառնալիքն են Իսլամական Հանրապետության հեղինակության համար 2009 թվականի շարժումից ի վեր: Տասնյակ հազարավոր՝ հիմնականում երիտասարդ մարդիկ դուրս են եկել փողոց՝ կատեգորիկ անհնազանդության ակտերով։
Հաճախ որպես առաջնորդ են ներկայանում կանայք, նույնիսկ ուսանողուհիներն ու աշակերտուհիները, ովքեր մերժում են հիջաբի պարտադիր կրումը՝ որպես կնատյացության և ավելի լայն ճնշումների խորհրդանիշ:
Ի պատասխան՝ Իրանի կառավարությունը հարյուրավոր մարդկանց սպանեց, այդ թվում՝ տասնյակ երեխաների։ Ցուցարարների պաշտոնական մահապատիժները հաջորդում են դատավարություններին, որոնք իրավապաշտպան կազմակերպությունների կարծիքով ֆիկտիվ բնույթի են: Հազարավոր մարդիկ բանտերում են, շատերը ենթարկվում են սարսափելի խոշտանգումների։
what a video,
projected onto iran’s embassy in london:pic.twitter.com/YTTxsqTrey— ian bremmer (@ianbremmer) December 21, 2022
Այն, ինչ ժողովրդական հակակառավարական տրամադրությունների զանգվածային արտահայտությունն է, հատկապես երիտասարդության շրջանում և վաղուց մոռացված ծայրամասերում, ռեժիմը ներկայացնում է որպես արտաքին դավադրություն։ Սակայն քչերն են դրան հավատում:
Երիտասարդ ցուցարարների խնդիրն է իրենց կողմ գրավել միջին խավի տարեց իրանցիներին։ Նրանցից շատերը համակրում են, բայց վախենում են ռեժիմի բռնություններից կամ արմատական փոփոխություններից:
Բողոքի ակցիաները կրիտիկական զանգված կհավաքեն, եթե նրանց միանա բնակչության այդ կատեգորիան։ Առանց դրա բողոքի ակցիաների ընդլայնումը քիչ հավանական է։ Համենայն դեպս, եթե մեկ այլ գործոն չխախտի հավասարակշռությունը կամ ցուցարարների մեջ նոր առաջնորդներ չհայտնվեն:
Առայժմ ռեժիմի պառակտման որևէ նշան չկա։ Բայց նույնիսկ ռեպրեսիաները չեն կարող զսպել հանրային խորը զայրույթը:
Իրանում ինչ-որ բան փոխվել է։ Ռեժիմն այլևս չի կարող ժամանակը հետ տալ։
Մինչդեռ 2015 թվականի միջուկային համաձայնագրի վերսկսման շուրջ բանակցությունները, որոնք սեպտեմբերի սկզբին կանգ են առել, այժմ գտնվում են խորը սառեցման մեջ: Վերջին մի քանի տարիների ընթացքում Թեհրանի միջուկային ներուժը զգալիորեն առաջադիմել է: Ուրանի հարստացման նրա հզորությունն ընդլայնվել է, գործարկման ժամանակը կրճատվել է՝ գրեթե հասնելով զրոյի:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մոնիթորինգը խիստ սահմանափակված է։ Եվ թվում է, թե մոտենում է այն պահը, որից ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները վաղուց հույս ունեին խուսափել. երբ նրանք պետք է ընտրություն կատարեն Իրանի՝ միջուկային ռումբ ձեռք բերելու հնարավորության կամ դա կանխելու համար ուժի կիրառման միջև:
2023 թվականի հոկտեմբերին իրանական բալիստիկ հրթիռների նկատմամբ ՄԱԿ-ի սահմանափակումների ժամկետը կլրանա։ Եվ սա կարող է դառնալ մեկնարկային կետը։
Կարևորելով Իրանի կողմից հրթիռների և անօդաչու սարքերի տարածումը զսպելը, հատկապես Ուկրաինայում Ռուսաստանին օգնելու համար, արևմտյան առաջնորդները ստիպված կլինեն վերադարձնել ՄԱԿ-ի պատժամիջոցները: Սա, ամենայն հավանականությամբ, կդրդի Իրանին դուրս գալ Միջուկային զենքի չտարածման պայմանագրից: Իսկ դա իր հերթին ԱՄՆ-ում և Իսրայելում պատերազմի պոտենցիալ առիթ է։
Իրանի միջուկային ծրագրի ցանկացած սահմանափակում կարող է տարածաշրջանում հակամարտության սրացում հրահրել: Որովհետեւ Իրանն արդեն իսկ կատաղած է Սաուդյան Արաբիայի վրա։ Նա մեղադրում է նրան աջակցելու մեջ արբանյակային ալիքներին, որոնք օգնում են ցույցերին։
Կարելի է նաև ակնկալել, որ Իրանի և Իսրայելի միջև բազմակողմ առճակատումը կսրվի նաև Իսրայելի նոր՝ ծայրահեղ աջ կառավարության պատճառով:
Այս համատեքստում իմաստ ունի դուռը բաց պահել դիվանագիտության համար։
Արևմտյան մայրաքաղաքները վրդովված են Իսլամական Հանրապետության կողմից իր բնակչության դեմ իրականացվող ճնշումներից, վրդովված են Ռուսաստանին զենք մատակարարելու պատճառով: Սակայն մինչ այժմ նրանք գերադասել են ամբողջությամբ չխզել շփումները։
Մասամբ այն պատճառով, որ ինչ-որ մեկը պետք է բանակցի պատանդներին ազատ արձակելու համար: Բայց հիմնականում՝ հաշվի առնելով միջուկային սպառնալիքը։
Հաշվի առնելով ներկայիս իրավիճակը՝ միջուկային ճգնաժամը թուլացնելու բանակցությունների հեռանկարները մշուշոտ են թվում: Սակայն առնվազն միմյանց կարմիր գծերի ըմբռնումը կարող է օգնել զսպել լարվածությունը, մինչև ավելի շատ հնարավորություններ հայտնվեն դեէսկալացիայի և դիվանագիտական ներգրավվածության համար:
Դժվար է պատկերացնել, որ ցուցարարները կշահեն, եթե միջուկային ճգնաժամը հասնի գագաթնակետին։ Ավելի հավանական է, որ մարտական պատրաստության մեջ գտնվող ռեժիմը կկարողանա ավելի խիստ վերահսկողություն սահմանել։