Նոր թունավորում «Նովիչոկով»: Ի՞նչ է հայտնի տվյալ պահին
Անգլիական Էյմսբերի քաղաքում երկու տեղացի է հիվանդանոցում հայտնվել: 45-ամյա Չառլի Ռոուլին և 44-ամյա Դոն Սթերջեսն, ըստ անգլիական ոստիկանության, թունավորվել են «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութով, հաղորդում է Բի-Բի-Սին:
Էյմսբերին գտնվում է Սոլսբերի քաղաքից տասնյակ կիլոմետր հեռավորության վրա, որտեղ 4 ամիս առաջ թունավորվել էր ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստր Յուլյան:
Բրիտանական ոստիկանության և Քիմիական զենքի արգելման կազմակերպության հետաքննությունները ցույց են տվել, որ Սկրիպալները թունավորվել են «Նովիչոկ» նյութով, որն արտադրվել է ԽՍՀՄ-ում 1980-ականներին: Բրիտանիայի իշխանությունները Ռուսաստանին մեղադրում են Սկրիպալներին թունավերլու մեջ մասնակից լինելու համար:
Ինչպես հայտնի է դարձել անգլիական լրատվամիջոցներին, թունավորման նախորդ օրը Ռոուլին ու Սթերջեսը Սոլսբերիում են եղել: Այնտեղ նրանք այցելել են առևտրի կենտրոն և այգի: Հաջորդ օրը նրանց հոսպիտալացրել են այն ախտանշաններով, որոնք նկատվել են նաև Սկրիպալների մոտ թունավորումից հետո: Այժմ Ռոուլին ու Սթերջեսը գտնվում են կրիտիկական վիճակում:
ԱՄՆ-ում բնակվող խորհրդային քիմիկոս Վիլ Միրզայանովը կարծում է, որ Էյմսբերիի զույգի թունավորումը նոր գրոհ է: Ըստ նրա՝ «Նովիչոկը» չի կարող իր հատկությունները մի քանի ամիս պահպանել, քանի որ բավականին արագ տարրալուծվում է: Հենց Միրզոյանովն է առաջինը եղել, որը պատմել է ԽՍՀՄ-ում «Նովիչոկի» արտադրման մասին:
Փորձագետները կարծում են նաև, որ «Նովիչոկը», որով թունավորվել են Ռոուլին ու Սթերջեսը, առարկաներից մեկի վրա է եղել, որին նրանք դիպչել են: Փողոցում թույնն արագ տարրալուծվում է արևի ճառագայթների և այլ բնական երևույթների ներքո, կարծում են նրանք:
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդը ռուսական իշխանություններից պահանջել է մեկնաբանել Էյմսբերիի զույգի թունավորման փաստը: