Հայաստանում կորոնավիրուսն առանց ախտանիշների տանող հիվանդները պարզապես կմեկուսացվեն տներում
Հայաստանում որոշել են այլևս չմեկուսացնել կորոնավիրուսով վարակված, բայց հիվանդությունը թեթև, առանց ախտանիշների տանող հիվանդներին։
Վարակվածների թիվը կտրուկ աճել է վերջին օրերին, և սա հարկադրված որոշում է, որի մասին ավելի վաղ նախազգուշացրել էր առողջապահության նախարարը։
Այժմ կորոնավիրուսային հիվանդության թեստի դրական արդյունքով քաղաքացիները, որոնք չունեն ծանր սիմպտոմներ՝ մեկուսացման վայրերից վերադառնալու են տուն, իսկ նոր ախտորոշված քաղաքացիները չեն մեկուսացվելու հյուրանոցներում կամ հիվանդանոցներում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Մայիսի 19–ի դրությամբ վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 218–ով, ընդհանուր թիվը կազմում է 5 041։ Մեկ օրում ապաքինվել է 145 մարդ, ընդհանուր՝ 2 164 մարդ։ Այս ընթացքում չի հաջողվել փրկել 64 պացիենտի կյանք։
Արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է մինչև հունիսի 13–ը, սակայն սահմանափակումների մեծ մասը չեղարկվել է։ Գրեթե բոլոր ձեռնարկություններն աշխատում են։ Մայիսի 18–ից վերագործարկվել է նույնիսկ տրանսպորտը, որը Հայաստանում համարվում է վարակի տարածման ամենավտանգավոր օջախ։ Կառավարությունը գնում է սահմանափակումները նոր վարքականոններով փոխարինման ճանապարհով։ Մասնավորապես, պարտադիր է դարձել փակ տարածքներում դիմակ կրելը։ Խախտողներին տուգանք է սպառնում։
Վարակվածների առողջությանը տնային պայմաններում հետևելու են քաղաքային պոլիկլինիկաների, գյուղական բնակավայրերի ամբուլատորիաների և առողջության կենտրոնների բժիշկները։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ վարակվածների թվի աճը ստիպում է «փոխել անախտանիշ դեպքերի վարման ռազմավարությունը՝ մահճակալների և այլ ռեսուրսների օպտիմալ օգտագործման տեսանկյունից»։
Տուգանք՝ դիմակի բացակայության համար
Մայիսի 18–ից Հայաստանում պարտադիր պետք է ունենալ դիմակ և կրել այն փակ տարածքներում։ Խախտման համար ավելի վաղ սահմանված էր 100–250 հազար դրամ տուգանք։
Ազգային ժողովի պատգամավորները մայիսի 19–ին արտահերթ նիստ են անցկացրել։ Երկար քննարկումներից հետո նրանք որոշել են նվազեցնել տուգանքը մինչև 10 հազար դրամ։ Առաջին ընթերցմամբ խորհրդարանն արդեն ընդունել է որոշումը։
Ի դեպ, դիմակները կարելի է կարել սեփական ձեռքերով և նույնիսկ փոխարինել շարֆերով։