«Կատարյալ չի լինելու»․ Փաշինյանը՝ խաղաղության պայմանագրի մասին
Նիկոլ Փաշինյանի ասուլիսը
«Ռուսաստանի ռազմական ներկայությունը ոչ միայն չի երաշխավորում Հայաստանի անվտանգությունը, այլև սպառնալիքներ է ստեղծում երկրի անվտանգության համար»,- հունվարի 10-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետը։
Փաշինյանի փոխանցմամբ՝ վերջին շրջանում Ադրբեջանն իր ագրեսիվ գործողությունները բացատրելու համար արևմտյան երկրներին ասում է, թե դրանք «կանխարգելիչ» քայլեր են, քանի որ Երևանն ու Մոսկվան պատրաստվում են համատեղ «ագրեսիվ գործողություններ» ձեռնարկել ընդդեմ Բաքվի։ Նրա բնորոշմամբ՝ սա աբսուրդ է, որը որոշակի հետաքրքրություն է առաջացնում «Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին»։
Շուրջ երեք տարվա դադարից հետո վարչապետը լրագրողների հետ հանդիպել է դեմառդեմ, մինչ այս ասուլիսները կազմակերպվում էին առցանց ձևաչափով, հարցերը հնչեցնում էր Հանրային հեռուստաընկերության լրագրողը։ Վարչապետը բացատրել է, որ ասուլիսների ձևաչափը փոխվել էր նախ համավարակի պատճառով, բայց եղել է նաև շրջան, երբ ինքը չի ցանկացել վերադառնալ դրան «ԶԼՄ-ների էմոցիոնալ, քաղաքականացված միջավայրի» պատճառով։
Ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի արգելափակմանը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններին, ՀԱՊԿ անդամությանը և ոչ միայն։
«Սադրանքն ունի երկու նպատակ»․ Լաչինի միջանցքի մասին
Փաշինյանի խոսքով՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ կարգավորումները սևով սպիտակի վրա գրված են։ Նկատի ունի 2020 թ․-ի նոյեմբերին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունը։ Ասում է՝ Հայաստանի տեսլականն այն է, որ «միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները պետք է կատարվեն»։
Նրա գնահատմամբ՝ միջանցքի արգելափակումը սադրանք է, որն ունի երկու նպատակ՝
- կոտրել ԼՂ-ի հայերի՝ սեփական տանը, սեփական հայրենիքում ապրելու կամքը,
- Հայաստանը ներքաշել ավելի մեծ սադրանքի մեջ։
«Պետք է մտածված քայլերով արձագանքենք, փորձենք կապիտալիզացնել այն միջազգային արձագանքը, որ կա»,- նշել է նա։
Ըստ վարչապետի՝ անհրաժեշտ է բարձրացնել խնդրի հնչեղությունը, ԼՂ-ի միջազգային տեսանելիությունը, աջակցել Արցախին ճգնաժամի կառավարման հարցում, բայց նաև չշեղվել «Հայաստանի ինստիտուցիոնալ զարգացման օրակարգից»։
Նրա դիտարկմամբ՝ ոչ ոք չի վիճարկում, որ ռուս խաղաղապահներն ապահովում են ԼՂ-ի ժողովրդի անվտանգությունը։ Ասում է՝ «չենք քննադատում, բարձրաձայնում ենք մեր մտահոգությունները» այն մասին, որ պետք է ապահովեն միջանցքով անխոչընոտ տեղաշարժը։
«ԼՂ-ի ճակատագիրը որոշելու հավակնություն չենք ցուցաբերում»
Անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցություններում ԼՂ-ի խնդրի արծարծմանը՝ Փաշինյանը նկատել է՝ դրանց ընթացքում Երևանը չի հավակնում որոշել Արցախի ճակատագիրը, քանի որ դա համարում է «սխալ բանաձև»․
«Որոշիչ դերը պետք է ունենա ԼՂ-ի ժողովուրդը։ Բանակցում ենք նաև նրա համար, որպեսզի տեղի ունենա միջազգայնորեն տեսանելի խոսակցություն Բաքվի և Ստեփանակերտի միջև»։
Նրա փոխանցմամբ՝ Երևանն առաջնային է համարում ԼՂ-ի հայերի անվտանգության և իրավունքների հարցը։ Հիշեցրել է տրամադրվող ֆինանսական, հումանիտար աջակցության մասին ու հավելել, որ Հայաստանը միայնակ չի թողել Արցախը, աջակցում է՝ ինչով կարող է, բայց որոշումներ կայացնող սուբյետը պետք է լինի ԼՂ-ի ժողովուրդը։
Ո՞րն է խաղաղության հասնելու բանաձևը
Վարչապետի դիտարկմամբ՝ ստեղծված իրավիճակում, երբ կան սպառնալիքներ ու հնարավորություններ, Հայաստանը պետք է հնարավորինս պատասխանատու գործի։ Կարծում է՝ մուրալով հնարավոր չէ խաղաղության հասնել, պարտադրելով՝ նույնպես։ Ըստ նրա՝ միակ ճանապարհն այդ խաղաղությունը վաստակելն է, որը ենթադրում է՝
- հանդուրժող հարաբերություններ հաստատել Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որոշակի համաձայնությունների դաշտ ձևավորել,
- զարգացնել հարաբերություններն Իրանի և Վրաստանի հետ,
- օգտագործել միջազգային հանրության ռեսուրսներն ու հնարավորությունները։
«Պայմանագրի ստորագրումը բավարար չէ»
Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի մասին՝ վարչապետը հայտնել է, որ Բաքուն դեռևս չի պատասխանել Երևանի առաջարկներին։ Վստահեցրել է՝ հայկական կողմը պատրաստ է ստորագրել նման պայմանագիր և ամեն ինչ անում է դրա համար։
Վարչապետի գնահատմամբ՝ կարմիր գիծն այն կլինի, եթե տեքստը չհամապատասխանի Հայաստանի պետական շահերին, բայց նա նաև զգուշացրել է՝ այն «կատարյալ չի լինելու»․
«Եթե իրագործման մեխանիզմներ չլինեն, կարող ենք ստորագրել խաղաղության պայմանագիր, բայց մեկ շաբաթ հետո ստանալ նոր պատերազմ կամ էսկալացիա»։
«Ադրբեջանի զինուժը պետք է դուրս գա ՀՀ տարածքից»
Խոսելով նախորդ տարվանից սկսած Հայաստանի սուվերեն տարածք Ադրբեջանի զինված ուժերի ներխուժումների մասին՝ կառավարության ղեկավարը շեշտել է՝ պետք է դուրս գան օկուպացված տարածքներից։ Նրա խոսքով՝ այդ նպատակին հասնելու համար Երևանը հետևողականորեն գործի է դնում «բոլոր դիվանագիտական միջոցները»։
«Կարևոր է նաև այն, որ նոր սադրանքի պատճառ չդառնանք, մեր գործողությունները բխում են այս տրամաբանությունից»,- նշել է նա։
Միաժամանակ հիշեցրել է՝ ադրբեջանցիները Հայաստանի տարածքում են ոչ թե մեկուկես, այլ երեսուն տարի՝ նկատի ունենալով, որ դեռ 90-ականներին Ադրբեջանն օկուպացրել է տարածքներ ՀՀ Տավուշի, Արարատի մարզերից։
«ԼՂ-ում ՀԱՊԿ բազմազգ առաքելություն տեղակայելն ավելի կվատացնի իրավիճակը»
Ասում է՝ տեսականորեն կարող է լինել նման գաղափար, բայց գործնականում դա չի լավացնի իրավիճակը,
«Պետք է նայել, թե ՀԱՊԿ մի շարք երկրներ ինչքանով են օբյեկտիվ և չեզոք ԼՂ իրավիճակի հարցում։ Ընդ որում՝ նրանք չեզոք չեն դե յուրե, որովհետև մեր դաշնակիցն են, իսկ դե ֆակտո չեզոք չեն, քանի որ ավելի շատ Ադրբեջանի հետ խորը տնտեսական, քաղաքական հարաբերություններ ունեն, քան ՀՀ–ի հետ»։
Հայ-թուրքական կարգավորման մասին
Վարչապետը ողջունելի քայլ է համարում օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելու մասին Թուրքիայի հայտարարությունը․
«Կարևոր է դինամիկա ունենալ հարաբերություններում։ Հույս ունեմ, որ առաջիկայում երրորդ երկրների քաղաքացիների համար կբացվի սահմանը, ինչպես նաև ակնկալում ենք սահմանի բացում դիվանագիտական անձնագիր ունեցողների համար»։
Նրա գնահատմամբ՝ այս իրադարձությունները կարևոր են ոչ միայն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների առումով, այլև տեղի ունեցող միջազգային լոգիստիկ շղթաների փոփոխությունների համատեքստում։ Կարծում է՝ տարածաշրջանը միջազգային բեռնափոխադրումների առումով շատ ավելի հետաքրքիր է դառնում, քան նախկինում էր․
«Իհարկե, Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացումը և հայ-թուրքական երկաթուղու բացումը շատ ավելի գլոբալ նշանակություն են ստանում։ Հույս ունեմ, որ մենք հնարավորություն կունենանք շարժվելու այս ճանապարհով»։
Փաշինյանը չի բացառել, որ առաջիկայում Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների միջև հանդիպումների շրջանակում կարող են տեղի ունենալ երկրների ղեկավարների փոխայցելություններ։
«Ապացուցելի անհեթեթություն է»
Հայաստանի վարչապետն այսպես է բնորոշել խոսակությունները, թե կա բանավոր պայմանավորվածություն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» տրամադրման։
«Բացառում ենք Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցքի գոյությունը»,- շեշտել է նա։
Հերթական անգամ հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնմանը։ Փաշինյանի կարծիքով՝ կա շահագրգռվածություն Հայաստանի տարածքով ավտոբեռնափոխադրումների իրականացման, արևելք-արևմուտք ուղղություններով ավտոճանապարհների բացման, ինչպես նաև նոր ճանապարհների կառուցման ուղղությամբ․
«Միակ բանը, որ այս ամենին խանգարում է, Ադրբեջանի շարունակական խոսույթն է ինչ-որ միջանցքների մասին»։
«Որևէ պաշտոնական առաջարկ չի եղել»
Անդրադառնալով Ռւոսաստան-Բելառուս միութենական պետության կազմ մտնելու հնարավոր առաջարկին Փաշինյանն ասել է, որ պաշտոնապես նման առաջարկ չի եղել և չէր էլ կարող լինել, բայց նաև հավելել․ «Իրականությունն այնքան պարզ չէ, որքան թվում է»։
Ըստ նրա՝ ոչ պաշտոնական խողովակով նման առաջարկ կարելի է դիտարկել նաև «փորձագետների կողմից շարունակաբար զարգացվող խոսույթը»։
«Մեզ համար Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը պետականությունը բացարձակ արժեքներ են։ Մեր պարտքն ու առաքելությունն ենք համարում ամեն ինչ անել մեր հայրենիքի պետականության հարատևությունն ապահովելու համար»,- հայտարարել է նա։
«Չպետք է խոսենք վերջնագրերի լեզվով»
«Եթե մինչև հունվարի 10-ը չբացվի Լաչինի միջանցքը, ապա Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից և ԱՊՀ-ից»,- նման տեղեկություններ էին շրջանառվում ռուսական մամուլում։ Ի պատասխան Փաշինյանը նշել է, որ չի կարծում, թե «գործընկերների հետ պետք է վերջնագրերի լեզվով խոսել»։
«Կարծում ենք, որ մեր գործիքակազմը պետք է լինի դիվանագիտական, այն է՝ միջազգային հնարավորինս մեծ ճնշում գործադրել Լաչինի միջանցքը բացելու հարցում»,- ասել է նա։
ՀԱՊԿ-ում քննարկումները շարունակվում են
Փաշինյանը հայտնել է, որ 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանի հետ Հայաստանի անվտանգային ոլորտի հաղորդակցության հիմնական թեման եղել է երկրի միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ագրեսիվ գործողությունների հավանականությունը։ Ասում է՝ «ստացել ենք պաշտոնական հավաստիացումներ, որ Հայաստանի սահմանները կարմիր գիծ են անվտանգության ոլորտի մեր դաշնակիցների և գործընկերների համար»։
2021 թվականի մայիսին Սոթք-Խոզնավար հատվածում ներխուժումից հետո, սակայն, այդ նույն գործընկերներն ասել են, թե «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները դեմարկացված չեն»:
Ինչպես այդ ժամանակ, այնպես էլ հիմա Երևանը փորձում է հասկանալ՝ ո՞րն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին Հայաստանում։ Նույն հարցն է քննարկվել նաև նախորդ տարի այստեղ կազմակերպված ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ։
«Ասել ենք՝ առանց այդ կարմիր գիծը պաշտոնապես արձանագրելու, մենք որևէ այլ փաստաթղթի ընդունում չենք պատկերացնում: Սա է հիմնական բովանդակությունը, որ այսօր էլ շարունակում է մնալ սեղանին: ՀԱՊԿ-ի երևանյան գագաթնաժողովն ավարտվել է, բայց խոսակցությունը չի ավարտվել»,- նշել է վարչապետը:
Ըստ նրա՝ այդ քննարկումը կավարտվի, եթե կողմերը բանակցություններն անիմաստ համարեն։ Փաշինյանի փոխանցմամբ՝ այս պահին նման բան չկա, թեև դիրքորոշումները կարող են փոխվել ցանկացած պահի։
Անդրադառնալով Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբերի համատեղ զորավարժության ացկացմանը վարչապետն ասել է, որ «նման զորավարժություններ անցկացնելն այս իրավիճակում նպատակահարմար չի համարում»։ Բացատրել է՝ սա միայն սպառնալիքներ է պարունակում, քանի որ զայրույթ է առաջացնելու Ադրբեջան-Թուրքիա տանդեմի մոտ, իսկ դրա հետևանքներից ՀԱՊԿ-ը պատրաստ չէ պաշտպանել իր դաշնակից Հայասռանին։
Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորամիավորումների «Անխորտակելի եղբայրություն-2023» զորավարժությունների անցկացման մասին հունվարի սկզբին հայտնել էր ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Պրագմատիկ չենք գտնվել»
Հայաստանի վարչապետը հիշեցրել է ավելի վաղ հնչեցրած կարծիքը, թե «այսօր էլ, երեկ էլ միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղն ընկալում է որպես Ադրբեջանի մաս»։
«Մենք պրագմատիկ չենք գտնվել, երբ մեզ թվացել է, թե ՄԱԿ ԱԽ չորս բանաձևերն ուղղակի տեքստեր են, որոնք կարող ենք չնկատելու տալ»,- նշել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ պետք է առերեսվել փաստերի հետ, այնուհետև կառուցել հետագա քայլերը։ Ըստ նրա՝ հետևանքներ է թողել նաև այն, որ ԼՂ-ի հարցում հակասական քաղաքականություն է վարվել։ Նախ խոսվել է Հայաստանի հետ միավորման մասին, հետո՝ անկախության, իսկ ավելի ուշ կարգավիճակի հարցը թողնվել է «ապագայում տեղի ունենալիք հանրաքվեին»։
Վարչապետի գնահատմամբ՝ այսօր Հայաստանի խնդիրն է աջակցել, որ ԼՂ-ի ժողովուրդը շարունակի ապրել Արցախում, իրեն համարի հայ, արցախցի, ունենա անվտանգ միջավայր:
«Հնարավոր չէ խաղաղություն առանց մարտունակ բանակի»
Ընդգծել է Հայաստանի ղեկավարը։ Սակայն, ըստ նրա, միայն մարտունակ բանակն էլ չի կարող խաղաղություն ապահովել, քանի որ «միշտ էլ կգտնվեն էլ ավելի մարտունակ բանակներ»։
Վստահեցրել է՝ արվում է ամեն բան անվտանգային լուրջ խնդիրների հաղթահարման ուղղությամբ։ Սպառազինության և տեխնիկայի համալրման հարցերի հրապարակային քննարկումը նպատակահարմար չի համարել։
«Տարածաշրջանից պետք է գնանք աշխարհ»
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը պետք է առաջնորդվի «տարածաշրջանից աշխարհ» գնալու բանաձևով, թեև մինչ այժմ հակառակ կերպ է գործել։ Ասում է՝ չենք կարողանա կառավարել սպառնալիքները, եթե հարևանների հետ հարաբերությունները չկարգավորվեն։
«Փաստ չէ, որ միայն մեր ցանկությունը բավարար է, բայց պետք է ավելի ճկուն լինենք, քան մեզ թվում է, թե կարող ենք լինել»,- հայտարարել է վարչապետը։
Ընդգծում է՝ Հայաստանը պետք է տարածաշրջանում իրեն դիրքավորի որպես հարևան և գործընկեր, միաժամանակ փորձի հասկանալ՝
- Ինչպե՞ս և ինչո՞ւ են փոխվել ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները, ի՞նչ կարող է դա նշանակել իր համար,
- Ինչպե՞ս և ինչո՞ւ են փոխվել ՌԴ և Ադրբեջանի հարաբերությունները, ի՞նչ ազդեցություն ունի դա իր վրա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Նիկոլ Փաշինյանի ասուլիսը