«Ինքներս մեզ խաբել ենք»․ Փաշինյանը՝ ԼՂ-ի կարգավիճակի մասին
Նիկոլ Փաշինյանը՝ խաղաղություն կառուցելու մասին
«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրն իրատեսական կդառնա, եթե երկու երկրները հստակ՝ առանց երկիմաստությունների և որոգայթների, միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեն և պարտավորվեն այսօր և երբևէ միմյանց տարածքային պահանջներ չներկայացնել»,- խորհրդարանում կառավարության ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս հայտարարել է Հայաստանի վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նախորդ տարվա ձեռքբերումներին, ներկայացրել տնտեսական ցուցանիշները, սոցիալական ոլորտում իրականացված ծրագրերը։ Իր ելույթի ավարտին շեշտել է, որ նպատակ ուներ ցույց տալ ոչ թե այն, որ խնդիրներ չկան, այլ որ դրանք կան և խորանում են, ներկայացնել, թե ինչ գործիքներ է որդեգրել կառավարությունը դրանց դիմակայելու համար:
JAMnews-ն առանձնացրել է Փաշինյանի ելույթի կարևորագույն դրվագները հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված։
Խաղաղություն․ որքանո՞վ է իրատեսական
Վարչապետը վստահեցրել է՝ ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ Հայաստանում ապագայի մասին խոսելու, այդ ապագան կառուցելու համար անհրաժեշտ լավատեսություն կա։ Փաշինյանի խոսքով՝ կառավարությունը «բացառիկ պատասխանատվություն» ունի այն մարդկանց նկատմամբ, ովքեր կասկածով են վերաբերվում այդ ապագային: Ըստ նրա՝ այդ պատասխանատվությունը «պատմական այս ժամանակաշրջանում» ունի և կարող է ունենալ միայն մեկ արտահայտություն՝ խաղաղություն, ինչը նշանակում է կարգավորված հարաբերություններ հարևանների, մասնավորապես՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ։
«Որքանո՞վ է իրատեսական, իրագործելի» հարցն, ըստ նրա, ունի երկու երես․
«Առաջինը՝ քանի որ խաղաղությունը միայնակ չեն կառուցում, որքանո՞վ Ադրբեջանի գործողություններն ու քաղաքականությունը կլինեն խաղաղությանը միտված, և երկրորդը՝ հատկապես 44-օրյա պատերազմից հետո, եթե քաղաքական-դիվանագիտական մակարդակում ձեռք բերվեն կոմպրոմիսներ, այդ կոմպրոմիսները որքանո՞վ ընդունելի կլինեն Հայաստանի քաղաքացիների համար, և քաղաքացիները որքանո՞վ թույլ կտան այդ կոմպրոմիսների, երբեմն ցավոտ լուծումների գործնական իրագործումը»։
Թե ինչ կոմպրոմիսների և ցավոտ լուծումների մասին է խոսքը՝ Փաշինյանը չի մանրամասնել։
Նշել է միայն, որ կառավարությունը պետք է քաղաքացիներին բացատարի, թե ինչ է տեղի ունեցել և ինչ է տեղի ունենում Հայաստանի շուրջ:
«Երբ նրանք դա հասկանան, նրանք դա նաև կընդունեն»,- հայտարարել է նա։
Խաղաղության հաստատման պայմանները
Փաշինյանի դիտարկմամբ՝ խաղաղությունը հնարավոր է, եթե Հայաստանն իր միջազգային հարաբերություններում այսօրվա և ապագայի համար հստակ արձանագրի, որ՝
- Հայաստանի Հանրապետություն է ճանաչում 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքը, ավելի կոնկրետ՝ Հայկական ԽՍՀ տարածքը, որում 1991 թվականին անկախություն է ստացել,
- որևէ այլ երկրից որևէ տարածքային պահանջ չունի, երբևէ չի ունենալու։
Ասում է՝ հակառակ դեպքում ոչ ոք չի համակերպվի այն մտքի հետ, որ «մենք զարգանում ենք, որ այդ զարգացումն ու ուժն ուղղենք ուրիշների դեմ՝ մեր երկրի տարածքները ընդլայնելու համար»:
«Ավելին, տվյալ պարագայում ոչ թե մեր զարգացումը թույլ չտալն է լինելու ուրիշների օրակարգի խնդիր, այլ մեր առնվազն պետության գոյությունը թույլ չտալն է դառնալու ուրիշների օրակարգի խնդիր: Եվ այդ իրավիճակում մեզ ոչ ոք չի օգնելու»,- ընդգծել է նա։
Ըստ Փաշինյանի՝ խաղաղության հնարավոր պայմանագրի իրագործումը երաշխավորելու համար պետք է ձևավորվեն միջազգային մեխանիզմներ, հակառակ դեպքում՝ պայմանագրի ստորագրման հաջորդ օրը «կարող է պատերազմ բռնկվել կամ նոր էսկալացիա տեղի ունենալ»։ Բացի այդ՝ կարևոր է համարում նաև կողմերի միջև ծագած վեճերի լուծման մեխանիզմների գոյությունը․
«Եթե կողմերը ի վիճակի չլինեն պայմանագրի տեքստի մեկնաբանությունների հետ կապված խնդիրները լուծել ուղիղ բանակցություններով, լինի ատյան, որը դա կանի և որի որոշումը պարտադիր լինի կողմերի համար»:
«Ինքներս ենք առաջարկել, որ պայմանագրին կցվեն ԽՍՀՄ կողմից հաստատված քարտեզները»
Նրա դիտարկմամբ՝ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը էյֆորիայի մեջ է և մտածում է վերցնել հնարավորինս շատ բան կամ ամեն ինչ։ Բաքվի այս ընկալումն ավելի է բորբոքվում միջազգային իրադրությամբ պայմանավորված։
Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը դառնում է կամ դարձել է էներգետիկ և լոգիստիկ խաչմերուկ, մեծացել է նրա կարևորությունը թե՛ Ռուսաստանի, թե՛ որոշ արևմտյան երկրների համար: Մյուս կողմից նկատում է՝ տարածաշրջանի կայունությունը և խաղաղությունը կարող է դառնալ կոնսենսուս Արևմուտքի և Ռուսաստանի միջև․
«Եթե մեր տարածաշրջանը նորից պայթի, առնվազն էներգետիկ առումով դա կարող է պրոբլեմ դառնալ թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի համար՝ էներգետիկայից բխող այլ հետևանքներով»։
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն իսկապես հնարավոր է համարում։ Ասում է՝ անհրաժեշտ է, որ երկու երկրները ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն ու պարտավորվեն միմյանց տարածքային պահանջներ չներկայացնել: Փաշինյանի համոզմամբ՝ նախորդ տարի Պրահայում, այնուհետև Սոչիում այդ մասին պայմանավորվել են։
«Ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնը կանի՝ Հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես Հայաստանի Հանրապետություն»։
Հերքել է Բաքվից հնչող այն պնդումները, թե խաղաղության պայմանագրի բանակցությունների ընթացքում Հայաստանը հրաժարվում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
«Կարող ենք դա ապացուցել: Ինքներս ենք առաջարկել, որ պայմանագրին կցվեն հայկական և ադրբեջանական ԽՍՀ-ների՝ ԽՍՀՄ կողմից հաստատված քարտեզները՝ որպես երկու երկրների տարածքային ամբողջականության հիմք»։
Ամենաբարդ խնդիրը՝ Լեռնային Ղարաբաղ
Փաշինյանի գնահատմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ողջ ընթացքում տարածքային ամբողջականության սկզբունքն ու ինքնորոշման սկզբունքը դրվել են կողք կողքի: Ասում է՝ այդ կերպ արձանագրվել են իրողություններ, որոնք «մենք չենք խոստովանել, բայց, անկախ մեր խոստովանությունից, դրանք գոյություն ունեն»։
Նրա խոսքով՝ ինքնորոշման իրավունքի շահառուի պայմանականորեն Ա կարգավիճակը վերանայելու հարց է դրվել, ինչը տեսականորեն կարող էր նշանակել վերանայել այդ կարգավիճակը, չփոփոխել կամ դարձնել պայմանական «Բ, Ա+1 կամ Ա-1 կարգավիճակ»։ Եվ դա տեղի է ունեցել առանց եղած Ա կարգավիճակը ֆիքսելու։
«Եթե ինքնորոշման հարց ես բարձրացնում, նշանակում է՝ ինչ-որ մի բանի մաս ես, եթե ինչ-որ մի բանի մաս չես, ուրեմն կամ արդեն ինքնորոշվել ես կամ ինքնորոշման կարիքը չունես»,- հայտարարել է նա։
Կառավարության ղեկավարը կարծիք է հայտնել, թե հայկական կողմն իր սեփական ձեռքերով այս իրողությունը «ոչ միայն ստեղծել է, այլև ցեմենտել», իսկ դրանից հետո ասել է, որ Լեռնային Ղարաբաղի համար ցանկանում է Բ կարգավիճակ՝ առանց հրապարակային կերպով ընդունելու Ա կարգավիճակը․
«Սրանով խաբել ենք ինքներս մեզ, Հայաստանի ժողովրդին և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Սա չեմ ասում որևէ մեկին մեղադրելու համար, այլ արձանագրելու, որ մինչև այս ակնհայտ փաստի և իրողության հետ չառերեսվենք, երբեք խաղաղություն չենք ունենա: Երբեք»։
Հերթական անգամ կարևորել է Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցությունների, երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորումը՝ որպես Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման գործիք:
«Հույս ունեմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ սահմանը կբացվի»
Խորհրդարանի ամբիոնից հայտարարել է Փաշինյանը։ Նրա դիտարկմամբ՝ դա հիմք կստեղծի «հարևանային բնականոն հարաբերությունների» զարգացման համար:
Հայաստանի վարչապետի խոսքով՝ դրա հնարավորութունը մեծացել է վերքաղաքական, վերդիվանագիտական գործոնների շնորհիվ։ Հիշեցրել է՝ փետրվարի սկզբին Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո Երևանը հումանիտար օգնություն և փրկարարական ջոկատ ուղարկեց, նաև Անկարա մեկնեց Հայաստանի արտգործնախարարը․
«Թուրքիայի արտաքին գործերի նախարարության դիմաց ծածանվող Հայաստանի տասնյակ դրոշները միայն արարողակարգային ատրիբուտ չեն, այլ մի զարմանալի արձանագրում, որ հույսը կարող է ծագել այնտեղ, որտեղ տիրում է հուսահատությունը»։
Նիկոլ Փաշինյանը կարևորել է, որ առաջիկա ամիսներին կյանքի կոչվի երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար սահմանը բացելու պայմանավորվածությունը:
«Իհարկե, դա կարող է նաև տեղի չունենալ, եթե հումանիտար և հարևանային արժեքների բերած նոր ընկալումները, տպավորությունները ժամանակի ընթացքում սառեն, խամրեն և քաղաքական, դիվանագիտական որոշումների վրա նրանց ազդեցությունը ի չիք դառնա»,- նշել է նա և հույս հայտնել, որ նման բան տեղի չի ունենա:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Նիկոլ Փաշինյանը՝ խաղաղություն կառուցելու մասին