«Երկու աթոռի վրա նստելու քաղաքականություն չենք վարում»․ Փաշինյան
Փաշինյանը՝ Ադրբեջան-Ռուսաստան-ՀԱՊԿ թեմաներով
«Ադրբեջանի 86․600 քառ․ կմ տարածքային ամբողջականությունը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը»,- մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը նաև հիշեցրել է՝ այս հարցն անբաժան է ԼՂ-ի հայության իրավունքների և անվտանգության հարցից, որը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ֆորմատում։ Եվ դրա համար, ըստ նրա, անհրաժեշտ է ստեղծել այդ բանակցությունների միջազգային երաշխիքներ։
Մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման օրակարգային հարցերին, ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության հնարավոր դադարեցմանը, իր որդու առևանգման փորձին և ոչ միայն։
JAMnews-ն առանձնացրել Փաշինյանի ասուլիսի կարևորագույն դրվագները։
«Համաձայն չեմ, թե Արցախի վրա խաչ ենք քաշում»
Ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկի դիտարկմանը վարչապետն այսպես է արձագանքել։ Հերթական անգամ շեշտել է՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել են Հայաստանի բոլոր կառավարությունները։
Կարևորել է Ստեփանակերտ-Բաքու երկխոսության համար միջազգային երաշխիքների ստեղծումը։ Ասում է՝ պետք է ամեն ինչ անել թույլ չտալու համար Ադրբեջանի կողմից ԼՂ-ում էթնիկ զտումների և ցեղասպանության քաղաքականության շարունակությունը․
«Ոչ միայն միջազգային հանրության կողմից իրականացվող ճնշումներով, այլև Ադրբեջանի հետ կառուցողական բանակցությունների, այդ թվում՝ Բաքու-Ստեփանակերտ ինստիտուցիոնալ երկխոսություն ձևավորելու միջոցով»։
«Տիգրանաշենն ու Տավուշի 6 գյուղերը 29․800-ի մեջ չեն մտնում»
Վարչապետի դիտարկմամբ՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը ներառում է նաև Արծվաշենը։ Իսկ Ադրբեջանի 86․600 քառ․ կմ տարածքը՝ նաև անկլավները։ Ճշտող հարցին ի պատասխան նա հաստատել է՝ Տիգրանաշենն ու Տավուշի 6 գյուղերը։
«Սա քաղաքական դիրքորոշում է, բայց հարցի իրավական մասը դեռ պետք է դիտարկել»,- նկատել է նա։
Խաղաղության պայմանագրի և «վաշինգտոնյան առաջընթացի» մասին
Վարչապետը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը, այն է՝ «հնարավորինս արագ ավարտին հասցնել բանակցությունները և ստորագրել խաղաղության պայմանագիր»։ Վստահեցրել է՝ հայկական կողմը շատ ինտենսիվ է աշխատում այս ուղղությամբ։
Նշել է, որ վաշինգտոնյան հանդիպումից առաջ են Ադրբեջանին փոխանցել վերջին դիտարկումները, սպասում են արձագանքի։
«Հույս ունենք՝ այն կարտահայտի Վաշինգտոնում տեղի ունեցած քննարկումները, պայմանավորվածությունները, ըմբռնման առաջընթացը, որը արձանագրվել է»,- ընդգծել է նա։
Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ եթե ադրբեջանական առաջարկները ստանան, վերլուծեն և մոտեցումներն «ընդունելի փոխզիջումային տրամաբանության» մեջ լինեն, պայմանագիրը մոտ ապագայում կստորագրվի։
Վարչապետի գնահատմամբ՝ Վաշինգտոնում կողմերը միմյանց հետ ավելի ուղիղ են հաղորդակցվել, ներկայացրել իրենց մտահոգությունները, դիմացինի նկատմամբ ունեցած անվստահության պատճառներն ու հիմքերը։ Ասում է՝ ի հայտ են եկել շատ նյուանսներ։
«Բանակցություններում հաճախ նախադասությունները թաքնված իմաստներ շատ են պարունակում, և երբեմն հեշտ չէ կռահել։ Ինչ-որ պահի այդ թաքնված իմաստները սկսել են ավելի քիչ լինել և խոսակցությունները եղել են ավելի հասկանալի»,- բացատրել է նա։
Ստորագրվելիք փաստաթուղթը կդրվի՞ հանրաքվեի
«Քննարկում չեմ բացառում, բայց որոշումներ կայացնելու մասին հիմա չեմ կարող ասել»,- հարցին ի պատասխան ասել է Փաշինյանը։
Կառավարության ղեկավարի դիտարկմամբ՝ նման որոշման գնացող իշխանությունն առաջին հերթին իր վրա վերցնում է քաղաքական պատասխանատվությունը, ինչից չեն պատրաստվում խուսափել։
Զորքերի հայելային հետքաշման ու քարտեզների մասին
Փաշինյանի խոսքով՝ ԽՍՀՄ 1975 թ․-ի քարտեզները, որոնց մասին հիշատակել էր Պրահայում, այն նույն քարտեզներն են, ինչի մասին խոսում է Ռուսաստանը։ Ասում է՝ ստեղծված իրավիճակում այդ քարտեզներում մատնանշված գծից զորքերի հետքաշումը կնշանակի «կայունության ապահովում»։
Վարչապետի գնահատմամբ՝ դա չի կանխորոշելու սահմանագծման գործընթացը, սակայն նույն քարտեզները կարող են նաև այդ աշխատանքների համար հիմք հանդիսանալ․
«Դա են ենթադրում 2022 թ․-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռքբերված պայմանավորվածությունները Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատում իրականացնելու վերաբերյալ»։
Խոսելով զորքերի հետքաշման վերաբերյալ ադրբեջանական դիրքորոշման մասին՝ Հայաստանի վարչապետն ասել է՝ այս պահին տեղաշարժ չեմ կարող արձանագրել։ Սակայն կարևորել է այն հանգամանքը, որ խնդիրը ձևակերպում է նաև միջազգային հանրությունը։ Վստահեցրել է՝ հայելային հետքաշումը չի հակասում երկրի պետական շահերին։
Այնպես չէ, որ «իրար հերթ չեն տալիս» երաշխավոր դառնալու համար
Խոսելով խաղաղության պայմանագրի երաշխավորի մասին՝ Փաշինյանը նկատել է՝ նման բարդ տարածաշրջանում դա նախևառաջ շատ մեծ պատասխանատվություն է, որը և հնարավորություններ, և ռիսկեր կարող է առաջացնել երկրների համար։ Կարող է հեղինակություն բարձրացնել կամ լրջորեն վնասել այդ հեղինակությանը․
«Այնպես չէ, որ բոլորը խանդավառված են և իրար հերթ չտալով ուզում են, որ այդ դերը ստանձնեն, բայց միևնույն ժամանակ համոզված եմ՝՝ եթե միջազգային հանրությունն արձանագրի, որ կողմերի միջև իսկապես անկեղծ ցանկություն կա տևական խաղաղություն հաստատելու՝ կլինեն երկրներ և կազմակերպություններ՝ սկսած առանձին երկրներից ավարտած ՄԱԿ ԱԽ-ով, որ ոչ թե կցանկանան, այլ կհամաձայնեն ստանձնել այդ գործառույթը»։
«Չեմ բացառում, որ Հայաստանը որոշի դադարեցնել անդամությունը ՀԱՊԿ-ում»
Ինչպես նախորդ ասուլիսների ժամանակ, այս անգամ ևս լրագրողները հետաքրքրվել են ՀԱՊԿ ռազմական դաշինքից դուրս գալու հնարավորության մասին։ Փաշինյանն էլ կրկնել է իր «ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից» արտահայտությունը։
Ընդգծել է՝ եթե Հայաստանն արձանագրի, որ կառույցը դուրս է եկել երկրից, կարող է կայացնել դե յուրե որոշում «ՀԱՊԿ-ում անդամությունը դադարեցնելու կամ սառեցնելու վերաբերյալ»․
«Եթե նման արձանագրում լինի, ՀԱՊԿ անդամի դե յուրե և ոչինչ չտվող կարգավիճակը ընդամենը մեզ խանգարելու է այլ երկրների հետ անվտանգային օրակարգ քննարկել»։
Վարչապետը հավաստում է՝ հարցն օրակարգից դուրս չի եկել։ Անդրադառնալով Ղրղզստանում կայանալիք զորավարժություններին՝ ասել է, որ դեռ չկա կայացված որոշում՝ արդյո՞ք Հայաստանը մասնակցելու է, ի՞նչ ծավալով և ձևաչափով։
ՀԱՊԿ դիտորդների դեպքում «դիսոնանս» կար
Փաշինյանը պարզաբանել է տևական ժամանակ քննարկվող հարցը, թե ինչու Հայաստանը համաձայնեց ԵՄ դիտորդների տեղակայմանը, սակայն մերժեց ՌԴ հովանու ներքո գործող ՀԱՊԿ-ի դիտորդներին՝ հանդիսանալով դաշինքի անդամ։
Հիշեցրել է՝ ի տարբերություն ԵՄ-ի, Հայաստանը ՀԱՊԿ-ի հետ պայմանագիր ունի, որտեղ ֆիքսված են անվտանգային ոլորտում կողմերի պարտավորությունները։ Հենց այդ պարտավորությունների հետ էլ, ըստ նրա, երկիրը համեմատում է կառույցի դիրքորոշումները․
«Երբ այդտեղ դիսոնանս ենք տեսնում, ասում ենք՝ հարգելի գործընկերներ, եկեք սկզբից այս դիսոնանսի հարցը լուծենք, հետո մոնիթորինգի։ Առանց այդ դիսոնանսի հարցը լուծելու, մոնիթորինգի առաքելությունը չի կարող լինել արդյունավետ»։
Նրա պարզաբանմամբ՝ ՀԱՊԿ առաքելությունը Հայաստանի տարածքում չի գործում մի պարզ պատճառով, քանի որ, ըստ էության, կառույցը չի մատնանշում, թե որն է իր պատկերացրած ՀՀ տարածքը։ Ասում է՝ խնդիրների 90 տոկոսը բխում է դրանից։
«ՌԴ-ին դուրս մղելու օրակարգ գոյություն չունի»
Վարչապետի խոսքով՝ նման օրակարգ Հայաստան-ԵՄ և Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում չկա։ Մյուս կողմից նկատել է՝ արևմտյան գործընկերների հետ սկսել են քննարկել նաև անվտանգային ոլորտին վերաբերող հարցեր, ինչը նախկինում չէին անում։
«Համարում էինք, որ տարածաշրջանում կա անվտանգային ճարտարապետություն, որը առնվազն դե յուրե հատվածով պետք է լինի հուսալի և անխոցելի»,- շեշտել է նա։
Փաշինյանի գնահատմամբ՝ այդ անվտանգային համակարգը [նկատի ունի՝ ՌԴ-ի հետ պայմանագրերը, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում] չի գործում այնպես, ինչպես ձևակերպված է իրավական պարտադիր ուժ ունեցող փաստաթղթերում։ Ուստի որոշել են անվտանգային օրակարգը նույնպես քննարկել «արևմտյան և ոչ միայն արևմտյան գործընկերների» հետ։
Արձագանքելով Լավրովի վերջին հայտարարությանը՝ վստահեցրել է՝ ՌԴ հետ հարաբերությունները խզելու որևէ ազդակ Հայաստանն Արևմուտքից չի ստացել։
Արևմուտքն ի՞նչ կապ ունի
Ըստ նրա՝ Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման և ընթացքի մասին հարցերը քննարկում են թափանցիկ։ Ասում է՝ այդ խոսակցություններում Հայաստանի մտահոգությունների վերաբերյալ «որևէ մութ կետ չկա»։
Հիշեցնում է ռուս խաղաղապահների անգործությունը Խծաբերդի, Փառուխի իրադարձությունների ընթացքում, նրանց ներկայությամբ տրակտորիստի սպանությունը, Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղակայումն ու հարց հնչեցնում՝ ի՞նչ կապ ունի այդտեղ Արևմուտքը․
«Ամենակարևոր գործոնը մեր հարաբերություններն են, այն փոխադարձ պարտավորությունները, որ մենք ունենք իրար նկատմամբ։ Չեմ կարծում, որ Արևմուտքը որևէ մեկի ձեռքը բռնել է և թույլ չի տալիս, որ այդ պարտավորությունները կատարվեն ամենատարբեր ոլորտներում՝ անվտանգային, ռազմատեխնիկական, խաղաղապահ ուժերի գործունեության հետ կապված»։
«Մոլորված ադրբեջանցիներ Հայաստանում չկան»
Անդրադառնալով մոլորված զինծառայողների շուտափույթ վերադարձի մասին Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հայտարարությանը՝ Փաշինյանը նկատել է՝ մոլորվածները պետք է վերադարձվեն, սակայն այս պահին ՀՀ-ում գտնվող ադրբեջանցիներն իրենք են որոշել հատել սահմանը, մոլորված չեն։
Հարցին՝ պատրա՞ստ է արդյոք Երևանը վերադարձնել կամ փոխանակել նաև նրանց՝ հաշվի առնելով, որ ադրբեջանցիներից մեկը հայ քաղաքացու է սպանել՝ Փաշինյանը պատասխանել է․
«Հարաբերությունների կարգավորումը կարևոր և բարդ որոշում է։ Իրավական ընթացակարգերը անցնելուց հետո պատրաստ ենք քննարկել։ Դատարանի որոշումից հետո տարբեր լուծումներ կարող են լինել»։
«Եթե բեկորն Աշոտին չի սպանել, ուրեմն հակահերո՞ս է»
Վարչապետին հարցեր են ուղղել նաև որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման փորձի և 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի կալանավորման մասին։ Ի պատասխան՝ նա նշել է, որ հարցն ունի երեք՝ իրավական, բարոյական և քաղաքական հարթություն։ Իրավական մեկնաբանություններ հրաժարվել է անել։
Քաղաքական հարթության մասին խոսելիս շեշտել է՝ իրավակարգը պետք է գործի, բոլոր քաղաքացիներն օրենքի առաջ հավասար են, ինքը համաձայն չէ «օրենքի առաջ ոչ հավասար անձանց նոր խավի ձևավորման հետ»։
Երկար անդրադարձել է հարցի բարոյական կողմին։ Հիշեցրել է՝ Աշոտ Փաշինյանը կամավոր էր մեկնել առաջնագիծ այն դեպքում, երբ նոր էր ավարտել ծառայությունն ու զորակոչի ենթակա չէր։ Պատմել է մի դրվագ այն մասին, որ Աշոտն ու ծառայակից ընկերը հրետակոծության տակ են ընկել, ընկերը զոհվել է, իր որդին ողջ է մնացել․
«Ոչ ոք որոշում չի կայացրել, որ Աշոտ Փաշինյանը պետք է չզոհվի։ Ոչ ոք չէր կարող կանխորոշել, որ այդ բեկորը չի սպանելու իմ որդուն, դա ուղղակի բացառված է։ Եթե այդ բեկորը սպաներ Աշոտ Փաշինյանին, նա կլիներ հերո՞ս, իսկ եթե չի սպանել և միլիմետրերով անցել է իր կողքով, նա դառնում է հակահերո՞ս»։
Նույն կերպ խոսել է նաև «հերոսածին մայր» ձևակերպման մասին՝ հարցնելով՝ եթե Աշոտը չի զոհվել, նրա մայրը հերոսածին չէ՞։ Ըստ նրա՝ այդ դեպքում ստացվում է, որ մարդիկ ուզում են ավարտին հասցնել այն, ինչ չի հասցրել անել «ադրբեջանական բեկորը»։
Լրագրողները հարցրել են՝ պատրաստվո՞ւմ է արդյոք հորդորել որդուն հետ վերցնել բողոքը։ Նիկոլ Փաշինյանը բացասական պատասխան է տվել՝ շեշտելով, որ Հայաստանում հարցերը պետք է լուծվեն «իրավական ճանապարհով»։
«Չհաշվարկված գործողություններ չպետք է անենք»
Խոսելով Արևմուտքի և Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին, վարչապետը հավաստիացրել է՝ Հայաստանը վարում է «բալանսավորված և բալանսավորման» արտաքին քաղաքականություն։ Սակայն բալանսավորման հնարավորությունները գնալով փոքրանում են, ինչն իր հերթին ստեղծում է լրացուցիչ բարդություններ։
«Երկու աթոռի վրա նստելու քաղաքականություն չենք վարում»,- հայտարարել է նա ու հավելել, որ չնայած ամեն օր դաշտը նեղանում է՝ չպետք է դիմել «կտրուկ, չմտածված և չհաշվարկված գործողությունների»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Փաշինյանը՝ Ադրբեջան-Ռուսաստան-ՀԱՊԿ թեմաներով