Նավալնիի ինքնազգացողությունը բանտում վատացել է, ըստ նրա համախոհների
Բանտում գտնվող Նավալնիի առողջական վիճակն անհանգստություն է առաջացնում։ Այս մասին ռուսական ընդդիմության առաջնորդի փաստաբաններն են հայտարարել։ Իշխանությունը պնդում է, որ քաղաքական գործչի հետ ամեն ինչ կարգին է, սակայն փաստաբանները դեռևս չեն կարողացել տեսակցել նրան։
Ռուսական Պոկրով քաղաքի ուղղիչ գաղութի բժիշկները, որտեղ գտնվում է Ալեքսեյ Նավալնին, քաղաքական գործչի առողջական վիճակը գնահատել են որպես բավարար։
- Եվրամիությունն ու ԱՄՆ-ն պատժամիջոցներ են սահմանել ռուս պաշտոնյաների դեմ Նավալնու կալանքի համար
- Էլեկտրաշոկերով՝ մինչև գիտակցության կորուստ։ Թե ինչպես էին ցրում հունվարի 31-ի ցույցը Ռուսաստանում։ Տեսանյութ
- Ինչո՞ւ է Ռուսաստանի նախագահ Պուտինը վախենում ընդդիմադիր գործիչ Նավալնուց
Ինչպես հաղորդում է ռուսական «Նովայա գազետան», Վլադիմիրի շրջանի պատիժների կատարման վարչության մամուլի ծառայությունում հայտարարել են, որ դատապարտյալ Նավալնին բուժզննում է անցել, և «նրա առողջական վիճակը գնահատվում է որպես կայուն, բավարար»։
Փետրվարի 2-ին ռուսական դատարանը քրեական գործերից մեկով Նավալնիի պայմանական ազատազրկումը փոխարինել էր իրականով և նրան դատապարտել երկու տարվա և ութ ամսվա կալանքի։
Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը Twitter-ում գրում է, որ չի վստահում բանտային վարչակազմի հայտարարություններին։
«Բայց շատ ստախոս տականքներ են։ Երեկ Նավալնիի փաստաբաններին թույլ չեն տվել տեսնել նրան՝ ասելով, թե իրենց մոտ «ռեժիմային միջոցառումներ» են։ Այսօր ասում են, թե նրա վիճակը «կայուն և բավարար է», և իրոք սարսափելի է, թե ինչ է դա նշանակում իրականում»։
Նավալնիի համախոհ Գեորգի Ալբուրովը հիշեցնում է, որ Նավալնիի ինքնազգացողությունը նախկինում էլ՝ 2019 թ-ի ձերբակալություններից մեկի ժամանակ, վատացել էր բանտում, իսկ վարչակազմն այն ժամանակ ստել էր նրա առողջության «բավարար» վիճակի մասին։
Մարտի 24-ին քաղաքական գործչի փաստաբաններ Օլգա Միխայլովան ու Վադիմ Կոբզևը պատմել էին, որ Նավալնին բողոքել է մեջքի ցավից։ «Ասում էր, որ ոտքը թուլանում է, չի կարողանում վրան հենվել, սակայն այդ ողջ ընթացքում իբուպրոֆենի միայն երկու հաբ է ստացել», — մանրամասնել էին պաշտպանները։
Իսկ գաղութի վարչակազմը հրաժարվել էր թույլ տալ նրանց տեսակցել իրենց վստահորդին։
Նավալնիի շրջանային շտաբների ղեկավար Լեոնիդ Վոլկովը ենթադրել է, որ փաստաբաններին թույլ չեն տվել տեսնել Նավալնիին, որովհետև նա բանտային հիվանդանոցում է։
Փաստաբաններն այսօր ժամանել են Վլադիմիրի շրջան և կրկին փորձում են տեսակցել Նավալնիին։
Free.navalny.com կայքում շարունակվում է քաղաքական գործչին ազատ արձակելու պահանջով մասշտաբային հանրահավաքի մասնակիցների հավաքագրումը։ Գրանցվել է արդեն ավելի քան 220 հազար մարդ, նպատակը կես միլիոն մասնակից հավաքելն է։
Այս ընթացքում հայտնի է դարձել, որ Կանադան պատժամիջոցներ է կիրառել Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարի և ևս ութ ռուս պաշտոնյաների նկատմամբ՝ Նավալնիի թունավորման առնչությամբ։ Ռուսական ԱԳՆ-ն խոստացել է «հայելային» պատասխան տալ։