Յուրի Խաչատուրովի տեղաշարժի արգելքը վերացվեց
Այսօր Վերաքննիչ դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը: Նիստի ընթացքում դատարանը որոշում է կայացրել բավարարել Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի պաշտպանի դիմումն ու վերացնել Խաչատուրովի՝ ՀՀ սահմանը հատելու արգելքը։
«Խաչատուրովի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է, խափանման միջոցը՝ վերացվել, սակայն տեղաշարժի և սահմանահատումների արգելքը չի վերացվել»,- նիստի սկզբում ասաց պաշտպան Միհրան Պողոսյանն ու հանդես եկավ միջնորդությամբ։
Մեղադրող կողմը չառարկեց։ Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, որոշեց Յուրի Խաչատուրովի սահմանահատումների արգելքը վերացնել։