«Մոսկվան դեմ է Ադրբեջանի և Հայաստանի ուղիղ երկխոսությանը». մեկնաբանություն Բաքվից
Կրեմլն ամեն կերպ դիմադրում է պաշտոնական Երևանի և Բաքվի երկկողմ բանակցությունների գործընթացին, որն արդեն սկսվել է Արևմուտքի աջակցությամբ: Նման տեսակետ է հայտնել ադրբեջանցի քաղաքագետ Էլխան Շահինօղլուն։ Նրա կարծիքով՝ Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում բողոքի զանգվածային ցույցերի հետևում նույնպես կանգնած է Ռուսաստանը։ Քաղաքագետը անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռանալու դեպքում տարածաշրջանում հնարավոր փոփոխությունների հարցին։
«Երևանի բողոքի ցույցերը վերահսկվում են Մոսկվայից»
Ադրբեջանական «Ատլաս» վերլուծական կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուի խոսքով՝ այս օրերին Երևանը և Հայաստանի այլ քաղաքներում բողոքի ցույցերը թելադրվում են Մոսկվայի կողմից.
«Բրյուսելում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարարը և անձամբ Նիկոլ Փաշինյանը այցեր կատարեցին Մոսկվա։ Այդ այցերի ընթացքում տեղի ունեցած բանակցություններից հստակ երևում էր, որ Ռուսաստանը դժգոհ է Բրյուսելում կայացած հանդիպումից ու դրա արդյունքներից։
Դրանից հետո Հայաստանում սկսվեցին բողոքի ցույցեր, որոնց հիմնական պատճառը խորհրդարանական ելույթի ժամանակ Փաշինյանի խոսքերն էին։ Վարչապետն ասաց, որ Հայաստանից ակնկալում են իջեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողը, փաստորեն նա ակնարկում էր, որ պայմանավորվածությունների համաձայն՝ ԼՂ-ը մնալու է Ադրբեջանի կազմում։
Իսկ ներկայիս բողոքի ակցիաների միակ նպատակը Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է։ Բայց փողոցում այդքան մարդ չկա, մեծամասնությունը լուռ հետևում է տեղի ունեցողին։ Հայ ժողովուրդն այս պահին ընտրում է «վատ»-ի և «վատագույնի» միջև և ընտրում է «վատին»։ Որպես «վատ» այս դեպքում նկատի ունեն Փաշինյանին:
Հետաքրքիր է, որ Հայաստանում արմատական ընդդիմությունը կիրառում է նույն մեթոդները, որոնց շնորհիվ Փաշինյանը իշխանության եկավ 2018 թ.-ին: Այն ժամանակ գործող վարչապետը շրջեց երկրի քաղաքներով, բոլորին դուրս բերեց փողոց ու հավաքեց իր համախոհներին»։
«Մոսկվան դեմ է երկկողմ բանակցություններին»
Քաղաքագետը նշում է, որ տարածաշրջանում ակնհայտորեն զգացվում է Արևմուտքի և Կրեմլի առճակատումը:
«Ուկրաինայում Արևմուտքի և Ռուսաստանի առճակատումն ընթանում է բաց ձևով, և այն արդեն տեղափոխվել է Կովկաս։
Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին երկրի արտաքին գործերի նախարարը հանդիպումներ է ունենում Վաշինգտոնում։ Այլ կերպ ասած՝ Փաշինյանը Մոսկվայի ճնշումներից հետո սպասում է Վաշինգտոնի աջակցությանը։ Այո, մամուլի հաղորդագրություններում նշվում է, որ Արարատ Միրզոյանը Էնթոնի Բլինքենին բողոքել է Ադրբեջանի գործողություններից, բայց ես վստահ եմ, որ փակ դռների հետևում նրանք քննարկում են Կրեմլի գործողությունները և Հայաստանի վրա գործադրվող ճնշումները։
Պետքարտուղարության ղեկավարը ուշագրավ հայտարարություն է արել՝ աջակցություն հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններին։ Սա, ըստ էության, նախազգուշացում է Մոսկվային, որպեսզի նա չխոչընդոտի երկկողմ երկխոսությանը։
Բայց Կրեմլը բացահայտ կերպով դեմ է նման սցենարին։ Նա պնդում է իր միջնորդությունը։ Բայց արդյո՞ք անհրաժեշտ է միջնորդություն Բաքվի և Երևանի միջև բանակցություններում։ Երկու երկրների արտգործնախարարներն արդեն երկու անգամ ուղիղ հեռախոսազրույց են ունեցել։ Բառացիորեն երեկ Բրյուսելում հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի և Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի միջև։ Երկկողմ շփումներն արդեն տեղի են ունենում, ԱՄՆ-ն ու Եվրոպան աջակցում են դրանց։
Եթե Նիկոլ Փաշինյանն ակնկալում է Վաշինգտոնի աջակցությունը, պետք է դիմադրի Մոսկվայի ճնշմանը, բայց եթե այդ դիմադրությունը ոչ մի լավ բանի չհանգեցնի, ապա Հայաստանի ներկայիս իշխանությունը տենդի մեջ կընկնի»,- ասում է Շահինօղլուն։
«Եթե ընդդիմությանը հաջողվի տապալել Փաշինյանին…»
«Ատլաս» վերլուծական կենտրոնի ղեկավարը դժվարանում է կանխատեսել, թե Հայաստանում ինչպես կզարգանան իրադարձությունները գործող իշխանության տապալման դեպքում:
«Իհարկե, Հայաստանի նոր իշխանությունները կարող են վերանայել Փաշինյանի կառավարության ստորագրած բոլոր փաստաթղթերը, բայց արդյո՞ք այդ ամենը կլինի հօգուտ Հայաստանի։
Եթե Հայաստանը հայտարարի 2020 թվականի նոյեմբերի 10-ի (նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն) հայտարարության, ինչպես նաև դրան հաջորդած՝ Մոսկվայում և Սոչիում ստորագրված փաստաթղթերի տակ եղած ստորագրությունների անվավեր լինելու մասին, ապա Ադրբեջանը հնարավորություն կստանա վերականգնելու իր ինքնիշխանությունը նաև Ղարաբաղի՝ մնացած մասի նկատմամբ։
Ադրբեջանը կարող է նաև միակողմանիորեն լուծել երկրի հիմնական մասի և Նախիջևանի միջև ցամաքային հաղորդակցության վերականգնման հարցը։
Ինչպես օրերս հայտարարեց Իլհամ Ալիևը, եթե Հայաստանը չճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա Ադրբեջանն էլ չի ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը»։