Մոլոկանները Հայաստանում․ 20 տարի առաջ և հիմա, ֆոտոպատմություն
Մոլոկանները Հայաստանում
Լրագրող Մարկ Գրիգորյանը 2000 թ-ին այցելել է Հայաստանի Ֆիոլետովո գյուղ, որտեղ մոլոկաններ են ապրում, և գիրք գրել դրա բնակիչների մասին։ Եվ ահա քսան տարի անց նա կրկին մեկնել է Ֆիոլետովո։ Ինչպե՞ս են փոխվել նրա գրքի հերոսները և գյուղը․ պատմությունն այս մասին է։
Թվում էր, թե 20 տարում ոչինչ չի փոխվել։ Ամեն ինչ նախկինի պես է։ Գյուղական ցանքատարածություններ՝ հասունացող կաղամբով, որի թթուն գյուղի այցեքարտն է։ Խորդուրբորդ ճանապարհով փողոց՝ կոկիկ տներով ու ցածր ցանկապատներով։ Դպրոց՝ Հայաստանի ու Ռուսաստանի ամուր բարեկամության մասին կարգախոսով։
Ֆիոլետովոն Հայաստանում միայն մոլոկաններով բնակեցված միակ բնակավայրն էր, այդպես էլ մնացել է։
Եվ նրանք շատ հետաքրքիր մարդիկ են, որոնց կյանքի և կենցաղի ուսումնասիրմանը ես ու ֆոտոլրագրող Ռուբեն Մանգասարյանը մի քան տարի ենք նվիրել։
Դա մոտ 20 տարի առաջ էր։ Մենք պարբերաբար Ֆիոլետովո էինք գալիս, աստիճանաբար ընկերացանք մոլոկանների հետ և ավելի քան տասը հոդված հրապարակեցինք ամենատարբեր հայկական, ռուսական, բրիտանական, ամերիկյան և անգամ հարավկորեական պարբերականներում։
Հետզհետե մեր այցերը դուրս եկան պարզապես լրագրողական հետաքրքրության շրջանակից։ Մեր հոդվածների շնորհիվ Ֆիոլետովոյում մի քանի ընտանիքներ գտան իրենց հարազատներին ԱՄՆ-ում։ Սակայն ամերիկացիները ռուսերեն չէին խոսում, իսկ Ֆիոլետովոյի մոլոկանները՝ անգլերեն։ Այդ պատճառով էլ ես թարգմանում էի նրանց նամակներն ու էլեկտրոնային փոստով ուղարկում։
Հետո, 2018 թ-ին, ես գիրք հրատարակեցի, որը հիմնված էր մոլոկանների լուսանկարների, նրանց հետ զրույցների և Իվան Սեմյոնովի՝ ХХ դարի Հայաստանի ամենաականավոր մոլոկաններից մեկի խորհրդատվության վրա։
Գիրքը կոչվում է «Փոքր Ռուսաստան Հայաստանի հյուսիսում», և դրա հեղինակները ես ու Ռուբեն Մանգասարյանն ենք։ Բայց նա էլ չկա․ կաթվածից մահացավ գրքի լույս տեսնելուց ինը տարի առաջ։
- Միջանցք։ Ովքե՞ր են ապրում Ջավախքում՝ Վրաստանի հարավում
- Հավատք, կոլտնտեսություն և թթվասեր. թե ինչպես են ռուս մոլոկանները պահպանում նախնիների ավանդույթներն Ադրբեջանում
- «Կղզի»․ Վավերագրական ֆիլմ
2021 թ-ի ամռանը ես, ի վերջո, կարողացա կրկին Ֆիոլետովո այցելել։ Հետաքրքիր էր հանդիպել գրքիս հերոսներին, տեսնել, թե ինչպես են նրանք փոխվել մոտ 20 տարում՝ այն օրվանից, երբ Ռուբենի հետ առաջին անգամ այնտեղ եղանք։
Մարիա
Աղջնակի լուսանկարը, որը ցնծությամբ վայելում է թռիչքը ճոճանակի վրա, այն ժամանակ տպավորվել էր ինձ մոտ հույզերի մաքրության և հիացմունքի պատճառով, որոնք այդքան անթաքույց արտահայտված էին նրա դեմքին։
Իսկ 20 տարի անց ես ծանոթացա Մարիայի հետ։ Նա արդեն 28 տարեկան է, ամուսնու անունն Ալեքսեյ է, երեք երեխա ունեն։
Միխայիլ
Միխայիլ Մեչիկովի հետ ծանոթացել ենք, երբ 20 տարի առաջ ինձ գրել էր ամերիկացի մոլոկան Ջոն Մեչիկովն ու խնդրել օգնել գտնել հարազատներին Ֆիոլետովո գյուղում։ Խորհրդային իշխանության հաստատումից առաջ այն կոչվում էր Նիկիտինո։
Ջոնն ու Միխայիլն, ինչպես պարզվեց, հորեղբոր տղաներ են։ Մենք Ջոնին Ամերիկա ուղարկեցինց լուսանկարը, որտեղ Միխայիլը հպարտ կանգնած է իր բեռնատարի մոտ, որն ինքն էր հավաքել որդիների հետ։
Միխայիլն այժմ 80 տարեկան է, նրա բակում արդեն ուրիշ բեռնատար է կանգնած, որը նույնպես նա է հավաքել։ Ճիշտ է՝ երկուսն էլ արդեն ծերացել են՝ և՛ Մեչիկովը, և՛ մեքենան։
Իվան
Իվանը նույնպես Ջոնի ազգականն է, նա ու Ջոնը անվանակիցներ են՝ Իվան Մեչիկով և John Metchikoff։
20 տարի առաջ մենք լուսանկարել ենք Իվանին, որը Ջոնին ցույց էր տալիս նախապապի գերեզմանը։ Իսկ հիմա նա 79 տարեկան է, հիմնականում տանն է լինում կնոջ՝ խելացի և նրբազգաց Աննայի հետ։
Իսկ Ջոնը մահացել է մի քանի տարի առաջ։ Ես սոցցանցերում գտել եմ նրա որդի Ադամին, սակայն նա, կարծես, առանձնապես չհետաքրքրվեց իր նախնիների հողով։
Հաց
Այն ժամանակ՝ 20 տարի առաջ, մենք շատ էինք ուզում տեսնել, թե ինչպես են մոլոկանները հաց թխում։ Մեզ դա հաջողվեց միայն այն բանից հետո, երբ մի քանի անգամ գյուղ մեկնեցինք, պայմանավորվեցինք տանտիրուհիներից մեկի հետ, որն, ի վերջո, հաց թխեց իսկական ռուսական վառարանում։
Մենք նաև իմացանք, թե ինչպես են պատրաստում թթու դրած կաղամբը՝ մոլոկանների ձևով։
Արիշտա
Այս անգամ Ֆիոլետովոյից եկել եմ մոլոկանների արիշտայի բաղադրատոմսով։
Սկզբից, բնականաբար, պետք է պատրաստել խմորը։ Դրա համար պահանջվում է ալյուր, տնական (այլ ոչ թե խանութի) ձու, մի քիչ ջուր ու աղ։
Խմորը շատ բարակ շերտերով գրտնակվում է, դրանք հետո թեթև չորացնում են մետաղական սկուտեղի վրա, որը դրվում է կրակի վրա, որ «ծխի հոտ գա»։
Այդպիսի սկուտեղների վրա քրդերը սարերում լավաշ են թխում, մի տարբերությամբ, որ այն պետք է թխվի, իսկ ապագա արիշտան՝ ընդամենը չորանա։
Հետո չորացրած թերթերը փաթաթում են ու բարակ-բարակ կտրատում։
Արիշտան պատրաստ է։ Սակայն սա միայն կիսապատրաստվածք է, այն հետո պետք է եփել, բայց ոչ թե ջրում, այլ հավի կամ տավարի արգանակում։ Եվ միայն հետո կարելի է ուտել։ Գյուղում ոչ մի հարսանիք առանց արիշտայի չի անցնում։
Կովեր
Եվ, իհարկե, էլ ի՞նչ գյուղ առանց կովերի։ Իսկ եթե կան կովեր, պետք է կթել։ Բայց 20 տարի առաջ կով կթելը մեզ համար առաջնահերթություն չէր, մենք կարծում էինք, որ բոլոր գյուղերում, անկախ ազգային ավանդույթներից, կովերին միևնույն ձևով են կթում։
Ընդհանուր առմամբ, այդպես էլ կա։
Սակայն այս տարի ես եղել եմ նաև սարերում՝ մոլոկանների «քոչավայրում», որտեղ Ալեքսեյ Նովիկովն ընտանիքով ամռանը կովերին է արածեցնում։ «Քոչավայր» բառը չակերտներով եմ գրել, որովհետև դա կոկիկ կառուցված տուն է՝ մի քանի սենյակներով, ունի էլեկտրականություն, բջջային կապ և անգամ՝ ինտերնետ։
Բջջային կապ և ինտերնետ
Իսկ 20 տարի առաջ Ֆիոլետովոյում ընդամենը մեկ հեռախոս կար, բջջայինը չէր աշխատում, ինտերնետի մասին չէին էլ լսել, իսկ հոգևոր առաջնորդներն արգելում էին հեռուստացույց նայել։
Հիմա այդ արգելքներն անցյալում են։ Գյուղում շատ լավ աշխատում է բջջային կապն ու ինտերնետը, որից օգտվում են գրեթե բոլորը։
Ստորև՝ բջջայինի առկայությամբ կադրում, Տատյանան է և նրա հինգ երեխաներից երեքը։ 20 տարի առաջ նա ծիծաղկոտ աղջնակ էր, իսկ հիմա, ինչպես և Մարիան, դպրոցն ավարտել է և ամուսնացել։
Իսկ նրա երեխաները մոլոկանների արդեն նոր սերունդն են, որն ապրում է Ֆիոլետովոյում։