Դեպի ԵՄ ռուս զինվորների հե՞տ․ Մոլդովայի և Ուկրաինայի եվրաինտեգրման ուղին
Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին
ԽՍՀՄ-ի փլուզումից և անկախություն ձեռք բերելուց հետո Մոլդովան և Ուկրաինան 33 տարի տարբեր արագությամբ շարժվել են դեպի Եվրոպա: Սակայն երբեք այնքան մոտ չեն եղել ԵՄ-ին անդամակցելուն, որքան հիմա: Որքան էլ պարադոքսալ է, որպես կատալիզատոր ծառայեց Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան, որի նպատակն էր երկիրը զավթել և հետ պահել «դեպի Արևմուտք գնալուց»: Արդեն ավելի քան 30 տարի է, ինչ Մոլդովայում որպես նման «խարիսխ» է ծառայում Մերձդնեստրը՝ Ռուսաստանի վերահսկողության և ազդեցության տակ գտնվող տարածաշրջանը: Արդյո՞ք Մոլդովան և Ուկրաինան կկարողանան ԵՄ-ի աջակցությամբ նոր նախադեպ ստեղծել Եվրոպայում: Եվ արդյո՞ք երկու երկրների եվրոպական ապագան կդադարի լինել Մոսկվայի կողմից ստեղծված և սնուցվող հակամարտությունների պատանդը։
20 տարվա ընթացքում «հակամարտությամբ բեռնված» ոչ մի երկիր չի դարձել ԵՄ լիիրավ անդամ: Վերջին այդպիսի դեպքը Կիպրոսն էր: Սակայն կղզու ԵՄ-ին միանալը չօգնեց լուծել տարածքային խնդիրը: Դրանից հետո Բրյուսելում գրեթե երկու տասնամյակ մանտրայի նման ասել են՝ կիպրական նախադեպը այլևս չեն կրկնի:
Ամեն ինչ փոխվեց Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմի մեկնարկից հետո: Արդեն 2022 թվականի մարտին Ուկրաինան և Մոլդովան ԵՄ անդամակցության հայտեր ներկայացրին, կարճ ժամկետում՝ նույն տարվա ամռանը, ստացան ԵՄ թեկնածուի կարգավիճակ, իսկ 2023 թվականի դեկտեմբերին սկսեցին անդամակցության բանակցությունները։ Պլանավորում են անդամակցության գործընթացն ավարտին հասցնել մինչև 2030 թվականը:
Տրամաբանությունը պարզ է: Բրյուսելում հասկացան, որ տարածքային խնդիրների պատճառով Մոլդովայի և Ուկրաինայի ընդունումը արգելափակելով, ըստ էության, խրախուսում են Մոսկվայի պրակտիկան՝ ստեղծելու և սնուցելու այդպիսի հակամարտություններ, որոնք օգտագործվում են որպես լծակներ՝ երկրներին Ռուսաստանի վերահսկողության տակ պահելու համար:
Ավելի քան 30 տարի Մոլդովան և Ուկրաինան, ինչպես և Վրաստանը, Ռուսաստանի «պատանդներն» էին: Արդյո՞ք կհաջողվի Բրյուսելին, ինչպես նաև հենց Մոլդովային և Ուկրաինային Մոսկվային զրկել ճնշման լծակներից և Եվրոպայում ստեղծել նոր նախադեպ, այն է՝ ԵՄ կազմում ընդգրկել այնպիսի երկրներ, որոնք Մոսկվան համարում է իր ազդեցության և շահերի գոտի:
Մոլդովա. նոր Կիպրո՞ս
Արդյո՞ք Մոլդովան կկարողանա միանալ ԵՄ-ին իր վերահսկողության տակ չգտնվող Մերձդնեստրով: Սա մոլդովական եվրաինտեգրման գլխավոր հարցերից մեկն է: Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը և Մոլդովայի ԱԳՆ նախկին ղեկավար Նիկու Պոպեսկուն ասում են, որ այո, կկարողանա: Բայց ոչ բոլորն են կիսում այդ լավատեսությունը:
Եվրաինտեգրումն ու երկրի վերամիավորումը Մոլդովայի երկու կարևորագույն ազգային նախագծերն են վերջին տասնամյակների ընթացքում: Այս երկու գործընթացները ակնհայտորեն սերտորեն կապված են միմյանց հետ, չնայած միշտ չէ, որ «ձեռք ձեռքի տված» են առաջ ընթացել, այլ ավելի շուտ՝ հակառակը:
2000-ականների սկզբին հենց ռուսական միջնորդությամբ մերձդնեստրյան հարցի կարգավորման ձախողումը նպաստեց Մոլդովայի շրջադարձին դեպի Արևմուտք և եվրաինտեգրացիոն գործընթացների մեկնարկին։
Հիմա, երբ երկիրը ստացել է հստակ եվրոպական հեռանկար, մերձդնեստրյան խնդրի չլուծված լինելը, ընդհակառակը, սպառնում է դառնալ ամենաբարդ խոչընդոտներից մեկը Եվրամիության անդամակցության ճանապարհին: Թե՞ այնուամենայնիվ՝ ոչ:
2023 թվականի հունիսին մոլդովական Բուլբոակայում կայացած Եվրոպական համայնքի գագաթնաժողովի ժամանակ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը սենսացիոն հայտարարություն արեց այն մասին, որ Մոլդովան կարող է միանալ ԵՄ-ին նաև չլուծված տարածքային հակամարտությամբ՝ այնպես, ինչպես Կիպրոսը:
Այժմ Մոլդովան իր առջև նպատակ է դրել միանալ ԵՄ-ին մինչև 2030 թվականը: Շատ եվրոպացի քաղաքական գործիչներ և պաշտոնյաներ այս ժամկետը իրատեսական են համարում: Բայց սա ընդամենը ուղենիշ է: ԵՄ-ին անդամակցության իրական ժամկետները կախված են երկու բանից: Առաջին՝ որքան արագ Մոլդովան կհաղթահարի տեխնիկական տնային առաջադրանքը և կարգի կբերի իր օրենսդրությունը, կմաքրի արդարադատության համակարգը: Երկրորդ՝ արդյո՞ք ԵՄ-ում կլինի քաղաքական կամք՝ ընդունելու Մոլդովային և Ուկրաինային:
Այս գործընթացի վրա մեծապես կազդեն և՛ Ուկրաինայում պատերազմի ընթացքը, և՛ ԵՄ երկրներում քաղաքական իրավիճակը: Ո՛չ իր կողմից չվերահսկվող տարածաշրջանի առկայությունը, ո՛չ էլ սեփական տարածքում օտար բանակի առկայությունը չեն համապատասխանում ԵՄ անդամակցության Կոպենհագենյան չափանիշներին: Այդպիսի «բայցերով» երկիրն ընդունելու համար անհրաժեշտ է միության անդամ բոլոր երկրների քաղաքական կամքը:
Հետևաբար, Մոլդովայի վերամիավորման հարցերով նախկին փոխվարչապետ Ալեքսանդր Ֆլենկյան գտնում է, որ չարժե հետևել Կիպրոսի օրինակին։ Նրա խոսքով՝ հակամարտության լուծումը իր քաղաքացիների հանդեպ պետության կարևոր պարտականությունն է: Եվ անդամակցության պահին այդ խնդիրը չպետք է գոյություն ունենա:
Գլխավոր հարցը մնում է երկրի տարածքում ռուս զինվորների առկայությունը: Առայժմ ոչ ոքի համար պարզ չէ, թե ներկայիս պայմաններում ինչպես է հնարավոր նրանց դուրս բերել տարածաշրջանից։ Ընդ որում, եթե Ուկրաինայում պատերազմը շարունակվի, Մերձդնեստրը կմնա անվտանգության սպառնալիք:
Մոլդովան հազիվ թե Կիպրոսի օրինակով միանա ԵՄ-ին՝ չփորձելով լուծել մերձդնեստրյան խնդիրը: Իհարկե, նույն Եվրամիության, ԱՄՆ-ի և Ուկրաինայի օգնությամբ:
Բայց առայժմ հայտնի չէ, թե ինչպես և ինչ պայմաններում դա տեղի կունենա՝ ուկրաինական պատերազմի ընթացքո՞ւմ, թե՞ դրա ավարտից հետո: Հայտնի չէ՝ արդյոք այդ փորձը հաջողությամբ կպսակվի, թե կձախողվի, ինչպես Կիպրոսի դեպքում:
Հազիվ թե որևէ մեկը համարձակվի երաշխավորել, որ Մոլդովային անպայման կընդունեն ԵՄ, եթե կարգավորման պլանը ձախողվի՝ այնպես, ինչպես Կիպրոսում։ Բայց, ամենայն հավանականությամբ, Քիշնևը ստիպված կլինի փորձել կարգավորել հակամարտությունը, սկսել բանակցություններ և մշակել կարգավորման կենսունակ պլան: Եվ ոչ միայն ԵՄ-ին անդամակցելու համար:
Ուկրաինա. կամք դեպի Եվրոպա
Ուկրաինան Եվրամիությանն անդամակցելու իր պաշտոնական հայտը ներկայացրել է 2022 թվականի փետրվարի 28-ին՝ ռուսական լայնածավալ ներխուժման մեկնարկից չորս օր անց։ Եվ ընդամենը չորս ամիս անց ԵՄ-ն Ուկրաինային շնորհեց թեկնածուի կարգավիճակ և տվեց կատարման ենթակա յոթ հանձնարարականներ:
Թվում է, թե Ռուսաստանի Դաշնություն լայնամասշտաբ ներխուժման մեկնարկով Եվրամիության դռներն ավելի լայն բացվեցին Ուկրաինայի համար, քան հիբրիդային պատերազմի նախորդ ութ տարիներին, երբ ռազմական գործողությունների ինտենսիվությունը ավելի ցածր էր, իսկ օկուպացված տարածքն՝ ավելի փոքր։ Պարադոքսալ կերպով պարզվեց, որ Կրեմլը, որը չցանկացավ Ուկրաինային դուրս թողնել իր ազդեցության գոտուց, արդյունքում միայն արագացրեց նրա եվրաինտեգրման գործընթացը։
Փորձագետները կարծում են, որ մինչև 2022 թվականի փետրվար եվրոպացի առաջնորդները նախընտրում էին Պուտինին խաղաղեցնելու քաղաքականությունը և չէին ուզում կտրուկ քայլեր անել Ուկրաինայի հետ մերձեցման ուղղությամբ։ Բայց լայնամասշտաբ պատերազմը փոխեց ամեն ինչ, նախկին մոտեցումը սխալ դուրս եկավ։ Իսկ Ուկրաինան իրեն դրսևորեց որպես պետություն, որը պատրաստ է ոչ միայն հետ մղել ագրեսորին, այլև միաժամանակ շարունակել շարժվել դեպի Եվրամիություն։
Այժմ Ուկրաինայի տարածքի մոտ 20 տոկոսն օկուպացված է Ռուսաստանի կողմից։ Այնուամենայնիվ, ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները շարունակվում են, և եվրոպացի առաջնորդները կրկնում են՝ Ուկրաինայի տեղը Եվրամիությունում է։
Բրյուսելում և եվրոպական մայրաքաղաքներում ավելի ու ավելի շատ մարդիկ են հասկանում, որ Ռուսաստանի Դաշնության ագրեսիվ պատերազմը չպետք է խանգարի ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը: Սա նաև ազդանշան է Մոսկվային. եթե նրանք կարծում են, որ ուկրաինական որոշ տարածքների օկուպացիան կվնասի Ուկրաինայի եվրաինտեգրմանը, ապա սխալվում են։
Գլխավոր հարցը հենց Ուկրաինան է, նրա կամքն ու պատրաստակամությունը՝ իրականացնելու անհրաժեշտ բարեփոխումները և շարունակելու բանակցային գործընթացը։
Ուկրաինայի կառավարությունն ընդգծում է՝ Ուկրաինան կդառնա Եվրամիության անդամ իր ինքնիշխան տարածքների շրջանակներում։ Եվ եվրոպացի պաշտոնյաները կարծում են, որ ԵՄ-ի խնդիրն է ռազմական, քաղաքական և ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, որպեսզի Ռուսաստանի հետ պատերազմն ավարտվի հաղթանակով և արդար խաղաղությամբ։ Եվ դա կարևոր է ոչ միայն Ուկրաինայի, այլև ողջ Եվրոպայի անվտանգության համար։
Այժմ Ուկրաինան բանակցային գործընթացի մեջ է։ Դրանից հետո Եվրահանձնաժողովը պետք է եզրակացնի, որ բանակցությունները հաջող են անցել, և Ուկրաինան համապատասխանում է բոլոր չափանիշներին։ Հաջորդիվ պետք է կայացվի որոշում Եվրամիությանն անդամակցելու համաձայնագիր ստորագրելու մասին։
Եվ վերջինը ԵՄ անդամ երկրների խորհրդարանների դրական քվեարկությունն է։ Բացի այդ, Ուկրաինան ինքը պետք է հաստատի Եվրամիությանն անդամակցելու իր պատրաստակամությունը, տարբերակներից մեկը հանրաքվե անցկացնելն է։ Եվրոպացի առաջնորդներն ու փորձագետները նույն ժամկետներն են մատնանշում՝ Ուկրաինան և Մոլդովան կարող են ԵՄ անդամ դառնալ մինչև 2030 թվականը։
Նյութը պատրաստվել է Լուրերի փոխանակման ռուսալեզու մեդիացանցի (Медиасеть) աջակցությամբ
Նախագծի վրա աշխատել են Եկատերինա Կովալչուկը/ Новости Донбасса, Եվգենի Չեբանը, Եվգենի Շոլարը / NewsMaker՝ Սվետլանա Կոզլովա