«Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հանդիպմանը շոշափելի արդյունք չի գրանցվել»․ կարծիք Երևանից
Միրզոյան-Բայրամով հանդիպում Նյու Յորքում
Նյու Յորքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Պաշտոնական Երևանի տարածած հաղորդագրության համաձայն՝ կողմերը համաձայնել են «ներդնել լրացուցիչ ջանքեր «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի՝ ամենասեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ»։
Հանդիպումից այլ մանրամասներ չեն հաղորդվել։ Լրագրողների հետ զրույցում պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը նույնաբովանդակ հայտարարություն է արել՝ նշելով, որ Բլինքենը երկու երկրներին կոչ է արել «շարունակել ջանքերը՝ հնարավորինս շուտ համաձայնագիրը վերջնականացնելու ուղղությամբ»։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի գնահատմամբ՝ Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ չի հաջողվել հասնել շոշափելի արդյունքի։ JAMnews-ի հետ զրույցում նա նկատել է՝ այնքան էլ հավաստի չէ այն, որ ԱՄՆ-ն այս պահին իր առաջնահերթությունն է համարում մինչև նախագահական ընտրություններ ՀՀ և Ադրբեջանի միջև փաստաթղթի ստորագրումը։
«Այդ ձգտումը ԱՄՆ մոտ այսօր ավելի քիչ է, քան մինչև Բայդենի՝ ընտրապայքարից դուրս գալը»,- շեշտել է նա։
«Խաղաղությունը ձեռքը պարզելու հեռավորության վրա է»
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակներում ելույթ է ունեցել ու հայտարարել, որ «խաղաղությունն այնքան մոտ է, և մեզ հարկավոր է ընդամենը ձեռքը մեկնել և վերցնել այն»։ Սակայն դա հեշտ չէ ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Հայաստանի համար, որովհետև «յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը»։
Նշել է՝ կողմերը ստորագրել են «առաջին երկկողմ իրավական պայմանագիրը»՝ սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը։
«Հիմա արդեն դե յուրե վերահաստատված է, որ երկու երկրները միմյանցից տարածքային պահանջներ չունեն»,- հայտարարել է նա։
Փաշինյանի խոսքով՝ պետք է անել հաջորդ քայլը և ստորագրել խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին պայմանագիր, ինչը Երևանը «պատրաստ է անել հենց հիմա»։
Շեշտել է՝ պատմական հնարավորությունից օգտվելու և փակուղի մտնելու վտանգից խուսափելու համար է հայկական կողմը հանդես եկել արդեն իսկ համաձայնեցված կետերի հիման վրա փաստաթուղթ ստորագրելու առաջարկով։
«Իսկ Հայաստանի և Ադրբեջանի դեպքում խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված հոդվածներն, ըստ էության, խաղաղության, միմյանցից տարածքային պահանջներ չունենալու և ապագայում նման պահանջներ չստեղծելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, խաղաղության պայմանագրի իրագործումը վերահսկող միացյալ հանձնաժողով ստեղծելու, միմյանց ներքին գործերին չխառնվելու, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և այլ կարևոր դրույթներ են պարունակում»,- մանրամասնել է վարչապետը։
Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չկան․
«Ավելի մանրամասն գրավոր հիմնավորումներ կարող ենք տրամադրել այս հարցով հետաքրքրվող մեր բոլոր միջազգային գործընկերներին: Ասեմ ավելին, Ադրբեջանի Սահմանադրությունն է տարածքային պահանջներ պարունակում Հայաստանի նկատմամբ և սրա մասին էլ կարող ենք գրավոր հիմնավորումներ ներկայացնել հարցով հետաքրքրվող մեր բոլոր միջազգային գործընկերներին»:
Ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Երևանը Ադրբեջանի Սահմանադրությունը չի դիտարկում որպես խաղաղության պայմանագրի կնքման խոչընդոտ, քանի որ պայմանագրի նախագծի համաձայնեցված մասում ամրագրված է. «կողմերից ոչ մեկը չի կարող վկայակոչել իր ներքին օրենսդրության դրույթները՝ որպես հիմնավորում սույն համաձայնագրի չկատարման համար»:
Մյուս կողմից Նիկոլ Փաշինյանը նկատել է՝ Հայաստանի Սահմանադրության համաձայն` Սահմանադրությանը հակասող համաձայնագրերը չեն կարող վավերացվել:
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրվելուց հետո պետք է ուղարկվի Սահմանադրական դատարան՝ եզրակացության։
«Եթե Սահմանադրական դատարանը կորոշի, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հակասում է ՀՀ Սահմանադրությանը (թեև մեր փորձագետները վստահեցնում են, որ դա հավանական չէ), այդ ժամանակ մենք կկանգնենք կոնկրետ իրավիճակի առաջ, որում սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն խաղաղության հասնելու համար»,- ընդգծել է վարչապետը։
Ասում է՝ հակառակ դեպքում կնքվելիք խաղաղության պայմանագիրը ՀՀ խորհրդարանում վավերացնելու որևէ խոչընդոտ չի լինի։ Իսկ վավերացումից հետո, ըստ ՀՀ Սահմանադրության, պայմանագիրը գերակայություն է ունենալու երկրի ներքին օրենսդրության նկատմամբ, ուստի «եթե նույնիսկ տեսականորեն լինեն օրենքներ, որոնք կարող են մեկնաբանվել որպես տարածքային հավակնություններ, այդ օրենքները ստորադաս կլինեն Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին և ինքնաբերաբար չեն ունենա իրավական ուժ»։
Սեպտեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ Հայաստանն ադրբեջանական կողմին է փոխանցել խաղաղության պայմանագրի նախագծի 10-րդ փաթեթը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հայկական կողմը հանդես է եկել առաջարկով՝ ստորագրել փաստաթուղթ արդեն իսկ համաձայնեցված կետերով, չհամաձայնեցված հարցերը՝ թողնել ապագային։ Ադրբեջանը սա անընդունելի համարեց։ Կողմերի փոխանցմամբ՝ համաձայնեցված է փաստաթղթի գրեթե 80 տոկոսը։
Բաքուն պարբերաբար հայտարարում է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հիմնական խոչընդոտը երկրի Սահմանադրությունն է։ Բանն այն է, որ փաստաթղթում հղում է արվում 1990 թվականին ընդունված Անկախության հռչակագրին, որի առաջին պարբերությունում էլ հիշատակվում է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Գերագույն խորհրդի և ԼՂ-ի Ազգային խորհրդի համատեղ որոշումը։ Երևանը սահմանադրական փոփոխությունների հարցը համարում է իր ներքին գործը։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը հիշեցնում է Ադրբեջանի դիրքորոշումը՝ քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, պայմանագիր չի կարող ստորագրվել։ Ասում է՝ հավանաբար հենց դա էլ քննարկվել է արտգործնախարարների հանդիպման ժամանակ․
«Լրացուցիչ ջանքեր արտահայտությունը խոսում է այն մասին, որ անհրաժեշտ է շարունակել աշխատել երկու ուղղություններով։ Մեկը չհամաձայնեցված հարցերը հնարավորինս արագ համաձայնեցնելն է, ինչը բավականին բարդ է։ Եվ երկրորդ ուղղությունը՝ Ադրբեջանին համոզելն է՝ ստորագրել արդեն համաձայնեցված հատվածը»։
Շեշտում է՝ եթե Բաքվի նկատմամբ ճնշում գործադրվի, համաձայնեցված կետերով խաղաղության պայմանագրի ստորագրումը կարող է իրականություն դառնալ նախքան ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների անցկացումը։ Մյուս կողմից նկատում է՝ Ջո Բայդենի՝ ընտրապայքարից հրաժարվելուց հետո ԱՄՆ համար այլևս առաջնահերթություն չէ մինչև նախագահական ընտրություններ հասնել Հայաստան-Ադրբեջան փաստաթղթի ստորագրման.
«Եթե ԱՄՆ-ում որոշում կայացվի, որ անհրաժեշտ է այդ պայմանագիրն ունենալ մինչև նախագահական ընտրությունները, ապա Նահանգներն ունի այդ գործիքները, որպեսզի կարողանա ստիպել Ադրբեջանին գնալ այդ քայլին և ստորագրել»։
Քաղաքագետի գնահատմամբ՝ բավարար կարող է լինել նույնիսկ Բաքվի հանդեպ տնտեսական հնարավոր ճնշումների մասին Վաշինգտոնի ակնարկը․
«Այսինքն՝ եթե Վաշինգտոնը կոնկրետ օրինակներով նշի, թե ինչ տնտեսական խնդիրների կարող է բախվել Ադրբեջանը, դա բավարար կլինի, որ Բաքուն համաձայնի զիջել»։
Կարծում է՝ որպես ճնշման գործիք կարելի է դիտարկել նաև ԱՄՆ պաշտոնյաների հարաբերություններն Ադրբեջանի պաշտոնյաների հետ։ Նրա փոխանցմամբ՝ երկու տարի առաջ՝ 2022 թ․-ի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակման ժամանակ, «ԱՄՆ-ից մեկ զանգը բավարար եղավ, որպեսզի պատերազմն անմիջապես դադարեցվի»։
JAMnews-ը Ղևոնդյանին հարցրել է՝ ի՞նչ կտա հայկական կողմին մի փաստաթղթի ստորագրումը, որտեղ հիշատակում չի լինելու Լեռնային Ղարաբաղի մասին, չեն շոշափվելու սահմանազատման և հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը։ Քաղաքագետը պատասխանել է․
«Խաղաղության պայմանագիրը կտա ՀՀ և Ադրբեջանի միջև համաձայնեցված որոշակի մոտեցումներ, որոնք կհամապատասխանեն Հայաստանի շահերին։ Փաշինյանը ՄԱԿ ամբիոնից բացահայտեց փաստաթղթի որոշ մասեր՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատում, միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում, ուժ և ուժի կիրառման սպառնալիքի բացառում, համատեղ հանձնաժողով, որ պետք է վերահսկի պայմանագրի իրականացումը։ Այս բոլորը գործիքներ են, որոնք հնարավորություն կտան նվազեցնել էսկալացիայի և ռազմական սադրանքների հավանականությունը սահմանին»,- նկատել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Միրզոյան-Բայրամով հանդիպում Նյու Յորքում