Միրզոյանն ու Բայրամովը Վաշինգտոնում համաձայնության չեն եկել, բայց Բլինքենը լավատես է
Միրզոյան-Բայրամով բանակցություններ Վաշինգտոնում
Չորս օր՝ մայիսի 1-4-ը, Վաշինգտոնում բանակցություններ էին ընթանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ։ Դա Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունների ամենաերկար ռաունդն էր։ Բայց Վաշինգտոնի հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն չստորագրվեց, կողմերը սահմանափակվեցին ընդամենը համատեղ մամուլի հաղորդագրությամբ.
«Նախարարները և նրանց թիմերը «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ»։
Սակայն ԱՄՆ պետքարտուղարն իր գնահատականներում լավատես էր.
«Ես հուսով եմ, որ երկու նախարարներն էլ, ինչպես և ես, հավատում են, որ խաղաղության համաձայնագիրը սարերի հետևում չէ, և այն տևական խաղաղություն կապահովի Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Այդ խաղաղությունը մեծ ազդեցություն կունենա ոչ միայն երկու ժողովուրդների կյանքի վրա, այլև տարածաշրջանային, և ավելի գլոբալ ազդեցություն կունենա։ Ամեն բան դժվարությամբ է տրվում, բայց առաջ գնալու ցանկությունն ու ձգտումն իրական են, ինչպես նշեցի՝ վերջին մի քանի օրվա ընթացքում մենք զգալի առաջընթաց ենք գրանցել։ Կարծես թե վերջնական համաձայնությունը սարերի հետևում չէ, և մենք վճռական ենք դրան հասնելու հարցում»։
Ավելի ուշ Պետդեպարտամենտի պաշտոնական մամուլի հաղորդագրությունում հայտնվեց հետևյալ լրացումը.
«Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը սկզբունքորեն համաձայնել են որոշակի պայմանների հետ և ավելի լավ են հասկանում միմյանց դիրքորոշումները չլուծված հարցերի վերաբերյալ։ Ես նախարարներին առաջարկեցի վերադառնալ իրենց մայրաքաղաքներ՝ իրենց կառավարությունների հետ կիսելու այն տեսակետը, որ հավելյալ բարի կամքի, ճկունության և փոխզիջումների դեպքում հնարավոր է համաձայնություն ձեռք բերել: Նրանք կշարունակեն վայելել Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունն ու ներգրավվածությունը տևական խաղաղություն ապահովելու իրենց ջանքերում»:
Ինչպե՞ս են վաշինգտոնյան բանակցությունները գնահատում Բաքվում և Երևանում, վերլուծաբանների մեկնաբանությունները
- Հայ-ադրբեջանական բանակցություններ Վաշինգտոնում. կշարունակվե՞ն Մոսկվայում
- «Ադրբեջանի հետ սպառնալիքի և տեռորի լեզուն չի աշխատում». Իլհամ Ալիև
- «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը»․ շրջափակման հետևանքները
Մեկնաբանություններ Երևանից
Տիգրան Գրիգորյան, քաղաքագետ
«Վաշինգտոնյան մարաթոնը ավարտվեց։ Կարծում եմ` միջնորդների համար սպասվածից փոքր արդյունքով։ Վստահաբար, կար ակնկալիք, որ առնվազն համատեղ հայտարարություն կստորագրվի, բայց, ինչպես և ակնկալվում էր, ամենաառանցքային հարցերում առաջընթաց չի գրանցվել։
Խոսքը, մասնավորապես, Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցային մեխանիզմի և դրա վերաբերյալ կողմերի տարբերվող պատկերացումների մասին է, քարտեզների վերաբերյալ համաձայնության բացակայության և խաղաղության պայմանագրի իրագործման երաշխիքների կամ մեխանիզմների վերաբերյալ համաձայնության բացակայության մասին։
Ի հեճուկս պետքարտուղար Բլինքենի լավատեսական մեկնաբանությունների` ես չեմ պատկերացնում, թե այս երեք առանցքային հարցերի շուրջ կողմերն ինչպես կարող են համաձայնության հասնել։ Հատկապես ուղիղ բանակցային մեխանիզմի հարցում»։
Սուրեն Սուրենյանց, քաղաքագետ
«Ինչպես և կանխատեսելի էր՝ Միրզոյան- Բայրամով բանակցությունների վաշինգտոնյան ռաունդը մեծ արդյունավետություն չունեցավ: Կողմերը նույնիսկ համատեղ հայտարարություն չընդունեցին՝ սահմանափակվելով միասնական մի հաղորդագրությամբ:
Կարծում եմ՝ Վաշինգտոնի բանակցություններն առնվազն երկու պատճառով դատապարտված էին նման արդյունքի.
1) հայ- ադրբեջանական ուղղակի երկխոսության ինստիտուտը չի կարող արդյունավետ աշխատել, գոնե այն պատճառով, որ Երևանի ու Բաքվի միջև գոյություն ունի ուժային դիսբալանս, ինչի հետևանքով Ադրբեջանը փորձում է Երևանին պարտադրել իր օրակարգն ամբողջությամբ,
2) մեզ կարող է դուր գալ կամ ոչ Ռուսաստանի քաղաքականությունը, բայց ակնհայտ է, որ առանց Մոսկվայի մասնակցության հնարավոր չէ հասնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման: Ռուսաստանը ոչ միայն Հարավային Կովկասի հիմնական մոդերատորն է, այս հակամարտության առանցքային միջնորդը, այլև, ըստ էության, այս հակամարտության կողմ ու մասնակից է, ինչը բխում է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանությունից:
Իհարկե, ասվածից չի բխում, թե բանակցությունների մոսկովյան ռաունդը հաջողելու է: Առհասարակ, դժվար է պատկերացնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորում, երբ այդ ուղղությամբ չկան միջազգային կոնսոլիդացված ջանքեր: Այդպիսիք չեն կարող լինել Ռուսաստան- Արևմուտք գլոբալ հակադրության, միջազգային քաոսի պայմաններում:
Այս վիճակն, իհարկե, նոր ռիսկեր է ծնում Հայաստանի անվտանգության, Արցախի հայաթափության համար»:
Ռուբեն Մեհրաբյան, քաղաքագետ
«Երբ արձանագրում եք, որ առանցքային հարցերով տարաձայնությունները պահպանվում են, դա նշանակում է, որ Ալիևը դեռ կոտոշ է տալիս, հույս ունենալով, որ Կրեմլը վաշինգտոնյան հանդիպումից հետո մի հատ էլ «Սանկտ Պետերբուրգ» կսարքի, ինչպես 2016-ին Վիեննայից հետո, Երևանին կճնշի ու Բաքվին հերթական անգամ «կպլստացնի» ամերիկյան ճնշման տակից, որից հետո նոր «օտմաշկա» կտա՝ բեսպրեդելը շարունակելու ի շահ Մոսկվայի և Բաքվի։
Իսկ դա նշանակում է, որ Երևանը պարտավոր Է դա թույլ չտալ։ Իսկ դա նշանակում է՝ Մոսկվային միայնակ թողնել իր սիրելի Բաքվի հետ, դրանով հեշտացնել Բաքվի վրա ճնշումների կոնսոլիդացիան, սերտացնելով դիրքորոշումները Վաշինգտոնի եւ Բրյուսելի հետ։
Բայց Պրահայից մեզ ավետում են, թե բա «Մոսկվա այց է պլանավորված»։ Հիմա, «այց Մոսկվա», որ ի՞նչ։ Որ ի՞նչ լինի։ Որ ի՞նչ անեք։
Ուզում եմ զգուշացնել․ ձեր՝ անհասկանալիորեն սիրելի Մոսկվան, ուր մտադիր եք գնալու, իր ագենտ Սերժիկի վրայով անցավ, չխնայեց։ Մտքներովդ չանցնի, որ ձեզ է խնայելու։
Մի խոսքով՝ էդ քյամբախը մի գնացեք, էլի, ձեր ձեռքով եղածը փոզմիշ եք անելու, էնտեղ «բռնելու» բան չկա։ Էլ չեմ ասում, որ ձեզ են «բռնելու» ու հերթական անգամ տան փուռը։
Մինչդեռ խաղաղության օրակարգ ասվածը ծանր կռիվ է հանուն խաղաղության, ընդդեմ խաղաղության թշնամիների, առաջին հերթին՝ խաղաղության թիվ մեկ թշնամի Մոսկվայի նկրտումների դեմ»։
Մեկնաբանություններ Բաքվից
Ադրբեջանական խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը Ամերիկայում կայացած բանակցություններից հետո փաստաթղթավորված համաձայնագրի բացակայությունը բացատրել է Երևանի վրա Ռուսաստանի ճնշումներով.
«Վաշինգտոնում կայացած բանակցություններում Հայաստանը տարվեց իր պահանջներով և ձախողեց Ադրբեջանի հետ համաձայնագրի նախաստորագրումը: Հայտարարվել է Մոսկվայում բանակցությունների շարունակության մասին։ Այնտեղից էլ խրախուսանք է հաջորդել։ Ստավրոպոլի երկրամասում ավարտվել է հիմնական գազատարի վերանորոգումը, և մայիսի 1-ին դադարեցված գազամատակարարումը դեպի Հայաստան վերականգնվել է։
Պատգամավորը նաև ակնկալում է «խրախուսական ժեստ Կրեմլից՝ դադարեցված Լարսի անցակետով գյուղմթերքներով հայկական բեռնատարների անցում, ինչը դադարեցվել էր Վաշինգտոնում նախարարների հանդիպումների ընթացքում»։
«Լեռը մուկ ծնեց». Վաշինգտոնում կայացած բանակցություններն այսպես է ամփոփել ադրբեջանցի քաղաքագետ Ֆարհադ Մամեդովը.
«Առաջընթաց… վերջնագիծ… հյուծված Բլինքեն… Եվ վե՞րջ: Եվ ամեն ինչ հենց իրենց՝ ամերիկացիների դիրքորոշման անհամապատասխանության պատճառով։ Ժամանակին նրանք չմատնանշեցին օկուպանտին, պատժամիջոցներ չկիրառեցին Հայաստանի նկատմամբ, այլ ընդհակառակը, աջակցեցին ֆինանսապես և քաղաքականապես։
Դեռևս մնացել են թեմաներ, որոնց վերաբերյալ ընդհանուր ըմբռնում չկա։ Բաքուն ավելի շատ քայլեր կձեռնարկի մինչև հաջորդ հանդիպումը փոխհամաձայնության գալու համար։ Դիվանագիտական պայքարը կշարունակվի Ռուսաստանում, հետաքրքիր է լինելու…
Ամերիկացիներին պետք է, որ Ադրբեջանը հրաժարվի անկլավներից… ես այդպես հասկացա Պրահայում Փաշինյանի հայտարարությունը, հենց այդ մասին էր… Փաշինյանին՝ իշխանությունը պահելու հարցում օգնելու համար…
Իսկ ղարաբաղցի հայերը մնալու են անորոշության մեջ…»,- հավելել է նա:
Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը նշել է, որ բանակցությունները բարդ են ընթացել։ «Դա զգացվում է»,- շեշտել է նա։
«Լավագույն դեպքում նրանք կարող էին նախաստորագրել ինչ-որ տեքստ: Որովհետեւ, տրամաբանորեն, Վաշինգտոնում ԱԳ նախարարների հանդիպումից հետո պետք է հանդիպեն պետությունների ղեկավարները՝ ստորագրելու նախապատրաստված փաստաթուղթը։ Այսքան երկարատև հանդիպումից հետո ակնկալվում է երկրների ղեկավարների հանդիպում։ Զգացվում է, որ ԱՄՆ մտադիր է քաղաքական վերջակետ դնել հայ-ադրբեջանական հակամարտությանը։ Որովհետեւ ամերիկացիները բանակցային սեղանին դրեցին հետկոնֆլիկտային շրջանի խնդիրների սկզբունքային լուծման հարցը»։
Միրզոյան-Բայրամով բանակցություններ Վաշինգտոնում