Միխեիլ Սաակաշվիլին սատարել է Վրաստանի նախագահի՝ հաշտեցման կոչը
Սաակաշվիլին սատարել է Զուրաբիշվիլիի նախաձեռնությունը։
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բանտից պատասխանել է գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությանը։ Նախկին նախագահի խոսքով՝ երկար տարիների ընթացքում առաջին անգամ է լսում «իրավիճակի օբյեկտիվ և շատ հստակ նկարագրություն»։ Բացի այդ, խաղաղ ցույցերին զուգահեռ՝ Սաակաշվիլին ողջունում է երկխոսության մասին առաջարկը։
«Բանն այն է, որ մենք տնտեսական բում և հաջողություն չունենք, ինչպես հայտարարում է կառավարությունը, երկիրը վատթարագույն սոցիալ-տնտեսական, քաղաքական ճգնաժամի մեջ է, մարդիկ զանգվածաբար լքում են Վրաստանը։ Մեր երկիրն ու հասարակությունը չեն կարողանում առաջ շարժվել։
Սա ասելու համար մեծ քաջություն էր հարկավոր, և այսօր Սալոմե Զուրաբիշվիլին, անկասկած, դրսևորել է այն», — հայտարարել է նախկին նախագահը։
Նա ընդգծել է նաև, որ ոչ մի րոպե չի դադարելու պայքարել, քանի դեռ բարդ իրավիճակը, որն անգամ Վրաստանի ներկայիս նախագահն է նկարագրում իր ելույթում, իրապես և արմատապես չի փոխվել յուրաքանչյուր վրացու համար։
«Այժմ գլխավորն արդյունքն է, մեր երկրին խաղաղություն բերելն ու մեկընդմիշտ և անդառնալիորեն նրան արևմտյան ուղի դուրս բերելն ու մեր պետականության միակ թշնամուց՝ Ռուսաստանից, նրան ազատագրելը։ Ի վերջո, մենք բոլորս այս երկրի երեխաներն ենք, իսկ քաղաքացիական համաձայնությանն ու խաղի ազնիվ կանոնների մասին համաձայնությանն այլընտրանք չկա», — գրել է Սաակաշվիլին։
- Սաակաշվիլիի հացադուլից հետո։ Կարծիք
- Սաակաշվիլիի դեմ գործերը։ Ինչո՞ւ են բանտում պահում Վրաստանի նախկին նախագահին
Դեկտեմբերի 16-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նախաամանորյա ընդունելության ժամանակ դիմել է քաղաքական կուսակցությունների առաջնորդներին և անկախ պատգամավորներին։ Նախագահի խոսքով՝ բևեռացման մեղմացման և հաշտեցման գործընթացը պետք է ներառական լինի, առանց նախապայմանների։
Զուրաբիշվիլիի խոսքով՝ հաշտեցման գործընթացը պետք է ամբողջությամբ թափանցիկ լինի, իսկ դա նշանակում է, որ այն պետք է սկսվի բոլոր ոլորտների մասնակցությամբ խորհրդակցություններից՝ անհատական կամ խմբային մակարդակներում։
Նրա խոսքով՝ գործընթացի մեկնարկի համար նախապայմաններ առաջադրելը նոր բևեռացում և նոր հակասություններ կստեղծի։