«Միամտություն է մտածելը, թե ՀԱՊԿ–ը կարձագանքի ՀՀ վրա հարձակման դեպքում»․ ՀՀ երկրորդ նախագահ
Հայաստանի երկրորդ նախագահի գնահատմամբ՝ այնպիսի տպավորություն է, որ այս իշխանությանը մարտունակ բանակ պետք չէ։ Նման տեսակետ է հայտնել Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 17-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ՝ ընդգծելով, որ 44-օրյա պատերազմից հետո գրեթե ոչինչ չի արվել բանակի մարտունակությունը վերականգնելու համար։
JAMnews-ն առանձնացրել է ՀՀ երկրորդ նախագահ, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի դիտարկումները անվտանգային հարցերի վերաբերյալ։
Հայաստան-Թուրքիա․ «չպետք է խնդրողի դերում լինել»
Երկրորդ նախագահը շեշտել է, որ երբեք դեմ չի եղել Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանն ու սահմանի բացմանը, սակայն կարծում է՝ ամեն բան պետք է արվեր ըստ ընթացակարգի, ոչ թե «այսօրվա ֆորմատով»։
«Հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը բնական ընթացակարգ ունի` նոտաներով փոխանակվում են, դիվանագիտական հարաբերություններ են հաստատում, դեսպանատներ են բացում և այլն։ Իսկ այսօրվա ֆորմատով մենք ոչ թե բանակցում ենք Թուրքիայի հետ, այլ Թուրքիա-Ադրբեջան միավորի հետ. օրակարգը ձևավորել է Ադրբեջանը, որը ներկայացվելու է Թուրքիայի կողմից», — նշել է Քոչարյանն ու հավելել, որ սա երկկողմ հարաբերությունների հաստատման համար ճիշտ ճանապարհ չէ։
Ռոբերտ Քոչարյանի դիտարկմամբ՝ Թուրքիայի հետ սահմանը բացելու համար մենք չպետք է խնդրողի դերում լինենք։
Կարծում է՝ սահմանի բացման արդյունքում թուրքական կողմը շատ ավելի է շահելու, քան Հայաստանը։
Ըստ Քոչարյանի՝ առաջին 5 տարիներին ՀՀ տնտեսությունը շոկ կապրի, ուստի պետք է ունենալ 3-5 տարվա ծրագիր «շուկան պաշտպանելու համար»։
Նրա խոսքով՝ եթե Թուրքիան գերիշխող դիրք ունենա Հայաստանի տնտեսության մեջ և լիարժեք ազդեցություն քաղաքական էլիտայի վրա, ապա կդադարի Հայաստանը դիտարկել որպես խոչընդոտ իր ծրագրերն իրականացնելու ճանապարհին։
«ՀԱՊԿ-ի հետ հույսեր կապել պետք չէ»
Ռոբերտ Քոչարյանի համոզմամբ՝ Հայաստանի անվտանգության ապահովման հարցում կա երեք հիմնական բաղադրիչ՝ ՀՀ Զինված ուժերը, ՀԱՊԿ-ն ու ՌԴ-ի հետ հարաբերությունները։
Կարծում է՝ այսօր հայկական բանակն ի վիճակի չէ ինքնուրույն պաշտպանել երկրի սահմաններն ու անվտանգությունը, քանի որ 44-օրյա պատերազմից հետո գրեթե ոչինչ չի արվել բանակի մարտունակությունը վերականգնելու համար։
«Տպավորությունն այնպիսին է, որ մարտունակ բանակ այս իշխանությանը պետք չէ», — ասել է Քոչարյանը:
Երկրորդ նախագահի խոսքով՝ պետք է մնալ ՀԱՊԿ կազմում, բայց անվտանգության տեսանկյունից այս կառույցի հետ հույսեր կապել պետք չէ․
«Չկա այլ կառույց, որը կարող է փոխարինել ՀԱՊԿ-ին: Պետք է մնալ, համագործակցել, բայց անվտանգության տեսանկյունից հույսեր չկապել․ բացի հայտարարություններից՝ ոչինչ չի լինելու»:
Ասում է՝ կառույցը լավ է աշխատում այն դեպքում, երբ համընկնում են բոլորի շահերը, ինչպես եղավ Ղազախստանի պարագայում։
«Մտածել, որ որևէ կերպ ՀԱՊԿ–ը կարող էր արձագանքել մեզ վրա հարձակման դեպքում, միամտություն է», — ընդգծել է Քոչարյանն ու հավելել, որ կազմակերպության անդամ երկրները ջերմ հարաբերություններ ունեն Թուրքիայի և Ադրբեջանի հետ։
Անվտանգության երաշխիքը՝ Ռուսաստան
Հայաստանի երկրորդ նախագահի գնահատմամբ՝ երկրի անվտանգության երաշխիքը Ռուսաստանի հետ համագործակցությունն է։
Քոչարյանը կարևոր է համարում հատկապես նոր ռազմաարդյունաբերական համալիրի ստեղծումն ու զինամթերքի համալրումը։
Ասում է՝ պետք է հասկանալ՝ ՌԴ-ն ինչ ծավալով է պատրաստ աջակցել Հայաստանին․
«Ռուսաստանի միջնորդ լինելը ԼՂ կարգավորման հարցում էականորեն սահմանափակում է ՌԴ-ի՝ քայլեր ձեռնարկելու ազատությունը։ Բացի այդ, պատերազմի ժամանակ բացահայտվեց տարածաշրջանում Թուրքիայի դերակատարության շեշտակի աճը։ Ես հիմա չեմ տեսնում լուրջ քայլեր, որոնք կփորձեն փոխել այս իրավիճակը»։
«Չպետք է վախենալ ինտեգրման պրոցեսներից»
Քոչարյանի խոսքով՝ աշխարհում կան ինտեգրման այնպիսի մոդելներ, որոնցով բոլորը հիանում են, օրինակ՝ Եվրամիությունով։ Ասում է՝ Ռուսաստան-Բելառուս գործընթացը հեռու է ԵՄ ինտեգրման պրոցեսի աստիճանից, բայց նաև հավելում՝ նման պրոցեսներից վախենալ պետք չէ։
«Չպետք է վախենալ ինտեգրման պրոցեսներից, պետք է նստել և հաշվել, թե ինչ ենք ստանալու, ինչ՝ զիջելու։ Սառը հաշվարկ պետք է անել»։
Երկրորդ նախագահի խոսքերով՝ իր նախագահության օրոք նման հարց չի քննարկվել, բայց հիմա «նման գործընթացներին պետք է պրագմատիկ վերաբերվել»։
Ռոբերտ Քոչարյանի դիտարկմամբ՝ պետք է Ռուսաստանի հետ շատ ավելի խորացված հարաբերություններ ունենալ, քանի որ չկա ուրիշ երկիր, որը «շահագրգռված կլինի մեզ նորից տարածաշրջանում գործոն սարքելու հարցում»։