«Մենք հասկանում էինք, որ սարսափելի բան է կատարվում, սակայն չէինք վախենում»
Գյանջայի հրետակոծությունը 2020 թ-ի հոկտեմբերին՝ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ․ իր հիշողություններով է կիսվում Մուրադ Նաբիևը՝ Ադրբեջանի արևմուտքում գտնվող այդ քաղաքում Art Garden ստեղծագործական հարթակի հիմնադիրը։
«Հոկտեմբերի 4-ի ցերեկը որոշեցի սովորականի պես բացել սրճարանը։ Իջա՝ նկուղը կարգի բերելու։ Վերևում իրենց գործով էին զբաղված բարմեն Քեփեզն ու հավաքարարը։ Երբ դղրդյուն լսեցի, սկզբից մտածեցի, թե նրանք այնտեղ մի բան վայր գցեցին։ Բարձրացա ներքին բակ, և միաժամանակ եկավ նաև բարմենը։
— Ինչ-որ բա՞ն եք այնտեղ ցած գցել։
— Ոչինչ չեմ գցել։
Եվ այդ պահին հասկացա։
— Քեփեզ՛, պայթյուն էր։
Ինձ մանկուց սովորեցրել են, որ տան ամենահուսալի վայրը դռնախորշն է։ Այնպես որ, հաջորդ հարվածների ժամանակ նկուղի դռնախորշում ենք եղել»։
Երեսներկուամյա Մուրադ Նաբիևն Ադրբեջանի արևմուտքում գտնվող Գյանջա քաղաքի Art Garden ստեղծագործական հարթակի հիմնադիրն է։ 2020 թ-ի հոկտեմբերին, Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ, Գյանջան մի քանի անգամ հրթիռակոծվել է հայկական բանակի կողմից։ Հարվածները հիմնականում բնակելի թաղամասերի ուղղությամբ են եղել, զոհվել է 32 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեխաներ, տասնյակ մարդիկ են վիրավորվել։
«Երբ հրետակոծությունն ավարտվեց, մենք դուրս եկանք փողոց՝ տեսնելու, թե ինչ է եղել։ Քաղաքում քաոս էր, իհարկե։ Բոլորը մոլորված էին՝ և հասարակ մարդիկ, և ոստիկանությունը։ Մենք գնացինք դեպի տիկնիկային թատրոն, որը քաղաքի կենտրոնում է՝ գետի մոտ։ Այնտեղ նույնպես մի քանի տուն և մեքենա էր տուժել։ Մեզ մոտ չթողեցին, և ստիպված էինք հեռվից նայել։ Հիշում եմ, թե ինչպես էր մի կին լալիս երեխայի պես։ Հիշում եմ այրված մեքենան։ Այդ ամենն անհավանական էր թվում։ Սակայն այն ժամանակ մենք դեռ կարծում էինք, որ դա միակ դեպքն է լինելու։ Իսկ երբ մի քանի օրից հրետակոծությունը կրկնվեց, բոլորը լրջորեն վախեցան։ Շատերը սկսեցին լքել քաղաքը կամ կանանց ու երեխաներին անվտանգ վայր ուղարկել։ Եթե սովորաբար տաքսին Բաքու էր տանում 50 մանաթով, ապա այդ ժամանակ գինը հասել էր 150-ի։ Եվ այդ էլ այն դեպքում, եթե տաքսի գտնեիր։
Ոչ ես, ոչ ընկերներիս մեծ մասը, որոնց հետ աշխատում ենք Art Garden-ում, չհեռացանք։ Ուղեղով, իհարկե, հասկանում էինք, որ սարսափելի բաներ են տեղի ունենում՝ պատերազմ, հրթիռներ, մարդիկ են զոհվում, բայց չէինք վախենում։ Նույնիսկ ընդհակառակը։ Անկեղծ ասած, դա նույնիսկ կլանող էր։ Ադրենալինի հուժկու ազդեցություն։ Մեզ կինոյի մեջ էինք զգում։ Գուցե այն պատճառով, որ երիտասարդ ենք, ընտանիք, երեխաներ չունենք, պատասխանատվություն չունենք։ Բացի այդ, մենք մեզ դիրքավորում ենք որպես առաջադեմ ստեղծագործ երիտասարդություն, զբաղվում ենք քաղաքի մշակութային զարգացմամբ։ Այնպես որ, ամաչեցինք հեռանալ այդ իրավիճակում։ Մարդիկ ի՞նչ կասեին։
Ես միայն երեք-չորս օր քաղաքում չեմ եղել։ Զարմիկս ուժեղ սթրես էր ապրել, նրան պետք էր ցրվել, և մենք միասին փոքր ճամփորդության մեկնեցինք ավտոմեքենայով, այցելեցինք Բաքու, Շեքի, Լենքորան։ Երբ մայրաքաղաք մտանք, հասկացա, թե որքան հեռու են բաքվեցիները պատերազմից՝ դրա բոլոր սարսափներով։ Այո, իհարկե, ամենուրեք լուրեր էին հեռարձակվում ճակատից, մարդիկ կատարվածը քննարկում էին սրճարաններում, ռեստորաններում, փողոցներում։ Շատերի տղաներն էին ճակատ մեկնել, ոմանք զոհվել էին։ Սակայն, միևնույն է, ոչ Բաքվում, ոչ մի այլ խոշոր քաղաքում, որտեղ եղանք, պատերազմն այնպես չէր զգացվում, ինչպես Գյանջայում։ Մեզ մոտ այնտեղ բոլորովին այլ մթնոլորտ էր, շատ ավելի դեպրեսիվ։
Այն օրերին Գյանջան կարծես մեռած լիներ։ Ոմանք մեկնել էին, մնացածը վախեցած էին, փողոցները դատարկ էին, գրեթե ամեն ինչ փակ էր, ոչ ոք չգիտեր, թե ինչ է լինելու, և ինչ անել։ Այդպես անցավ ողջ հոկտեմբերը։
Եվ անգամ այն բանից հետո, երբ պատերազմն ավարտվեց, մենք դեռ երկար ժամանակ չէինք կարողանում նորմալ կյանքի վերադառնալ։ Ավելի ճիշտ, նորմալ մտածելակերպի։ Օրինակ՝ մեր բիզնեսի պես փոքր բիզնեսը։ Մենք չէինք կարողանում սովորականի պես գովազդվել սոցցանցերում։ Ինչ-որ ինքնագրաքննություն էր հայտնվել։ Այնքան զոհեր կային, այնքան վիշտ․ ինչպե՞ս գրես սուրճի և զվարճանքների մասին։ Մի անգամ արտասահմանում ուսումնական միջոցառման անոնս արեցինք, մեկնաբանություններում մեզ այնքան փնովեցին․․․ Միայն մի քանի ամիս անց ամեն ինչ կարգավորվեց։ Իսկ համերգները միայն 2021 թ-ի փետրվարին վերսկսեցինք։ Պատերազմի ժամանակ էլ երկու բարեգործական տոնավաճառ կազմակերպեցինք։ Վաճառում էինք տեղական hand-made, իսկ ստացված գումարով օգնում էինք զինվորներին և տուժած ընտանիքնին տարբեր քաղաքներում։
Սակայն այդ ամենի ֆոնին ես երկու դրական փոփոխություն եմ նկատել։ Նախ՝ մարդիկ ավելի միահամուռ և միմյանց նկատմամբ ուշադիր են դարձել։ Սկսել են հաճախ խոսել կյանքի, խորը և կարևոր բաների մասին, այլ ոչ միայն կենցաղային գործերի և խնդիրների։ Բացի այդ, փոխվել է հարգանքի չափանիշը։ Մեզ մոտ ինչպե՞ս է, ամենաշատը հարգում են պաշտոնյաներին, ոստիկաններին և այլն։ Իշխանություն և լիազորություններ ունեցող անձանց։ Իսկ հիմա հասարակության հարգանքն ուղղված է հասարակ զինվորին, շարքայինին։ Մեծ մասամբ աղքատ ընտանիքների տղաներին, որոնք բոլորիս համար վտանգել են իրենց կյանքը։ Եվ այդ հարգանքն, ի տարբերություն պաշտոնյաների նկատմամբ հարգանքի, անկեղծ է»։
Այս պատմությունը «Հետագծեր» մեդիա նախագծի մասնիկն է: Այն պատմում է մարդկանց մասին, ում կյանքի վրա ազդեցություն են թողել Հարավային Կովկասի հակամարտությունները: Նախագծի մեջ ներգրավված են հեղինակներ և խմբագիրներ ողջ Հարավային Կովկասից, այն չի սատարում ոչ մի հակամարտության ոչ մի կողմի: Նախագիծն իրականացվում է GoGroup Media և International Alert կազմակերպությունների կողմից` Եվրամիության աջակցությամբ։