Մեղադրյալի աթոռից՝ ընտրությունների․ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պլանները
Հայաստանում դատարանն արդարացրել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը մեղադրվում էր սահմանադրական կարգի տապալման մեջ։ Դա տեղի է ունեցել երկրում կայանալիք արտահերթ ընտրությունների նախաշեմին, որոնց նախկին նախագահը ոչ միայն մտադիր է մասնակցել, այլև հաղթել։ Այս մասին նա հայտարարել է Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում ռուսական Առաջին ալիքի եթերում։
Քոչարյանն ընդգծել է նաև իր ռուսամետ մոտեցումն ու նախազգուշացրել երկրում հակառուսական տրամադրությունների մասին։ Նա խոսել է գործող իշխանությունների նկատմամբ իր վերաբերմունքի մասին, ներկայացրել արցախյան խնդրի լուծման իր տեսլականն, ինչպես նաև հայտարարել Հայաստանին սպառնացող թուրքական վտանգի մասին։
Նախկին նախագահը պատմել է նաև իր ձեռքբերումների և ուժեղ կողմերի մասին, սակայն չի համաձայնել խոսել թույլ կողմերի մասին։
Հայ քաղաքագետները կարծում են, որ Քոչարյանի հարցազրույցի բոլոր մեսիջների հասցեատերը պաշտոնական Մոսկվան է, այլ ոչ թե հայկական ընտրազանգվածը։
- Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմամբ կալանքից ազատ է արձակվել
- Մոսկվա՞, թե՞ Բրյուսել։ Ինչո՞ւ է Հայաստանի վարչապետն արևմտամետ քաղաքական գործիչ համարվում
Քոչարյանը մեղավոր չէ, սակայն նրանից ներողություն չեն խնդրելու
Երևանի դատարանը Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին այլևս մեղավոր չի համարում սահմանադրական կարգի տապալման մեջ։ Բանն այն է, որ ավելի վաղ Հայաստանի Սահմանադրական դատարանը Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որով նա մեղադրվում էր, հակասահմանադրական էր ճանաչել։
Խոսքը 2008 թ-ի մարտի 1-ի իրադարձությունների մասին է, երբ նախագահական ընտրությունների արդյունքների հետ անհամաձայն քաղաքացիների ցույցը ցրելիս տասը մարդ էր զոհվել։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները մեղադրող կողմից պահանջել են հանրային կերպով ներողություն խնդրել, սակայն դատարանը մերժել է միջնորդությունը։ Ուժի մեջ է նաև երկրորդ նախագահի խափանման միջոցը՝ երկիրը չլքելու ստորագրությունը։
Վերադարձ մեծ քաղաքականություն
Դատարանի որոշումից մեկ օր առաջ Ռոբերտ Քոչարյանը մեծ հարցազրույց է տվել Վլադիմիր Պոզներին և հայտարարել, որ հունիսին կայանալիք արտահերթ ընտրություններում գլխավորելու է կուսակցությունների դաշինք։
Նա վստահ է՝ հաղթելու է, և հպարտանում է, որ շատ կուսակցություններ ցանկանանում եմ իր հետ նախընտրական դաշինք կազմել, սակայն ինքը դեռ բանակցում է երկու քաղաքական ուժի հետ։ Ընդ որում, Քոչարյանը չի հստակեցրել, թե որ կուսակցությունների հետ է դաշինք կազմելու՝ ընտրություններին մասնակցելու համար։
Նախկին նախագահը հայտարարել է, որ իշխանության է ձգտում, որովհետև չի տեսնում ոչ մի այլ անձի, ով կարող է շտկել Հայաստանում ստեղծված իրավիճակը։ Իսկ ինքը կարող է։ Ի հաստատումն նա ասել է, որ նախկինում երկու անգամ կարողացել է երկիր դուրս բերել կրիտիկական վիճակից։
Մեկ անգամ դա եղել է Արցախում, երբ տարածքի 50% տոկոսը գրավված է եղել․
«Այն բանից հետո, երբ ես առաջին դեմքը դարձա, մենք ոչ միայն վերադարձրինք այդ տարածքներն, այլև անվտանգության գոտի ստեղծեցինք ԼՂԻՄ տարածքը կրկնակի գերազանցող տարածքներով»։
Երկրորդ անգամ Քոչարյանն, իր հենց խոսքով, հաղթահարել է Հայաստանում 1998 թ-ին առկա տնտեսական և ներքաղաքական ճգնաժամը։ Նա տնտեսական աճի թվերն է հայտարարել՝ իր ղեկավարման 10 տարվա ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն ավելացել է 6 անգամ, իսկ բյուջեն՝ 8։
«Տպավորի՞չ է», — այս թվարկումից հետո Պոզներին է հարցրել Քոչարյանը։
Դեպի ընտրություններ՝ ռուսամետ ուղղվածությամբ
«Ես երբեք չեմ թաքցրել իմ վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ։ Իմ նախագահության տարիներին շատ բան է արվել այդ կապերի ամրապնդման համար։ Ես երբեք չեմ փորձել խաղալ բոլոր երանգներով և բոլոր ճակատներում», — հայտարարել է Քոչարյանը հարցազրույցի ժամանակ։
Նա ասել է, որ Մոսկվա կատարած իր այս այցի ժամանակ Պուտինի հետ չի հանդիպել, սակայն որոշ բաներ քննարկել է։
Քոչարյանը խոսել է Հայաստանում արցախյան պատերազմում կրած պարտությունից հետո հակառուսական տրամադրությունների մասին․
«Այսպես կոչված սորոսականները, իրենց գլոբալիստ համարող հասարակական կազմակերպությունները շատ ակտիվ են աշխատում Հայաստանում։ Խարխլվում է մեր ինքնության հիմքը։ Մեզ ուզում են համոզել, որ պետք է ուղղություն, կողմնորոշում փոխել»։
Միևնույն ժամանակ, նախկին նախագահը կարծում է, որ Ռուսաստանը չի սադրել արցախյան երկրորդ պատերազմը, հակառակը՝ արել է հնարավոր ամեն ինչ այն կանգնեցնելու համար։ Եվ եթե չլիներ ՌԴ նախագահի ակտիվ միջամտությունն, ապա ողջ Արցախն, ըստ Քոչարյանի, կարող էր անցնել Ադրբեջանի վերահսկողության տակ։
Արցախը կարելի է վերադարձնել, բայց առանց ռևանշի
«Ամեն ինչ չէ կորսված, հնարավորություն կա քննարկելու ԼՂԻՄ կազմ մտնող տարածքների վերադարձը։ Ինչ վերաբերում է կարգավիճակի քննարկումներին, ապա դա շատ դժվար է լինելու, սակայն այստեղ էլ հեռանկարներ կան», — ասել է Քոչարյանը։
Իշխանության գալուց հետո նա չի մտածելու ռևանշի մասին։ Հայկական բանակն, ըստ նրա, այժմ այնպիսի իրավիճակում է, որ ցանկացած սթափ դատող մարդու մոտ չի կարող ռևանշի մասին միտք հայտնվել․
«Սակայն չափազանց անարդար աշխարհը չի կարող հավերժ լինել։ Եթե ուզում ենք հակամարտությունում վերջակետ դնել, պետք է գտնել լուծում, որը կընկալվի արդարության տեսակետից»։
Թուրքական սպառնալիք Հայաստանի համար
Քոչարյանի խոսքով՝ Հայաստանի համար ամենամեծ սպառնալիքը Թուրքիան է։ Եվ այդ սպառնալիքը էքզիստենցիալ է, պատմական․
«Թուրքերը հայերի կողմից ընկալվում են որպես սպառնալիք, և մենք ենք թուրքերի կողմից ընկալվում որպես սպառնալիք։ Սրանով է բացատրվում փակ սահմանը, դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը։ Սահմանների բացման դեպքում Թուրքիան Հայաստանում փորձելու է անել այն, ինչ արեց Աջարիայում՝ բիզնեսում և տնտեսությունում իր ներկայության առումով։
Սրա հետ է այդ թվում կապված նաև դեպի Ռուսաստան Հայաստանի պատմական կողմնորոշումը, ինչը նյարդայնացնում է ոչ միայն Թուրքիային, այլև ամերիկացիներին»։
Ողջ մեղքը գործող իշխանության վրա է
Ըստ Քոչարյանի՝ արցախյան պատերազմի և պարտության համար անձնական պատասխանատվություն է կրում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը․
- նա անհասկանալի պահանջներ է առաջ քաշել և զրոյացրել բանակցությունները, որոնք ընթանում էին 1992 թ-ից,
- պահանջել է բանակցային գործընթացում Արցախի մասնակցությունը,
- հայտարարել է, որ «Արցախը Հայաստան է, և վերջ»։
Ինչպես ասել է Քոչարյանը, դա տպավորություն է ստեղծել, որ հայկական կողմը հեռանում է առարկայական բանակցություններից, Փաշինյանը չի հասկացել, որ այդպիսով սադրում է հակառակորդին։
Իր մասին
Ծրագրի վերջում իր մասին Պոզների ավանդական հարցերին Քոչարյանը պատասխանել է, որ իր գլխավոր ձեռքբերումը համարում է իր կարիերան։ Հայտարարել է, որ իր համար թանկ է ընկերությունը, երբեք չի ներում դավաճանությունն ու թանկ է գնահատում հավատարմությունը, իր գլխավոր ուժը վճռականությունն է։
Թուլությունների մասին հարցին Քոչարյանը հրաժարվել է պատասխանել՝ «իր թշնամիներին չուրախացնելու համար»։
Փորձագետը՝ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին
Արմեն Վարդանյան, քաղաքագետ․
«Կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ առիթից օգտվել է՝ ընտրությունների նախաշեմին ցույց տալու համար իր հավատարմությունը Ռուսաստանին և ստանալու Կրեմլի աջակցությունը։
Հարցազրույցի ժամանակ նա մի քանի անգամ Պուտինին խոստացել է, որ իշխանության գալու դեպքում հավատարիմ է լինելու նրան, իսկ Հայաստանը չի ձգտելու դեպի Արևմուտք։ Կարծում եմ, որ նրա մեսիջների գլխավոր հասցեատերը պաշտոնական Մոսկվան է, այլ ոչ թե հայկական ընտրազանգվածը»։