Մարտեր Արցախում։ 2020 թ-ի հոկտեմբերի 11-ի ռեպորտաժները, տեսանյութերը, լուսանկարները
-
Հայաստանի պաշտպանության նախարարությունը Հադրութում նկարահանված ռեպորտաժ է տարածել
Արդեն մի քանի օր շարունակ քննարկվում է այն հարցը, թե ով է վերահսկում Հադրութը: Հայաստանի պաշտպանության նախարարության նկարահանող խումբն այստեղ ռեպորտաժ է նկարահանել «Զինուժ» հեռուստածրագրի շջանակում: Տեսանյութը Facebook-ի իր էջում հրապարակել է նաև ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Զինուժ մեդիայի» նկարահանումները Հադրութում
Posted by Shushan Stepanyan on კვირა, 11 ოქტომბერი, 2020
Ռեպորտաժում ցուցադրվում են կադրեր, ինչպես է մեքենան անցնում քաղաքի ճանաչելի խորհրդանիշների կողքով: Նկարահանող խումբը զրուցել է նաև Հադրութի շրջանի վարչական ղեկավար Կամո Պետրոսյանի հետ։ Նա պատմում է, որ քաղաքը հրետակոծել են տարբեր տրամաչափի զենքերից:
«Դիվերսիոն խումբ է եկել, մի մարդու նման կանգնել ենք, զոհեր և վիրավորներ ունենք մենք, իրենք էլ», – ասում է նա ռեպորտաժում։
-
ԿԽՄԿ-ն չի ներգրավվի մարդասիրական գործընթացների մեջ, քանի դեռ երկու կողմերը չեն դադարել կրակել
Ըստ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ստորագրած պայմանագրի՝ Ադրբեջանն ու Հայաստանը պարտավորվել են հրադադար հաստատել՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ ռազմագերիների և զոհերի մարմինների փոխանակման համար։
Սակայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտարարել է, որ կազմակերպությունը տեղեկություններ է ստանում այն մասին, որ շփման գծի երկու կողմերից հրետակոծությունը շարունակվում է։ Եվ ԿԽՄԿ-ն չի սկսի իր մարդասիրական գործունեությունը, քանի դեռ հակամարտության բոլոր կողմերը չեն հետևում հրադադարի համաձայնագրին․
«Ինչ վերաբերում է գործողությանն ու դրա իրականացման օրվան, ապա դա կողմերի ձեռքին է։ Մենք հույս ենք հայտնում, որ գործողությունն իրականացնելու հնարավորություն արդեն կստեղծվի, քանի որ կարծում ենք, որ և՛ հումանիտար տեսանկյունից, և՛ միջազգային հումանիտար իրավունքի շրջանակում կողմերի ստանձնած պարտավորությունների տեսանկյունից, դա անհրաժեշտ է»։
-
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրկին խախտում է հումանիտար հրադադարը․ Հայաստանի ՊՆ
Ադրբեջանի զինված ուժերը հարավային ուղղությամբ ձեռնարկում են գրոհներ՝ կիրառելով զրահատեխնիկա և հրթիռահրետանային միջոցներ։ ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն ճնշում են հակառակորդի բոլոր գործողությունները,- հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։
-
Հռոմի պապն աղոթել է Կովկասում խաղաղության համար
Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը դիմել է Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի հակամարտող ժողովուրդներին՝ «բարի կամքի հստակ գործեր կատարելու» կոչով՝ հակամարտության խաղաղ կարգավորման համար,- հաղորդում է Vatican news-ը։
Նա կոչ է արել առաջնորդներին լուծում գտնել «ոչ թե ուժի և զենքի կիրառման, այլ երկխոսության և բանակցությունների ճանապարհով» և կոչ է արել բոլոր քրիստոնյաներին իր հետ միասին աղոթել տարածաշրջանում խաղաղության համար։
-
Ադրբեջանում զոհված խաղաղ բնակիչների թիվը հասել է 41-ի․ Իլհամ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թվիթերում գրել է Գյանջային հասցված հրթիռային հարվածի մասին։
«Այդ հրթիռային գրոհն իրականացվել է Հայաստանի Վարդենիսի շրջանից։ Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում 41 խաղաղ բնակիչ է զոհվել, ավելի քան 200 վիրավոր կա։ Հայկական կողմի նպատակն օկուպացիայից ազատագրված տարածքների կրկնակի օկուպացիան է», — հայտարարել է նա։
Həmin raket hücumu Ermənistanın Vardenis rayonundan həyata keçirilib. Ümumilikdə Azərbaycanın 41 mülki şəxsi həlak olub, 200 nəfərdən çoxu isə yaralanıb. Ermənistan tərəfinin məqsədi işğaldan azad edilmiş əraziləri yenidən işğal etməkdir.
— İlham Əliyev (@azpresident) October 11, 2020
-
«Հայտնի չէ, թե որքան կտևի հրադադարը»․ Լեռնային Ղարաբաղի նախագահ
Արայիկ Հարությունյանն առաջին մեծ ասուլիսն է տվել ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։ Հա հաղորդել է, որ այժմ հրադադարի ռեժիմն, ընդհանուր առմամբ, պահպանվում է, սակայն հայտնի չէ, թե որքան դեռ կտևի այս իրավիճակը։
Նրա ելույթի հիմնական թեզերը․
— Ղարաբաղն իրացնում է ինքնապաշտպանվելու իր իրավունքը և Ադրբեջանի մաս չի լինելու։
— Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպանության համար պատասխանատվություն են կրում ոչ միայն Ադրբեջանն ու Թուրքիան, այլև Իսրայելը, որը նրանց զենք է մատակարարում։
— Ղարաբաղն ակնկալում է քաղաքակիրթ աշխարհի ավելի առարկայական արձագանք՝ այլ ոչ միայն կոչեր և հայտարարություններ։
— Ադրբեջանը Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ կիրառում է «Սմերչ» և «Պոլոնեզ» ռեակտիվ համակարգեր, հարվածային ԱԹՍ-ներ և կասետային ռումբեր։
— Զոհերի մարմինների փոխանակման ընթացակարգը դեռ չի մեկնարկել։
• «Արցախն Ադրբեջանի մաս չի լինելու»․ Լեռնային Ղարաբաղի նախագահ
-
Գյանջայում զոհերի թիվը հասել է 9-ի․ Ադրբեջանի գլխավոր դատախազություն
Գյանջայում հայկական զինուժի կողմից հոկտեմբերի լույս 11-ի գիշերը հասցված հրթիռային հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի,- հաղորդում է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Զոհերից չորսը կանայք են,- ասված է հաղորդագրությունում։
Տեղում փրկարարական աշխատանքները շարունակվում են։
-
Հրթիռային հարվածի հետևանքով Գյանջայում 7 մարդ է զոհվել․ Ադրբեջանի գլխավոր դատախազություն
«Հայկական զինուժի կողմից Ադրբեջանի՝ ռազմաճակատից հեռու գտնվող երկրորդ խոշորագույն Գյանջա քաղաքի բազմաբնակարան շենքերի հրթիռակոծության հետևանքով 2020 թ․-ի հոկտեմբերի լույս 11-ի գիշերը ժամը 2-ին զոհվել է 7 մարդ, այդ թվում՝ երեք կին, վիրավորվել է 34 մարդ, այդ թվում՝ 16 կին և 6 երեխա։ Գրոհի հետևանքով վնասվել է ավելի քան 10 բազմաբնակարան շենք և ավելի քան 100 այլ օբյեկտ», — ասված է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդագրությունում։
-
Ադրբեջանը գիշերը շարունակել է հրետակոծել Ղարաբաղի բնակավայրերը, այժմ հարաբերական անդորր է․ Պաշտպանության բանակ
Հոկտեմբերի լույս 11-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը հաղորդագրություն է հրապարակել․
«Չնայած պաշտպանության բանակը հետևում է Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածություններին և կրակ չի վարում՝ ադրբեջանական կողմը շարունակում է հրթիռահրետակոծության տակ պահել Ստեփանակերտը, Հադրութը, Մարտունին և Արցախի Հանրապետության այլ բնակավայրերը»։
Ստեփանակերտում հերքում են այն տեղեկությունները, թե հայկական կողմը հարվածներ է հասցնում Գյանջա քաղաքին։
-
Գիշերն իրավիճակը ճակատի ողջ երկայնքով կայուն լարված է եղել․ Ադրբեջանի ՊՆ
«Մարդասիրական հրադադարի ռեժիմը չպահպանող Հայաստանի զինված ուժերը, կենտրոնացնելով ուժերն ու ռազմական տեխնիկան, կրկին փորձել են փոքր խմբերով գրոհել Հադրութի և Ջաբրայիլի ուղղությամբ՝ կորցրած դիրքերը վերադարձնելու նպատակով։ Գիշերը հարձակվելու հակառակորդի բոլոր փորձերը կասեցվել են», — ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությում։
-
Իրադարձությունները հոկտեմբերի 11-ի առավոտվա դրությամբ՝ հակիրճ
Արցախում մարտերի 15-րդ օրը
- • Երկու կողմերն էլ հաղորդում են Ղարաբաղի բնակավայրերում և Ադրբեջանի շրջաններում շարունակվող հրետակոծության մասին՝ չնայած ժամը 12-ից հայտարարված հրադադարին։
- • Ղարաբաղի օմբուդսմենը երկրորդ զեկույցն է նախապատրաստել Ղարաբաղում Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների մասին սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածի համար։ Զոհվել է, ընդհանուր առմամբ, 20 խաղաղ բնակիչ, 101 մարդ է տուժել։
- • Հայկական զինուժը հրետակոծել է Ադրբեջանի Գյանջա քաղաքը, 8 զոհ կա, 33 վիրավոր՝ համաձայն Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության։
- • Երևանը հաղորդել է, որ ադրբեջանական զինուժը հրթիռային հարվածներ է հասցրել Հայաստանի Սյունիքի մարզի Կապան քաղաքին, կան զոհեր և վիրավորներ։ Բաքվում դա կտրականապես հերքել են։
- Ղարաբաղի Հադրութ քաղաքն իրադարձությունների կենտրոնում է։ Ըստ Բաքվի տեղեկությունների՝ այն ադրբեջանցի զինվորականների վերահսկողության տակ է։ Հայկական կողմը դա հերքում է։
- • Ղարաբաղի օմբուդսմենը հաղորդել է, որ «ադրբեջանական դիվերսիոն խումբը Հադրութում սպանել է մի կնոջ և նրա հաշմանդամ որդուն»։ Ադրբեջանում այս տեղեկությունը հերքել են։
- • Ղարաբաղի նախագահն ուղերձով դիմել է ժողովրդին և հայտարարել, որ «Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու»։
- • Ղարաբաղի ԱԳՆ-ն կրկին կոչ է արել միջազգային հանրությանը՝ ճանաչել Ղարաբաղի անկախությունն ու հայտարարել, որ «միայն այդպես կարելի է կասեցնել «Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների եռակողմ դաշինքը»։
- • Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ «արդեն վաղը» պատրաստ է բանակցոթյունների սեղանի շուրջ վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ։ Բանակցությունների արդյունքը նա հետևյալ կերպ է տեսնում․ «Հայաստանը պետք է համակերպվի, որ այդ տարածքները պատկանում են Ադրբեջանին, և որ նա դրանք ռազմական ճանապարհով գրավելու փորձեր չի անելու»։
- • Հայաստանի պաշտպանության նախարարն ու Հայաստանի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավարը քննարկել են հակամարտության կողմերի միջև ռազմագերիների և զոհերի մարմինների փոխանակման մեխանիզմները ԿԽՄԿ միջնորդությամբ։
- • Հոկտեմբերի լույս 10-ի գիշերը կողմերը հրադադարի որոշում են կայացրել։Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների գոտում հրադադարի և նախկին ձևաչափով խաղաղ բանակցությունները շարունակելու մասին համաձայնագիրը ձեռք է բերվել 2020 թ-ի 9-10-ը Մոսկվայում Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը։
-
Մարտեր Արցախում։ 2020 թ-ի հոկտեմբերի 10-ի ռեպորտաժները, տեսանյութերը, լուսանկարները