Հարավային Օսիայի 28-ամյա բնակիչը մահացել է մեկուսարանում, ենթադրաբար՝ կտտանքներից
Հարավային Օսիայում Ինալ Ձաբիևի մահից հետո կառավարությունը հրաժարական տվեց: Նախագահը խոստանում է լիարժեք հետաքննություն անցկացնել
28-ամյա Ինալ Ջաբիևը մահացել է Հարավային Օսիայի մեկուսարանում, ենթադրաբար՝ կտտանքների հետևանքով։ Նա ձերբակալվել էր ՆԳ նախարար Իգոր Նանիևի ծառայողական ավտոմեքենայի վրա 2020 թ–ի օգոստոսի 18–ին կրակելու մասին գործին մասնակցության կասկածանքով։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չէր տուժել։
Իշխանությունները դեռևս չեն հաստատում կտտանքների մասին վարկածը, սակայն ՆԳ նախարարը պաշտոնանկ է արվել, նախագահը խոստացել է անձամբ վերահսկել հետաքննությունը։
Ընդհանուր առմամբ, գործի հետաքննության շրջանակում ձերբակալվել է մոտ հարյուր մարդ, այդ թվում՝ Ինալ Ջաբիևն ու նրա երկվորյակ եղբայր Ացամազը, որը մինչև հիմա կալանքի տակ է։
Քաղաքային հիվանդանոցում, ուր տեղափոխվել է Ջաբիևը, հավաքվել են նրա ազգականները, հարևաններն ու ընկերները։ Նրանց չեն տալիս մահացածի մարմինն, իսկ սոցցանցերում դիահերձարանից լուսանկարներ են հրապարակվում՝ կտտանքների և կապտուկների հետքերով։
Ինալ Ջաբիևը երեք երեխա ունի։


Ֆեյսբուքում ընդդիմադիր ուժերի խմբերի ադմինիստրատորները բնակչությանը կոչ են արել դուրս գալ Թատերական հրապարակ և Անատոլի Բիբիլովի և կառավարության հրաժարականը պահանջել։ Երեկոյան այնտեղ արդեն մի քանի հազար մարդ է հավաքվել։

Ներքին գործերի նախարար Իգոր Նանիևը բազմիցս առաջացրել է Հարավային Օսիայի հասարակության վրդովմունքը։ Շատերն ասում են, որ նրա մեքենայի գնդակոծումը վրեժ է եղել բանտում բանտարկյալների նկատմամբ բռնության համար։
2020 թ–ի հունիսի սկզբին այնտեղ աղաղակող միջադեպ էր տեղի ունեցել․ հերթական շրջայցից հետո որպես ագրեսիվ վերաբերմունքի դեմ բողոքի նշան կտրել էին իրենց երակները։ Այն ժամանակ ոչ ոք չէր մահացել։
Մի քանի օրից խորհրդարանը նիստ էր հրավիրել կատարվածի քննարկման համար․ այնտեղ հավաքվել է ուժային կառույցի մոտ 200 աշխատակից, այդ թվում՝ հատուկջոկատայիններ՝ ամբողջությամբ զինված։
Ընդդիմադիր պատգամավորները, որոնց շատերը հասարակությունում սատարում են, այն ժամանակ հայտարարեցին, որ իշխանություններն օգտագործում են ուժային կառույցները՝ բանտարկյալների դեմ տեղի բանտում ապօրինի բռնության բազում դեպքերի հետաքննությունից հրաժարվել ստիպելու համար։
Այն ժամանակ Անատոլի Բիբիլովը հրաժարվել էր հեռացնել նախարար Նանիևին։ Սակայն այս անգամ Բիբիլովը մարդկանց մոտ է դուրս եկել և հայտարարել ՆԳՆ ղեկավարի պաշտոնանկության մասին։
Նախագահը հաղորդել է, որ քրեական գործ է հարուցվել, ստուգումներ են իրականացվում, բոլոր պատասխանատուները պատժվելու են։
«Այս գործն ավարտին է հասցվելու, մեղավորները պատժվելու են, ես դա իմ անձնական վերահսկողության տակ եմ առնում, — ասել է Բիբիլովը։ — Գործի նյութերն ուղարկվել են Ռուսաստանի Ռոստով քաղաք փորձաքննության, որպեսզի արժանահավատության որևէ կասկած չլինի և ոչ ոք չազդի քննության վրա»։
Կենտրոնական հրապարակում ցուցարարների մեջ են խորհրդարանի պատգամավորներ և տարբեր գերատեսչությունների ղեկավարներ։ Մարդիկ պահանջում են կատարվածի հետաքննություն, կառավարության ողջ կազմի հրաժարական և խորհրդարանի արտահերթ նիստի գումարում։
Գլխավոր դատախազ Ուրուզմագ Ջագաևը հաղորդել է, որ ձերբակալված Ջաբիևը հիվանդանոց է տեղափոխվել անգիտակից վիճակում և մարմնական վնասվածքներով, նա մահացել է՝ գիտակցության չգալով։
Դատախազն ասել է, որ «եզրակացությունների մասին, հաշվի առնելով բժշկական հետազոտությունը, կզեկուցվի մոտ ժամանակներս»։
Օգոստոսի 28–ի երեկոյան Հարավային Օսիայի խորհրդարանն արտահերթ նիստ է հրավիրել։