ՄԱԿ Անվտանգության խորհուրդը կարող է շրջանցել ռուսական վետոն
The Guardian—ին հայտնի է դարձել, որ արևմտյան երկրները՝ ՄԱԿ անվտանգության խորհրդի անդամները, քննարկում են Ռուսաստանի վետոն շրջանցելու հնարավորությունը, որը թույլ չի տալիս Քիմիական զենքի արգելման կազմակերպությանն անվանել Սիրիայում քիմիական գրոհի մեղավորին:
Ռուսաստանի վետոյի պատճառով ՔԶԱԿ-ն ու Անվտանգության խորհուրդը չեն կարողանում հրապարակել սիրիական Դումա քաղաքում քիմիական գրոհի հետաքննության արդյունքները, որը ենթադրաբար տեղի է ունեցել ապրիլի 7-ին: ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները քիմիական զենքի կիրառման համար արդեն մեղադրել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերին և հրթիռային հարված հասցրել Սիրիայում մի քանի թիրախների:
Սկզբունքը, որի համաձայն ՄԱԿ Անվտանգության խորհուրդը կարող է շրջանցել ռուսական վետոն, ենթադրում է հարցի փոխանցումը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի դիտարկմանը: Եթե Անվտանգության խորհրդի 15 անդամներից 9-ը համաձայնեն այդ քայլին, այդ հարցով քվեարկությունն անցկացվելու է Գլխավոր վեհաժողովում, որտեղ երկրներից ոչ ոք վետոյի իրավունք չունի:
Գլխավոր վեհաժողովի դիտարկմանն այն հարցի փոխանցումը, որը պետք է դիտարկվի Անվտանգության խորհդում, թույլ է տալիս «Միասնություն հօգուտ խաղաղության» բանաձևը, որն ընդունվել է 1950թ-ին:
Վերջին ժամանակներս Ռուսաստանը 11 անգամ օգտագործել է վետոյի իրավունքը Անվտանգության խորհրդի կողմից Սիրիայում իրավիճակի վերաբերյալ որոշումներ կայացնելիս: Ավելի վաղ Ռուսաստանի իշխանությունները հայտարարել են այն մասին, որ ռուս փորձագետները քիմիական գրոհի հետքեր չեն հայտնաբերել սիրիական Դումա քաղաքում: Ռուսաստանը շարունակում է աջակցել Բաշար Ասադին, որին ԱՄՆ-ն և դաշնակիցները մեղադրում են քիմիական գրոհի համար: