Ղարաբաղ և «խաղաղություն տարածքների դիմաց»․ յոթ շրջանների մասին․ կարծիք Բաքվից
Ադրբեջանի յոթ շրջանները, որոնք ղարաբաղյան իշխանությունների վերահսկողության տակ են գտնվում 1990-ականներից ի վեր, դարձել են հայկական և ադրբեջանական բանակների մարտադաշտ 2020 թ-ի սեպտեմբերի 27-ից։ Դրանք նաև բոլոր քաղաքական քննարկումների կենտրոնում են։
Ինչի՞ մասին է խոսքը, և ինչո՞ւ են Հայաստանի առաջնորդներն անընդունելի համարում դրանց վերադարձն Ադրբեջանին։ Ադրբեջանցի քաղաքագետ Շահին Ռզաևի մեկնաբանությունը։
Ղարաբաղյան հակամարտության մասին՝ հակիրճ
Ղարաբաղյան հակամարտությունն ամենաառաջին էթնոտարածքային կոնֆլիկտն է նախկին ԽՍՀՄ տարածքում, որը, շատերի կարծիքով, դարձավ Խորհրդային կայսրության փլուզման ռումբը։
Հակամարտությունը սկսվեց 1988 թ-ին, երբ Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի հայկական մեծամասնությունը ցանկացավ դուրս գալ Ադրբեջանի կազմից և միանալ Հայաստանին։
Այն վերաճեց դաժան պատերազմի 1991 թ-ի աշնանը։ Այդ պատերազմի ընթացքում հայկական զորքերին հաջողվեց վերահսկողություն սահմանել թե՛ Լեռնային Ղարաբաղի, թե՛ Ադրբեջանի՝ դրան հարող յոթ վարչական շրջանների նկատմամբ։
Ընդհանուր առմամբ, հայկական բանակի վերահսկողության տակ հայտնվեց Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքի մոտ 14 տոկոսը։
Հրադադարի մասին համաձայնագիրը ստորագրվեց 1994 թ-ի մայիսին, Ռուսաստանի միջնորդությամբ և զուտ «ջենթլմենական» բնույթ էր կրում, քանի որ չհաջողվեց ձևակերպել իրավաբանորեն պարտադիր պայմանգիր։
Այդ օրվանից ի վեր այդ «ջենթլմենական» համաձայնագիրը բազմիցս խախտվել է երկու կողմից։ Ամենալուրջ խախտումը 2016 թ-ի ապրիլի սկզբին էր, երբ Ադրբեջանին հաջողվեց ճեղքել հայկական բանակի պաշտպանական գիծն ու ազատագրել մի քանի ռազմավարական նշանակության դիրքեր՝ իր վերահսկողության տակ վերադարձնելով, ըստ տարբեր տվյալների, 8-20 քառակուսի կիլոմետր տարածք։
Ադրբեջանի յոթ շրջանների մասին, որոնք անհասանելի են նրա համար գրեթե 30 տարի
1992 թ-ից սկսած՝ ԵԱՀԿ-ն (այն ժամանակ՝ ԵԱՀԽ) խաղաղ բանակցությունների միջնորդն է։ Այս 28 տարվա մեջ խաղաղ բանակցությունների արդյունքը կարելի է գնահատել «զրո ամբողջ զրո տասնորդական» թվով։
Անկատար են մնացել նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1993 թ-ին ընդունված չորս բանաձևերը։
Դրանցում պահանջ կար անհապաղ դադարեցնել մարտական գործողություններն ու հայկական զորքերը դուրս բերել Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղին հարող օկուպացված տարածքներից։
Հետագայում ԼՂ հարակից այս յոթ շրջաններն են դարձել ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) միջնորդությամբ անցկացվող բանակցությունների գլխավոր փորձաքարերից մեկը, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան։
Ի՞նչ են առաջարկում կարգավորման «մադրիդյան սկզբունքները»
2020 թ-ի սեպտեմբերի 27-ին մարտական գործողությունների վերսկսումից առաջ բանակցությունները վարվում էին այսպես կոչված «թարմացված մադրիդյան սկզբունքների» շուրջ։ Հակիրճ՝ պայմաններն այսպիսին են․
• հայկական զինված ուժերը փուլային կարգով ազատում են Ադրբեջանի՝ ԼՂ-ին հարող օկուպացված շրջանները;
• տարածաշրջանում միջազգային խաղաղապահ ուժեր են տեղակայվում;
• ցամաքային միջանցք է ապահովվում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև;
• Ղարաբաղին շնորհվում է ժամանակավոր կարգավիճակ;
• տարածարջան են վերադառնում ներքին տեղահանված անձինք;
• Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը որոշվում է հանրաքվեի ճանապարհով՝ միջազգային երաշխիքների առկայության դեպքում։
Հայաստանի նախորդ ղեկավարությունը պատրաստ էր վաղ թե ուշ ազատել հինգ շրջանները
«Մադրիդյան սկզբունքների» առաջին կետը, որը վերաբերում է յոթ շրջաններից հայկական բանակի փուլային դուրսբերմանը, Ադրբեջանի տեսանկյունից խաղաղ բանակցությունների հաջող շարունակության գլխավոր պայմանն է։
Հենց այդ դեպքում կողմերի միջև կարող էր որոշակի վստահություն ձևավորվել և հետագայում հեշտ կլիներ փոխզիջման հասնել և հասարակություններին դրան նախապատրաստել։
Ադրբեջանն այս պլանը «փուլային լուծում» էր անվանում։ Հայաստանը (ավելի ճիշտ՝ դրա նախկին ղեկավարությունը) պնդում էր, որ լուծումը պետք է «փաթեթային» լինի, այսինքն՝ միանգամից պետք է համաձայնեցվի Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին հանրաքվեի անցկացման ժամկետը։
Մինսկի խմբի համանախագահներն օկուպացված շրջաններից հայկական զորքերի դուրսբերման այսպիսի պլան էին առաջարկում․ առաջին փուլում ազատագրվում են Ղարաբաղին հարող հինգ շրջանները՝ Աղդամը, Ֆիզուլին, Ջաբրայիլը, Գուբաթլին և Զանգելանը։
Այդ շրջանները տեղակայված են Ղարաբաղից դեպի հարավ և արևելք, և այդտեղ երբեք զգալի հայ բնակչություն չի եղել։
Հայաստանի նախորդ ղեկավարությունը երբեք չի թաքցրել վաղ թե ուշ այդ հինգ շրջաններն ազատելու պատրաստակամությունը։
Օրինակ՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը դեռ 2008 թ-ին ասում էր․ «Աղդամը մեր հայրենիքը չէ»՝ նկատի ունենալով, որ այդ տարածքներն անհրաժեշտ են որպես «անվտանգության գոտի» և ԼՂ ապագա կարգավիճակի շուրջ բանակցություններում սակարկության առարկա։
Ադրբեջանի Քելբաջար և Լաչին շրջանները․ այլ մոտեցում
Իսկ մյուս երկու շրջանների՝ Քելբաջարի և Լաչինի վերաբերյալ դիրքորոշումը տարբերվում էր հինգ շրջանների վերաբերյալ դիրքորոշումից։
Դրանք տեղակայված են Ղարաբաղի և Հայաստանի միջև, և Հայաստանը դրանք կենսականորեն կարևոր է համարում և պատրաստ չէր դրանք ազատել համաձայնագրի ստորագրումից հետո առաջին փուլում։
Այդ շրջաններով են անցնում Հայաստանն ու Ղարաբաղը միացնող ցամաքային ճանապարհները։
Բացի այդ, կա մի ոսկու հանքավայր, որը գտնվում է Հայաստանի և Քելբաջարի շրջանի սահմանին: Ադրբեջանը կարծում է, որ այս հանքավայրը շահագործվում է նաև Քելբաջարի շրջանի տարածքից: Հայաստանը հերքում է դա: Սակայն Ադրբեջանը պնդում է, որ տեղի է ունենում ոսկու հանքի ապօրինի շահագործում:
Ադրբեջանը չէր պնդում, որ այդ երկու շրջաններն անհապաղ ազատվեն, սակայն պահանջում էր այդ տարածքներից զորքերը դուրս բերելու վերջնաժամկետ նշել։
Այսինքն՝ բանակցություններն անցկացվում էին «5+2» բանաձևով, որը սատարում էր նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը։
Փաշինյանը փոխեց այդ պլանը
Այդպես շարունակվում էր մինչև 2018 թ-ը, երբ Հայաստանում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի կարող իր վրա անգամ մեկ շրջանի ազատման պատասխանատվություն վերցնել։
Նա հայտարարեց, որ այդ մասին որոշում պետք է ընդունի միայն չճանաչված Արցախի Հանրապետության ղեկավարությունը, որի հետ էլ պաշտոնական Բաքուն պետք է վարի բանակցությունները։
Ադրբեջանն այս խոսքերը գնահատել է որպես ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածուոթյուններից հրաժարում և բանակցությունների ձևաչափը փոխելու փորձ։
«Ղարաբաղյան երկրորդ պատերազմ» և Ադրբեջանի նոր պլան
Իրավիճակն արմատապես փոխվեց 2020 թ-ի սեպտեմբերի 27-ին մարտական գործողությունների մեկնարկից հետո։
Ադրբեջանը բավականին կարճ ժամանակահավածում կարողացավ ճեղքել հայկական բանակի պաշտպանության բազմամյա գիծը և գրեթե ամբողջությամբ ազատագրել ԼՂ-ից դեպի հարավ գտնվող երկու շրջանները՝ Ջաբրայիլն ու Ֆիզուլին։
Բացի այդ, ադրբեջանական զորքերը ռազմավարական բարձունքներ են գրավել Ղարաբաղի հյուսիսում՝ Քելբաջարի շրջանում։
Որպես հետևանք, Ադրբեջանի դիրքերը զգալիորեն ամրապնդվել են նաև դիվանագիտական ճակատում։ Խնդրի «փաթեթային լուծման» մասին էլ խոսք չկա։
Ադրբեջանն այժմ պահանջում է հայկական զորքերը դուրս բերել ոչ միայն «5+2» շրջաններից, ինչպես նախկինում, այլև Ղարաբաղի տարածքից։
Միաժամանակ Բաքուն հնարավորություն է թողնում խաղաղապահ ուժերի տեղակայման համար, որոնց կազմը դեռ պետք է համաձայնեցնել։
Ադրբեջանի և Հայաստանի միջև «երկրորդ ղարաբաղյան պատերազմը», կարծես, հյուծող տևական պատերազմի բնույթ է սկսում կրել։
Ավարտվել է մարտերի երրորդ շաբաթը, զոհերի թիվն արդեն մի քանի հարյուրի է հասնում։
Այստեղ Ադրբեջանն ավելի շատ ռեսուրս ունի՝ ինչպես մարդկային, այնպես էլ տնտեսական։
Սակայն մշտապես առկա է Ռուսաստանի գործոնը, որի հետ Հայաստանը ռազմական դաշինք ունի։
Ըստ ամենայնի, մոտ ապագայում, այնուամենայնիվ, հերթական «հումանիտար հրադադարն» է հաստատվելու։
Սակայն խաղաղ բանակցությունների վերսկսմանը դեռ շատ կա, համենայնդեպս, քանի դեռ այս երկրները ղեկավարում են տվյալ առաջնորդները։
Շատ բան կախված է լինելու նաև Ադրբեջանի դաշնակից Թուրքիայից, որը Ռուսաստանի հետ իր խնդիրներն ունի, սակայն սա արդեն այլ հոդվածի թեմա է։