«Ղարաբաղն առանց հայերի». Հայաստանի վարչապետը՝ Բաքվի քաղաքականության մասին
Փաշինյանի ելույթը Նիդեռլանդներում
«Վերջին շրջանում Ադրբեջանից հնչում են հայտարարություններ, որոնք փորձ են անում տպավորություն ստեղծել, թե սեղանին լինելու են միայն Ադրբեջանի առաջարկները: Դա առնվազն չի համապատասխանում այն պայմանավորվածություններին, որ մենք ձեռք ենք բերել Բրյուսելում»,- Նիդեռլանդներ կատարած այցի ընթացքում հայտարարել է Հայաստանի վարչապետը:
Պաշտոնական այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել նաև Միջազգային հարաբերությունների նիդեռլանդական ինստիտուտում (Քլինգենդայլ)՝ անդրադառնալով Ղարաբաղյան երկրորդ պատերազմին ու դրա հետևանքներին, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը:
JAMnews-ն առանձնացրել է ՀՀ վարչապետի ելույթի կարևորագույն թեզերը:
44-օրյա պատերազմի ու դրա անխուսափելիության մասին
Անդրադառնալով Ղարաբաղյան երկրորդ պատերազմին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կա կարծիք, թե «ժողովրդավարությունն է, որ բերեց 44-օրյա պատերազմին»։ Այնինչ, վարչապետի համոզմամբ՝ 2020 թ.-ի Ղարաբաղյան պատերազմը մի հերթական նշանն էր այն բանի, որ մեզ սպասում են գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխություններ և աշխարհակարգի փոփոխություն.
«Իրականում, պատերազմի պատճառները երկուսն էին, առաջինը՝ գլոբալ և ռեգիոնալ ուժերի հարաբերակցության փոփոխությունը, որ երկար տարիներ տեղի են ունեցել և այս ֆոնի վրա Ադրբեջանի վարած հետևյալ բանակցային քաղաքականությունը, որ տվեք մեզ այն, ինչ մենք ուզում ենք ստանալ, այլապես մենք այն կստանանք պատերազմով»:
Փաշինյանը շեշտել է, որ ակնհայտ է և միանշանակ՝ պատերազմն այս համատեքստում անխուսափելի էր: Երկրի ղեկավարը 44-օրյա պատերազմը գնահատել է որպես դաժան փորձություն Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարության համար:
Հետպատերազմական իրավիճակի մասին
Վարչապետն արձանագրել է՝ տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ չափազանց լարված: Փաշինյանն ընդգծել է, որ պատերազմից հետո Ադրբեջանը որդեգրել է հետևյալ քաղաքականությունը՝ Լեռնային Ղարաբաղի հարցն այլևս լուծված է․
«Սա ոչ միայն քաղաքական հայտարարություն է, այլև, ըստ էության, գագաթն է և կուլմինացիան պատկերացումների, որ Ղարաբաղյան հարցի լուծման մասին ուներ և շարունակում է ունենալ Ադրբեջանը: Եթե մեկ բառով ձևակերպելու լինենք այդ քաղաքականությունը, այդ քաղաքականությունը հետևյալն է՝ Ղարաբաղն առանց հայերի: Եվ սրանում ոչ մի չափազանցություն չկա»:
Փաշինյանն այս կապակցությամբ ներկայացրել է մի քանի օրինակներ, այդ թվում՝ ԼՂ-ի հայկական գյուղերի մոտակայքում ադրբեջանական զինված ուժերի կողմից բարձրախոսներով հնչեցվող՝ իրենց տներից հեռանալու սպառնալիքները, մուսուլմանական աղոթքի հրավերներ՝ ազան միացնելու դեպքերը, Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում Արցախ մտնող գազատարի պայթեցումն ու ավելի ուշ՝ խողովակի վրա փականի տեղադրումը:
«Ամեն ինչ արվում է, որ հայությունն Արցախում, Լեռնային Ղարաբաղում իր ներկայությունը համարի անհնարին»,- նշել է կառավարության ղեկավարը՝ անդրադառնալով նաև Արցախի պատմամշակութային հուշարձաններից հայկական հետքը վերացնելու Ադրբեջանի փորձերին:
Նման քայլերով, ըստ Փաշինյանի, Բաքուն նպատակ ունի ցույց տալ, թե իբր Ղարաբաղի հայությունը բոլորովին վերջերս և այլ հանգամանքներում է հայտնվել ԼՂ-ում, հետևաբար «նրանք այնտեղ ապրելու լեգիտիմ իրավունք չունեն»:
Վարչապետը վերահաստատել է՝ հայկական կողմի ընկալմամբ՝ ԼՂ-ի հիմնախնդիրը ոչ թե տարածքային, այլ իրավունքի հարց է: Իսկ Հայաստանի ուղերձը միջազգային հանրությանը հետևյալն է՝ պետք է աշխատել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները լինեն պաշտպանված:
Խաղաղության օրակարգի մասին
Փաշինյանի խոսքով՝ պատերազմից հետո խաղաղության օրակարգ որդեգրելը հեշտ չէր: Մյուս կողմից նկատում է՝ անկախ ամեն ինչից, կառավարության հանձնառությունն ու մանդատն է՝ անել ամեն ինչ տարածաշրջանում, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համատեքստում խաղաղության հասնելու համար:
Վարչապետի դիտարկմամբ՝ կառավարությունը չի կիսում շատ հայրենակիցների այն կարծիքը, թե խոսել խաղաղության օրակարգի մասին նշանակում է դավաճանել ազգային ինքնությունն ու մեր երկրի շահերը, անպաշտպան թողնել ԼՂ-ի հայությանը:
Ասում է՝ ժողովրդի կողմից ընտրված կառավարության ամենամեծ խնդիրն է գնալ դժվարին ճանապարհով, որովհետև հեշտ ճանապարհները չեն տանում լավ արդյունքների.
«Արդյունքը, որ մենք ակնկալում ենք, հետևյալն է՝ խաղաղ զարգացման դարաշրջան մեր երկրի և մեր տարածաշրջանի համար: Դրա համար մեզ պետք է հաջողությամբ իրականացնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, որպեսզի Ադրբեջանի հետ մեր երկաթուղիները, ճանապարհները աշխատեն, բաց լինեն»:
Անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մեկնարկին՝ վարչապետը վերահաստատել է դիրքորոշումը, որ Բաքվի 5 կետանոց առաջարկում Երևանի համար անընդունելի ոչինչ չկա, բայց այդ կետերը չեն հասցեագրում երկկողմ հարաբերությունների ամբողջ օրակարգը: Հայկական կողմն, ըստ նրա, լրացրել է այդ օրակարգը՝ ներառելով նաև ԼՂ-ի հայության անվտանգության իրավունքների և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի խնդիրները:
Փաշինյանի փոխանցմամբ՝ ապրիլի 6-ի բրյուսելյան հանդիպման ընթացքում հարցը քննարկել է նաև Ադրբեջանի նախագահի հետ.
«Բրյուսելից վերադառնալով ես ասացի, որ մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, ըստ էության, ադրբեջանական կողմն էլ հայտարարեց դրա մասին: Բայց այս վերջին շրջանում Ադրբեջանից հնչում են հայտարարություններ, որոնք փորձ են անում տպավորություն ստեղծել, թե սեղանին լինելու են միայն Ադրբեջանի առաջարկները: Դա առնվազն չի համապատասխանում այն պայմանավորվածություններին, որ մենք ձեռք ենք բերել Բրյուսելում»,- պատմել է գործադիրի ղեկավարը:
Բաքվում պահվող հայ գերիների մասին
Փաշինյանը բրյուսելյան հանդիպման ևս մեկ պայմանավորվածության մասին է բարձրաձայնել: Նրա խոսքով՝ Ալիևը խոստացել է գերիների հերթական խմբին ազատ արձակել, ինչը, սակայն մինչև օրս տեղի չի ունեցել:
«Վերջին անգամ հենց Եվրամիության խորհրդի նախագահի ներկայությամբ Ադրբեջանի ղեկավարը խոստացավ, որ գերիների հերթական խմբին ազատ կարձակի, բայց մինչև օրս դա տեղի չի ունեցել»:
Վարչապետի գնահատմամբ՝ Բաքուն փորձում է առևտրի առարկա դարձնել գերիների վերադարձի հարցն ու մարդկանց օգտագործել քաղաքական նպատակներով:
Հիշեցնում է՝ հենց նման կերպ վարվեց Ադրբեջանը ականապատ դաշտերի քարտեզները ստանալուց հետո:
«Մենք մեր ունեցած բոլոր քարտեզները փոխանցեցինք Ադրբեջանին՝ հույս ունենալով, որ հումանիտար քայլին կհետևի հումանիտար քայլ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին
Խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ Հայաստանի վարչապետն ընդգծել է, որ կարգավորման փորձին Երևանը համաձայնել է առանց նախապայմանների.
«Հասկանալի է, որ մի իրավիճակում, երբ կա շատ մեծ նեգատիվ պատմական ժառանգություն, սա հեշտ չի անել: Եվ ես ինչու եմ այստեղ այս մասին խոսում, որովհետև իմ համոզմունքն է, որ առանց միջազգային հանրության ակտիվ և անկեղծ աջակցության մենք հաջողության հասնելու ավելի քիչ հնարավորություններ կունենանք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի դիտարկմամբ՝ Հայաստանն ուզում է, որ միջազգային հանրությունը լսի իր ձայնը, տեսնի մարդկանց, ովքեր այսօր ապրում են ԼՂ-ում, ովքեր ամեն օր պայքարում են իրենց հայրենիքում ապրելու իրավունքի համար, բայց այդ մարդիկ «կտրված են միջազգային հանրության հետ լիարժեք հաղորդակցություն իրականացնելու հնարավորությունից».
«Այսօր բազմաթիվ միջազգային կառույցներ, գործակալություններ՝ ՄԱԿ, ՅՈՒՆԵՍԿՕ, նույնիսկ ԵԱՀԿ, զրկված են Լեռնային Ղարաբաղ մուտքի հնարավորությունից, որովհետև Ադրբեջանն արգելափակում է այդ հնարավորությունը, բայց այս գործելակերպն, անկեղծ ասած, այնքան էլ հասկանալի չէ, որովհետև եթե չկա իրականությունն այլակերպելու ցանկություն և կանխավարկած, այդ մուտքը սահմանափակելու քաղաքականությունն այնքան էլ հասկանալի չէ»:
Որպես վերջաբան
Ամփոփելով ելույթը Փաշինյանն արձանագրել է, որ թեև վերջին երկու տարիներին Հայաստանը շատ դաժան փորձությունների միջով է անցել, բայց իր համոզմամբ՝ ընթանում է ճիշտ՝ խաղաղության օրակարգի առաջմղման ճանապարհով:
«Մենք գիտենք, որ շատ դժվար է լինելու, բայց պատրաստ ենք մեր վրա վերցնել այդ քաղաքական պատասխանատվությունը, որովհետև մենք զգում ենք, տեսնում ենք, կրում ենք պատասխանատվությունը մեր երկրի, մեր տարածաշրջանի և ընդհանրապես, գլոբալ խաղաղություն հաստատելու գործում վճռական ներդրում ունենալու համար»,- նշել է Փաշինյանն ու հույս հայտնել, որ միջազգային հանրությունը, ՀՀ բոլոր գործընկերները, այդ թվում՝ Նիդեռլանդները կաջակցեն Հայաստանին:
Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, ով պաշտոնական այցով մեկնել է Նիդեռլանդների Թագավորություն: Վարչապետի գնահատմամբ՝ այս այցը պետք է դիտարկել ոչ միայն երկու երկրների հարուստ պատմական և բավական զարգացած առևտրատնտեսական հարաբերությունների, այլև Նիդեռլանդների՝ ՀՀ-ի կառավարության որդեգրած ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի աջակցության համատեքստում:
Փաշինյանի ելույթը Նիդերլանդներում