Հայաստանի լրատվամիջոցները, վկայակոչելով Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հաղորդում են. այսօր առավոտից Ադրբեջանի զինված ուժերը շփման գծում խախտում են հրադադարի պահպանման ռեժիմը՝ օգտագործելով ինչպես հրաձային զինատեսակներ, այնպես էլ Դ-30 և Դ-44 տիպի հրանոթներ, տարբեր տրամաչափի ականանետեր ու նռնականետեր:
ԶԼՄ-ները հաղորդում են նաև, որ արկակոծության արդյունքում՝ տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ է ստացել ՊԲ երեք զինծառայող, ադրբեջանական կողմի ակտիվությունը ճնշելու համար իրականացվում են պատասխան գործողություններ:
Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ «առաջնային գծում իրավիճակի ապակայունացմանն ուղղված գործողությունների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:
Տեղեկատվություն Ադրբեջանից
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հուլիսի 7-ին արտակարգ հայտարարություն է տարածել և հաղորդել ղարաբաղյան հակամարտության գոտու ճակատային գծում հայկական դիրքերին կենտրոնացված հարված հասցնելու մասին:
Պաշտպանության նախարարության հայտարարությունում ասված է. «Հայկական կողմից կրկին պլանավորված և նպատակաուղղված դիվերսիայի կանխման և Ալխանլի գյուղի խաղաղ բնակիչների համար հատուցում իրականացնելու համար հուլիսի 7-ին ադրբեջանական բանակը ճշգրիտ կրակային հարվածներ է հասցրել մարտական պատրաստության բերված ուժերին և հատկապես՝ հայկական բանակի գումարտակի պաշտպանական հատվածում նախանշված թիրախներին:
Ըստ նախնական տվյալների՝ մեր զորքերի կողմից ռազմաճակատի Ֆիզուլի-Խոջավենդ ուղղությամբ իրականացրած գործողությունների արդյունքում ոչնչացվել է հակառակորդի գումարտակի պաշտպանական հատվածում ներառված ստորաբաժանումների զգալի կենդանի ուժ, շարքից հանվել է մարտական տեխնիկայի մի քանի միավոր, ավերվել են ռազմական ենթակառուցվածքների այլ օբյեկտներ ևս, որոնք վերականգնման ենթակա չեն»:
Նախարարությունը հաղորդել է նաև, որ արժանահավատ տեղեկատվություն է ստացվել ռազմաճակատում հայկական զորամասերն ամբողջությամբ մարտական պատրաստության բերելու մասին: Ադրբեջանական զորքերը նույնպես մարտական պատրաստության են բերված: