Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդում է ադրբեջանական հատուկ ջոկատայինների դիվերսիայի կանխման մասին
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինների կողմից հակամարտ զորքերի շփման գծում ձեռնարկվել է դիվերսիոն ներթափանցման փորձ: Հաղորդագրությունում ասվում է, որ «պաշտպանության բանակի մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները, շնորհիվ մարտավարական բարձր պատրաստվածության, դիրքային համակագերի կահավորվածության և տեխնիկական պատշաճ հագեցվածության, ժամանակին հավաստանշել են դիվերսիոն խմբի առաջխաղացումը»:
Ադրբեջանի զինծառայողները հետ են շպրտվել ելման դիրքեր: Հայկական կողմը համարում է, որ նրանք նվազագույնը 4 զոհ են տվել: Հատուկ ջոկատայինները հայկական մերձդիրքային հատվածում թողել են հատուկ անձնական պարագաներ: Դիվերսանտների պարագաների լուսանկարները կցված են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդագրությանը:
Հայկական կողմից զոհեր չեն գրանցվել:
ՄԱԿ-ը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ կազմակերպությունը կիսում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների անհանգստությունը Լեռնային Ղարաբաղի շփման գծում հրադադարի վերջերս տեղի ունեցած խախտումների վերաբերյալ: ՄԱԿ-ը միանում է բանակցությունները վերականգնելու համանախագահների կոչին և պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել այդ ջանքերին:
Նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել տարածաշրջանային այցի արդյունքների վերաբերյալ, որում կոչ են արել միջոցներ ձեռնարկել շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանին լարվածության նվազեցման համար, ինչպես նաև քաղաքական կամք դրսևորել բանակցությունների վերսկսման հարցում, քանի որ դա երկարաժամկետ խաղաղության հասնելու համար միակ ճանապարհն է:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է ԼՂ պաշտպանական գերատեսչության և հայկական լրատվամիջոցների հաղորդագրությունները:
«Հայաստանի ռազմական ղեկավարությունը հերթական անգամ դիմել է կեղծ և շինծու տեղեկատվության, որը հաշվարկված է ճակատում վերջին կորուստներից և անհաջողություններից վերականգնվելու նպատակով», — «Մինվալ» գործակալությունը մեջբերում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ներկայացուցչի խոսքերը: