«Ձևավորել նոր պատերազմի լեգիտիմություն»․ Հայաստանի վարչապետը՝ Բաքվի գործելակերպի մասին
Փաշինյանի առցանց ասուլիսը բոյկոտվեց
«Բաքուն նոր պատերազմի լեգիտիմություն է ուզում ձևավորել, այդ պատճառով էլ հրաժարվում է գնալ խոսակցության՝ հրապարակային մեղադրելով [բանակցություններից խուսափելու մեջ] Հայաստանին»,- նման հայտարարություն է արել Հայաստանի վարչապետը։ Հինգամսյա դադարից հետո Փաշինյանը կրկին հանդես է եկել առցանց ասուլիսով։
Դրա ձևաչափը հարուցել է երեք տասնյակից ավելի լրատվամիջոցների զայրույթը, նրանք բոյկոտել են ասուլիսը և հարցեր չեն ուղարկել վարչապետի աշխատակազմ։ Նրանց կարծիքով՝ առցանց ձևաչափն արդարացված էր համավարակի պայմաններում, այժմ կարիք կա վերականգնելու լրագրողների հետ ուղիղ շփումները։
Վարչապետի ասուլիսը սկսվեց հենց այս հարցի պատասխանով։ Նա ասաց, որ հանրության հետ շփվելու այդ ձևաչափն է ընտրել, այն հնարավորություն է, ոչ թե պարտադրանք, իսկ «բոյկոտելու պատճառ միշտ էլ կգտնվի»։
JAMnews-ն առանձնացրել է Փաշինյանի ասուլիսի կարևորագույն դրվագները։
«Բաքուն ուզում է, որ Հայաստանը մնա շրջափակման մեջ»
Հայաստանի վարչապետը նշել է, որ տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների բացումը ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի իրավական պարտավորությունն է, քանի որ այն բխում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից։
«Իսկ Ադրբեջանը փորձում է հարցը լուծել այնպես, որ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ»,- շեշտել է նա։
Փաշինյանի խոսքով՝ երթուղիների ընտրությունը մեծ չէ, ամենաշատը հինգ տարբերակ կարող է քննարկվել։ Հարցն, ըստ նրա, տեխնիկական է, բայց Բաքուն փորձում է այն քաղաքականացնել․
«Երթուղիների հարցում ոչ ոք մեզնից շահագրգռված լինել չի կարող․ ունենք խնդիր այդ ճանապարհներով ուղղորդել հնարավորինս մեծ միջազգային տարանցում, որը պետք է եկամուտներ բերի Հայաստանին»։
Վարչապետի գնահատմամբ՝ Բաքուն ուզում է ձևավորվել նոր պատերազմի լեգիտիմություն։
Սա է պատճառը, որ ադրբեջանական կողմը հրաժարվում է գնալ երկխոսության։ Փաշինյանը նաև թարմ օրինակներ է բերել։ Հունիսի 27-ին պետք է կայանար Անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը, որը Բաքուն չեղարկել է։ Հայաստանն առաջարկել է նաև հանդիպել արտգործնախարարների մակարդակով։ Պաշտոնական արձագանք դեռևս չի ստացվել։
Սահմանազատման հանձնաժողովի պարագայում ևս Բաքվի գործելակերպը նույնն է։ Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանը փորձում է ստեղծել տպավորություն, թե Հայաստանը խուսափում է հանձնաժողովի աշխատանքին մասնակցելուց․
«Իրականությունն այլ է։ Մայիս ամսվա ընթացքում ադրբեջանական կողմն է երկու անգամ չեղարկել կամ հետաձգել այդ հանդիպումը»։
«Սեղանին այլ փաստաթուղթ չկա»
Ըստ վարչապետի՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ եղել են նախնական քննարկումներ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ աշխատանքը շարունակելու վերաբերյալ։
Փաշինյանը «շատ տարօրինակ» է որակել Բաքվից հնչող հայտարարությունները, թե «Հայաստանը ձգձգում է խաղաղության պայմանագրի բանակցությունները»։
«Նախորդ քննարկումների արդյունքում որոշվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաներն իրար հետ կապի մեջ պետք է լինեն, բայց արդեն առնվազն մեկ այդպիսի դեպք ունենք, որ Ադրբեջանը բոյկոտել է աշխատանքը, չի ներգրավվել ի հեճուկս պայմանավորվածությունների, և նախորդ օրվա ԱԳՆ-ի առաջարկին պատասխան չի ստացվել»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը։
Ապագա պայմանագրի դրույթները և մի շարք այլ հարցեր դեռ պետք է դառնան քննարկման առարկա։ Վարչապետը տեղեկացրել է, որ «հրապարակվածից բացի այլ փաստաթուղթ հայ-ադրբեջանական խոսակցության սեղանին չկա»։
Տարածքներ, որոնք հանձնվելու են Ադրբեջանին․ Լաչին, Աղավնո, Սուս
Վարչապետի խոսքով՝ Լաչինը շրջանցող ճանապարհի կառուցման նպատակը Հայաստանի և ԼՂ-ի համար «ավելի հուսալի, ամուր և որակյալ» ճանապարհային կապ ապահովելն է։ Ասում է՝ քննարկումներ եղել են, կա նախնական համաձայնություն, սակայն խոսք չի կարող գնալ այս կամ հաջորդ շաբաթ տեղի ունենալիք փոփոխության մասին։
2020 թ․-ի նոյեմբեր 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ երթուղու փոփոխությունը պետք է տեղի ունենա կողմերի համաձայնությամբ և երեք տարում։
Վարչապետի հավաստմամբ՝ հիմնական աշխատանքային քննարկումներն ընթանում են ռուս գործընկերների հետ, քանի որ եռակողմ հայտարարության «տառին և ոգուն համապատասխան» նոր երթուղին ևս պետք է վերահսկեն ռուս խաղաղապահները։
Փաշինյանի խոսքով՝ երթուղու փոփոխությունից հետո այն տարածքները, որոնք չեն եղել նախկին ԼՂԻՄ կազմում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ․
«Լաչինի բնակիչների խնդիրները մենք կառավարության որոշումներով լուծում ենք, բնակիչները, բնականաբար, պետք է ապահովվեն բնակարաններով։ Ըստ էության, Լաչինում այսօր ընտանիքներ չեն ապրում։ Աղավնո գյուղի բնակիչների խնդիրները Արցախի կառավարության միջոցներով, կարծում եմ, կլուծվեն։ Սուսի վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել, այս պահին տեղեկություններ չունեմ»։
«Նպատակը խաղաղապահների գործունեությունը վարկաբեկելն է»
Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ դեռևս Բաքվում են պահվում 38 հայ ռազմագերիներ։ Հայ իրավապաշտպանները պնդում են, որ նրանց թիվը ներկայացվածից շատ ավելին է։ Առցանց ասուլիսի ընթացքում Փաշինյանն ասել է, որ բոլոր այն անձանց, որոնց հնարավոր գերեվարման վերաբերյալ վկայություններ ունեն, համարում են բռնի անհետացածներ։ Կա անգամ այդպիսի ցուցակ, բայց թվեր՝ քանի մարդու մասին է խոսքը, վարչապետը չներկայացրեց։
Փաշինյանն ընդգծեց՝ հաստատված գերիների 90 և ավելի տոկոսը գերեվարվել է ռուս խաղաղապահների տեղակայումից հետո՝ նրանց պատասխանատվության գոտում։
«Ադրբեջանի՝ գերիներին չվերադարձնելու քաղաքականությունը նպատակ ունի վարկաբեկել ԼՂ-ում և Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների գործունեությունը»։
Գերիների հայրենադարձումն ապահովելու համար, վարչապետի կարծիքով, լրացուցիչ ջանքեր պետք է գործադրի ինչպես հայկական կողմը, այնպես էլ Ռուսաստանն ու միջազգային հանրությունը։
Վարչապետն այս իրավիճակը գնահատում է որպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում․
«Արձանագրված է, որ գերիները, ռազմագերները, պատանդները, պահվող այլ անձինք պետք է վերադարձվեն հայրենիք։ Ունենք գերիներ, ովքեր նոյեմբերի 9-ից առաջ են հայտնվել գերության մեջ, կան նաև հետո, բայց նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չի ասվում, որ չի վերաբերում նաև հետոյին»։
«Փոքր քայլերով գնալ առաջ»․ հայ-թուրքական հարաբերությունների մասին
Կա հնարավորություն և պետք է ամեն ինչ անենք այն օգտագործելու համար։ Նման տեսակետ է հայտնել վարչապետը՝ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին։
«Եթե բանակցում ենք, ուրեմն կա ըմբռնում, որ կարգավորումը հնարավոր է իրագործել, փոքր քայլերով առաջ գնալ»,- հայտարարել է նա։
Աշխատանքներ տարվում են, սակայն, վարչապետի դիտարկմամբ՝ կարգավորման գործընթացին «ուղիղ կերպով խոչընդոտում և բացասական ֆոն են ստեղծում» Թուրքիայից հնչող արտահայտությունները, մասնավորապես ՝«Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը։
Մյուս կողմից նկատում է՝ ասվածը չի նշանակում, թե նմանատիպ հայտարարություններից հետո երկխոսությունը դադարեցնելու են։
Փաշինյանի առցանց ասուլիսը բոյկոտվեց