Ձյուն՝ Բաքվում․ ինչի՞ց են դժգոհ քաղաքի բնակիչները
Ինը տարի անց Բաքուն կրկին ձնով է ծածկվել։ Եղանակն անսպասելի չէր․ եղանակային պայմանների վատթարացման մասին զգուշացում եղել էր մի քանի օր առաջ։ Սակայն քաղաքային իշխանությունները կրկին պատրաստ չէին եղանակի այդպիսի կտրուկ փոփոխությանը։ Սոցցանցերում բաքվեցիները գրում են ձյան և այն մասին, թե ինչու այն լավ չէ քաղաքի բնակիչների համար։
- Ձյուն՝ Թբիլիսիում․ կաթվածահար եղած երթևեկություն և խցանումներ։ Լուսանկարներ/տեսանյութ
- Դարբնության Աժըրնըխուա տոնն Աբխազիայում
- Աղջիկների շրջանում ինքնասպանության դեպքերի կտրուկ աճ Ադրբեջանում․ ո՞րն է պատճառը
Փետրվարի լույս 24-ի գիշերն Ադրբեջանի մայրաքաղաքում և երկրի բազմաթիվ մյուս շրջաններում ձյուն է տեղացել։ Բաքվում ջերմաստիճանը ցերեկային ժամերին մինուս չորս էր։ Վերջին անգամ նման եղանակային պայմաններ այստեղ նկատվել են 2012 թ-ի սկզբին։
Կաթվածահար հանրային տրանսպորտ
Բաքվում կորոնավիրուսի համավարակի պատճառով 2020 թ-ի հոկտեմբերից փակ է մետրոն՝ հանրային տրանսպորտի ամենատարածված միջոցը։ Սակայն տեղումների պատճառով երթևեկության խնդիրների բախվեցին նաև ավտոբուսները։ Կտրուկ աճեց երթևեկության ինտերվալը, ճանապարհներին արագությունն իջավ մինչև ժամում 5-10 կիլոմետր։
Շատ բաքվեցիներ ստիպված էին աշխատանքի և տուն հասնել ոտքով։
Տասնյակ մարդիկ հիվանդանոցում են
Երկրի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ միայն փետրվարի 24-ի առավոտյան Բաքվում ընկնելու հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել 27 մարդ։ Նրանցից շատերը հոսպիտալացվել են։ Վնասվածքներով ավելի քան 20 մարդ է տեղափոխվել Սումգայիթի հիվանդանոց։
Մեկ մարդ է մահացել Բաքվից ոչ հեռու տեղի ունեցած զանգվածային ճանապարհատրանսպորտային միջադեպի պատճառով։
Չորեքշաբթի օրը կեսօրին մոտ Ադրբեջանի մայրաքաղաքում 25 վթար է գրանցվել։
Ձյուն՝ Բաքվում․ ինչո՞ւ դա լավ չէ
Սոցցանցերի ադրբեջանական տիրույթի օգտատերերը փետրվարի 24-ին առավոտից բողոքում են տեղացած ձյան խնդիրը լուծելու քաղաքային իշխանությունների անընդունակությունից։
Մի քանի բնորոշ մեկնաբանություն․
«Զոռով սիրված չես լինի․ դա Բաքվի համար չէ։ Առանց այդ էլ, Բաքուն ապրելու տեղ չէ, իսկ երբ ձյուն է գալիս ամեն ինչ կաթվածահար է լինում, բոլոր խնդիրները ջրի երես են դուրս գալիս, միանգամից պարզ է դառնում, որ քաղաքը «տեր» չունի, որին ժողովուրդն է ընտրել։ Պարզապես բոլոր օրինական և անօրինական տնտեսական հնարավորությունները հավաքվել են Բաքվում, և մարդիկ ստիպված են այստեղ ապրել։ Եթե Ապշերոնում նավթ չլիներ, Բաքուն էլ մեծ քաղաք և մայրաքաղաք չէր դառնա», — ֆեյսբուքում գրում է «Հանրապետական այլընտրանք» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկը՝ Նաթիկ Ջաֆարլին։
«Մի գրեք, թե ձյունը Բաքվի համար չէ։ Գրեք՝ Բաքուն ձյան համար չէ։ Ձյունը բոլորի և բոլոր տեղերի համար է, և այն, որ Բաքվում ամեն ինչ այսպես է, ձյան խնդիրը չէ, այլ պաշտոնյաների», — վրդովվում է լրագրող Ռաշադ Էրգյունը։
Սակայն, չնայած այս բոլոր դժվարություններին, երիտասարդները քաղաք էին դուրս եկել՝ ձյունը մի լավ վայելելու, որը վերջին տարիներին հազվադեպ բան է Բաքվում։