Ադրբեջանում ձերբակալվել են Abzas Media-ի տնօրենն ու գլխավոր խմբագիրը
Ձերբակալություններ Abzas Media-ում
Ադրբեջանում ձերբակալվել են Abzas Media անկախ առցանց պարբերականի երկու աշխատակից, ևս մեկը կալանավորվել է, և նրա մասին որևէ տեղեկություն չկա։ Պարբերականի տնօրենն ու գլխավոր խմբագիրը մեղադրվում են մաքսանենգության մեջ և դատապարտվել են 4 ամսվա նախնական կալանքի։
- Եվրամիությո՞ւն, թե՞ ՌԴ. ո՞ր վեկտորն են ընտրել Հարավային Կովկասի երկրները
- «Բաքվի և Մոսկվայի շահը խաղաղության գործընթացի վիժեցումն է»․ հայ քաղաքագետ
- «Օրակարգից հանել ՀՀ-ին օգնելու հարցը»․ Երևանը դիմել է ՀԱՊԿ-ին
Նոյեմբերի 21-ի ուշ երեկոյան դատարանը քննեց Abzas Media-ի գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆկիզիի և տնօրեն Ուլվի Հասանլիի գործը։ Նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 206.3.3-րդ հոդվածով (մաքսանենգություն մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):
Դատարանի որոշմամբ Սևինջ Վագիֆկիզին և Ուլվի Հասանլին դատապարտվել են 4 ամսվա նախնական կալանքի։
Դատավարության մեկնարկից երկար ժամանակ առաջ քաղաքի այդ հատվածի ճանապարհները փակ էին, իսկ մուտքը դատարանի ուղղությամբ՝ սահմանափակված։ Լրագրողներին ու Սևինջ Վագիֆկիզիի հարազատներին, այնուամենայնիվ, հաջողվեց հասնել Բաքվի Խաթայի շրջանի դատարանի շենք և մի քանի ժամ սպասել դատավարության մեկնարկին։
Երբ լրագրողներին բերեցին դատարան, շենքի դիմաց ծեծկռտուք սկսվեց նրանց գործընկերների և ոստիկանների միջև։ Ինչպես երևում էր դեպքի վայրի ուղիղ հեռարձակումներից, ոստիկանները լրագրողներին խանգարում էին նկարահանել բերման ենթարկվածներին։ Լրագրողներից մեկը բերման է ենթարկվել և հեռացվել տարածքից։
Ներկաներից ոչ մեկին՝ ո՛չ հարազատներին, ո՛չ լրագրողներին թույլ չեն տվել մտնել դահլիճ:
Սևինջ Վագիֆկիզիին ոստիկանները բերման են ենթարկել նոյեմբերի 21-ին՝ վաղ առավոտյան, Ադրբեջան վերադառնալուն պես հենց ինքնաթիռից իջնելիս՝ նույնիսկ առանց անձնագրային ստուգում անցնելու։ Abzas Media-ի գլխավոր խմբագիրը տեղափոխվել է Բաքու քաղաքի ոստիկանական գլխավոր բաժանմունք։ Մի քանի ժամ անց նրան տարել են այն բնակարան, որտեղ ապրում է՝ խուզարկություն իրականացնելու։
Ըստ Վագիֆկիզիի գործընկերների, որոնք կարողացել են տեսնել նրան բնակարան մտնելիս, ձերբակալման ժամանակ նա ոստիկանների կողմից բռնության է ենթարկվել։ Ինչից հետո լրագրողը գործընկերներին հայտնել է վատ ինքնազգացողության և սրտխառնոցի մասին։
Ինչպես նշել է լրագրողի փաստաբան Էլչին Սադիգովը, բնակարանում ոչ մի անօրինական բան չի հայտնաբերվել և ոչինչ չի առգրավվել։
Պարբերականի տնօրեն Ուլվի Հասանլին բերման է ենթարկվել գլխավոր խմբագրի ձերբակալությունից մեկ օր առաջ՝ նոյեմբերի 20-ի վաղ առավոտյան։ Ինչպես ավելի ուշ ինքը՝ Հասանլին է պատմել իր փաստաբանին, նա պետք է մեկներ գործուղման, և երբ մեքենայով գնում էր օդանավակայան, իր տաքսիի դիմաց մի մեքենա է կանգ առել, քաղաքացիական հագուստով մարդիկ նրան ուժով նստեցրել են այդ մեքենան, իսկ մեքենայում նրանցից մեկը բռունցքով հարվածել է նրա աչքին։ Հարվածի հետքերը երևում էին նրա դեմքին։
Լրագրողին տարել են Բաքու քաղաքի գլխավոր ոստիկանական բաժանմունք։ Ինչպես նշել է Ուլվի Հասանլին, այնտեղ ևս նա ծեծի է ենթարկվել։
«Ինձ հարցրին, թե ինչու է Abzas Media-ն գրում կոռուպցիայի մասին և չի գրում Ղարաբաղում հաղթանակի մասին։ Բոլոր հարցերը, որոնք ինձ ուղղեցին, կապված էին կայքի գործունեության հետ»,- պատմել է Ուլվի Հասանլին ձայնագրության մեջ, որն արել է նրա փաստաբան Զիբեյդա Սադիգովան։
Այնուհետև խուզարկություններ են իրականացվել Abzas Media-ի խմբագրությունում և Հասանլիի բնակարանում։ Բնակարանում ոչինչ չի հայտնաբերվել, սակայն գրասենյակում ոստիկանները հայտնաբերել և առգրավել են 40 հազար եվրո գումար։
Ուլվի Հասանլին և գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆկիզին հայտարարել են, որ ոչինչ չգիտեն այդ գումարի մասին և այն իրենց խմբագրությունում են թողել հենց իրավապահ մարմինների ներկայացուցիչները։
Խուզարկությունից հետո փոխվել է նաև այն վարձակալած բնակարանի դռան փականը, որտեղ տեղակայված էր խմբագրությունը, և լրագրողներն այլևս չեն կարող իրենց գրասենյակում շարունակել աշխատանքը։
Մոտավորապես նույն ժամանակահատվածում քաղաքացիական հագուստով անձինք բռնի ուժով իր բնակարանից տարել են հասարակական ակտիվիստ և «Abzas Media»-ի աշխատակից Մուհամեդ Կեկալովին։ Ինչպես նշել են երիտասարդ ակտիվիստի ծնողները, այդ մարդիկ չեն ներկայացել և չեն ասել, թե ուր են տանում նրան։
Փաստաբանն ու հարազատները փնտրում են նրան, սակայն դեռ ոչ մի նորություն չունեն։
«Ես դիմեցի Ներքին գործերի նախարարություն և ասացի, որ մեկ օրից ավելի է, ինչ չեմ կարողանում տեղեկություններ ստանալ իմ պաշտպանյալի՝ հասարակական ակտիվիստ Մուհամեդ Կեկալովի մասին։ Մենք մշտական կապի մեջ ենք Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի՝ օմբուդսմենի գրասենյակի աշխատակցի հետ։ Ցավոք, Մուհամեդ Կեկալովի մասին դեռևս տեղեկություններ չկան»,- հայտարարել է փաստաբան Ռովշանա Ռահիմլին։
Կեկալովի հարազատներն ու ընկերները մտավախություն ունեն, որ հետաքննությանն անհրաժեշտ ցուցմունքները կորզելու համար նրան խոշտանգումների են ենթարկել։