«Հնարավոր է՝ Բրյուսելում փաստաթուղթ ստորագրվի». ԵՄ հատուկ ներկայացուցչի այցի նպատակների մասին
Տոյվո Կլաարի այցի նպատակը
ԵՄ հատուկ ներկայացուցիչը Երևանում է, այստեղից էլ մեկնելու է Բաքու։ Այցի նպատակն է կազմակերպել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Հիքմեթ Հաջիև հանդիպումը: Այս կարծիքին է քաղաքագետ Բենիամին Պողոսյանը:
Տոյվո Կլաարը հուլիսի 13-ին է Հայաստան եկել, արդեն հանդիպել է վարչապետի, փոխվարչապետի և Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ կողմերը քննարկել են բրյուսելյան հանդիպումների արդյունքում ձեռբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերջին անգամ Բրյուսելում հանդիպել են մայիսի 22-ին: Սա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ նրանց երրորդ հանդիպումն էր: Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը պայմանավորվածություն էին ձեռք բերել սահմազատման հանձնաժողովի առաջին նիստի անցկացման, ինչպես նաև հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վերաբերյալ:
Ո՚՞ւմ հետ և ի՞նչ է քննարկել Տոյվո Կլաարը Երևանում, ի՞նչ նպատակ են հետապնդում պաշտոնյայի այցերը Հայաստան և Ադրբեջան
Ի՞նչ է քննարկվել «կարևոր հանդիպումների» ընթացքում
Թվիթերյան էջում Տոյվո Կլաարը հայտնել էր, որ Երևանում է կարճատև այցով:
«Սպասում ենք կարևոր հանդիպումների»,- գրել էր պաշտոնյան:
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի խոսնակն էլ փոխանցել էր, որ Կլաարը հանդիպումներ է ունենալու նախ Երևանում, այնուհետև Բաքվում: Նրա փոխանցմամբ՝ հանդիպումների օրակարգում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև «բրյուսելյան ձևաչափով» քննարկված առանցքային հարցեր:
ԵՄ հատուկ ներկայացուցչին ընդունել է Հայաստանի վարչապետը: Փաշինյան-Կլաար հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
Օրակարգում են եղել՝
- Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները,
- Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը,
- խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերը:
«Մտքեր են փոխանակվել Սոչիում ՌԴ նախագահի, Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ կայացած եռակողմ հանդիպումների արդյունքների ու ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ»,- ասված է կառավարության տարածած հաղորդագրությունում:
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման օրակարգով Տոյվո Կլաարի և Անդրեա Վիկտորինի հետ հանդիպել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Բենիամին Պողոսյանի կարծիքով՝ ԵՄ հատուկ ներկայացուցիչը Երևան և Բաքու այցելության նպատակը հերթական հայ-ադրբեջանական բանակցությունների կազմակերպումն է։ Սկզբի համար՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի ու Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդականի հանդիպման կազմակերպման նպատակով:
Գրիգորյան-Հաջիև հանդիպումը պլանավորված էր նախորդ ամիս: Հունիսի վերջին կայացած առցանց ասուլիսի ընթացքում Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ Բաքուն չեղարկել է այդ հանդիպումը:
Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ՝ Հայաստանը նաև առաջարկել է հանդիպել արտգործնախարարների մակարդակով։ Պաշտոնական արձագանք, սակայն, չի ստացվել։ Ադրբեջանի՝ երկխոսության չգնալու պատճառն, ըստ Հայաստանի վարչապետի, այն է, որ Բաքուն ուզում է ձևավորվել նոր պատերազմի լեգիտիմություն:
Խոսելով տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների բացման մասին՝ Փաշինյանն ընդգծել էր, որ «Ադրբեջանը փորձում է հարցը լուծել այնպես, որ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ»:
«Ազատության» հետ զրույցում Պողոսյանն ասել է, որ ամենայն հավանականությամբ Գրիգորյան-Հաջիև հանդիպմանը կհաջորդի Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումը Բրյուսելում: Ասում է՝ քննարկման սեղանին կդրվեն «արդեն քիչ թե շատ պարզաբանված հարցեր»:
Կարծում է՝ առաջիկա բրյուսելյան հանդիպման ընթացքում կքննարկվի հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցը:
Քաղաքագետը չի բացառում, որ կողմերը վերջնական համաձայնության կգան ու փաստաթուղթ կստորագրեն:
«Կֆիքսվեն ուղիները, անցման ընթացակարգերը, սահմանային, մաքսային հսկողության իրականացումը, այն, թե ում կողմից է իրականացվելու»,- նշել է Պողոսյանը:
Հունիսի 27-ի առցանց ասուլիսի ընթացքում վարչապետ Փաշինյանն ասել էր, որ երթուղիների ընտրությունը մեծ չէ, կարող է քննարկվել առավելագույնը հինգ տարբերակ: Նա կարծիք էր հայտնել, որ Բաքուն փորձում է քաղաքականացնել տեխնիկական բնույթի այդ հարցը:
Քաղաքագետը հնարավոր է համարում, որ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերվեն նաև սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ, նիստերը կայանան: Սակայն խաղաղության պայմանագրի կնքման հարցում մոտ ապագայում առաջընթաց չի տեսնում:
Տոյվո Կլաարի այցի նպատակը