Հյուսիսային և Հարավային Կորեաների առաջնորդները պայմանավորվել են «խաղաղության նոր շրջափուլի մեկնարկի» մասին
Հյուսիսային Կորեայի և Հարավային Կորեայի սահմանին գտնվող ապառազմականացված գոտում 11 տարվա մեջ առաջին անգամ հանդիպել են այդ երկրների առաջնորդները: Կիմ Չեն Ընն ու Մուն Չժե Ինը բանակցություններ են վարել հարավկորեական Փհանմունջոն գյուղում, հաղորդում է CNN-ը:
Բանակցությունների մեկնարկից առաջ Հարավային Կորեայի նախագահը խորհրդանշանակ ժեստ արեց՝ անցնելով սահմանը: Այդպիսով, նա դարձավ վերջին 18 տարվա մեջ հարավորեացի առաջին առաջնորդը, որը եղավ ԿԺԴՀ-ում:
Կիմ Չեն Ընի և Մուն Չժե Ինի երկարատև բանակցություններն ավարտվեցին հռչակագրի ստորագրմամբ, որում ասվում է.
«Երկու առաջնորդներն 80 միլիոն կորեացիների և ողջ աշխարհի առջև հանդիսավոր կերպով հայտարարում ենք, որ Կորեական թերակղզում այլևս երբեք պատերազմ չի լինելու, այսպիսով, նոր շրջափուլ է սկսվում, խաղաղության շրջափուլ»:
Երկրների առաջնորդները պայմանավորվել են նաև, որ նպաստելու են տարածաշրջանի ապամիջուկայնացմանն, ու միջազգային կազմակերպություններին հրավիրել են օգնել իրենց այդ հարցում:
Ավելի վաղ, ապրիլի 21-ին Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ ԿԺԴՀ-ն սառեցնում է հրթիռային և միջուկային փորձարկումներն, ինչպես նաև փակում է միջուկային պոլիգոնը հանրապետության հյուսիսում:
Կորեայի Հանրապետության նախագահն ու Հյուսիսային Կորեայի ղեկավարը քննարկել են նաև 1950թ-ին սկսված կորեական պատերազմի հետևանքով բաժանված ընտանիքների միավորման խնդիրը: Այդ պատերազմը դեռ ֆորմալ առումով չի ավարտվել: Նրանք պայմանավորվել են, որ մոտ ապագայում միջոցներ կձեռնարկեն ընտանիքների միավորման համար:
CNN-ի փորձագետները կարծում են, որ չարժե վաղաժամ ուրախանալ, պետք է հետևել, թե ինչպես են կողմերը կատարում պայմանավորվածությունները: Նրանք կարծում են, որ գլխավոր հարցի պատասխանն այդպես էլ չի ստացվել. իրո՞ք ԿԺԴՀ-ն կհրաժարվի միջուկային զենքի ստեղծման իր ծրագրից:
Մոտ ժամանակներս պետք է կայանա Կիմ Չեն Ընի հանդիպումն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: